Բյուջե 2023. հարկաբյուջետային շրջանակ
9 ր. | 2022-10-10Ե կամուտների աճ, ծախսերի առաջանցիկ աճ, պակասուրդի ավելացում, Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության դանդաղում. սրանք այն հիմնական բնութագրիչներն են, որոնք տեղ են գտել 2023թ.-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթում:
Ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի աշնանը ևս՝ ընթացիկ բյուջետային տարվա ավարտին զուգընթաց, մեկնարկել են հաջորդող տարվա պետական բյուջեի փաստաթղթի շուրջ քննարկումները, որի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (Այսուհետ՝ Նախագիծ), ինչը սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել։
Հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության կարևորությունը պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, պարտքի հուսալի կառավարման, ինչպես նաև տնտեսության ներուժի ավելացման տեսանկյունից՝ ուսումնասիրվել են պետական բյուջեի նախագծում տեղ գտած հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու կանխատեսումները՝ ներկայացնելով այն առանցքային փոփոխությունները, որոնք հանդիսանում են Կառավարության 2021-2026թթ.-ի երկարաժամկետ ռազմավարության հիմնական առաջնահերթությունները:[1]
Բյուջեի եկամուտ, ծախս, դեֆիցիտ
Ը ստ 2023թ.-ի բյուջետային ուղերձի՝ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ակնկալվում է 7% տնտեսական աճի ապահովում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացման (կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում հասցնելով 5.9%-ի) և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև՝ պարտքի կայունության պահպանման միջոցով: Ընդ որում, ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը ամբողջական պահանջարկի վրա 2023թ.-ին ունենալու է չեզոք ազդեցություն՝ խթանելով ներուժային տնտեսական աճը:
ՀՀ կառավարությունը հաջորդող տարում կանխատեսել է պետական բյուջեի եկամուտների զգալի ավելացում՝ ավելի քան 2.301 մլրդ ՀՀ դրամի չափով, որի կազմում, ինչպես և նախորդ տարիներին, գերակշիռ մաս են կազմում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ակնկալվող մուտքերը, իսկ 0.7%-ի չափով՝ պաշտոնական դրամաշնորհները:
Բարձր տնտեսական աճի պայմաններում, հարկային վարչարարության լրացուցիչ ջանքի արդյունքում, ըստ Նախագծի, ակնկալվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2023թ.-ին կբարելավվի շուրջ 0.5 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 2203.7 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 23.7%-ը:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին արձանագրվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացում, ինչը հիմք է հանդիսացել 2023թ.-ին եկամուտների նման բարձր մակարդակ կանխատեսելու համար, սակայն, նկատենք, որ զուգահեռ իրականությունում շարունակում են պահպանվել անորոշությունները կապված ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ազդեցությունների, ՀՀ առևտրային գործընկեր երկրներում հավանական տնտեսական անկումների, ինչպես նաև Արցախյան պատերազմի և համավարակի հետևանքների հետ, որոնք կարող են հարկաբյուջետային որոշակի ռիսկեր ի հայտ բերել՝ փաստացի իրադարձությունները շեղելով սպասումներից:
Անդրադառնալով 2023թ.-ի պետական բյուջեի փաստաթղթով նախատեսված ծախսերի մակարդակին` նշենք, որ այն առաջանցիկ աճ է գրանցել եկամուտների համեմատ՝ կազմելով ավելի քան 2.590 մլրդ ՀՀ դրամ: Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 79%-ը կամ 2,042.5 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ ավելի քան 21%-ը կամ 547.7 մլրդ ՀՀ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Հատկանշական է, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 406.1 մլրդ ՀՀ դրամով: Նախագծով ակնկալվում է, որ 2023թ.-ի ընթացիկ ծախսերի աճը մեծապես ապահովվելու է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարների գծով պետական բյուջեի ծախսերի (656 մլրդ ՀՀ դրամ) ավելացման հաշվին` 2022թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելանալով 14.6%-ով:
2023թ.-ի բյուջեի հիմքում դրված սցենարում նախատեսվել է կապիտալ ծախսերի զգալի բարձր մակարդակ՝ ՀՆԱ-ի 5.9%-ի չափով: Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի կատարողականները՝ առկա է նպատակադրված ցուցանիշների թերակատարման ռիսկ, ինչը կարող է խախտել սահմանված հարկաբյուջետային շրջանակի ցուցանիշները և հերթական անգամ կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ ունենք ծրագրավորված կապիտալ ծախսեր, սակայն ոչ բավարար պոտենցիալ դրանք իրականացնելու համար։
Ըստ էության, Նախագծում 2023թ.-ին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին ակնկալվում է պետական բյուջեի դեֆիցիտի ավելացում՝ ՀՆԱ-ի 3.1%-ի չափով, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական ներուժի բարձրացմանը և ապահովել պարտքի բեռի նվազում:
Ըստ նախագծի՝ պակասուրդի/դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը 2023թ.-ին ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի զուտ մուտքերից: Դեռևս զգալի են արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվելիք վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները:
Համաձայն կանխատեսումների՝ ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված բյուջետային աջակցության պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:
Հիմք ընդունելով ՀՆԱ-ի 24.7%-ի չափով կանխատեսված ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի եկամուտների մակարդակը և ելնելով ՀՆԱ-ի 3.1%-ի չափով պակասուրդի/դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից, ՀՀ կառավարությունը ծրագրում է 2023թ.-ին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 27.8 %-ի չափով:
Արդյո՞ք պահպանվում են հարկաբյուջետային կանոնները
Հ արկաբյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում կարևորվում է հարկաբյուջետային կանոնների պահպանումը, որը համահունչ կլինի հետևյալ «ոսկե կանոններին»՝
- Երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40%-ը պետական բյուջեի կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն բյուջեի դեֆիցիտից,
- Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50-60% միջակայքում գտնվելու դեպքում, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճով,
- Երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60%-ը, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշով, ընթացիկ ծախսերը սահմանափակվում են հարկերի և տուրքերի մեծությամբ:[2]
Հարկաբյուջետային շրջանակը ձևավորվել է 2017թ.-ին մշակված և 2018թ.-ից ուժի մեջ մտած հարկաբյուջետային կանոնների արդիականացված համակարգի հիման վրա: Նախագծում նշվել է, որ 2023թ․-ի պետական բյուջեի ցուցանիշները պլանավորվել են հարկաբյուջետային կանոններին ամբողջական համապատասխանության ներքո։
2023թ․-ի Նախագծի համաձայն՝ պետական ֆինանսների «ոսկե կանոնների» պահպանումը թույլ կտա ապահովել պարտքի զուտ ներգրավմանն առաջանցիկ պետական ակտիվների աճ և կառավարելի պահել երկրի իրական պարտքային դիրքը, հետևաբար՝ երկարաժամկետ հարկաբյուջետային ռիսկերը։ Միաժամանակ, Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կշարունակի նվազել, ինչով հարկաբյուջետային քաղաքականությունը կտեղափոխի կանոններով սահմանափակման առավել մեղմ ռեժիմների՝ թույլ տալով վարել առավել ճկուն քաղաքականություն:
Ըստ Նախագծի՝ պետական բյուջեի ձևավորումը 2023թ.-ին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում՝ բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից, համապատասխանաբար` 368.4 մլրդ ՀՀ դրամի և -79.5 մլրդ ՀՀ դրամի չափով:
Ընթացիկ տարում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մեծամասամբ ներքին աղբյուրների հաշվին, որի տեսակարար կշիռը, ըստ Նախագծի, էլ ավելի է մեծանալու 2023թ.-ին:
2023-ի բյուջեն՝ 2022-ի զարգացումների տրամաբանական շարունակություն
Ա կնհայտ է, որ 2023թ.-ի Նախագիծը կազմվել է հաշվի առնելով նախորդող տարվա տնտեսական զարգացումները, ինչպես նաև առկա ռիսկերն ու անորոշությունները, որոնք իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև 2023թ.-ի համար թիրախավորված տնտեսական ցուցանիշների ապահովման տեսանկյունից, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ուսումնասիրել նաև 2022թ.-ի ընթացիկ զարգացումները:
Ըստ Նախագծի՝ 2022թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող: Միևնույն ժամանակ, Կառավարության կողմից նախաձեռվել են միջոցառումներ արտաքին շոկերի արդյունքում տնտեսության առանձին հատվածների խթանման, ինչպես նաև սոցիալական աջակցության ուղղությամբ:
Դիտարկվող ժամանակահատվածում, համաձայն Նախագծի, արձանագրվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների բարձր տեմպերով աճ՝ պայմանավորված բարձր տնտեսական աճով և գնաճով, ինչպես նաև հարկային օրենսդրության փոփոխություններով:
2022թ.-ի հունվար-օգոստոսի արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 26%-ով՝ պայմանավորված հարկման բազաների աճի, ինչպես նաև 2021թ.-ի հարկային օրենսդրության բարեփոխումներով, մասնավորապես՝ մետաղական հանքանյութերի արտահանման տուրքի ներդրմամբ:
Պետական բյուջեի ծախսերը 2022թ.-ի առաջին ութ ամիսներին աճել են՝ պայմանավորված ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճերով: Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով առաջացած բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով Կառավարության կողմից իրականացվել են մի շարք սոցիալական աջակցության միջոցառումներ:
Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին գրանցվել է պետական բյուջեի 53.7 մլրդ ՀՀ դրամի հավելուրդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 143.5 մլրդ ՀՀ դրամի պակասուրդի դիմաց:
2023թ.-ի բյուջետային նախագծի համաձայն՝ 2022թ.-ին կանխատեսվում է նախապես ծրագրվածի համեմատ հարկային եկամուտների էական գերակատարում, ինչի արդյունքում սպասվում է բյուջեի պակասուրդի նվազում, ինչպես նաև Կառավարության պարտքի բեռի սպասվածից ավելի արագ նվազում:
Ըստ Նախագծի՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական աճի ներուժի բարձրացմանը և միաժամանակ ապահովել հարկաբյուջետային կայունություն՝ հարկաբյուջետային քաղաքականությամբ թիրախավորվել է էապես բարձրացնել պետական ներդրումների մակարդակը և միաժամանակ ապահովել ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազող միտումը:
2022-2023թթ.-ին կշարունակվի 2021թ․-ից սկսված հարկաբյուջետային կոնսոլիդացիան, ինչի արդյունքում կառավարության պարտքը զգալիորեն կնվազի։ Ակնկալվում է, որ 2022թ․-ին ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 50.7%, իսկ 2023թ․-ին՝ 49.7%։
Նախագծի կանխատեսումների համաձայն՝ 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի 4,628 մլրդ ՀՀ դրամ, որը 2022թ.-ի տարեվերջի համեմատությամբ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի 1 տոկոսային կետով:
ՀՀ կառավարության պարտքի կայունության վերլուծությունները վկայում են, որ թեպետ վերջինս կայուն է, կառավարելի և ցածր ռիսկային, սակայն զգայուն է տնտեսական աճի և փոխարժեքի շոկերի նկատմամբ:
Այսպիսով, ինչպես COVID-19 համավարակային իրավիճակի և Արցախյան պատերազմի բացասական դրսևորումները, այնպես էլ ռուս-ուկրաինական հակամարտության սրմամբ պայմանավորված առկա անորոշությունները շարունակում են պահպանվել, մասնավորապես՝ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների՝ ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների, ինչպես նաև տնտեսության վերականգնման և հետագա աճի ապահովման տեսանկյունից:
Ամփոփելով, նշենք, որ 2023թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ծախսերի առաջանցիկ աճ եկամուտների համեմատ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ բյուջեի դեֆիցիտն էլ ավելի կմեծանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1%-ը՝ 2022թ.-ին սպասվող 2.5%-ի դիմաց: Միաժամանակ, նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային հատվածներում նախատեսվում են զգալի ավելացումներ, ինչը դրական ներգործություն կունենա թիրախավորված 7%-անոց տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: Սակայն պետք է նաև ընդգծել, որ դեռևս շարունակում են պահպանվել առկա անորոշությունները, որոնք կարող են խաթարել թիրախավորված ցուցանիշների ապահովումը:
Հատկանշական է, որ 2023թ.-ի բյուջեի նախագծում ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է նաև 1 տոկոսային կետով Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավում: Սակայն պետք է նաև ընդգծել, որ դեռևս ներկա գլոբալ կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց շարունակվում են պահպանվել փոխարժեքային կտրուկ տատանումները, որոնք նույնպես կարող են որոշակի անկայունություն առաջացնել՝ խաթարելով նպատակադրված ցուցանիշների ապահովումը:
Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, ապա 2021թ.-ին փաստացի այն առավելապես ֆինանսավորվել է արտաքին աղբյուրների հաշվին, իսկ ընթացիկ և դրան հաջորդող տարում նախատեսվում է ֆինանսավորումը մեծամասամբ իրականացնել ներքին աղբյուրների հաշվին: Այնուամենայնիվ, այս ամենին զուգահեռ շարունակվում է պահպանվել ՀՀ պետական բյուջեի կախվածությունն արտաքին ֆինանսավորման աղբյուրներից:
[1] ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ 2023-2025թթ.-ի Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) ամրագրված հիմնական սկզբունքներով:
[2] Ներկայացված սահմանափակումները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների պարագայում: