Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

6 ր.   |  2022-09-02

Ն երքին շուկայի ամրապնդում, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացում, մաքսային սակագների կարգավորումներ, թվային օրակարգ, Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորում, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորում, ալկոհոլային շուկայի կարգավորումներ. սրանք այն հիմնական կարևոր հարցերն են, որոնք քննարկվել են օգոստոսի 25-26-ը տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ, այնուհետև՝ ընդլայնված կազմով նիստերում:

Օրակարգից զատ քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ՌԴ տրանսպորտի, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում առաջնահերթ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման հնարավորությունները:

Օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերը, որոնց մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բարձրագույն ղեկավար կազմը։ Ներկայացնում ենք քննարկված 9 հիմնական հարցերը:

Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը

Ե ԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներն ավարտվել են։ Ըստ էության, այն առաջինն է եվրասիական տարածքում և դիրքավորվում է որպես միջազգային ֆինանսական կազմակերպություն։ Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը կոչված է խթանելու փոխադարձ և արտաքին առևտրի զարգացումը, ինչպես նաև համատեղ համագործակցության նախագծերի իրականացումը` մեծացնելով ապահովագրական կարողությունները և մասնագիտական ռիսկերի կառավարումը ԵԱՏՄ տարածքում:

Ընկերության կանոնադրական կապիտալը ձևավորվելու է անդամ երկրների ներդրումների հաշվին և կազմելու է 15 մլրդ ռուսական ռուբլի։ Ընկերության ապահովագրական հզորությունը (առանց հնարավոր ընդլայնման) կազմում է մինչև 2 մլրդ ԱՄՆ դոլար: Ներդրումների մեծ մասը ներգրավվելու է Ռուսաստանի (45%) և Բելառուսի (30%) կողմից, Ղազախստանի մասնաբաժինը 20% է, Հայաստանինը՝ 3%, իսկ Ղրղզստանինը՝ 2%։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության լրացուցիչ ապահովագրական կարողությունների ստեղծման դեպքում ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը կավելանա ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլարով։

Ակնկալվում է, որ Եվրասիական վերաապահովագրական ընկերությունն իր ամբողջական գործունեությունը կծավալի 2023թ.-ից։

Փոխադարձ առևտրում հաշվարկներ կատարելիս  ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը

Կ առավարությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ առևտրում հաշվարկներ կատարելիս ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի  տեմպերի աճին զուգընթաց նկատվում է նաև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի, հատկապես ռուսական ռուբլու կիրառման աճ։ Այդ թվում՝ Միության ստեղծումից ի վեր վերջին 7 տարիների ընթացքում վերջինիս մասնաբաժինը գերազանցել է 70%-ը՝ 2022թ.-ին հասնելով 74%-ի, գործարքների առյուծի բաժինը կատարվում է ռուբլիով, մասնավորապես՝ 2021թ.-ին գործարքների 71.5%-ը կատարվել է ռուսական արժույթով, 26.2%-ը՝ ԱՄՆ դոլարով և եվրոյով: Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշռի աճը հիմնականում պայմանավորված է ռուբլու մասնաբաժնի աճով:

Գրաֆիկից նկատելի է, որ վերջին 9 տարում ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռն իր առավելագույն մակարդակին հասել է 2017թ.-ին՝ կազմելով գործարքների ընդհանուր ծավալի 76.3%-ը:

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ ներկայում ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում դոլարի օգտագործումը նվազել է՝ հասնելով գործարքների ընդհանուր ծավալի մինչև 21%-ին: Դեռևս նախորդ տարվանից է նկատելի ԵԱՏՄ փոխադարձ հաշվարկներում դոլարի տեսակարար կշռի նվազման միտումը. 2021թ.-ին կազմել է 19.5%՝ նախորդ տարվա 20%-ի դիմաց:

Կարևոր է նշել, որ նույնիսկ գլոբալ տնտեսական փոփոխությունների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների պայմաններում, ԵԱՏՄ երկրների միջև իրականացվող առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում. 2022թ.-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.5%-ով՝ կազմելով 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է շուրջ 49%-ով, իսկ ներմուծումը՝ 54.2%-ով։

Հատկանշական է, որ փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2021թ.-ին ԵԱՏՄ գործունեության ընթացքում հասել է առավելագույնին՝ կազմելով 72.6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 32%-ով ավելի է 2020թ.-ի և 17.8%-ով ավելի՝ 2019թ.-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ շուրջ 45%, և Ղազախստանում՝ շուրջ 35%։

Չնայած ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի զարգացման դրական միտումներին՝ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսել է, որ 2022թ.-ին ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի ծավալը կնվազի 7-15%-ով, ինչն էապես պակաս է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ երկրների առևտրի դինամիկայի համեմատ: Ընթացիկ տարում փոխադարձ առևտրի անկման հիմնական պատճառներ նշվել են Բելառուսում և Ռուսաստանում ներքին պահանջարկի նվազումը, ինչպես նաև արտաքին շուկաներ կոոպերացիոն արտադրանքի մատակարարումների կրճատումը:

Ժամանակակից պայմաններում տարածաշրջանում տեղի է ունենում լոգիստիկայի և մատակարարման շղթաների գլոբալ վերափոխում, ուստի ավելի առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ երկրներում տրանսպորտի նախարարների արդյունավետ փոխգործակցությունը։

Նիստի ընթացքում միջկառավարական խորհրդի անդամները հաստատել են նաև ԵԱՏՄ երկրներում առաջնահերթ ենթակառուցվածքային տրանսպորտային նախագծերի ցանկը։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ԵԱՏՄ երկրների 7 նախագծեր, որոնք իրականացվելու են տարբեր փուլերում։ Միևնույն ժամանակ, դրանք բոլորն ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, տարանցիկ ներուժի և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, որն ընդգրկված է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքներում:

«Ընդունված փաստաթուղթը հիմք կհանդիսանա ինտեգրացիոն մեծ ներուժ ունեցող ենթակառուցվածքային նախագծերի իրականացման շրջանակներում ԵԱՏՄ երկրների համակարգման ապահովման համար»,- ասել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում ուղևորաշրջանառության ծավալներին, նշենք, որ 2022թ.-ի հունվար-մայիսին այն կազմել է 200,7 մլրդ ուղևոր/կմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.6%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 7.4 մլրդ մարդ, ինչը 6.1%-ով ավելի է նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ: ԵԱՏՄ երկրներում տրանսպորտի բոլոր տեսակներով բեռնաշրջանառությունը կազմել է 2.7 տրլն տ/կմ, ինչը 1.9%-ով գերազանցում է 2021թ.-ի հունվար-մայիսի ցուցանիշը։

Պետական գնումների ամբողջական թվայնացման օրակարգի հաստատում

Ե ՏՀ կոլեգիայի հրամանով հաստատվել է ԵԱՏՄ երկրներում պետական գնումների ամբողջական թվայնացման միջոցառումների ցանկը։ Վերջինս հանդիսանում է Ռազմավարություն 2025-ի շրջանակներում եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը:

ԵՏՀ-ի կողմից հաստատված փաստաթուղթը նախատեսում է էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով բոլոր մրցակցային գնումների ընթացակարգերն էլեկտրոնային ձևաչափով անցկացնելու իրավական հիմքի ձևավորման հետ կապված հարցերի ուսումնասիրություն, ինչպես նաև նման ընթացակարգերի ժամանակի կրճատում։

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքկալիևի խոսքով՝ փաստաթուղթը կապահովի արդար մրցակցություն պետական գնումների մասնակիցների միջև. «ԵԱՏՄ-ում պետական գնումների ընթացակարգերի թվայնացումը կարևոր տարր է ԵԱՏՄ բոլոր երկրների մատակարարների համար միմյանց գնումներին մասնակցելու լիարժեք հասանելիություն ապահովելու համար»,-ընդգծել է Արման Շաքկալիևը:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են նաև ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքների էլեկտրոնային առևտրից անուղղակի հարկերի հավաքագրման վերաբերյալ Միության մասին պայմանագրի փոփոխությունները։

Ամփոփելով, նշենք, որ քննարկվող բոլոր հարցերն ու ընդունված որոշումներն ուղղված են ԵԱՏՄ երկրներում տնտեսական կապերի և ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը, ներկայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից որոշ երկրների պարագայում տնտեսական կորուստները հնարավորինս մեղմելուն, իսկ որոշների պարագայում նույնիսկ տնտեսական դրական ազդակներ ստանալուն, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ապահովմանը, այդ թվում՝ հնարավոր կոոպերատիվ կապերի ամրապնդման տեսանկյունից: Ընդ որում, վերոնշյալ փոփոխությունների իրականացման արդյունքում, ըստ ԵՏՀ փորձագիտական գնահատականների, ակնկալվում է ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ, բարենպաստ նեդրումային միջավայրի ձևավորում և ներդրումների ներգրավման ավելացում, ներքին և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացում, ԵԱՏՄ երկրներում դրամավարկային, ինչպես նաև արժութային քաղաքականության արդյունավետ իրագործում:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: