«Մոսկվան ակտիվորեն հանդես է գալիս կապուղիների ապաշրջափակման օգտին»
4 ր. | 2022-06-27Լուսանկարը՝ armeniasputnik.am
ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում խոսել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման, «3+3» ձևաչափի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող առանցքային հարցերի մասին։
— Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն է սկսելու՝ ամբողջացնելու Սիրիայի հյուսիսում թուրքական սահմանի երկայնքով այն անվտանգության գոտին, որի մասին 2019թ. պայմանավորվել էր ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ: Ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ-ն այս հարցում:
— Իհարկե, Մոսկվան հիացած չէ: Վերջերս թուրքական թերթերը գրել էին, որ Մոսկվան ու Անկարան այս հարցում համաձայնության չեն հասել: Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից տրվեցին զգուշավոր գնահատականներ, ըստ որի՝ հնարավոր ռազմական գործողությունը չի նպաստի Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը: Իսկ ավելի վաղ պարզ դարձավ, որ այս հարցը կքննարկվի Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հերթական հանդիպման շրջանակներում: Մոսկվան ցանկանում է, որ այս հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, առանց Արևմուտքի, որը հետապնդելով առաջին հերթին իր նպատակները, կարող էր հանդես գալ որպես միջնորդ:
Ռուսաստանը հավասարակշիռ հարաբերություններ ունի Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Կատարի, Սաուդյան Արաբիայի հետ, ինչը չկար ԽՍՀՄ-ի ժամանակ: Մոսկվան չափազանց կարևորում է այս ամենը և փորձում առաջ տանել ակտիվ խաղացողի իր դերը: Մոսկվայի ու Անկարայի միջև նույնպես տեղի են ունեցել ճգնաժամեր, ինչպես օրինակ 2015-ին: Այնուամենայնիվ երկու երկրները գտնում էին լարվածության թուլացման ուղիներ: Ըստ էության, սուր խնդիրների հարթեցման առումով որոշակի փորձ է ձեռք բերվել:
— 2021թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել 3+3 ձևաչափի առաջին և առայժմ միակ հանդիպումը՝ առանց Վրաստանի: Առաջին հանդիպումից անցել է կես տարի, և չնայած պաշտոնական հայտարարություններին՝ հարցը կարծես երկրորդ պլան է մղվել: Ըստ ձեզ, ո՞րն է ձևաչափի հեռանկարը և ի՞նչ խնդիրների լուծման հարթակի այն կարող է վերածվել:
— 3+3 ձևաչափը վաղուց է քննարկվում։ Շատերը մոռացել են, որ Իրանն այս ձևաչափն առաջ մղելու առաջամարտիկն էր: Թեհրանը 90-ականների վերջին առաջարկեց ձևաչափ, որտեղ տարածաշրջանի ճակատագրի որոշման գործում առանցքային դեր կունենան կովկասյան տարածաշրջանի երկրները և եվրասիական 3 գերտերությունները։ Խնդիրն այն է, որ այս 3 երկրներն ունեն տարբեր շահեր։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը և Հայաստանը ընդհանուր հայացքներ, տեսակետներ կունենան։ Նույնիսկ հիմա՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման, սահմանագծման նախապատրաստական փուլում կան բազմաթիվ տարաձայնություններ ու հակասություններ։ Վրաստանը չէր ցանկանա, որ Եվրասիական ձևաչափը գերիշխի Կովկասում: Ինչպե՞ս հարթել այդ ամենը: Դժվար հարց է: Ըստ իս՝ այս ձևաչափը լրացուցիչ ազդակներ կստանար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշակի կայունացման դեպքում։ Այժմ 3 +3 ձևաչափից աշխուժացում ակնկալելը քիչ հավանական է:
— Հայաստան և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը չնայած ռուսական և բրյուսելյան ձևաչափերին, բավականաչափ դանդաղ է առաջ ընթանում: Ինչպե՞ս կգնահատեք այս ձևաչափերի հնարավոր ազդեցությունը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու առումով:
— Չնայած բոլոր ջանքերին, այս ձևաչափերը Բաքվի և Երևանի վրա ազդելու սահմանափակ հնարավորություն ունեն։ Կողմերը պետք է գտնեն փոխզիջումային տարբերակներ: Եթե մինչև 2020 թվականը Հայաստանը խոսում էր գերակայության դիրքից, ապա հիմա հակառակն է. երկու երկրները փոխվել են տեղերով: Ձևաչափերն այստեղ այնքան էլ կարևոր չեն։ Նրանք կարող են միայն օգնել գտնելու իրատեսական լուծումներ, բայց ամեն ինչ իրականացնելու են Բաքուն և Երևանը։
— Հարվային Կովկասում կապուղիների ապաշրջափակման խնդիրը կարող է զգալիորեն նպաստել ընդհանուր մթնոլորտի բարելավմանը: Մինչդեռ ակնհայտ է ապաշրջափակման շուրջ մոտեցումների տարբերությունը՝ մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի և միջազգային այլ շահագրգիռ խաղացողների: Բաքվի և Անկարայի տարբերվող «միջանցքային մոտեցումը» ոչ միայն ձգձգում է գործընթացի իրականցումը, այլև բացասական տրամադրություններ է առաջացնում Հայաստանում և տարածաշրջանային այլ երկրներում: Քանի որ ՌԴ-ն ունի որոշակի պարտավորություններ այս գործընթացում, ո՞րը կարող է լինել ապաշրջափակման լավագույն մոդելը՝ ըստ ձեզ:
— Կապուղիների ապաշրջափակման խնդիրը հնարավոր չէ դուրս բերել գոյություն ունեցող ողջ օրակարգից: Ըստ իս՝ առանց համապարփակ մոտեցման դժվար թե այս խնդիրը լուծվի։ Այո, Մոսկվան ակտիվորեն հանդես է գալիս այս խնդրի լուծման օգտին։ 2020 թվականից հետո Մոսկվան փորձեց ուշադրությունը անվտանգության կարգավիճակի հարցերից տեղափոխել տնտեսության հարթություն։ Տնտեսությունն է, որ պետք է անի իր գործը, որը հիմնված է պրագմատիզմի վրա։
Հարցազրույցը վարեց Էդուարդ Մելքումյանը