Իրանի ներքաղաքական զարգացումները Հասան Ռուհանիի նախագահության երկրորդ շրջանում
7 ր. | 2019-01-16Հասան Ռուհանիի պաշտոնավարման շրջանն Իրանի նորագույն պատմության նշակալի փուլերից է: «5+1 խմբի» հետ երկարատև ու լարված բանակցություններից հետո Ռուհանիի թիմն ի վերջո կարողացավ լուծել միջուկային հիմնախնդիրը, որի պատճառով Արևմուտքը 2000-ական թվականներից սկսած տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել՝ թուլացնելով ինչպես երկրի տնտեսությունը, այնպես էլ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը:
2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում տարբեր տարիներին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Հասան Ռուհանին ստանալով շուրջ 19 միլիոն քվե՝ ընտրվեց Իրանի Իսլամական Հանրապետության 7-րդ նախագահ. 2017թ. նախագահական ընտրություններին Ռուհանին վերընտրվեց՝ հավաքելով շուրջ 24 միլիոն ձայն:
Գալով իշխանության՝ Հասան Ռուհանին հայտարարեց, որ Իրանը միջուկային ծրագրի առնչությամբ պատրաստ է կատարել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն Իրանի և միջազգային հանրության միջև փոխվստահության մեծացմանը: Երկարատև բանակցություններից հետո 2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվեց միջուկային համաձայնությունը, որը ստացավ «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիր» անունը:
Եթե Ռուհանիի նախագահության առաջին շրջանում ԻԻՀ քաղաքական ազդեցիկ ուժերի մեծ մասը, չնայած արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին, սատարում էր կառավարությանը, ապա իրավիճակը փոխվեց 2017թ. նախագահական ընտրությունների մրցապայքարի ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցած զարգացումները հուշում էին, որ նույնիսկ եթե Ռուհանին համոզիչ հաղթանակ էլ տաներ ընտրություններում, ապա «Հույսի և խոհեմության կառավարություն» անունը ստացած կառավարությունն այլևս չէր վայելում այն հեղինակությունը, ինչն ուներ 2015թ. միջուկային համաձայնությունից հետո:
2017թ. նախագահական մրցապայքարի ընթացքում Ռուհանիի ընդդիմախոսները հիմնականում մատնանշում էին միջուկային համաձայնության անարդյունավետությունը: Հասան Ռուհանիի վերընտրությունից հետո նրան այդպես էլ չհաջողվեց արդարացնել միջուկային համաձայնությամբ պայմանավորված հասարակության ակնկալիքները և լուծել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք մի քանի ամիս անց հանգեցրին լայնամասշտաբ բողոքի ցույցերի: Ըստ ԻԻՀ ՆԳ նախարարության հրապարակած զեկույցի՝ բողոքի ցույցերը պայմանավորված էին հիմնականում հետևյալ գործոններով՝
-
Կառավարության գործունեության հանդեպ հանրային վստահության նվազում,
-
Հանրային կարծիքի ոչ ճիշտ կառավարում,
-
Քաղաքական և նախընտրական մրցակցությամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների աճ,
-
Իրանի հակառակորդների շարունակական հակաիրանական գործունեություն:
Թեև պաշտոնական տվյալների համաձայն՝ Հասան Ռուհանիի կառավարությանը հաջողվել է արձանագրել 6 տոկոս տնտեսական աճ (նախկին նախագահ Մ. Ահմադինեժադի կառավարման շրջանում 7 տոկոս տնտեսական անկում էր եղել), իսկ գնաճը՝ նախորդ կառավարության 35 տոկոսի փոխարեն կազմել է 10%, այնուամենայնիվ, 2018թ. Իրանի բնակչության գնողունակությունն ընկել է շուրջ 80 տոկոսով, գներն աճել են մի քանի անգամ, արտարժույթի շուկայում ժամանակ առ ժամանակ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից՝ նույնիսկ հանգեցնելով բախումների:
Եթե 2018թ. սկզբին մեկ ամերիկյան դոլարը վաճառվել է 3000 թումանով, ապա երկրորդ կիսամյակում դոլարն արժևորվել է՝ սեպտեմբեր-հոկտեմբերին հասնելով 19000 թումանի, այնուհետև դոլարի գինն աստիճանաբար նվազել է՝ դեկտեմբերին տատանվելով 10-11 հազար թումանի շրջակայքում:
Թեև Ռուհանիի թիմն այդ ընթացքում փորձել է տարատեսակ գործողությունների միջոցով (կոռուպցիայի դեմ պայքար, ԿԲ ղեկավարության փոփոխություն, արտարժույթի շուկայի կարգավորմանն ուղղված քայլեր) կայունացնել ներքին իրավիճակը, այնուամենայնիվ 2018թ. սկզբին սկսված բողոքի ցույցերն ու գործադուլները շարունակվեցին ողջ տարվա ընթացքում:
Ռուհանիի քաղաքական հակառակորդներն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ փորձեցին թուլացնել գործող նախագահի դիրքերը՝ նրան մեղադրելով ոչ միայն ձախողված արտաքին քաղաքականության, այլև կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության համար:
Այդ համատեքստում իրանցի մի խումբ խորհրդարանականներ 2018թ. հուլիսին տեղի ունեցած հերթական բողոքի ցույցերից հետո փորձեցին Հասան Ռուհանիին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
Ուշագրավ է, որ իրանական մամուլում հրապարակվեց Ռուհանիի քաղաքական թիմի անդամ, նախկին դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավիանի հարցազրույցը, որտեղ նա խոսել էր Հասան Ռուհանիի հրաժարականի անհրաժեշտության մասին և հիմնավորել իր կարծիքը. «Եթե առաջիկա երեք տարիների ընթացքում երկրում ևս պետք է տիրի նույն իրավիճակը, ապա պետության կայունությունը պահպանելու համար ճիշտ կլինի, որպեսզի Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն»:
Ռուհանիի դեմ արշավին միացավ նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը տեսաուղերձում խիստ քննադատեց կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ հորդորելով հրաժարական տալ:
Վերլուծելով վերջին ամիսներին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարող ենք նշել, որ Մահմուդ Ահմադինեժադը նման գործողություններով փորձում էր համակարգել հասարակության զգալի հատվածի բողոքը և հնարավորության դեպքում նաև առաջնորդել համաժողովրդական շարժումը: Սակայն այս հարցում Ահմադինեժադն ազատ գործելու որոշակի սահմանափակում, այնուամենայնիվ, ունի, քանի որ նրա թիմակիցների՝ մասնավորապես իր նախկին տեղակալ Համիդ Բաղայիի և իր խնամու՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի նկատմամբ քրեական գործ կա հարուցված, և վերջիններս ձերբակալված են:
Անդրադառնալով Ռուհանիին անվստահություն հայտնելու գործընթացին՝ նկատենք, որ թեև ԻԻՀ Մեջլիսի խոսնակի միջամտությամբ դրան ընթացք չտրվեց, սակայն Մեջլիսը 2018թ. օգոստոսի 2-ին հավանություն տվեց նախագահ Հ. Ռուհանիին խորհրդարան հրավիրելու և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու պատգամավորների նախաձեռնությանը:
Ի դեպ, Հասան Ռուհանին առանց ընդդիմանալու մասնակցեց Մեջլիսի լիագումար նիստին՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Թեև նախագահի պատասխաններից միայն մեկը բավարարեց պատգամավորներին, այնուամենայնիվ, Ռուհանիին հաջողվեց, առիթն օգտագործել և դրական կողմերով ներկայացնել կառավարության գործունեությունը:
Չնայած Ռուհանիի գործադրած ջանքերին՝ այնուամենայնիվ իրանցի խորհրդարանականների նախաձեռնած վերոնշյալ գործընթացների շրջանակներում անարդյունավետ գործունեության համար պաշտոնանկ արվեցին կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատու մի քանի նախարար: Ավելին, անվստահության գործընթաց սկսվեց նաև ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը, սակայն, չեղարկվեց պատգամավորների և արտգործնախարար Զարիֆի հանդիպումից հետո:
Հասան Ռուհանիի կառավարությունը հատկապես լուրջ մարտահրավերների առջև կանգնեց Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ վերականգնվելուց հետո, ինչը բնականաբար ավելի բարդացրեց առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Արտաքին մարտահրավերները հաղթահարելու, միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու պայմաններում առևտրային հիմնական գործընկեր երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան) հետ տնտեսական փոխգործակցությունն ապահովելու նպատակով Հասան Ռուհանիի կառավարությունը նախաձեռնեց Փողերի լվացման դեմ պայքարով զբաղվող ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին (FATF) միանալու և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (CFT) մասին» օրինագիծն ընդունելու գործընթացը, որը, սակայն, գործադիր իշխանության և խորհրդարանի պատգամավորների զգալի հատվածի միջև լուրջ տարաձայնություններ առաջացրեց:
Օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորները գտնում էին, որ դավաճանություն է միանալ նման կոնվենցիայի, իսկ օրինագծին կողմ արտահայտվողները, այդ թվում՝ արտգործնախարար Զարիֆը, գտնում էին, որ CFT-ին և FATF-ին միանալով, կվերանան Իրանի ֆինանսական և բանկային համակարգի խոչընդոտների մի մասը, և Թեհրանը կկարողանա միջուկային համաձայնության շրջանակներում շարունակել Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությունը:
Թեև խորհրդարանը բավական լարված մթնոլորտում ձայների 143 կողմ, 120 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց CFT-ի մասին օրինագիծը, սակայն ԻԻՀ Սահմանադրության պահապան խորհուրդը կարճ ժամանակ անց այն չեղյալ հայտարարեց՝ ուղարկելով կրկնակի քննարման, որն, ի դեպ, մինչ օրս շարունակում է մնալ ԻԻՀ ներքաղաքական կյանքի օրակարգային հարցերից մեկը:
Թվում էր, թե Ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո ԻԻՀ քաղաքական ուժերը պետք է փոխեին իրենց մոտեցումը և գործեին արտաքին մարտահրավերներին համարժեք, սակայն CFT-ի և արտգործանախարար Զարիֆի նկատմամբ անվստահության գործընթացները վկայում են, որ Ռուհանիին ընդդիմադիր ուժերը հնարավոր բոլոր առիթներն օգտագործում են գործող կառավարության դիրքերը թուլացնելու համար: Վերջին շրջանում Մեջլիսում տեղի ունեցած քննարկումներն ավելի շատ նմանվում են նախընտրական քարոզչության, քան առկա խնդիրները լուծելուն ուղղված գործողությունների:
Նկատենք, որ Իրանում քաղաքական կուսակցությունները հիմնականում գործում են միմյանց հակադիր պահպանողական և բարեփոխական ճամբարների շրջանակներում, թեև այս բաժանումն էլ է հարաբերական, քանի որ խմբավորումների քաղաքական գիծը գլխավորապես պայմանավորված է ներքին և արտաքին քաղաքական իրողություններով:
Քաղաքական ճամբարների «պահպանողական» և «բարեփոխական» բաժանումը տեղի է ունեցել 1997թ. նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց բարեփոխական գործիչ Մոհամմադ Խաթամին: ԻԻՀ քաղաքական ուժերը համոզված էին, որ Խաթամիի աջակիցները շեղվել են իսլամական հեղափոխության հիմնական սկզբունքներից:
Ամփոփելով՝ նշենք, որ Հասան Ռուհանին իր ամենամեծ ձեռքբերումը համարել է միջուկային համաձայնությունը. աշխատատեղերի ստեղծման և սոցիալական ապահովության վերաբերյալ հասարակության պահանջներին ի պատասխան Ռուհանիի կառավարությունը մշտապես վկայակոչել է միջուկային համաձայնությունը՝ վստահեցնելով, որ առկա խնդիրներն աստիճանաբար կլուծվեն: Միջուկային համաձայնությունից Միացյալ Նահանգների դուրս գալուց և պատժամիջոցների վերականգնումից հետո այս խաղաքարտն այլևս կենսունակ չէր: Ռուհանիի կառավարությանը ոչ միայն չհաջողվեց լուծել աշխատատեղերի հարցը, վերահսկել գնաճը, կայունացնել արտարժույթի շուկան, այլև ներքին հիմնախնդիրներին զուգահեռ երկիրն աստիճանաբար ներքաշվեց արտաքին մարտահրավերների մեջ:
Իշխանության գալով բարեփոխականների լիակատար աջակցությամբ՝ պաշտոնավարման երկրորդ շրջանում արդեն ուրվագծվում են գործող նախագահի և առավել արմատական դիրքորոշում ունեցող բարեփոխականների հակասությունները:
Այս իրողությունների պայմաններում ակնհայտ է, որ հասարակության շրջանում բարեփոխականների երբեմնի բարձր վարկանիշն աստիճանաբար ընկնելու էր: Վերջիններս նախագահին և նրա ղեկավարած կառավարությանը քննադատում են նախընտրական խոստումները չկատարելու համար, և աստիճանաբար դիրքավորվում ընդդիմադիր դաշտում՝ խուսափելով Ռուհանիի կառավարության արձանագրած ձախողումների պատասխանատվությունից:
Որքան մոտենան խորհրդարանական և նախագահական հերթական ընտրությունները, Ռուհանիի հետ վեց տարի համագործակցած բարեփոխական կուսակցություններն ավելի կհեռանան նրանից: Ուստի, վերջին երկու տարվա ընթացքում Իրանում տեղի ունեցած իրադարձությունները և այժմ ընթացող զարգացումները հուշում են, որ 2019թ. գործող իշխանությունների համար բարդ տարի է լինելու. 2020թ. Իրանում տեղի են ունենալու Մեջլիսի հերթական ընտրությունները: Գործող խորհրդարանը ձևավորվել է միանգամայն այլ իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները դուրս չէր եկել միջուկային համաձայնությունից և ԻԻՀ հասարակական-քաղաքական շրջանակներն այլ մոտեցում ունեին նախագահ Ռուհանիի կառավարության նկատմամբ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցապայքարը կընթանա այլ տրամաբանությամբ՝ համահունչ ԻԻՀ արտաքին և ներքին հիմնախնդիրներին: