Հորդանան. ներքին ճգնաժամ

6 ր.   |  2019-01-10

Թագավորությունում ստեղծված լարված իրավիճակն իր ազդեցությունն է թողնում Իսրայելի հետ հարաբերություններում 

Հորդանանի Հաշիմյան թագավորությունում 2011թ. արաբական գարնան դեպքերից հետո առաջին անգամ ներքին ճգնաժամ է հասունանում. թեև 2018թ. հունիսին կառավարության տնտեսական կոշտ քաղաքականության և գնաճի դեմ բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեցին վարչապետ Հանի Մուլկին ու կառավարությունը, և նոր վարչապետ նշանակվեց տնտեսագետ Օմար Ռազզազը, այնուամենայնիվ, դա չհանդարտեցրեց իրավիճակը: 2018թ. հոկտեմբերի 18-ին Ամմանում տեղի ունեցավ հերթական բողոքի ցույցը, որի ժամանակ ցուցարարները իշխանություններից պահանջեցին երկրում անցկացնել տնտեսական և սահմանադրական բարեփոխումներ, հաստատել խորհրդարանական ժողովրդավարություն, վերացնել կոռուպցիան, վերականգնել Հորդանանի ինքնիշխանությունը սահմանակից այն շրջաններում, որոնք 25 տարով վարձակալության էին տված Իսրայելին և չեղյալ հայտարարել Իսրայելի հետ 1994թ. խաղաղության պայմանագիրը:

2 018թ. հոկտեմբերի  21-ին Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը, ընդառաջ գնալով ցուցարարների պահանջին, հայտարարեց, որ չի երկարաձգելու Իսրայելի հետ պայմանագրի այն հավելվածը, որով Ալ-Բաքուրա (եբրայերեն՝ Նահարայիմ) և Ալ-Ղամր (Ցոֆար) շրջանները 25 տարով վարձակալության էին տրված Իսրայելին:  Համանման փաստաթուղթ էին ստորագրել նաև Հորդանանի խորհրդարանի մոտ 90 պատգամավորներ: Հորդանանում համոզված են, որ թագավորի այդ որոշումը վերջնական է, իսկ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կզիջի և չի ապակայունացնի իրավիճակը հարևան երկրում, որի հետ սերտ համագործակցում է անվտանգության ոլորտում:

1994թ. հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարավում գտնվող Արավա հովտում Իսրայելի և Հաշիմյան թագավորության միջև ստորագրված խաղաղության պայմանագրով երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. Հորդանանը Եգիպտոսից հետո դարձավ Իսրայել պետությունը ճանաչած արաբական երկրորդ երկիրը: Պայմանագիրը ստորագրել էին վարչապետեր Իցհակ Ռաբինը և Աբդելսալամ Ալ-Մաջալինը, որին հաջորդել էր Իսրայելի նախագահ Էզեր Վեյցմանի և Հուսեյն թագավորի ձեռքսեղմումը: Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը և պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերը:

Պայմանագիրը բաղկացած է նախաբանից, 30 հոդվածից, 5 հավելվածից և արձանագրությունից: Այն կարգավորվում է տարածքային, անվտանգության և ջրի հարցը, իսկ երկու երկրների սահմանը որոշվում է Հորդանան գետով:

Իսրայելն ու Հորդանանը հարգելու են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, համատեղ պայքարելու են ահաբեկչության դեմ: Ըստ պայմանագրի՝ երկու երկրները պարտավոր են ապահովել սահմանների անվտանգությունը, կանխել ահաբեկչական խմբավորումների թափանցումը, մաքսանենգությունը:

Հորդանան գետի և սահմանային Արավա անապատի ստորգետնյա ռեսուրսների արդարացի բաշխման նպատակով Իսրայելը համաձայնել է Կիներետից (Գալիլեյան ծով) Հորդանանին տարեկան 50 մլն մ3 քաղցրահամ ջուր տալ և Յարմուկ գետի հոսքի մի մասը, այնպես որ Հորդանանին բաժին հասներ դրա 3/4-ը:
Երկու երկրները պարտավորվել են նաև համագործակցել փախստականների խնդիրները թեթևացնելու համար: Պայմանագրի հավելվածներով՝ Հորդանանին պատկանող Ալ-Բաքուրա և Ալ-Ղամր շրջանները 25 տարով վարձակալության են տրվում Իսրայելին՝ հետագայում ևս 25 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը հավելվածի ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ չներկայացնի դադարեցնելու ծանուցում:

Իսրայել-Հորդանան խաղաղության պայմանագրի ստորագրումը, 1994թ.

Իսրայել-Հորդանան խաղաղության պայմանագրի ստորագրումը, 1994թ.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ հանգիստ արձագանքեց Հաշիմյան թագավորության հայտարարությանը՝ նշելով, որ Հորդանանի  հետ հարաբերություններն ամուր են: «Մենք նրանց հետ կբանակցենք գործող համաձայնագիրը երկարաձգելու շուրջ: Անկասկած, այս պայմանագիրը թանկ ձեռքբերում է երկու երկրների համար: Բացի այդ, մենք ընդլայնել ենք մեր հարաբերություններն արաբական այն երկրների հետ, որոնց համար Իսրայել պետությունը թշնամի չէ»,- նշել է Նեթանյահուն:

Բանակցություններ սկսելու առաջարկը Հորդանանը պաշտոնապես ստացավ նոյեմբերի 5-ին, սակայն հայտարարեց, թե չի քննարկի հավելվածը երկարաձգելու հարցը և կբանակցի միայն չեղարկելու մանրամասները: 

Խնդիրը բանակցությամբ կարգավորելու Նեթանյահուի դիրքորոշումը Իսրայելում ոչ բոլորն են կիսում. գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող բարեբեր այս բնակավայրերի «կորուստը» թեև սարսափելի չէ հրեական պետության համար, սակայն Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արելի կարծիքով հարկավոր է պատժիչ քայլերի դիմել և Ամմանին մատակարարվող ջրի հաճախականությունը նվազեցնել՝ դարձնելով շաբաթական 2 անգամ: «Ես վարչապետ Նեթանյահուին կոչ եմ անում Հորդանանի թագավորին բացատրել, որ Հորդանանն Իսրայելի կարիքն ավելի շատ ունի, քան Իսրայելը՝ Հորդանանի»,- ասել էր Արելը:

Իսրայելի պաշտոնական արձագանքից դժգոհ են նաև տեղի ֆերմերները. հյուսիսում տեղակայված Ալ-Բաքուրան և Մեռյալ ծովից հարավ գտնվող Ալ-Ղամրը ջրառատ շրջաններ են, որտեղ արտահանման համար աճեցնում են սեխ, պղպեղ, լոլիկ և գյուղատնտեսական այլ մթերքներ: Ալ-Բաքուրայում հատվում են Յարմուկ և Հորդանան գետերը՝ ապահովելով կենսական նշանակություն ունեցող ջրի մատակարարումը:

Ա յս պահին պաշտոնական Իսրայելի շահերից չի բխում հարևան արաբական երկրի հետ հարաբերությունները փչացնելը, որի պատճառով էլ Իսրայելը չդիմեց Հորդանանին «պատժելու» քայլին, այլ առաջարկեց կյանքի կոչել «Կարմիր ծով-Մեռյալ ծով» նախագծի իրագործումը: Այն նախատեսում է Կարմիր ծովից ջուրը տեղափոխել Մեռյալ ծով, ինչն էլեկտրաէներգիայով ու խմելու ջրով կապահովեր Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինը: 2013թ. դեկտեմբերի 9-ին այս երեք երկրները ստորագրեցին «Երկու ծովերի ջրանցքի» շինարարությունը մեկնարկելու համաձայնագիր, որը, սակայն, բյուրոկրատական խոչընդոտների, ֆինանսական խնդիրների, Հորդանանի և Իսրայելի հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածությունների պատճառով այդպես էլ կյանքի չկոչվեց:  10 մլրդ դոլար արժողությամբ նախագծի իրականացումը վերջին անգամ սառեցրել էր Իսրայելը, երբ 2018թ. հուլիսին Ամմանում Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի կրակոցից սպանվեց Հորդանանի երկու քաղաքացի: 

Հորդանանը, իր հերթին, նույնպես չի սրում հարաբերություններն Իսրայելի հետ: 2018թ. նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ հորդանանցի պաշտոնյաները Կիներետում Ջրային համատեղ կոմիտեի իսրայելական ներկայացուցիչների հետ բանակցել են ջրամատակարարման ծավալները մեծացնելու շուրջ: Գործարքի համաձայն՝ Իսրայելը պարտավորվում է Հորդանանին մատակարարել 10 մլն մ3 ջուր, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում ծավալը կարող է ավելացվել:

Հին հակասություններ

Հ արկ է նշել, որ երկու պետությունների հարաբերությունները տարբեր պատճառներով ժամանակ առ ժամանակ սրվել են: 1996թ. Նեթանյահուն հայտարարեց Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական բնակավայրերն ընդլայնելու և Երուսաղեմի իսլամական սրբավայրերում՝ Տաճարի լեռան մոտ ստորգետնյա թունել փորելու մասին, որից հետո երկու պետությունների հարաբերությունները լարվեցին: 1996թ. երկար տարիների պեղումներից ու վերակառուցումից հետո այցելուների համար բացվեց Հասմոնեյների թունելը՝ հնագույն ջրատարի և հասմոնեական-հերովդական ժամանակաշրջանի փողոցը, որը Լացի պատի հարակից հրապարակից ձգվում է Վիա Դոլորոզա: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Յասեր Արաֆաթն այդ ժամանակ հայտարարեց, որ իսրայելցիները մտադիր են քանդել Ալ-Ակսա մզկիթի հիմքը՝ տեղ բացելով իրենց Տաճարի համար: Բանն այն է, որ 1994թ. խաղաղության պայմանագրով Երուսաղեմի իսլամական սրբավայրերի խնամակալությունը ստանձնել էր Հորդանանը:

Հորդանանա-իսրայելական հարաբերությունների հաջորդ սրացումը գրանցվեց 1997թ. սեպտեմբերին, երբ Ամմանում Իսրայելի հատուկ ծառայությունները (Մոսադ) անհաջող մահափորձ կազմակերպեցին Հորդանանի քաղաքացի, «ՀԱՄԱՍ» կազմակերպության քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշալի դեմ: Հորդանանա-իսրայելական հարաբերություններում նկատված ամենալարված շրջաններից մեկը 2014թ. էր, երբ Իսրայելի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներով, մուսուլման հավատացյալների առաջ փակեց Ալ-Ակսա մզկիթը: Ըստ Հորդանանի իշխանությունների՝ Իսրայելը հատել էր կարմիր գիծը, և հետ կանչվեց դեսպանը, որը Իսրայել վերադարձավ միայն 2015թ. սկզբին:

Մեկ այլ դեպք արձանագրվել էր 2014թ., երբ սահմանային Ալենբի անցակետում փաստաթղթերի ստուգման ժամանակ ՑԱՀԱԼ-ի զինծառայողը կրակել էր դատավորի վրա, որը փորձել էր խլել զինվորի զենքը:

Հաջորդ միջադեպը գրանցվել է 2017թ. հուլիսին, երբ Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի կրակոցից սպանվել էր Հորդանանի երկու քաղաքացի՝ դեսպանի տանն այդ պահին աշխատող կահույքագործը, որը պտուտակահանով հարվածել էր անվտանգության աշխատակցին, և տան սեփականատերը: Մինչև 2018թ. հունվարը Ամմանում փակ էր Իսրայելի դեսպանությունը: Հարաբերությունները կարգավորվեցին միայն Իսրայելի պաշտոնական ներողությունից հետո:

Հորդանանի և Իսրայելի հարաբերությունների վրա բացասական հետք թողեց նաև Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանությունը տեղափոխելու պաշտոնական Վաշինգտոնի որոշումը: Ի պատասխան՝ 2017թ. դեկտեմբերին Հորդանանի խորհրդարանը հաստատեց Իսրայելի հետ պաշտոնական կապերը վերագնահատելու հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որով նախատեսվում էր վերանայել խաղաղության համաձայնագիրը: Երկու երկրների հարաբերությունները, կարծես թե, կարգավորվեցին 2018թ. հունիսին, երբ գրեթե 4 տարի ընդմիջումից հետո Ամմանում հանդիպեցին Նեթանյահուն և Ադբալլահ 2-րդը:

2019-ը Հորդանանի իշխանությունների համար հեշտ չի լինելու, քանի որ թագավորությունում չեն դադարում բողոքի ցույցերը: Թեև
հողերի վերաբերյալ Աբդալլահ 2-րդի քայլը դրական արձագանք ստացավ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ խորհրդարանականների շրջանում, սակայն նոյեմբերին խորհրդարանի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած հարկային նոր օրինագծի ընդունումն առաջացրեց հորդանանցիների դժգոհությունը, որոնք կրկին պահանջեցին կառավարության հրաժարականը: Օրինագծի համաձայն՝ ռեկորդային՝ 40 մլրդ դոլարի հասնող պետական պարտքը կրճատելու և տնտեսությունը վերականգնելու նպատակով կտրուկ աճելու են հարկերը, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ կառավարության վրա: