Արհեստական բանականությունը հեղափոխելու է կրթական ոլորտը

6 ր.   |  2024-05-25

Ա րհեստական բանականությունը գլխիվայր շրջում է կրթության գործընթացի կազմակերպման մեր ավանդույթներն ու մեթոդները։ Եթե մինչ այժմ նախակրթական, հանրակրթական և բարձրագույն կրթական համակարգերը կառուցված էին ընդհանուր կամ խմբային սկզբունքների վրա, ապա այժմ ԱԲ-ն պարտադրում է անցնել անհատական կրթության մոդելների։ 

Պատկերացրեք՝ ձեր նախադպրոցական տարիքի երեխան տանը և պարտեզում ունի մշտական ընկեր-դաստիարակ, որն իդեալական հասկանում է երեխայի հոգեբանությունը, խոսքով շփվում է նրա հետ, առանց հոգնելու պատասխանում է երեխայի բոլոր հարցերին, պատմում է անչափ հետաքրքիր և ուսուցողական պատմություններ կամ հեքիաթներ, թույլատրելի ռեժիմով ցուցադրում է օգտակար և զվարճալի մուլտեր, հոլովակներ կամ նկարներ, երգում է նրա հետ կամ սովորեցնում արտասանել, կազմակերպում է իրական խաղեր, ծնողներին տալիս է խորհուրդներ երեխայի կարիքների վերաբերյալ։ Կարճ ասած՝ սուպեր դաստիարակ՝ բոլորին հասանելի և մատչելի։

Նույն սկզբունքով կերպարանափոխվելու է նաև դպրոցը։ Աշակերտ-դասարան-ուսուցիչ մոդելին փոխարինելու է գալիս աշակերտ-արհեստական բանականություն-ուսուցիչ մոդելը։ 

ԱԲ ներխուժմամբ անհետաձգելի կարիք է առաջանում ընդհանրապես վերանայել նախակրթարան-դպրոց-բուհ անցումները, քանի որ անհատական կրթության մոդելների զարգացման հետ մեկտեղ այս անցումներն անհատական մակարդակում լինելու են խիստ տարբերակված։ Սանը, աշակերտը և ուսանողն իրենց գիտելիքներին և ունակություններին համապատասխան պետք է հնարավորություն ունենան առավել առաջանցիկ կամ ավելի դանդաղ տեմպով ստանալ կրթությունը ու բացարձակ կախված չլինել խմբի առաջադիմության մակարդակից։ Այսինքն, միևնույն տարիքի երեխաները կարող են ստանալ միմյանցից էապես տարբեր մակարդակների և բարդության գիտելիքներ։ 

Սա, իհարկե, ապագայի խնդիր է, որին հասնելու համար այսօրվանից պետք է սկսենք քայլեր ձեռնարկել։ Սակայն արդեն այսօր կան գործիքներ, որոնք օր առաջ պարտավոր ենք ներդնել։ Նախևառաջ կրթության մեջ անհրաժեշտ է ներդնել արհեստական բանականության վերաբերյալ գրագիտությունը զարգացնող ուսումնական ծրագրեր, որոնք յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի կբացատրեն ԱԲ սկզբունքները, առկա պրակտիկ հավելվածները, դրանց հնարավորությունները, սահմանափակումները և էթիկական նորմերը։ 

Մասնագետներն առաջարկում են ԱԲ-ն կրթության մեջ օգտագործել տարբերակված ուսուցում ապահովելու համար։ Ըստ այդմ, ԱԲ գործիքների միջոցով բացահայտվում են աշակերտի/ուսանողի կրթական ունակություններն ու բազային գիտելիքները, և ուսման նոր պլանը հարմարեցվում է նրա կարիքներին: Երբ դասարանում կամ խմբում առկա է 20 կամ ավելի աշակերտ/ուսանող, կրթական ծրագրի անհատական հարմարեցումն անհնար է իրականացնել մեկ ուսուցչի կողմից: Մինչդեռ ԱԲ համակարգը կարող է անհատապես դիտարկել, թե ինչպես է աշակերտը/ուսանողը կատարում հանձնարարված առաջադրանքը, որքան ժամանակ է ծախսում և առաջադիմություն ունի, թե՝ ոչ: Եթե նա դժվարանում է, համակարգը կարող է օգնություն առաջարկել, եթե առաջադիմությունը դրական է, համակարգը կարող է տալ ավելի բարդ առաջադրանքներ՝ առաջադիմությունը չլճացնելու նպատակով:  ԱԲ համակարգերով չաթ-բոտերը կարող են ուղղորդել ուսանողներին անհատականացված, ճիշտ ժամանակին հետադարձ կապի կամ նյութը հավելյալ բացատրելու, պարզեցված օրինակներ բերելու միջոցով: Չաթ-բոտերը կարող են պատասխանել դասընթացի բովանդակության կամ կառուցվածքի վերաբերյալ հարցերին: Սա կօգնի ուսանողներին ուսումնառության ընթացքում լինել առավել մոտիվացված և լիարժեք ներգրավված:

ԱԲ-ն վերածվում է անհատական սուպեր ուսուցչի, որը նաև տանը կարող է ստանձնել կրկնուսույցի գործառույթը՝ լինելով մատչելի և բոլորին հասանելի։

Դպրոցում և բուհերում տեսանելի ապագայի ԱԲ գործիք է լինելու խելացի դասագիրքը։ Այն հնարավորություն կտա ինտերակտիվ եղանակով մատուցել նյութը աշակերտին կամ ուսանողին, ստուգել նյութի յուրացման մակարդակը, ըստ այդմ՝ գեներացնել հարցեր, որոնց հիման վրա նյութը կմատուցվի առավել մատչելի և պարզ եղանակներով կամ կներկայացվի նոր նյութ։ Դասագիրքը հնարավորություն կտա չսահմանափակվել միայն տեքստով կամ գրքում տպագրվող պատկերներով, այլ կներառի նաև անիմացիա, տեսանյութեր, ինտերակտիվ պատկերներ և նկարներ, նյութի ձայնային վերարտադրություն։ Այս տեխնոլոգիան էապես կհեշտացնի, արդյունավետ, հետաքրքիր և գրավիչ կդարձնի բոլոր առարկաների ուսուցումը։ Եվ այս ամենը կլինի ոչ թե մեծ խմբերի համար նախատեսված ծրագիր, այլ հարմարեցված կլինի յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողություններին։ 

ԱԲ-ն էապես կբարելավի նաև ուսումնառության գնահատման գործընթացը և արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ գնահատման ներկա մոդելները՝ անհատական աշխատանք, թեստ, հարց-պատասխան, թերի են և ունեն սուբյեկտիվության բարձր մակարդակ։ ԱԲ-ն հնարավորություն կտա ուսումնառության գնահատումն իրականացնել կրթական ամբողջ փուլի ընթացքում արձանագրված օրինաչափությունների և միտումների հիման վրա, դրա արդյունքներով արտացոլել աշակերտի կամ ուսանողի առաջադիմության մակարդակը, այլ ոչ թե գնահատումն իրականացնել սուբյեկտիվ եղանակներով մեկ օրում անցկացվող քննությունների հիման վրա։ 

Մասնագետների պնդմամբ՝ բարձրագույն կրթության մեջ բացի վերոնշյալ ԱԲ տեխնոլոգիաների կիրառումը, պետք է անպայմանորեն ներդրվեն այնպիսի կրթական ծրագրեր, որոնք կզարգացնեն տեխնոլոգիական գրագիտությունը, տվյալագիտությունը և մարդագիտությունը (human literacy): Քոլեջներն ու համալսարանները պետք է ավելի շատ ռեսուրս ներդնեն, որ ուսանողների համար բացահայտեն այն փոփոխությունները, որոնք ԱԲ-ն բերում է իր հետ, թե ինչպես է այն փոխում աշխատանքի շուկան: Կա տեսակետ, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն այլևս պետք է անցում կատարեն կրթական այնպիսի մոդելների, որոնց միջոցով մասնագիտություն ձեռք բերելը կլինի հարմարեցված ոչ միայն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ստացած անձի համար, այլ կյանքի ցանկացած հատվածում կրթություն ստանալու կարիք ունեցող անձի համար։ Ընդ որում, այդ մոդելը չպետք է ունենա տարածության և ժամանակի սահմանափակումներ։

ԱԲ ընձեռած հնարավորություններն ու առավելություններն, իհարկե, հսկայական են, սակայն միևնույն ժամանակ այն իր հետ բերում է նաև շոշափելի ռիսկեր։ Դրանցից ամենաառաջնայինն ապատեղեկատվությունն է և քննադատական մտածողության կորուստը։ Որքան վաղ տարիքից երեխաները սկսեն օգտվել տեղեկատվության բաց աղբյուրներից, այնքան ավելի մեծ կլինի նրանց թիրախավորվելու և ապատեղեկատվության զոհ դառնալու հավանականությունը։ Եթե այս սպառնալիքի դեմ քիչ թե շատ հնարավոր է պայքարել որոշակի սահմանափակումների կամ աղբյուրագիտության հիմունքների ամրապնդման միջոցով, ապա ԱԲ լայն կիրառման հետևանքով քննդատական մտածողության կորստի դեմ պայքարելու համար շատ ավելի մեծ ջանքեր անհրաժեշտ կլինեն։

Խնդիրն այն է, որ աշակերտները և ուսանողները կունենան ամենազոր գործիք, որն իրենց փոխարեն կկարողանա կատարել ցանկացած վարժություն, հանձնարարություն, լուծել ցանկացած բարդության խնդիր, ստեղծագործել ցանկացած թեմայով և ցանկացած ծավալի։ Սա ինչ-որ պահից սկսած կարող է ստեղծել իրավիճակ, երբ աշակերտը/ուսանողը կդադարի քննադատական մտածողության կրող լինել ու կքայքայի ստեղծագործական ձիրքը, ինչի հետևանքով վերջինս կվերածվի հմտորեն ԱԲ օգտագործող անհատի, ով սակայն չունի «սեփական» գիտելիքներ և հմտություններ։

UNESCO-ի մասնագետները գտնում են, կրթական համակարգում ԱԲ ներդրման մյուս խնդրահարույց կողմը ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման գործընթացն է։ Այս հարցում, իհարկե, հնարավոր չէ հույսը դնել սերնդափոխության վրա, քանի որ ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը չափազանց արագ է և տեղի է ունենում անընդհատ։ Նաև հնարավոր չէ, օրինակ, ամեն դպրոցում կամ համալսարանում ունենալ մեկ-երկու մասնագետ, ով ամբողջ հաստատությանը կապահովի ԱԲ խորհրդատվությամբ։

Այս խնդիրները խիստ արդիական են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Դրանց լուծման ուղղությամբ վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև միջազգային կազմակերպությունները և առաջադեմ երկրների կրթության ոլորտի գերատեսչությունները։ UNESCO-ի կողմից 2023թ-ի մայիսին անցկացվել է կրթության նախարարությունների համաշխարհային հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել են մի շարք խորհրդատվություններ՝ կապված կրթական ոլորտում ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հետ։ Մասնավորապես՝ կարևորվել է ազգային ռազմավարությունների հաստատումը, կրթական համակարգերի կարողությունների բարձրացումը, ուսուցիչների հմտությունների զարգացումը, հեղինակային իրավունքի մասին օրենքների ճշգրտումները և ուսումնական պլանի, գնահատման և տվյալների պաշտպանության վերաբերյալ համակարգերի ներդնումը: Այս ամենի արդյունքում կազմակերպության կողմից հրապարակվել է նաև խորհրդատվական փաստաթուղթ, որը կարևոր խորհրդատվություններ է ներառում ԱԲ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։

Այդուամենայնիվ մինչ դպրոցը և համալսարանը կհասցնեն ներդնել արհեստական բանականության գործիքներն ու աշակերտներին և ուսանողներին վարժեցնել դրանց, վերջիններս, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն արդեն տիրապետած կլինեն այդ գործիքներից շատերին։ Հետևաբար ավագ սերնդի վրա ևս կա պատասխանատվություն՝ առաջանցիկ տեմպերով սովորել և կիրառել ԱԲ տեխնոլոգիաները և դրանք անվտանգ, ուղղորդված կերպով մատուցել երիտասարդ սերնդին։