Արհեստական բանականությունը կառուցում է նոր հասարակություն և նոր աշխարհ

5 ր.   |  2024-05-16

Մ ենք ապրում ենք մարդկության պատմության ամենաբեկումնային դրվագներից մեկում, երբ մեզանից շատերի առօրյան, աշխատանքը և, կարող եմ ասել՝ կենսակերպը 4-5 տարիների ընթացքում մեծ փոխակերպումների են ենթարկվելու։ Արհեստական բանականություն կոչվող ջինը շշից արդեն դուրս է եկել և մեր կյանքի վրա ունենալու է հեղափոխական ազդեցություն։ Այն կենսակերպը, որին սովոր էինք, շատ մոտ ապագայում այլևս անճանաչելի կլինի։ Եվ սա բացարձակապես ուռճացում կամ գրոտեսկ չէ։

Արհեստական բանականությունը (ԱԲ) ներդրվելու է կյանքի բոլոր ոլորտներում։ Այն մուտք է գործելու մանկապարտեզ, դպրոց, կրթական ողջ համակարգ, գիտության, առողջապահության, հանրային ծառայությունների, տնտեսական հարաբերությունների, հաղորդակցության, մենեջմենթի, պետական կառավարման, ներքին և արտաքին անվտանգության, քաղաքականության ոլորտներ և մինչև իսկ մխրճվելու է միջանձնային հարաբերություններ։ Այդ մուտքը լինելու է շռնդալից, քանի որ ապահովելու է արդյունավետության և արտադրողականության վիթխարի աճ, բայց միևնույն ժամանակ լինելու է ցավոտ, քանի որ հանգեցնելու է աշխատաշուկայի ահռելի ցնցումների։

Տնտեսական աճի հզոր խթան և ցնցումներ աշխատաշուկայում

Ա րժույթի միջազգային հիմնադրամը զգուշացնում է, որ առաջիկա տարիներին համաշխարհային աշխատաշուկայի 40%-ը կրելու է ԱԲ ազդեցության հետևանքները։ Ընդ որում, եթե նախորդ դարում աշխատանքի մեքենայացումը և թվայնացումը տարածվում էին հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատուժի վրա, ապա ԱԲ-ն ազդելու է առավելապես բարձր որակավորում ունեցողների վրա, որոնց կատարած աշխատանքն իրականացնելու է տասնյակ անգամներով ավելի էժան և հարյուրավոր անգամ ավելի արագ։ 

Աշխատանք ունեցողներից գրեթե ամեն երկրորդն իր վրա կրելու է արհեստական բանականության ազդեցությունը՝ սկզբում բացասական կերպով, իսկ երկարաժամկետում, վերապատրաստում անցնելու դեպքում, դրական կերպով։ Մասնագետների կանխատեսմամբ՝ ԱԲ-ն 4-5 տարուց ավելի խելացի է լինելու, քան երկիր մոլորակի վրա ապրող ցանկացած մարդ, իսկ մեկ-երկու տասնամյակ հետո ԱԲ-ն մարդուց միլիոնավոր անգամներ ավելի խելացի կլինի։ Այս ապագան ահռելի հնարավորություններ և միևնույն ժամանակ մեծ ռիսկեր է խոստանում։

Նրանք, ովքեր կհասցնեն ԱԲ տեխնոլոգիաներն առաջինը ներդնել, կունենան մրցակցային վիթխարի առավելություն և դուրս կմղեն մյուս մրցակիցներին, իսկ նրանք ովքեր կհապաղեն այս գործընթացում, էապես կզիջեն և հետ կմնան։ Ընդ որում, այս սկզբունքը կգործի թե՛ անհատ մասնագետի, թե՛ կազմակերպության և թե՛ պետության մակարդակում։ Այլևս գրեթե ցանկացած մասնագիտության ձեռքբերում, ապրանքի արտադրություն, ծառայության մատուցում կամ կառավարման մոդել պետք է սինխրոնացվի ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հետ և ուղեկցվի ԱԲ գործիքների ներդրմամբ։ Հակառակ դեպքում՝ կլինի ոչ մրցունակ, ժամանակավրեպ և դուրս կմղվի ասպարեզից։

Goldman Sachs ներդրումային բանկի կանխատեսումներով՝ ԱԲ-ն առաջիկա տարիներին համաշխարհային ՀՆԱ-ն կարող է ավելացնել 7%-ով կամ մոտ 7 տրիլիոն դոլարով: McKinsey խորհրդատվական կազմակերպության կանխատեսմամբ՝ ԱԲ-ն մինչև 2030 թվականը համաշխարհային ՀՆԱ-ն կարող է ավելացնել մոտ 13 տրիլիոն դոլարով, ինչը նշանակում է ՀՆԱ-ի տարեկան հավելյալ 1,2% աճ: PwC աուդիտորական-խորհրդատվական կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականն ԱԲ-ն կարող է մինչև 15,7 տրիլիոն դոլար հավելյալ արդյունք ապահովել համաշխարհային տնտեսության մեջ, իսկ դրանում ամենամեծ մասնաբաժինը կունենան Չինաստանը և ԱՄՆ-ն, որոնց բաժին կհասնի հավելյալ աճի մոտ 70%-ը:

ԱԲ-ն ոչ միայն էապես կխթանի համաշխարհային տնտեսական աճը, այլ նաև կստեղծի նոր աշխատատեղեր և դրանով հնարավորություն կստեղծի աշխատանքը կորցրած անձանց համար վերապատրաստվելու դեպքում նոր աշխատանք գտնել։ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցների համաձայն՝ արհեստական բանականության աշխարհին պատրաստ լինելու և աշխատանք գտնելու համար աշխարհի աշխատուժի մոտ 50%-ը կարիք է ունենալու մինչև 2025 թվականը վերապատրաստվել կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու, որպեսզի համապատասխանի աշխատաշուկայի նոր պահանջներին։

Կանխատեսումների համաձայն՝ ադմինիստրատիվ աջակցության ծառայությունները կրելու են ԱԲ ազդեցության ամենամեծ ռիսկերից մեկը, մասնավորապես՝ սպասվում է, որ այդպիսի ծառայությունների մոտ 46%-ը կավտոմատացվի։ Իրավական ոլորտի աշխատողների մոտ 44%-ը և ճարտարապետների ու ինժեներների 37%-ը ևս ավտոմատացման կամ ԱԲ տեխնոլոգիաներով փոխարինման ռիսկի տակ են։ 

Գեներատիվ արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ էականորեն փոխվում է նաև ծրագրավորման աշխատաշուկան։ Շատերը նկատած կլինեն, որ հատկապես վերջին 1-2 տարիներին ՏՏ աշխատաշուկայի նախկինում եղած հսկայական աճը որոշակի դանդաղում է ցուցաբերում։ Երբեմն նկատվում է ծրագրավորման մասնագետների պահանջարկի նվազում, ինչն արտահայտվում է աշխատավարձերի որոշակի նվազմամբ կամ բարձր որակավորմամբ աշխատատեղերի համար մրցակցության խիստ աճով։ Այս միտումը էապես պայմանավորված է գեներատիվ արհեստական բանականության ազդեցությամբ, երբ ChatGPT, Microsoft Copilot, GitHub Copilot և այլ գործիքների միջոցով ծրագրավորողների արդյունավետությունը բարձրանում է անգամներով, և մեկ մասնագետը կարող է մի քանի մասնագետի աշխատանք կատարել։ 

Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն, օրինակ, այս կապակցությամբ ծրագրավորողների մի մասին խորհուրդ է տալիս փոխել աշխատանքի ոլորտը, զբաղվել կրթությամբ, արդյունաբերությամբ և նույնիսկ գյուղատնտեսությամբ, որովհետև ըստ նրա՝ մենք այժմ ականատես ենք լինում ծրագրավորում մասնագիտության վախճանին։ Օրինակ` գործարարը, եթե վեբ կայքի կարիք ունի, ապա վեբ դիզայների դիմելու փոխարեն կարող է ընդամենն իր բիզնեսը նկարագրել ԱԲ-ին ու վերջինս կպատրաստի այդ կայքը։

Ընդհանրապես, եթե պարզեցնենք ԱԲ հեղափոխության էությունը, ապա կարող ենք արձանագրել, որ մարդիկ համակարգչին սովորեցրել են կարդալ, հասկանալ և գրել մարդկային բնական լեզվով։ Այժմ որպեսզի համակարգիչը կատարի մեր ուզած աշխատանքը, կարիք չկա թվային ծրագրավորմամբ նոր ծրագիր մշակել, հազարավոր տողերով կոդ գրել, որ համակարգիչը հասկանա մեր ուզածը և կատարի։ Համակարգիչը սովորել է կարդալ մարդկային լեզվով գրված տեքստերը, հրահանգները, հասկանալ դրանք և կատարել հանձնարարություններ։ Նույնը նկարների կամ վիդեոների դեպքում։ Եթե նախկինում օրինակ՝ Photoshop ծրագրին տիրապետողը պետք է զգալի ժամանակ ծախսեր մեր երևակայած նկարը պատրաստելու համար, ապա այժմ այդքան աշխատանք կատարելու փոխարեն հնարավոր է մարդկային լեզվով գեներատիվ արհեստական բանականությանը կարճ բացատրել մեր մտքինը, և արդյունքը պատրաստ կլինի վայրկյանների ընթացքում։


Ամենով հանդերձ, պետք է հիշել, որ ոչ թե արհեստական բանականությունն է խլելու մարդու աշխատանքը, այլ այն մասնագետը, ով այդ աշխատանքը կատարելիս օգտագործելու է արհեստական բանականության գործիքները։