Ինչպես է պետությունը պայքարելու քրեական աշխարհի դեմ
7 ր. | 2020-01-24Не грешен тот, кто не родился
Չպետք է կարծել, թե քրեական ենթամշակույթին հարիր լեզվամտածողության տեր պատգամավորը պակաս արդարություն է ուզում, քան ակադեմիական հայերեն գործածողն ու մարդու իրավունքների վերաբերյալ վերամբարձ ճառ ասողը։ Պետությունը ցանկանում է արդարություն հաստատել, որն ընկած է քրեական արժեհամակարգի հիմքում։ Ցանկությունը կարծես թե նույնն է՝ պարզապես ընտրված մեթոդներն են տարբեր։ Կրիմինալը մշակում է իր սահմանած հատուկ վարքագծի կանոններն ու խստորեն հետևում դրանց, նրա համար անընդունելի է պետության առաջարկած համապարտադիր վարքականոնը։ Պետությունն, իր հերթին, պատասխանատու է սոցիալական բոլոր խմբերի ներդաշնակ կենսագործունեության ապահովման համար, այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարող փոխզիջման գնալ։ Առավել ևս, երբ հանցավոր աշխարհն իր նպատակին հասնելու համար շատ հաճախ գործադրում է այլոց կամքին բռնանալու, ցանկալի արդյունքը հարկադրանքով ստանալու մեթոդը։
Հետխորհրդային Հայաստանը, ի թիվս սոցիալական, տնտեսական, քաղաքական թերի կապիտալի, ժառանգեց նաև հասարակական հարաբերությունները կարգավորող չգրված օրենքների մի ամբողջ ծաղկաբույլ, որոնց մեջ քրեականը (խորհրդարանական լատիներենով ասած՝ «գողականը») ուներ իր ուրույն դերը։ Սա ամենևին չի նշանակում, որ Սովետական միությունը պետական կառավարման, կարգ ու կանոնի հաստատման առումով ներդաշնակ էր քրեականության հետ, պարզապես, հարկ եղած դեպքում, երբ չէր բավականացնում ազդեցությունը, առնվազն չէր հրաժարվում այդ ենթամշակույթի օգնությունից։ «Այն, ինչը չենք կարող անել մենք, կանեն նրանք». սա էր մոտեցումը, քանզի քրեական աշխարհի օրենքների մեջ հստակությունը գլխավոր նախապայմանն էր։ Հստակությանը հղում էր անում նաև Խորհրդային քաղաքական ղեկավարությունը, հետևաբար պետության և կրիմինալ մոտեցումները համընկնում էին քրեակատարողական հիմնարկներում կարգ հաստատելու հարցում։
Քրեական աշխարհի կանոնն արգելում է որևէ հարաբերություն պետական համակարգի հետ, սակայն այս երկու բևեռները տարբեր խորհրդապահական խողովակներով կարողանում էին ապահովել շփումները։ Այդ էր պատճառը, որ մեկը մյուսի «տարածք մտնելու» ցանկություն ոչ մեկի մոտ չէր առաջանում, հետևաբար՝ բախումներն էլ հիմնականում խորհրդանշական էին՝ չհաշված 1940 թվականի արյունալի դեպքերը: (Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային ղեկավարությունը մի շարք «օրենքով գողերի» առաջարկեց պատիժը կրելու փոխարեն ծառայության անցնել Կարմիր Բանակում ու կռվելով հանուն հայրենիքի՝ ազատություն ստանալ։ Քրեական աշխարհի մի մասն ընդունեց առաջարկը, մյուսը՝ նախընտրեց հավատարիմ մնալ «քրեական վարքականոնին»։ Արդյունքում՝ նրանք, ովքեր համաձայնեցին պետության առաջարկած պայմանին, համարվեցին «դավաճան», ու պատերազմից հետո կատաղի պայքար սկսվեց այս երկու հանցավոր խմբավորումների միջև)։ Արդյունքում՝ քրեական աշխարհի ինստիտուտը խորհրդային ժամանակահատվածում չվերացավ, բայց և չսերտաճեց պետական կառավարման համակարգի հետ, ասել է, թե՝ նրանք պաշտոնեական լիազորությունների կրող չէին, և յուրաքանչյուրը գիտեր իր չափն ու սահմանը, որից դուրս չէր գալիս։
90-ական թվականներին Հայաստանում իշխանության եկած լիբերալ ազատական շարժումը գոնե գաղափարական իմաստով հակոտնյա էր քրեական բարեվարքությանը, և ենթադրվում էր, որ դրա դեմ անողոք պայքար պետք է հռչակեր։ Մեծ էր վտանգը, որ պետական ինստիտուտների բացակայության, սոցիալ–տնտեսական և պատերազմական ծանր պայմաններում քրեական տարրերը կարող էին ունենալ նաև քաղաքական իշխանության ախորժակ։
Հարաբերությունների նախկին ձևաչափը կիրառելի էր միայն միության պայմաններում, իսկ անկախությունը ստիպում էր ամեն մեկին «իր գլխի ճարը» տեսնել։ Պետական բյուջեն և «քրեական քսակը» գրեթե նույն՝ զրոյական պարունակությունն ունեին, ուստի տնտեսական կապիտալին տիրելու մրցավազք սկսվեց։ Պատերազմի հետևանքով Հայաստանում ձևավորվեց նաև երրորդ՝ զինվորական խավը, ով անմիջականորեն մասնակցում էր ռազմական գործողություններին։ Առաջ ընկնելով՝ ասենք, որ Արցախյան գոյամարտի հաղթական ավարտը վերջիններիս համար տնտեսական բարիքին տիրանալու պարարտ հող ստեղծեց։
Քաղաքական իշխանությունը մի կողմից ինստիտուտներ էր ստեղծում (բանակ ,ՆԳՆ, ԱԱԾ), մյուս կողմից՝ պայքարում քրեական տարրերի դեմ։ Ճիշտ է՝ պատմական այդ ժամանակահատվածում իշխանություններին հաջողվեց ետ մղել վերջինիս թատերաբեմից, սակայն պետական կառավարման համակարգը քրեաօլիգարխիայից ամբողջովին հետ պահել չհաջողվեց։
1994 թվականի զինադադարից հետո երկրում քաղաքական իշխանությունը գտնվում էր բավականին հյուծված վիճակում և այս ժամանակահատվածում զինվորականությունը կարողացավ հայտ ներկայացնել քաղաքական իշխանությանը։
Զինվորական վերնախավը մերժում էր քրեական նիստուկացը, սակայն գերակայում էր կոշտ կարգապահությունը, իսկ հիերարխիայի միջոցով որոշվում էր անհատական հարաբերությունների մակարդակը։
1998 թվականին Հայաստանում պայմանական ինիտիլիգենցիան քաղաքական կառավարման ղեկը վերջնականապես զիջեց պայմանական զինվորականությանը։
Եվ մեկի և մյուսի պարագայում «պայմանական» բնորոշումը պատահական չէ, քանի որ անցնող 30 տարիների ընթացքում Հայաստանը արժեհամակարգային հստակ նկարագիր չունեցավ։ Երկիրը «քրեականացումից» զերծ պահել հաջողվեց, սակայն իշխանության ադմինիստրատիվ վերնախավը պետության կենսագործունեության իրացումը տեսնում էր ոչ թե արատավոր երևույթների վերացման, այլ այդ շերտերի ներկայացուցիչների հետ մերթընդմերթ կոմպրոմիսի գնալով։ Տարբեր էին պարզապես չափաբաժինները։ Եթե 90–ականներին իշխանության ակադեմիական թևը դիմադրում էր թեկուզ ֆիզիոլոգիական անհամատեղելիությունից ելնելով, ապա 2000-ականերին այդ դիմադրությունը գնալով նվազեց։ Այդպես էր պահանջում ընդհանուր քաղաքական շահը, որն ուներ տնտեսական բաղադրիչ։ Կապիտալի մերթընդմերթ բաշխումն ու փոխատեղումը տարբեր խմբային շահերի միջև, ի վերջո, դարձավ քաղաքական հարաբերությունների որոշիչ նորմ։ Եվ սա բնական էր, քանի որ իշխանության հիմնական բնութագրիչները ոչ թե արժեքային բազայի վերազինումն ու պարտքի զգացումն էր սեփական հասարակության առաջ, այլ՝ տնտեսական բարեկեցության և դրա միջոցով իշխանության հարատևման խնդրի լուծումը։ Այս հարցում նրանց մեծապես օգնել է քրեական աշխարհը։ Նրանք ավելի մոբիլ են բարիքի բաշխման հարցում, և պատահական չէ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու գողական աշխարհի ներկայացուցիչների հանդիպումները դարձել էին սովորական երևույթ։ Արդյունքում քրեական բարքերը խորքային կերպով ներթափանցեցին Հայաստանի ներքին կյանք և դեռ երկար ժամանակ պահպանեցին իրենց դիրքր։ Թերևս, որոշակի վերապահումներով, բացառություն էր պետության անվտանգության ապահովումը, ինչը, սակայն ավելի շատ էքզիստենցիալ, քան թե իշխանության բնական ցանկությամբ էր պայմանավորված։
2018 թվականին քաղաքական փոփոխության գլխավոր լոզունգներից մեկն էլ արժեհամակարգի փոփոխության ազդարարումն էր։ Հռչակած սկզբունքն, իհարկե, ողջունելի է ու անհնար է հերքել դրա անհրաժեշտությունը։ Նոր Հայաստանում քրեական բարքերը հանրային հարաբերությունները կարգավորող հիմնական շարժիչ ուժը չեն, բայց և այնպես, քաղաքական համակարգում դեռ շարունակում են պահպանել իրենց տեղը։ Հունվարի 21 –ին՝ ԱԺ-ում «քրեական հեղինակությունների վերաբերյալ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն էր։ Երկրի խորհրդարանն, առհասարակ, իրականության արտացոլումն է։
Դրանից խուսափել չի հաջողվել նախկինում, չի հաջողվի հիմա և ապագայում էլ չի հաջողվելու։ Խորհրդարանում ներկայացված են տարբեր սոցիալական խմբեր, որոնք ունեն արդարության և ազատության մասին իրենց պատկերացումները։ Այդ մարդիկ այնտեղ հայտնվել են վերոնշյալ արժեհամակարգային խմբերի օգնությամբ։ Նրանք երբեմն այդ ենթամշակույթը կրող մարդկանց «հաղորդիչն են» ԱԺ-ում և նմանատիպ դրսևորումները նաև համերաշխության ուղերձ են պարունակում «նեղության մեջ գտնվող եղբայրներին»։
Չպետք է կարծել, թե քրեական ենթամշակույթին հարիր լեզվամտածողության տեր պատգամավորը պակաս արդարություն է ուզում, քան ակադեմիական հայերեն գործածողն ու մարդու իրավունքների վերաբերյալ վերամբարձ ճառ ասողը։ Պետությունը ցանկանում է արդարություն հաստատել, որն ընկած է քրեական արժեհամակարգի հիմքում։ Ցանկությունը կարծես թե նույնն է՝ պարզապես ընտրված մեթոդներն են տարբեր։ Կրիմինալը մշակում է իր սահմանած հատուկ վարքագծի կանոններն ու խստորեն հետևում դրանց, նրա համար անընդունելի է պետության առաջարկած համապարտադիր վարքականոնը։ Պետությունն, իր հերթին, պատասխանատու է սոցիալական բոլոր խմբերի ներդաշնակ կենսագործունեության ապահովման համար, այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարող փոխզիջման գնալ։ Առավել ևս, երբ հանցավոր աշխարհն իր նպատակին հասնելու համար շատ հաճախ գործադրում է այլոց կամքին բռնանալու, ցանկալի արդյունքը հարկադրանքով ստանալու մեթոդը։
Արդյունքում ինչ ունենք. փաստացի պետությունն ազդարարում է արժեքային համակարգի վերանայման մանիֆեստ ու պատերազմ հայտարարում քրեական տարրերին, հստակ գծում սահմաններն ու օրենքի մակարդակով գնում փոփոխության։ Խորհրդարանական խմբակցություններից մեկը ոչ ուղիղ, քողարկված կերպով հասկացնում է, որ դեմ է նախագծի նման ձևաչափին։ Քննարկման արդյունքում ԱԺ-ում կրքերը թեժանում են, օրինագիծն, այնուամենայնիվ, ընդունվում է։ Բնական է, որ քրեական աշխարհը ձեռքերը ծալած չի նստելու և հակամիջոցներ է ձեռնարկելու իրավապահ համակարգի, չի բացառվում նաև՝ պետության դեմ։
Պայքարը հեշտ չի լինելու, քանզի պետությունը ոստիկանական ու ուժային այլ կենտրոններում բարեփոխումների գնալու հարցում երբեմն դրսևորում է դանդաղկոտություն, մինչդեռ ուժային կառույցներն այս պարագայում ունեն որոշիչ դերակատարություն։ Քրեական աշխարհի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը վստահելի ոստիկանական և դատական համակարգի կայացումն է։ Համակարգ, որին կվստահի քաղաքացին ու հասարակական հարաբերությունները կարգավորելիս կտա առաջնային նշանակություն։ Պատերազմ հայտարարելը դեռևս բավարար պայման չէ, քանզի քրեական աշխարհին դրանով անակնկալի չես բերի։ Այն մշտապես սպասում է հարձակման պետության կողմից։
Պետության հիմնական գործառույթը պետք է լինի երկրում բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի, տնտեսական ակտիվության ապահովումը։ Քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների բարելավումը զգալիորեն կարող է կրճատել քրեական ռիսկերը։ Զուգահեռաբար, քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է օրինակ ծառայի հասարակությանը՝ ոչ թե խոսքով, այլ ակտիվ գործողություններով մերժելով արատավոր բարքերը։ Դա հնարավոր է անել Երևանում և հատկապես մարզերում ժամանցի, մշակութային, մարզական, սոցիալական այլ միջոցառումների կտրուկ ավելացմամբ։ Մարդիկ չունեն ժամանցը կազմակերպելու այլընտրանք, իսկ կրիմինալ մշակույթն իր աստեղային ժամն ապրում է սոցիալապես անապահով, բարոյալքված հասարակություններում, որտեղ քաղաքացիները, հատկապես՝ երիտասարդությունը, զբաղվածություն չունենալու պատճառով իրենց օրակարգը հագեցնում են «քրեական անատոմիայի» ուսումնասիրմամբ՝ հատկապես, երբ «քրեական աշխարհը» խրախուսում է երիտասարդների մուտքը։ Դժվար է դիմանալ այն յուրացելու գայթակղությանը, էլ ավելի դժվար՝ դրանից հրաժարվելը։