Մամուլի ինքնակարգավորում․ Դանիական փորձ
6 ր. | 2019-12-20Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Շվեդիայում և Դանիայում տեղի ունեցավ «Մամուլի ինքնակարգավորումը ժողովրդավարության պայմաններում» ուսումնական ծրագիրը, որտեղ Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ժամանած փորձագետները ծանոթացան մամուլի կարգավորման սկանդինավյան փորձին, մի շարք կարևոր հանդիպումներ ունեցան։
Հայկական խմբում ընդգրկվել էի նաև ես։ Մենք հանդիպեցինք Դանիայի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Կլաուս Յորտոմ Ֆրեդերիքսոնի հետ, քննարկեցինք պետության պարտականությունները մամուլի և խոսքի ազատության շրջանակներում։ Եղանք նաև Ժուռնալիստների միությունում, ամենախոշոր թերթի՝ Politiken-ի խմբագրությունում, հանդիպեցինք Դանիայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և մամուլի խորհրդի ներկայացուցիչներին և ոլորտի առաջատար մի շարք փորձագետների հետ։
Պետք է նշել, որ Դանիայում պետական կառավարումն և հատկապես՝ մամուլի կարգավորումը մեծամասամբ հիմնված է փոխվստահության վրա։ Առկա է պետություն-մեդիա-հասարակություն վստահության բարձր մակարդակ, իսկ ֆինանսական կայուն պայմանների շնորհիվ բացակայում են այն բոլոր արատավոր դրսևորումները, որոնք առկա են այսօր Հայաստանում։
Կարծում եմ այս առումով հետաքրքիր կլինի ծանոթանալ մեդիայի ինքնակարգավորման դանիական փորձի որոշ դրվագներին:
Ժ ողովրդավար հասարակարգի հիմքում ազատ խոսքի իրավունքն է, ինչն, իր հերթին, սերտորեն առնչվում է մարդու տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Այս առումով մամուլը կարևոր դերակատարություն ունի, որը ոչ միայն երաշխավորում է տեղեկության տարածումը, այլև մեծ դեր է խաղում ազատ կարծիքի, դիրքորոշման ձևավորման հարցում։
Այսօր աշխարհում գոյություն ունեն մամուլը կարգավորող բազմաթիվ գործիքներ։ Պետության և մամուլի հարաբերությունները կարգավորված են մի շարք օրենքներով՝ տեղեկատվության ազատության, զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքներ և այլն։ Հարաբերությունների կարգավորող մարմին է նաև դատարանը, իսկ որոշ երկրներում նաև՝ ինքնակարգավորվող մարմինը կամ մամուլի հարցերով խորհուրդը։
Հենց այդպիսի խորհուրդ գործում է Դանիայի Թագավորությունում, որտեղ պետությունն օրենքի ուժով պարտադրում է լրատվամիջոցներին ենթարկվել մամուլի խորհրդի որոշումներին, որի կազմում ընդգրկված են ինչպես մամուլի, այնպես էլ պետության ներկայացուցիչներ։
Դանիայի մամուլի խորհուրդ [1]
Դ անիայի մամուլի հարցերով խորհուրդը ստեղծվել է 1992 թ.՝ ԶԼՄ պատասխանատվության մասին օրենքով։ Խորհուրդը կազմված է 8 անդամից, որոնց նշանակվում է Արդարադատության նախարարությունը և ունի 6 հոգանոց աշխատակազմ։ [2]
Մամուլի խորհրդի կազմը
- Բարձրագույն դատարանի նախագահը և տեղակալը,
- Երկու ներկայացուցիչ Ժուռնալիստների միությունից (լրագրողներ),
- Երկու խմբագիր տպագիր մամուլից, հեռուստատեսությունից և ռադիոյից,
- Երկու ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից:
Այս կազմից բացի նշանակվում են ևս հավելյալ 8 հոգի (պահեստային). եթե հիմնական կազմը ինչ-որ պատճառով չի կարողանում գործել՝ լիազորությունները ստանձնում են «պահեստայինները»։
Խորհրդի նիստերն անց են կացվում ամիսը մեկ անգամ՝ դռնփակ։ Նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է կազմի առնվազն կեսի ներկայությունը, ընդ որում՝ համաչափ։ Այսինքն, առնվազն մեկ լրագրող, 1 խմբագիր, քաղհասարակության մեկ ներկայացուցիչ, խորհրդի ղեկավարը կամ տեղակալը։
Խորհրդի կարգավորման դաշտում են՝
- Տպագիր մամուլը,
- Ռադիոն և հեռուստատեսությունը,
- Լրատվական կայքերը, որոնք գրանցված են արդարադատության նախարարությունում և/կամ ստանում են պետական ֆինանսական աջակցություն։
Խորհրդի կարգավորման դաշտի լրատվական կայքերը ստանում են նաև հատուկ նշան (լոգո), որը փաստում է, որ խմբագրությունն ընդունել է էթիկայի կանոնագիրքը և պարտավորվել հետևել դրան։
Կանոնագիրքը ընդունած լրատվամիջոցի հատուկ նշանը
Լրատվամիջոցին ևս ձեռնտու է լինել Խորհրդի կարգավորման տիրույթում, քան թե հարաբերվել պետության կամ քաղաքացիների հետ դատարանի միջոցով. կարիք չի լինում մտնել դատական բանավեճի մեջ, իրավապաշտպան վարձել և այլն։ Խորհրդի կայացրած վճիռը պարտադիր է ԶԼՄ-ների համար։ Եթե ԶԼՄ-ն հրաժարվում է հրապարակել Խորհրդի՝ իր դեմ կայացրած վճիռը, ապա գործն անմիջապես փոխանցվում է դատարան, որտեղ խմբագիրը կարող է տուգնավել, անգամ ազատազրկվել։
Լրատվամիջոցի դեմ բողոքը կարելի է ներկայացնել խնդրահարույց նյութի հրապարակումից 12 շաբաթվա ընթացքում։
Խորհուրդը կարող է հրաժարվել բողոքը քննելուց հետևյալ դեպքերում՝
- Եթե բողոքը վերաբերում է այնպիսի տպագիր մամուլի, որը տպագրվում է ոչ ավել քան տարեկան 2 անգամ։
- Եթե բողոքը վերաբերում է այլ երկրի պետական լրատվամիջոցին, որը գործում է Դանիայում:
- Եթե հրապարակումը չի վերաբերվում անմիջապես բողոքը ներկայացնողին կամ ներկայացնողի խնամակալության ներքո գտնվող անձին:
- Եթե խախտվել է բողոքի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը/կարգը:
Մամուլի հարցերով խորհուրդը տարեկան ստանում է մինչև 180 դիմում-բողոք, որոնցից քննության առարկա են դառնում 110-120-ը։
Դանիայի ժուռնալիստների միությունը [3]
Դ անիայի ժուռնալիստների միությունը ևս ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող մարմին է. ունի մոտ 18 հազար անդամ, որոնք ամսական մոտ 60 եվրո անդամավճար են տալիս։ Ժուռնալիստների միությունը մեծ թվով ծառայություններ է մատուցում լրագրողներին (իրավաբանական խորհրդատվությունից մինչև գործազրկության նպաստ):
Պետական աջակցություն թերթերին
Դանիայում գործում է տպագիր մամուլի պետական աջակցության մեխանիզմ, որոնցից օգտվում են բոլոր թերթերը։ Պետական սուբսիդիա ստանալու համար թերթը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների՝ սեփականության և ֆինանսական թափանցիկություն, ունենա ավելի քան 5 աշխատող, հետևի ժուռնալիստական էթիկայի կանոնակարգին, լինի Ժուռնալիստների միության անդամ և այլն։
Հաշվի առնելով որ Դանիայում լայն տարածում ունի է բաժանորդագրության ավանդույթը՝ թերթերը ֆինանսապես կայուն են, իսկ պետական սուբսիդիան հիմնականում ծախսվում է առաքման վրա։
Ներքին օմբուդսման
Դանիական լրատվամիջոցների մեծ մասն ունի նաև ներքին օմբուդսմանի հաստիք, որի ֆունկցիաները մեջ է մտնում ընթերցող-ԶԼՄ կապը։ Այս աշխատակիցը ամեն շաբաթ հրապարակում է կայքում տեղ գտած անճշտությունները, հետևում օգտատերերի մեկնաբանություններին, արձագանքում ընթերցողների դժգոհությանը և այլն։ Հատկանշական է, որ թեև օմբուդսմանին վարձատրում է տվյալ խմբագրությունը, սակայն նա ունի խմբագրական և քննադատական լիակատար ազատություն։
Էթիկայի կանոնագիրք [4]
Լ րագրողական էթիկայի կանոնագիրքը ներառում է մի շարք մասնագիտական պահանջներ, որոնց հետևելիս խոսքի ազատությունը և ժողովրդավարական այլ արժեքները չեն տուժում։
1992 թ. Դանիայում ընդունվեց Մամուլի պատասխանատվության մասին օրենքը, որի համաձայն մամուլը գործունեության բոլոր շրջանակներում պարտավոր է հետևել էթիկայի սկզբունքներին։ Օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է, որ հրապարակված նյութի բովանդակությունը պետք է համապատասխանի «մամուլի դրական ավանդույթներին»։ Նյութի ստեղծման ժամանակ լրագրողը պարտավոր է ազնիվ և ճշգրիտ լուսաբանել (FAIR - Fairness and Accuracy in Reporting) իրադարձությունները, շտկել վտանգավոր ձևակերպումները՝ պահպանել կոռեկտություն ռասսայական, սեռական, կրոնական և քաղաքական հարցերում, հարգել մարդկանց ազգային զգացմունքները։
Դանիական լրատվության համար մարդու անձնական կյանքը բարձրագույն արժեք է։ Եթե հարցը վերաբերում է հասարակական բարձր հնչեղության ինչ-որ իրադարձության, ապա կարևոր է հանգամանալից ուսումնասիրել դրա հասարակական կարևորությունը և միայն հետո կայացնել հրապարակման որոշում։ Բացի այդ, էթիկական կանոնագիրքն արգելում է լուսաբանել ինքնասպանության փորձերն ու դեպքերը, եթե դրանցում առկա չեն հասարակական բարձր կարևորության այլ հանգամանքներ։
Խոսքի ազատությունը և կրոնական հայացքները
2 005 թ. սեպտեմբերի 30-ին դանիական Jyllands-posten պարբերականում հրապարակվեց Մուհամմեդ մարգարեի 12 ծաղրանկար, ինչին հետևեց երկրի մահմեդական բնակչության վրդովմունքի մեծ ալիքը։ Քաղաքացիները պնդում էին, որ հրապարակումը ոտնահարել է իրենց կրոնական զգացմունքները։
Սաուդյան Արաբիայի, Իրանի, Պակիստանի, Եգիպտոսի, Թուրքիայի և մի շարք այլ երկրներ բողոքի նոտա հղեցին Դանիայի իշխանություններին։ Սաուդյան Արաբիան անգամ հետ կանչեց իր դեսպանին և կոչ կարեց իր բնակչությանը հրաժարվել դանիական ապրանքներից։
Այդուհանդերձ, Դանիայի այն ժամանկվա պետնախարար Անդերս Ռամուսսենը հայտարարեց, որ խոսքի ազատությունը ընկած է դանիական ժողովրդավարության ակունքներում և կառավարությունը չի պատրաստվում ազդել մամուլի վրա։
2010 թ. Կոպենհագենում 24-ամյա մի մահմեդական ռումբ պայթեցրեց, անձնական խուզարկության արդյունքում երիտասարդի մոտ հայտնաբերեցին քարտեզ, որում նշված էր Jyllands-Posten-ի խմբագրությունը։
[1] Դանիայի մամուլի խորհուրդ
[2] ԶԼՄ պատասխանատվության մասին օրենք
[3] Դանիայի ժուռնալիստների միությունը
[4] Էթիկայի կանոնագիրք