Պատերազմը և հաղթանակը երբեք ինքնանպատակ չեն լինում

3 ր.   |  2019-02-06

Մարդկությունը շարունակ բախվում է պատերազմի առաջացման իրական սպառնալիքի. գնալով կատարելագործվում են պատերազմելու միջոցները, սոցիալական հետևանքներն ավերիչ ու լայնածավալ են դառնում, պատերազմի ավանդական տեսակները համալրվում են որակապես նոր դրսևորումներով: Ժամանակակից հասարակությունը, որը թեև պատմության ընթացքում ստեղծել է համագործակցության հսկայական ներուժ, միաժամանակ չի կարողանում խուսափել պատերազմի վտանգից, իսկ զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը համամարդկային սպառնալիք է ստեղծում:

Տարբեր հաշվարկներով մարդկության պատմության ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 15 հազար պատերազմ, որոնց զոհ է գնացել 4 մլրդ մարդ:

Տարբեր տեսություններում տարբեր են պատերազմի սահմանումներն ու բացատրությունները: Առավել հետաքրքրական է, երբ պատերազմը բնութագրելիս, այն համեմատվում է խաղի հետ, որը միաժամանակ պահանջում է համարձակություն ու ճշգրիտ հաշվարկ, սակայն երբեք չի կարելի անտեսել ռիսկի գործոնը: Հաշվարկը պետք է ներառի վտանգի բոլոր շերտերը և դրսևորվի զգուշություն ու կամք: Այնուամենայնիվ, պատերազմն ունի լուրջ նպատակներ, այն քաղաքական գործողության շարունակությունն է նաև, քանզի առաջանում է քաղաքական կոնկրետ իրավիճակում և դառնում է քաղաքական դրդապատճառների արդյունք: Բացի այդ, պատերազմը և հաղթանակը երբեք ինքնանպատակ չեն լինում: Երկու սուբյեկտների միջև համագործակցությունը կամ հարաբերությունները չեն դադարում, երբ սկսում են կրակել հրանոթները և չեն ավարտվում խաղաղության պայմանագիր կնքելով:

Այս տեսանկյունից պատերազմն ընկալվում է որպես պետությունների, ազգերի, էթնիկ, սոցիալական խմբերի, դասակարգերի միջև առաջացող քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, ազգային, տարածքային, կրոնական քաղաքակրթական և այլ հակադիր շահերի լուծման սոցիալապես ընդունելի (սանկցիավորված) միջոց, որի իրականացման ձևը ռազմական հակամարտությունն է:

21-րդ դարում կիրառվում են նաև հակամարտության այլ միջոցներ, որոնց հաջողության դեպքում կողմերից մեկն ունենում է նշանակալի առավելություն. օրինակ՝ շատ տարածված է ռազմական գործողություններին զուգահեռ վարել նաև տեղեկատվական պատերազմ՝ հոգեբանական ներազդման միջոցներով, որոնք միտված են հակառակորդի հոգեբանական կայունության քայքայմանը, արժեքային կողմնորոշումների փոփոխմանը, ինչպես նաև ազգային գիտակցության խարխլմանը և համընդհանուր խուճապի առաջացմանը: Տեղեկատվական-հոգեբանական պայքարի հիմնական ձևերը տարաբնույթ եղանակներով տարվող քարոզչությունն է, տեղեկատվական կեղծիքը և ապատեղեկատվությունը:

Վերջին ժամանակներում տարածված է նաև դիվանագիտական պատերազմը, երբ մի երկրի նկատմամբ կիրառվում են դիվանագիտական ճնշումներ այլ երկրների կողմից, որը կազմակերպում է մեկ պետություն: Դիվանագիտական պատերազմի օրինակ է Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի՝ Ռուսաստանի միջև ծագած դիվանագիտական լարվածությունը՝ «Սկրիպալների գործի» առնչությամբ:

Ռազմական գործողությունների ժամանակ ավելի խոցելի է զարգացած տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածք ունեցող կողմը, քանի որ այն կարող է թիրախավորվել ու մեծ ավերածությունների պատճառ դառնալ: Հետևաբար, հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ռազմական գործողություններից՝ առավելություն տալով բանակցային գործընթացին: Հակառակորդի տնտեսական շրջափակման միջոցով առանց զինված գործողությունների հնարավոր է գերակայություն ունենալ վերջինիս նկատմամբ: Այսպիսի օրինակ է ԱՄՆ քաղաքականությունը Իրանի նկատմամբ: Մեկ այլ նմանատիպ օրինակ է «Հյուսիսային հոսք–2» նախագծի նկատմամբ ԱՄՆ ունեցած վերապահումը, որը դրսևորվեց ԵՄ-ին ուղղված բանաձևով՝ կոչ անելով հրաժարվել «Հյուսիսային հոսք–2» գազամուղից, քանի որ այն վտանգ է ներկայացնում «եվրոպական էներգետիկ անվտանգությանը և ԱՄՆ շահերին», ինչպես նաև հարցականի տակ է Ուկրաինայի տարանցման ճանապարհը:

Արդիական է դարձել նաև, այսպես կոչված, հիբրիդային պատերազմը, որը վարում են ոչ այնքան և ոչ միայն հրանոթներով ու տանկերով, այլև քարոզչությամբ, ապատեղեկատվության տարածմամբ, ահաբեկչությամբ, տնտեսական ճնշումներով և այլն: Հիբրիդային պատերազմը նաև ենթադրում է հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողություններ հակառակորդի տարածքում: Այս համատեքստում «հիբրիդային» ասվածն արդեն իսկ նշանակում է, որ հակառակորդի դեմ պայքարում միաժամանակ կիրառվելու են մի քանի գործիքներ, այդ թվում՝ ռազմական գործողություններ, որոնք ունեն կարևոր, սակայն ոչ միակ դերակատարությունը:

Պարզ է դառնում, որ ժամանակակից պատերազմների սուբյեկտների փոխազդեցությունը ներառում է հարաբերությունների լայն շրջանակ, որը չի սահմանափակվում միայն ռազմական գործողություններով