«Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողով
3 ր. | 2019-04-02Մարտի 28-ին տեղի ունեցավ «Օրբելի» կենտրոնի (orbeli.am) կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և արտասահմանից հրավիրված փորձագետներ։
Համաժողովի պանելային քննարկումները ծավալվեցին 4 հիմնական թեմաների շուրջ՝ «Թավշյա հեղափոխություն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Հայաստանի նոր իրականությունը», «Ուղեղային կենտրոնների դերը փոփոխվող աշխարհում և դրանց ազդեցությունը պետությունների զարգացման գործում», «Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ և հնարավորություններ» և «Հայաստանի զարգացման տեսլականը»։
* * *
«Թավշյա հեղափոխություն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Հայաաստանի նոր իրականությունը» պանելային քննարկման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` ընդգծելով քաղաքացիական հասարակության և հանրության լայն շերտերի ներգրավման կարևորությունը։
«Կարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին իր ելույթում նշեց, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նախադրյալներն էին վերջին տարիներին ՀՀ-ում քաղհասարակության գրանցած հաջողությունները, ինչպես նաև նախկին իշխանությունների բացթողումները։
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի ելույթը նվիրված էր Հայաստանի թավշյա հեղափոխության պատճառներին և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուս փորձագետների տարբեր ընկալումներին։
Օրբելի կենտրոնի փորձագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ելույթում դիտարկեց ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը, ոչ միայն ներքաղաքական, այլ նաև համաշխարհային գործընթացների համատեքստում։ «2010-ական թվականներից իրավիճակը Հայաստանի շուրջ փոխվեց՝ Մերձավոր Արևելքի անկայունություն, Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմ... Այս ամենը փոխեց միջավայրը Հայաստանի շուրջ և այդ պրոցեսները, թեկուզ անուղղակիորեն, չէին կարող չազդել։ Եվ մեր հեղափոխությունը և հետհեղափոխական իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքսում»,- ասաց Տեր-Աբրահամյանը։
* * *
«Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդգծեց տնտեսական աճի որակական կողմի կարևորությունը։ «Մենք չենք կարող ամեն ինչ արտադրել նույնքան լավ, որքան աշխարհն է արտադրում, մենք կարող ենք որոշ բաներ լավ արտադրել և դրանով ներկայանալ հարևան շուկաներում»,- իր խոսքում նշեց նախարարը։ Տ. Խաչատրյանի համոզմամբ պետական քաղաքականությունը պետք է միտված լինի արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն արտահանման ներուժ և դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին իր ելույթում նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդի վստահությունը իշխող կուսակցության հանդեպ հնարավորություն է տալիս իշխանություններին բարեփոխումներ իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում, ինչպես նաև ոստիկանության և արդարադատության բնագավառներում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը կարևորեց ՀՀ-ում հետհեղափոխական շրջանում կատարված համակարգային քայլերը՝ կոռուպցիայի էական նվազեցում, շուկայի ազատականացում, ինչպես նաև ներդրումների աճ։
Այլընտրանք վերլուծական կենտրոնի տնօրեն, դոկտոր Թաթուլ Մանասերյանը անդրադարձավ ՀՀ զարգացման հենասյուներին՝ տնտեսական անվտանգությանը, մրցունակությանը և տնտեսական դիվանագիտությանը։
* * *
«Հայաստանի զարգացման տեսլականը» պանելային քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Հայաստանի զարգացման քաղաքական ուղղությունների մասին, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։ «Մարդակենտրոն հանրային քաղաքականության բանաձևը մենք ամփոփում ենք մի պարզ ձևակերպման մեջ. և՛ մեր նախընտրական ծրագրում, և՛ մեր կառավարության ծրագրում խոսքը միշտ գնացել է ոչ թե տնտեսական աճի, որը իր հերթին շատ կարևոր է, այլ նաև մարդու բարեկեցության, իրական փոփոխությունների մասին», - նշեց Տ. Ավինյանը։ Փոխվարչապետը մանրամասն ներկայացրեց ներառական տնտեսական աճի մոդելը, որը միտված է հնարավորինս ապահովել մարդկանց մասնակցությունը տնտեսական գործընթացներին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ համաչափ զարգացման կարևորության խնդրին, որտեղ առանցքային նշանակություն ունի տեղական ժողովրդավարությունը։