Խորհրդարանական կառավարման համակարգի կայացումը Հայաստանում

6 ր.   |  2019-06-06

Հունիսի 5-ին Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Խորհրդարանական կառավարման համակարգի կայացումը Հայաստանում» թեմայով։ Քննարկման ընթացքում հրավիրված բանախոսները՝ ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը («Իմ քայլը» խմբակցություն),  Տիգրան Ուրիխանյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) և Տարոն Սիմոնյանը  («Լուսավոր Հայաստան» խմբակցություն) ներկայացրեցին  խորհրդարանական կառավարման համակարգի կայացման վերաբերյալ իրենց մոտեցումները, առկա խնդիրները։

Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով իր նախկին ելույթներից մեկում հնչեցրած այն մտքին, որ հասարակական-քաղաքական քննարկումները փողոցից այլևս պիտի տեղափոխվեն խորհրդարան, նշեց. «Մենք տասնամյակներ շարունակ գտնվում էինք մի իրավիճակում, երբ պառլամենտի զգալի հատվածը չէր ներկայացնում հանրային տրամադրությունները, և մեր ժողովրդի մի շատ մեծ հատված իրեն ներկայացված չէր համարում ԱԺ-ում: Եվ այն գործիչները, որ ԱԺ-ում էին, ըստ էության պատվիրակված չէին քաղաքացիների կողմից՝ իրենց խնդիրները պառլամենտական ամբիոնից հնչեցնելու և խորհրդարանական գործիքակազմով դրանց լուծում տալու։ Այդ դեպքում հանրության զգալի հատվածի խնդիրների բարձրաձայնման, լուծման հիմնական դաշտը մնում էր փողոցը:  Հիմա ունենք քաղաքացիների մանդատը ստացած խորհրդարան և խորհրդարանը քաղաքացիների դժգոհությունների, կարծիքների արտահայտման հիմնական ներկայացուցչական մարմինն է, որտեղ օրենսդրական, քաղաքական տարբեր գործիքակազմերով հանրության ցանկությունները, երազանքները և նպատակները ստանում են որոշակի տեսք օրենքի միջոցով: 2018թ. ընտրությունները փաստացի արձանագրեցին, որ փողոցից բացի ունենք այլ լծակներ։ Չնայած որ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը մեծացել է, այնուամենայնիվ փողոցը դեռևս մնում է ակտուալ։ Ցանկացած ժողովրդավարական հասարակության մեջ, որտեղ պետական ինստիտուտները գործում են և առողջ են, փողոցը ևս շարունակում է մնալ ժողովրդավարության կոնտեքստում շատ տրամաբանական լեգիտիմ հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են յուրաքանչյուր պահի իրենց բողոքը արտահայտել, բայց հիմնական հարթակը պետք է լինի պառլամենտը»:

Բանախոսը խորհրդարանական գործունեության մեջ կարևորեց 3 հիմնական ոլորտ, որոնց վրա պետք է կենտրոնանալ և աշխատել.

  • Օրենսդրական գործառույթ
  • Վերահսկողական գործառույթ, որն իր հերթին ներառում է ներկայացուցչականությունը
  • Խորհրդարանական դիվանագիտություն։

Տիգրան Ուրիխանյանը իր խոսքում նշեց, որ որոշակի վերապահումով է մոտենում այսօրվա հայաստանյան իրականության պայմաններում խորհրդարանական համակարգի արդյունավետությանը. «Կարճ ժամանակ անց մենք, ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխությունից ելնելով, կարող ենք գնահատել այդ արդյունավետությունը»։ Ելույթի երկրորդ մասում բանախոսը անդրադարձավ  նաև ընդդիմության կողմից փոխզսպման մեխանիզմների կիրառման խնդրին, նշելով, որ այս առումով ընդդիմության դերակատարումը, այն գործիքակազմը, որը առկա է այժմ բավարար չէ։ «Վերահսկող մարմինները պետք է ամբողջովին գտնվեն ընդդիմության տնօրինման  տակ, ինչը ցանկացած իշխանությանը զգոնացնելու, սթափեցնելու հնարավորություն կտա։ Ցանկացած իշխանություն պետք է շահագրգռված լինի այլընտրանքային վերահսկողության մեջ։ Որոշ վերհսկողական մարմինների փոխանցման վերաբերյալ խնդիրը ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և նախատեսվում է բանակցային գործընթաց սկսել այն հարցի շուրջ, թե ինչպիսի մեխանիզմներով դա կարող է տեղի ունենալ» ։

Տարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձավ «սուպերվարչապետական» համակարգի առկայությանը։ «Դեռևս 2013-2014 թթ., երբ նախաձեռնվեցին այս սահմանադրական  փոփոխությունները ես դեռևս փաստաբան-փորձագետ էի, բացասական երանգներով էի անդրադառնում հնարավոր փոփոխություններին և կանխատեսում էի առկա վտանգները, որովհետև իշխանությունը կենտրոնանում էր գործադիր իշխանության ձեռքում։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ թե ընդդիմությունը փորձում է փոխզսպել կառավարությանը, այլ փոքրաթիվ ընդդիմությունը պայքարում է իշխանության երկու ճյուղերի՝ Ազգային ժողովի և գործադիր իշխանության  փոխզսպման համար։ Սա է այն հիմնական խնդիրը, որն առաջ է գալիս այսօրվա պառլամենտական համակարգի պայմաններում»։ Բանախոսի կարծիքով որպեսզի հասկանալի լինի խորհրդարանական համակարգի հետ կապված խնդիրները, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ծագեց ընդհանրապես իշխանության տարանջատման  կամ փոխզսպման խնդիրը։ «Գործադիր իշխանությանը փոխզսպելու միտքը ծագեց դեռևս Լուսավորչականության ժամանակաշրջանում և հիմնական գաղափարն այն էր, որ երկրի արդյունավետ կառավարման  համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ՝ հատկապես ղեկավարները, առաջնորդվեն բանականությամբ, ռացիոնալ մտքով, ոչ թե մեկ անձի կամքով։ Անհրաժեշտություն առաջացավ, որ իշխանությունը պետք է փոխզսպվի մի քանի այլ իշխանությունների կողմից , մյուս իշխանությունը, որը փոխզսպումը պետք է իրականացներ՝ ժողովրդի ներկայացուցչական մարմինը պետք է լիներ ի դեմս պառլամենտի»։ Երբ որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով մենք նախագծեցինք պառլամենտական համակարգ՝ չունենալով զարգացած քաղաքական մշակույթ, մենք արմատական սխալ կատարեցինք։ Մենք ընտրեցինք մի համակարգ, որը բացառապես իշխանության կենտրոնացում էր ենթադրում»։

Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին փորձագետների հարցերին։ Խորհրդարանական կառավարման մոդելի հաջողության կամ դրա ձախողման մեջ իշխանական թիմի ունեցած դերի վերաբերյալ հարցին  Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ ցանկալի կլիներ ստեղծել այնպիսի համակարգ, որի գործունեության արդյունավետությունը կախված չլիներ անձերից և բացարձակ գերակա ուժ չլիներ։ Հ.Կոնջորյանը, համաձայնելով այն մտքին, որ անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որն արդյունավետ կգործի անկախ անձերից, միևնույն ժամանակ նշեց, որ անձերի դերը թերագնահատել չի կարելի։

Տ. Սիմոնյանը նշեց. «Անցումային հասարակություններում (ինչպիսին որ մեր հասարակությունն է) անձանց դերը և նշանակությունը հատկապես ընդգծված է, ամեն ինչ դառնում է կենտրոնացված որոշումների արդյունք։ Բայց այդպիսի հասարակություններում, երբ հեղափոխությունների և իշխանափոխությունների ձևով են իրենց իշխանությունը լեգիտիմացնում, հիմնականում խարիզմատիկ լեգիտիմության միջոցով են դա կատարում, որը կարող է դրսևորվել ինչպես ռացիոնալ, այնպես էլ աֆֆեկտիվ ձևով՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Խարիզմատիկ լեգիտիմացումից հետո, երբ որ անձի դերը չափազանց բարձրանում է և հասարակությունը պահանջում է, որ բոլոր որոշումները մեկ անձը կայացնի և դա լինի լեգիտիմության աղբյուր, հաջորդ քայլը պետք է լինի առկա պետական ինստիտուտների վրա այդ լեգիտիմության բաշխումը և այդ ինստիտուտների հզորացումը։ Հակառակ դեպքում, եթե այդ անձը չի կարողանում ճիշտ ժամանակահատվածում և ճիշտ գործիքակազմով այդ լեգիտիմությունը բաշխել ինստիտուտների վրա, չի կարողանում առկա խնդիրների լուծմամբ զբաղվել։ Այսինքն պետք է ինստիտուտների զարգացման ճանապարհով գնալ»։

Պատասխանելով վերջին մեկ տարում խորհրդարանական համակարգի գրանցած արդյունքների և ակնկալիքների մասին հարցին՝ Տ. Սիմոնյանը և Տ.Ուրիխանյանը որպես դրական արդյունք արձանագրեցին տեղի ունեցած իշխանափոխությունը։ Ըստ բանախոսների, նախորդ կառավարման համակարգի դեպքում ժողովրդի կողմից ընտրված նախագահը իշխանությունը չէր զիջի։ Տ. Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ պառլամենտական համակարգը բավականին մեծ ներուժ ունի, եթե այն ճիշտ օգտագործվի:

«Այս առումով առաջին քայլը կառավարող խմբակցության ներսում ազատականության  տարածումն է, այսինքն, որ խմբակցությունը թույլ տա իր պատգամավորներին անկախ ընտրություն կատարել և չկաշկանդվել խմբակցության որոշումներով, միակարծիք որոշումներ չկայացվեն»։

Հ.Կոնջորյանը արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանում դեռևս չի եղել քաղաքական այլ մեծամասնություն, որը ունենար նույնքան  ազատության խմբակցության ներսում, որքան որ առկա է «Իմ քայլը» խմբակցության ներսում, պատգամավորները բոլորովին կաշկանդված չեն։ «Դրա լավագույն ապացույցն են խմբակցության ներսում տեղի ունեցող քննարկումները, ինչպես նաև կառավարության հարց ու պատասխանը, որի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության  ներկայացուցիչները բավականին սուր հարցադրումներ են հնչեցնում կառավարությանը։ Քաղաքագիտական տրամաբանության մեջ ԱԺ քաղաքական մեծամասնությունը և գործադիր համակարգը մեկը մյուսի շարունակությունն են»։ Բանախոսը նշեց, որ եթե գործադիր իշխանությունը և օրենսդիր մարմինը ներկայացնում են նույն քաղաքական ուժը, ապա եթե առանցքային հարցերում անհամաձայնություն լինի, իշխանությունը կփլուզվի։

Հաջորդ հարցը վերաբերում էր հեղափոխությունից հետո հասարակության կողմից ակնկալվող արմատական փոփոխություններին։ Կարծիք հնչեց, որ գործադիր իշխանությունն է առավելապես փոփոխություններ կատարում, իսկ ԱԺ-ի կողմից փոփոխություններ չեն նախաձեռնվում։ Բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ բնական է, որ փոփոխությունների, օրենսդրական  նախագծերի առաջարկման առումով առաջատար է գործադիր իշխանությունը, քանի որ գործադիր իշխանությունը իր նախարարությունների միջոցով է առավելապես վեր հանում առկա խնդիրները։

Հնչեցին նաև հարցեր քաղաքական սերնդափոխության, Անցումային արդարադատության, Հարկային օրենսգրքի, Ընտրական օրենսգրքի, Քաղծառայության համակարգում նախատեսվող փոփոխությունների և այլ խնդիրների վերաբերյալ։