Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր աշխարհակարգին ընդառաջ
9 ր. | 2021-12-07Հուսահատ պայքար հեգեմոնիայի համար
Ա յսօր տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին առցանց «հանդիպումը»: Զրուցակիցները քննարկելու են մի շարք կարևոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, սակայն, ամենայն հավանականությամբ, օրակարգի գլխավոր թեման կլինի ուկրաինական ճգնաժամը: ԱՄՆ արդեն իսկ զգուշացրել է Ռուսաստանին,որ Ուկրաինա ներխուժելու պարագայում Ռուսաստանի նկատմամբ կկիրառի այնպիսի պատժամիջոցներ,ինչպիսիք մինչ այս կիրառել է միայն Հս. Կորեայի նկատմամբ: Հետաքրքրական է, որ վերջին ամիսներն մամուլում ավելի շատ տեղեկատվություն հայտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի՝ Դոնեցկի վրա հարձակման պատրաստություն տեսնելու վերաբերյալ:
Շատ է խոսվում նոր աշխարհաքաղաքականության, կամ առնվազն նախորդի՝ որպես ուղեցույց սպառված լինելու մասին: Ամեն օր տեսանելի են դառնում երևույթներ, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ կարելի էր դասել «անցանկալի մղձավանջի» շարքին: Աֆղանստանում «Թալիբան» շարժումը Ամերիկայի՝ այդ երկրից հեռանալուց հետո ստանձնում է բարձրագույն իշխանությունը, Ռուսաստանը սկսում է բանակցել վերջիններիս հետ այն դեպքում, երբ սեփական երկրում այդ խմբավորումը «ահաբեկչական» է համարվում: Թուրքիան այլևս չի բավարվում միայն Սիրիայում զորքեր տեղակայելով և անթաքույց խոսում է «Նոր Թուրան»-ի գաղափարի արդիականության մասին՝ փորձելով գործուն քայլեր անել այդ նպատակին հասնելու համար: Ավելին՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխարհի գերտերություններին կոչ է անում Թուրքիային ընդգրկել մեծ վեցնյակի կազմում:
Սառը պատերազմի տարիներին աշխարհը հստակ բարիկադավորվել էր գաղափարական խրամատներում։ Արևմտականացման և խորհրդայնացման գաղափարների տարածման ռիթմիկ պայքարը ոչ միայն ընթանում էր երկու բևեռների էլիտաների միջև, այլ ներթափանցել էր հասարակությունների գրեթե բոլոր շերտերը՝ գիտությունից մինչ տնտեսություն, մշակույթից մինչ սպորտ։ Ցանկացած հաջողություն, որ գրանցում էր մի կողմը, կատաղիորեն մոտիվացնում էր մյուսին։ «Սոցիալիզմ, որը ոչնչացնում է անհտականությունը» արևմտյան լոզունգին սովետները պատասխանում էին «ճորտատիրություն սանձազերծողները» քարոզով։ Այս հեռակա բանավեճը, որը կարելի է համարել 20-րդ դարի ամենավառ գաղափարական հակադրությունը, բնականաբար, պետք է հասանելի դառնար նաև բարիկադների տարբեր կողմերում գտնվող հասարակություններին: Այժմ մենք քաղում ենք այդ հակադրության արդյունքը։ Սամյուել Հանթինգթոնը իր «Քաղաքակրթությունների բախումը» գրքում հստակ նշում է. «Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է իրենց անհրաժեշտ, նախ պետք է հասկանալ, թե ինչ անհրաժեշտ չէ, որից հետո միայն պարզ կդառնա, թե ինչի դեմ են նրանք պայքարում»։ Խորհրդային միության փլուզումից հետո թվում էր, թե ԱՄՆ-ն և Ռուսաստանը կվերանայեն իրենց ազգային ռազամավարական դոկտրինները աշխարհաքաղաքական հստակ դերաբաշխում ունենալու առումով։ Առաջին հայացքից հենց այդպես էլ կար։ ԱՄՆ-ն իր ռեսուրսները կենտրոնացրել էր Եվրոպային սանձելու վրա, իսկ Ռուսաստանը ժամանակ էր ստացել խորհրդային փլատակների (կամ այն ինչ դրանից մնացել էր) տակից դուրս գալու համար։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը, կարծես թե, գալիս էին ամրագրելու այս միջազգային կոնսենսուսը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիններից մեկը ցավակցեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին։ «Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շատ լավ է հասկանում թե ինչ բան է տեռորիզմը»,— հայտարարել էր նա։ Սակայն նույնիսկ երկու երկրների նախագահների անձնական լավ հարաբերությունները չօգնեցին այդ գերտերությունների քաղաքական էլիտաներին վեր կանգնելու հեգեմոնիկ նկրտումներից, ինչը և մեծ հաշվով հանգեցրել է այն իրողությանը, որ այսօր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհաքաղաքական գործընթացներում էականորեն նվազել է։ Նրանք վերջնականապես շփոթվել են աշխարհաքաղաքական դոմինանտության և հեգոմոնիայի ճիրաններում և որպես կանոն երկուսն էլ կորցնում են։ Այս երկու գաղափարների տարբերությունը այն է, որ ի տարբերություն երկրորդի, առաջինն ավելի ճկուն է, ավելի բազմաշերտ։ Դոմինանտության կարելի է հասնել երբեմն զիջելով, երբեմն առաջանալով, երբեմն պարզապես ոչինչ չանելով, բայց միշտ ականջալուր լինելով փոփոխություններին։ Երկրորդը գուցե ավելի բրուտալ ու հնչեղ է, սակայն արխայիկ ու ծանրաշարժ, փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն և որպես կանոն՝ փլուզվող: Վիրավոր մրցակցին ոտքի հանելու փոխարեն ԱՄՆ-ն գնաց գրավիչ՝ նոքդաունի գաղափարի հետևից, ինչը Ռուսաստանին ստիպեց արագ ուշքի գալ և դիմադրել ևս 20 տարի:
Հանրապետական Դոնալդ Թրամփը գալով իշխանության փորձեց ամերիկյան ֆինանսական և մարդկային կապիտալը հնարավորինս արագ տեղափոխել երկրի սահմաններից ներս, իսկ արտաքին քաղաքականության հարցում դարձավ ԱՄՆ միակ նախագահը, ում օրոք ԱՄՆ-ն արտաքին ինտերվենցիա չի հայտարարել կամ առնվազն զորքեր չի տեղակայել որևէ պետության տարածքում։ Ավելին՝ սկսվեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերելու գործընթացը՝ թողնելով այն ռուս- թուրքական ազդեցության գոտում։ Ամերկայում գործազրկությունը նվազեց 4 տոկոսով, երկրի պետական գերատեսչությունները որդեգրեցին կառավարման ներառական մոդել՝ շեշտը դնելով օրեցոր աճող դժգոհության վրա: Ամերիկյան հասարակությունը դուրս էր մնացել երկրի ներքին պահանջարկների շուրջ քննարկումներից: Չկային մարդկանց ոգևորող ազդակներ, ճահճացած պոլիտկոռեկտությունն ազդում էր նույնիսկ լիբերալիզմի ամենավառ պրոտեկտորների վրա, իսկ էկլեկտիկ փաթեթավորմամբ խաչակրաց արշավանքները աստիճանաբար լցնում էր մարդկանց համբերության բաժակը: Սա հատկապես ցցուն դարձավ Դոնալդ Թրամփի պարտությունից հետո, երբ նրան փոխարինելու եկած Ջո Բայդենը ոչ միայն շարունակեց վերջինիս քաղաքականությունը, այլև նոր միս ու արյուն տվեց երկրի արտաքին քաղաքական ամբիցիաները նվազեցնելու գործին:
Ա մերիկան զորքերը դուրս բերեց Աֆղանստանից, փաստացի իշխանությունը տալով իր իսկ կողմից ահաբեկչական խմբավորում համարվող Թալիբանին: Բայդենը հրապարակավ հայտարարեց, որ եթե աֆղանցիները չեն ցանկանում կռվել իրենց երկրի համար, ամերիկացի զինվորները նրանց փոխարեն չեն դա անելու: Իրականում ոչ թե սպառվել էր աֆղան ժողովրդի , այլ ամերիկացի ժողովրդի ցանկությունը՝ տեսնելու սեփական զինուժի հողմաղացի դեմ կռիվը:
Հենց այստեղ է Ամերիկայի ուժը. այդ երկիրն ունի այնպիսի հզոր սոցիալական ու քաղաքական փոխզսպող մեխանիզմներ, որոնք պետության զարկերակը ֆիքսում են ամենօրյա ռեժիմով և կարողանում հասցնել վերնախավին: Իսկ քաղաքական իշխանությունն ականջալուր է լինում նման ազդակներին: Ավելի լավ է կորցնել հեղինակությունն արտաքին, քան ներքին լսարանի առաջ, քանի որ Ամերիկայի համար նախևառաջ կարևոր են ամերիկացիները, հետո միայն մնացածները:
Ռուսաստանի պարագայում պատկերը տարբերվում է այնքանով, որ փոխզսպող համակարգերի փոխարեն դա անում է մեկ մարդ, ով, ի վերջո, դարձել է համակարգ: Վլադիմիր Պուտինը վաղուց թե՛ Ռուսաստանյան և թե՛ արտաքին աշխարհի աչքում դադարել է լինել սովորական անհատ, նա այս պահին երկրի հենման կետն է: Ռուսաստանը միակ գերտերությունն է, որտեղ փոխզսպման համակարգի, գերատեսչական աշխատանքների կազմակերպման, տնտեսական կապիտալի բաշխման և ներքաղաքական կոնսենսուսի միակ երաշխավորը երկրի նախագահն է: Կորպորատիվ վերնախավերի կոնսանտ հակադրություններն ուժային կառույցների հետ կարող է ուժգնանալ կամ նվազել, բայց ամբողջն արվում է հանուն Պուտինի, կամ առնվազն՝ ոչ այդ գաղափարի դեմ: Ինչ է այս մասին մտածում հենց ինքը՝ նախագահը: Մեծ հաշվով՝ նորովի ոչինչ: Իր նախագահության սկզբում Վլադիմիր Պուտինը Արևմուտքի մեջ տեսնում էր պոտենցիալ գործընկերոջ, ում հետ կարելի է իսկապես հաստատել ռազմավարական հարաբերություններ՝ առանց միջամտելու միմյանց ներքին խնդիրներին:
1999–2000 թվականներին, երբ նա առաջին անգամ ստանձնում էր երկրի կառավարման պատասխանատվությունը, Ռուսաստանի տնտեսությունը գրեթե ավերված էր, իսկ երկիրը կանգնած էր դեֆոլտի եզրին: Կառվարման գրեթե 10 տարում շնորհիվ Արևմուտքի հետ տնտեսական, պետական կառավարման, քաղաքական, սոցիալական և մի շարք ուղղություններով հաջողված համագործակցության, արդեն իսկ 2006 թվականին Ռուսաստանում ծայրաստիճան աղքատությունը նվազել էր գրեթե 16 տոկոսով՝ 29-ից հասնելով 13.4 տոկոսի, իսկ գործազրկությունը՝ 10 տոկոսից մինչ 6 տոկոս: Միջազգային փորձագիտական շրջանակներում Ռուսաստանի, այսպես կոչված, հետհաշվարկը կապվում է 2008 թվականի ռուս–վրացական պատերազմի հետ: Ռուսաստանը սկսեց աստիճանաբար հայտնվել Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների տակ, իսկ 2014 թվականին ռուս–ուկրաինական պատերազմից հետո տնտեսական, քաղաքական ճնշումները Եվրամիության, և հատկապես՝ Ամերիկայի կողմից առհասարակ սաստկացան: Բոլորովին վերջերս, Ռուսաստանի քաղաքական էլիտայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ՌԴ նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը իր « Куда делся хаос. Распаковка Стабильности» հոդվածում Ռուսաստանի վերջին 20 տարիներն անվանել էր ոսկե դարաշրջան, միաժամանակ ակնարկելով, որ հետագայում Ռուսաստանի շուրջ օղակը գնալով սեղմվելու է և առաջարկել էր իրադարձությունների զարգացման երկու ուղենիշ. 1. գնալ կտրուկ բարեփոխումների կառավարման համակարգում, 2. ծավալվել երկրի սահմաններից դուրս՝ արտաքին ինտերվենցիայի ձևաչափով:
Առաջինի դեպքում վտանգ կա, որ երկիրը կարող է չդիմանալ կտրուկ փոփոխություններին, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի տարածքային, արտաքին ազդեցության և իմիջի խաթարմանը: Երկրորդ կետը, Սուրկովի բնորորշմամբ, պետք է դիտարկել որպես օրինաչափություն՝ ֆիզիկա: Կայունությունը նույնպես քաոս է և եթե այն չի արտահայտվում գործողության մեջ, շատ հնարավոր է՝ թաքնվում է սոցիալական տարբեր հարթակներում և մշտապես կախված է պետական գործառույթն իրականցնող մարմնի՝ իշխանությունների գլխին: Ռուսաստանը իսկապես գտնվում է բավականին բարդ իրավիճակում: Ռազմական կոնֆլիկտների, բախումների աշխարհագրությունը ընդլայնվել է՝ Լիբիայից ու Սիրիայից հասնելով մինչև իր կենսական ազդեցության գոտի՝ Հարավային Կովկաս: Այստեղ, ի տարբերություն մյուս կոնֆլիկտների, Արևմուտքի ազդեցության լծակները շատ չեն, սակայն 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ ճիշտ է՝ Ռուսաստանը պահպանում է Հարավային Կովկասի ազդեցիկ դերակատարումը, սակայն թե՛ Հայաստանի և թե՛ հատկապես Ադրբեջանի վրա վերջինիս լծակները այլևս չունեն այն նշանակությունը, որ ունեին մի քանի տարի առաջ:
Ի սկ ի՞նչ է սպասվում Հայաստանին աշխարհաքաղաքական այս դժվարին փուլում: Ընդունված է համարել, որ պարտված երկրները շատ անելիք չունեն, քան լուռ ընդունել այն, ինչ ձևակերպվում է մեծ տերությունների քաղաքական առևտրի և պայմանավորվածությունների արդյունքում: Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ քննարկումները, կարծես թե, դանդաղում են։ Կողմերին չի հաջողվել մինչ այս պահը պայմանավորվել քաղաքական և տնտեսական ձևակերպումների կամ կոնկրետ ճանապարհների բացման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, որ այն իրականություն է դառնում: Հայկական կողմը շարունակաբար հերքում և ապակառուցողական է որակում նման պնդումները: Այն, որ Ադրբեջանի ախորժակն Արցախյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո բացվել է, կարծես թե ակնհայտ է: Դրա վկայությունն էր հենց այս տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը ՀՀ սուվերեն տարածք: Պարբերաբար դարձած զինված բախումների արդյունքում հայկական կողմը կորուստներ է ունենում թե՛ տարածքային, թե՛ մարդկային ռեսուրսների առումով: Ռուսաստանը, ինչպես անցած տարվա պատերազմում, փորձում է երկու կողմերի միջև չեզոքություն պահպանել, իսկ երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու փորձերը պայմանավորված են ոչ թե ինսիտիտուցիոնալ, միջազգային քաղաքականության սկզբունքների, այլ՝ բացառապես ՌԴ նախագահի անձնական հեղինակությամբ:
Հետևաբար, թե՛ Ռուսաստանը, և թե՛ ԱՄՆ-ն չեն զսպելու Ադրբեջանի ցանկությունները նույնիսկ այն դեպքում, եթե վերջիններս փորձեն կտրել Սյունիքը։ Ոչ թե այն պատճառով, որ համակրում են Ադրբեջանին, այլ որովհետև կամ չեն կարող կամ զբաղված կլինեն աշխարհաքաղաքական այլ խնդիրներով։ Եթե պատերազմում մենք հաջողեինք, նույնը տեղի էր ունենալու մեր դեպքում։
Հենց սա էլ կոչվում է աշխարհաքաղաքականության փոփոխություն։ Փոփոխությունների ժամանակ ամեն մեկը զբաղված է իր գլխի ճարը տեսնելով, նրանց քիչ է հետաքրքրում փոքր պետությունների բոհեմական դեպրեսիան։ Ժամանակին հենց նման աշխարհաքաղաքական ցնցումների արդյունքում ենք մենք պատերազմը շահել։ Շահել ենք, որովհետև դիվանագիտությունը չենք ստորադասել ռազմական ուժին, որը թեպետ, ի տարբերություն ռազմական բաղադրիչի, նվազ գրավիչ է, իսկ արդյունքը պարզ է դառնում քաղաքական գործընթացի վերջում, սակայն բենեֆիցիարը լինում է պետությունը, ոչ թե անհատները։ Սա չի նշանակում մոռանալ ռազմական բաղադրիչի մասին։ Այն շատ կարևոր, տեղ-տեղ վճռական ազդեցություն ունի պետության՝ ազգային շահի իրագործման հարցում, բայց արդյունավետ է միայն դիվանագիտության գործիքակազմի ընդհանուր համատեքստում։ Միով բանիվ, պետական ինստիտուտների ստեղծման հետ մեկտեղ հայ հասարակությունը հաջողացրել էր հաղթել նաև պատերազմը՝ ամրագրելով պետություն ունենալու իր հաստատակամությունը։ Այժմ Հայաստանը գտնվում է ճիշտ հակառակ փուլում: Թվում էր, թե պետություն ունենալու գաղափարը պետք է օգներ ավելի արագ ինքնակազմակերպվելու և դիմագրավելու արտաքին վտանգներին, սակայն փոխարենը հանցավոր անգործության արդյունքում այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական լուրջ խնդրի առաջ:
Վերադառնալով օրվա գլխավոր թեմային, արձանագրենք, որ գաղափարական պայքարի ավարտից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների հստակեցման, ազդեցության գոտիների և բաժանարար գծերի նոր կանոններ այդպես էլ չուրվագծեցին: Մինչդեռ այսօր նոր աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ կոնսոլիդացիան գնում է ոչ թե արժեհամակարգային, այլ մշակութային-կրոնական ընդհանրությունների շուրջ: Երկուստեք հակազդման և էներգիայի վատնման արդյունքում այդ նույն էներգիան փոխակերպվեց և կենտրոնանում է երրորդ խաղացողի՝ Չինաստանի ձեռքում, որը տարիներ շարունակ ոչ միայն լուռ հետևում էր այս հակամարտությանը, այլև անհրաժեշտ հետևություններ անում: