Քրդական խնդրի մերօրյա դրսևորումները Թուրքիայում
4 ր. | 2021-03-25Ա յս օրերին կրկին սրվել է քրդական հարցը Թուրքիայում։ Խորհրդարանական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) փակելու իշխանությունների ձեռնարկած քայլերը, կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող իրավական հետապնդումները մեծ արձագանք են գտել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ ԺԴԿ-ն ունի քրդամետ կուսակցության համարում, թեև, ինչպես նրա անվանումից է երևում, այն կոչված է պաշտպանելու Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը։
Թուրքիայում քրդական խնդրի սրման ներկա փուլի սկիզբը կամ առիթը կարելի է համարել այս տարվա փետրվարի կեսին Հյուսիսային Իրաքում՝ Գարա շրջանում, 13 թուրքի սպանությունը, որի համար պաշտոնական Անկարան մեղադրում է Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ)։ Վերջինիս գործունեությունն արգելված է Թուրքիայում և ահաբեկչական կառույց է համարվում։
Միջադեպը լայն արձագանք գտավ Թուրքիայի հասարակական-քաղաքական, լրատվական-փորձագիտական շրջանակներում՝ կրկին աշխուժացնելով ՔԲԿ-ի դեմ բոլոր ուղղություններով պայքարն ուժեղացնելու հարցը։ Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ հարձակումը կստանա արժանի հակահարված. ՔԲԿ-ի ուժերը վերջնականպես արմատախիլ կարվեն։
Միջադեպից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը բարձրագույն հրամանատարական կազմի նիստ են գումարել՝ քննարկելու իրադարձությունների զարգացումը։ Թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքում գործողություններ են իրականացրել ՔԲԿ-ի դեմ՝ կրակ բացելով և ոչնչացնելով մի շարք թիրախներ։
Այս միջադեպին հաջորդեց մեկ այլ միջադեպ Թուրքիայի խորհրդարանում։ Փետրվարի 23-ին Մայրենի լեզվի միջազգային օրվա (փետրվարի 21) առթիվ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ԺԴԿ անդամ, Դիարբեքիրի քուրդ պատգամավոր Իմամ Թաշճըերը պահանջել է խորհրդարանում քրդերենը թուրքերենից հետո դարձնել երկրորդ պաշտոնական լեզու։ Ըստ պատգամավորի՝ Թուրքիայում 25 մլն. քուրդ է ապրում[1], որոնք խորհրդարանում կիրառվող թուրքերենը մասամբ են հասկանում, հետևաբար, անհրաժեշտ է քրդերենը խորհրդարանում դարձնել երկրորդ պաշտոնական լեզու։ Որպես այս ուղղությամբ կատարված քայլ պատգամավորը խորհրդարանի ամբիոնից քրդերենով շնորհավորեց Մայրենի լեզվի օրը, ինչը հակազդեցություն առաջացրեց թուրք պատգամավորների շրջանում։
Քրդական հարցի սրման մեկ այլ առիթ եղավ մարտի 4-ին Բինգյոլից Թաթվան թռչող թուրքական ռազմական ուղղաթիռի վթարը, որին զոհ գնաց 11 զինվորական (մեկը՝ գեներալ), երկուսն էլ՝ վիրավորվեց։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սեզայի Թեմելին վթարի համար պատասխանատու համարեց թուրքական իշխանություններին՝ վկայակոչելով ձմեռային աննպաստ պայմաններում ռազմական թռիչքներ իրականացնելու անթույլատրելիությունը։ Նրա կարծիքը սուր քննադատությունների պատճառ դարձավ ընկերային ցանցերում։ Շահարկման առարկա դարձավ նաև այն, որ ԺԴԿ նախկին համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը, ով ներկայում ազատազրկված է Էդիրնեի բանտում, ցավակցություն հայտնելով 11 զինվորականի մահվան կապակցությամբ, չօգտագործեց «նահատակ» բառը, այլ ասաց. «Զինվորներ, որոնք իրենց կյանքը կորցրեցին»։
Մարտի 5-8-ը Հռոմի Ֆրանցիսկոս Ա պապը քառօրյա այց իրականացրեց Իրաք, որի շրջանակներում այցելեց նաև Էրբիլ և հանդիպեց Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների հետ։ Իրաքյան Քրդստանի իշխանությունները ի հիշատակ քահանայապետի այցելության հրապարակեցին Հռոմի պապին նվիրված դրոշմանիշ, որի վրա պատկերված էր «Մեծ Քրդստանի» քարտեզը։ Դրանում ներառված էին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան շրջանները։ Քարտեզը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։ Մամուլը գրեց, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն ՔԲԿ-ի քարոզչությունն են իրականացնում։
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամլո խոսնակ Յոմեր Չելիքը փետրվարի 10-ին հայտարարեց, որ նմանօրինակ արարքներ սրանից առաջ կատարվել են նաև Ֆրանսիայում և Հայաստանում։ Ըստ Չելիքի՝ այդպիսի կեղծ քարտեզները, որոնք քրջի կտոր են, որևէ ուժ չունեն հզոր Թուրքիայի դեմ։
Դեպքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը. «Հռոմի պապի այցելության առթիվ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հրապարակել են դրոշմանիշ, որի վրա պատկերված են մեր երկրի մի շարք նահանգներ՝ որպես Քրդստանի մաս։ Կոչ ենք անում Իրաքյան Քրդստանի պետական մարմիններին անմիջապես սրբագրել այս կոպիտ սխալը և պարզաբանում տալ այս հարցի մասին»,- նշվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Ք րդական հարցի ներկա սրումը որոշակի լարվածություն առաջ բերեց Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում։ Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում 13 թուրքերի սպանության առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց հայտարարություն, ըստ որի՝ ԱՄՆ-ն պատրաստ է կանգնել ՆՍՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողքին, պատրաստ է դատապարտել դեպքը, եթե իսկապես հաստատվի, որ դրա հեղինակը ՔԲԿ-ի զինյալներն են։ Այդ կերպ, փաստորեն, Վաշինգտոնը կասկածի տակ դրեց ՔԲԿ-ի ուժերի կողմից թուրքերին սպանելու Անկարայի պաշտոնական տեղեկությունը։
Թուրքական իշխանությունները դատապարտեցին ցավակցություն հայտնելու նման ոճն ու մեկնաբանությունը։ Անմիջապես արտաքին գործերի նախարարություն հրավիրվեց ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթրֆիլդը, և նրան հանձնվեց Անկարայի բողոքը։ Խնդրին անդրադարձավ նաև նախագահ Էրդողանը, ով ծաղր համարեց ԱՄՆ-ի ցավակցագիրը՝ բացեիբաց հայտարարելով, որ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն աջակցում է ՔԲԿ-ի զինյալներին։ «Մի՞թե Ամերիկան չէ կանգնած ՔԲԿ-ի կամ Սիրիայում քրդական ուժերի կողքին։ Ամերիկան աջակցում է այդ զինյալներին։ Եթե պետք է շարունակենք ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը, ապա հարկավոր է անկեղծ մոտեցումներ որդեգրել։ Ամերիկան պետք է աջակցի Թուրքիային»,- հայտարարել է Էրդողանը։ Փաստորեն, Թուրքիայի նախագահը Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ իր երկրի համագործակցության խորացմանը հարցը կապում է քրդական հարցում Վաշինգթոնի թրքամետ դիրքորոշման հետ։
ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես դատապարտեց Վաշինգթոնի մոտեցումը։ «Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում ահաբեկիչների դեմ պայքարում։ Արևմուտքի համար կան լավ կամ վատ ահաբեկիչներ»,- թվիթթերի իր էջում գրել է նախարարը։
[1] Այս թիվը թերևս չափազանցված է։