Թուրքիայի տնտեսության ներքին ու արտաքին ցնցումները
14 ր. | 2020-10-22--
Էրդողանի քաղաքականությունը Թուրքիայի տնտեսության ներուժի կլանման ամենամեծ ռիսկն է
--
2015 թվականից սկսած Թուրքիայի տնտեսությանը բնորոշ է ֆինանսատնտեսական համակարգի «խրոնիկ» անկայունությունը։ Վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսությունը ենթարկվել է մի շարք շոկերի՝ թուրքական լիրայի արժեզրկման ու պարտքային ճգնաժամի՝ ուղեկցվող գնաճային բարձր ճնշումներով, պարտքի սպասարկման բարձր ծախսերով, ներդրումային ոչ բարենպաստ միջավայրով և այլն: Որպես հավելյալ բացասական ազդեցության գործոն թվարկվածներին միանում է նաև աշխարհում բռնկված կորոնավիրուսային համավարակը: Սրա արդյունքում երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով Թուրքիայի տնտեսությունը կրճատվել է մոտ 10 տոկոսով, ինչը վերջին տասնամյակի ամենախոշոր անկումն է: 1998 թվականից սկսած երկրորդ եռամսյակում գրանցված անկումը առաջին եռամսյակի համեմատ ամենախորն էր:
2019 թվականի տվյալներով՝ 83.4 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի համախառն ներքին արդյունքը կազմել է 754.4 մլրդ դոլար, որը 2018 թվականի նկատմամբ ավելացել էր 0.9 տոկոսով: Թուրքիայի տնտեսության անկայունության մասին վկայում է վերջին տարիներին երկրի տնտեսությունում ստեղծված արդյունքի էական տարբերությունը՝ ընթացիկ գներով և բազիսային գներով հաշվարկման դեպքում: Սա ցույց է տալիս, որ յուրաքանչյուր դիտարկվող ժամանակահատվածում ինֆլյացիոն ճնշումները ահռելի են: Ազատ շուկայական տնտեսությունում ձևավորվող գնաճին գումարվում են Թուրքիայի իշխանական մարմինների արհեստական ստիմուլները, մասնավորապես ոչ օպտիմալ ընդլայնող մոնետար քաղաքականությունը։
Գծապատկեր. Թուրքիայի անվանական և իրական ՀՆԱ աճի տեմպը
Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ տնտեսության տարեկան կրճատումը կլինի 1-2 տոկոս, իսկ միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն ավելի վատատեսական են, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս անկում:
Միջազգային կառույցների կանխատեսումներն ավելի իրատեսական են, ինչը հիմնականում պայմանավորված է այն ռիսկերով, որոնք առկա են Թուրքիայում: Միջազգային վարկանիշային կազմակերպությունները վերջին տարիներին Թուրքիայի ներդրումային միջավայրը դիտարկում են բացասական հեռանկարով, ինչը հստակ ուղերձ է, որ անիմաստ է երկրի տնտեսությունը դիտարկել «այլ հավասար պայմաններում»:
Թուրքական քաղաքականության արդյունքում արտարժույթի և լիրայի քանակական հարաբերակցությունը չի փոխվում տնտեսական առումով օպտիմալ ձևով։ Այսինքն, ընդլայնող մոնետար քաղաքականության արդյունքում լիրայի ներարկումը շուկա իրականացվում է ահռելի քանակներով, որն ունի իր պատճառահետևանքային «քաղաքականական տրամաբանությունը»։
Ֆինանսատնտեսական մեծ ճգնաժամի ժամանակ, երբ ԱՄՆ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այդ ձևով փորձում էր ակտիվություն ապահովել տնտեսությունում, ինչը ենթադրում էր ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում ոչ միայն ներքին տնտեսությունում, այլև դեպի առանձին երկրներ, Թուրքիան այդ ժամանակահատվածում մեծ փոխառություններ էր իրականացրել ԱՄՆ դոլարով:
Արդյունքում Թուրքիայի բանկային համակարգում առաջարկային փոփոխություն տեղի ունեցավ. դոլարային վարկերը դարձան բավականին էժան: Թուրքիան դոլար լցրեց շուկա զբոսաշրջության, անշարժ գույքի, էլեկտրաէներգիայի, ենթակառուցվածքային վարկերի խողովակի միջոցով:
Շինարարության ոլորտում գործունեություն ծավալողներն առքուվաճառքը հիմնականում իրականացրել են թուրքերի հետ` հետևաբար վերջիններիս հասույթը ձևավորվում էր լիրայով: Այսպիսով անշարժ գույքի և ենթակառուցվածքների վարկերի գծով պարտավորություն ունեցող անձանց եկամուտները ձևավորվում էին լիրայով, մինչդեռ նրանք ստիպված էին իրենց պարտավորությունները մարել դոլարով: Այսինքն, Թուրքիայի նախընտրած խթանող մոնետար քաղաքականությունը հանգեցնում էր լիրայի արժեզրկման: Բացի այդ, բանկերը վարկեր էին տրամադրում ոչ միայն բիզնեսների, այլն նաև անհատների, որոնց պահանջարկը լիրայով էր: Ստացվում է՝ չնայած այն հանգամանքին, որ տնտեսությունում ներարկվում էր մեծ քանակությամբ դոլար, լիրայի պահանջարկն էլ գնալով մեծանում էր:
Բացի այդ, բանկերը կենտրոնական բանկի նկատմամբ պետք է իրենց տոկոսային պարտավորությունները կատարեին նույնպես լիրայի միջոցով, այսինքն՝ իրականացվում էր ներքին շուկայում դոլարի փոխարկում լիրայի, այն ժամանակ երբ պետական կառույցներն իրենց պարտքը պետք է կատարեն արտաքին շուկայի նկատմամբ ազատ փոխարկելի արժույթներով: Այս ամենը ստեղծում էր երկրորդ ռիսկը. տոկոսադրույքի բարձրացումը պահանջելու է ծավալային առումով ավելի շատ լիրա` կրճատելով բանկային համակարգի շահույթը: Թուրքիայի արտարժութային տատանումների նկատմամբ բավականին զգայունությունը պայմանավորված է նաև դոլարիզացիայի բարձր մակարդակով։ Դեռևս 2018 թվականին արժութային ճգնաժամը հարվածեց տնտեսությանը պայմանավորված հենց դոլարիզացման բարձր մակարդակով. 2018 թվականին ավանդների ավելի քան կեսը դոլարով և եվրոյով է եղել։ Սա վկայում է այն մասին, որ թուրքական բնակչությունը վստահություն չունի սեփական արտարժույթի նկատմամբ, ինչը էլ ավելի բարդացնում Թուրքայի ոչ անկախ Կենտրոնական բանկի գործունեությունը։
Արտարժութային հոսքի ապահովումն ու պահուստների առկայությունը մեծ կարևորություն ունեն բաց տնտեսություն ունեցող երկրների համար, որոնց միջոցով երկրները մասնակցում են համաշխարհային առևտրաշրջանառությանը և կատարում արտաքին միջավայրում ստանձնած պարտավորությունները։ Բաց տնտեսության դեպքում երկրի արտարժութային հոսքերն ապահովվում են տարբեր ուղղություններով։ Այսպես, Թուրքիայի համախառն ներքին արդյունքի մոտ 56 տոկոսը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, 24.7 տոկոսը՝ արդյունաբերությանը, իսկ մնացյալը՝ գյուղատնտեսությանը: Կորոնավիրուսի հետևանքով առաջին 8 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է շուրջ 74 տոկոսով: Բնականաբար, քանի որ արտարժութային հոսքն ապահովող ուղղություններից մեկը հենց զբոսաշրջությունն է, սա իր ազդեցությունն է թողնում արտարժույթի առաջարկի վրա։ Թուրքական կառավարության տվյալների համաձայն՝ միայն 2019 թվականին 52 մլն զբոսաշրջիկներ այցելել են Թուրքիա, ապահովելով 34,5 մլրդ դոլար արտարժույթի հոսք։ Էրդողանը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ 2020 թվականին ակնկալվում է, որ տարվա վերջ զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 15 մլն։ 2020 թվականի առաջին 8 ամիսներին արդեն 9,3 մլն զբոսաշրջիկ այցելել է Թուրքիա՝ Միացիալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Գերմանիայից։ Միայն Անգլիայից 261 հազար զբոսաշրջիկ օգոստոսին այցելել է Թուրքիա։ Թուրքիան այն քիչ երկրներից է, որ թույլ է տվել զբոսաշրջությունն առանց որևէ կարանտինային պահանջների։ Թուրքիայի քաղաքականությունը կորոնավիրուսային իրավիճակում պահպանեց իր «տրամաբանությունը»․ երբ աշխարհի բոլոր երկրները հրապարակում էին կորոնավիրոսով վարակված քաղաքացիների թիվը, Թուրքիան կարմիր գոտում գտնվող երկրներին շարքին չդասվելու, տուրիստական ոլորտը փրկելու, տեղաշարժի սահմանափակումնների միջոցով տնտեսական անկմանը չնպաստելու նպատակով փոխեց վիճակագրական տվյալների հրապարակման մեթոդաբանությունը։ Թուրքիայում որոշում է կայացվել օրական կտրվածքով հրապարակվող աղյուսակում կորոնավիրուսով վարակված դեպքերի քանակի՝ “today’s number of cases” փոխարեն հրապարակել կորոնավիրուսով պացենտների քանակի ցուցանիշով “today’s number of patients”։ Այսպիսով, դրական ախտորոշված, սակայն առանց սիմպտոմի դեպքերը չեն ներառվում Թուրքիայի վիճակագրության մեջ։ Ընդ որում, ԱՀԿ-ն կորոնավիրուսով հիվանդ է համարում բոլոր նրանց, որոնց թեստը եղել է դրական, անկախ սիմպտոմներից։ Այս ձևով Թուրքիան կոծկում է կորոնավիրուսի իրական պատկերը։ Մասնագիտական շրջանակներում հնչում են կարծիքներ, որ այդ մեթոդաբանությունը նվազեցնում է դեպքերի քանակն ավելի քան 20 անգամ։ Թուրքիայի բժիշկների միության նախկին նախագահ Սինան Ադիյամանը և Թուրքիայում աշխատող բժիշկներն այն կարծիքին էին, որ փորձելով այս ձևով փրկել տնտեսութունը՝ անկառավարելի ռիսկի տակ է դրվել երկրի, մասնավորապես Անկարայի առողջապահական համակարգը։
Զբոսաշրջության անկմանը գումարվում են նաև արտաքին առևտրի բացասական միտումները. օգոստոսին արտահանումը կտրուկ կրճատվել է՝ մոտ 6 տոկոս, մինչդեռ ներկրումն ավելացել է ավելի քան 20 տոկոսով, ինչն էլ իր հերթին հանգեցրել է առևտրային հաշվեկշռի վատթարացման: Առաջին կիսամյակում գրանցվել է ընթացիկ հաշվի պակասուրդ 2019 թվականին գրանցված կարճաժամկետ հավելուրդի փոխարեն: Թուրքիայի տնտեսությունն էական կախվածություն ունի էներգետիկ ծառայությունների ներկրումից, որի դիմաց անհրաժեշտ է վճարել դոլարով, իսկ լիրայի գնողունակության անկումը կհանգեցնի նրան, որ գնաճային ճնշումները կարող են դառնալ անհաղթահարելի։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ գնաճը կլինի 12 տոկոս։ Նշենք նաև, որ երկրում աճել է նաև արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը՝ սեպտեմբերին կազմելով ավելի քան 14 տոկոս, ինչը 2019 թվականի հուլիսից հետո ամենաբարձր ցուցանիշն է:
Տնտեսության արտարժութային աղբյուրներից են օտարերկրյա ներդրումները։ Առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով զուտ պորտֆելային ներդրումների հաշվի արտահոսքն աճել է 6 անգամ և օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գրեթե կեսը՝ դժվարացնելով ընթացիկ հաշվի ֆինանսավորումը: Ի հավելումն նշենք, որ խնայողությունների համեմատաբար ցածր մակարդակը մեծացնում է վճարային հաշվեկշռի տնտեսական ռիսկերը:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միայն մարտին և ապրիլին լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց 10 տոկոսով՝ իր հետ առաջացնելով կենսամակարդակի, բարձր գների հետ կապված խնդիրներ։ Այժմ լիրան արժեզրկվել է ավելի քան 25 տոկոսով. համեմատության համար նշենք, որ 2018 թվականի միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 27 տոկոս էր, ինչը 2018-ին գրանցված ճգնաժամի նպաստող գործոններից էր։ Լիրայի անկումային դրսևորումների խորացմանը զուգընթաց պետությունը ցանկանում է «փրկել» իրավիճակը՝ տնտեսությունը ֆինանսավորելով արտարժույթային պահուստների հաշվին: Բայց այս մեխանիզմը տնտեսության մեջ չի կարող երկար աշխատել:
Է րդողանը, Թուրքիայի կենտրոնական բանկի հետ կարծես թե փորձում է լուծել այս հարցը, հայթայթելով դոլարային միջոցներ, ինչը ենթադրում է նահանգային բանկերից փոխառությունների իրականացում, մասնավորապես պարտատոմսեր թողարկելու միջոցով: Թուրքիայի ֆինանսների նախարարության կողմից հրապարկված պետական պարտքի գծով սեպտեմբերյան զեկույցում հստակ երևում է, թե ինչքանով են ավելացել բանկային համակարգից փոխառված միջոցները: Իհարկե, Թուրքիայի կողմից պետական պարտքի վերաբերյալ տվյալները բավականին թերի են և ոչ թափանցիկ: Սակայն դիտարկելով վերջին տարիներին Թուրքիայի որդեգրված միջոցներ ներգրավելու և մոնետար քաղաքականությունը, նկատում ենք, որ պարտատոմսերի միջոցով ներգրավվող միջոցների մեջ բավականին մեծացել են բանկերից ներգրավվող միջոցները: Բանկային համակարգից ներգրավված միջոցները կազմում են ներքին պարտքի 70 տոկոսը, միաժամանակ նվազել են կորպորատիվ ներդրողների կողմից կատարված ներդրումները: Այս ամենը վկայում է, որ բացի միջազգային նեդրողներից, ներքին ներդրողը նույնպես վստահություն չի ձևավորում սեփական երկրի տնտեսության նկատմամբ։
Այս տարվա մարտից սկսած Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ սվոփերի էական աճ է տեղի ունեցել։ Կարճաժամկետ սվոփերի ծավալը սեպտեմբերին կազմել է 53 մլրդ դոլար, ինչը 23 մլրդ դոլարով ավելի է մարտի համեմատ։ Թուրքիայի նահանգային-բանկերը ավելի քան կրկնակի ավելացրել են կարճաժամկետ սվոփի ծավալը մինչև 4.8 մլրդ դոլար՝ տարեսկզբի 2 մլրդ դոլարի փոխարեն։ Կտրուկ ավելացել է նաև նախորդ տարիների համեմատ օգոստոսին բանկերի կողմից ներագրավված ներքին պարտքը, իսկ մնացածի գծով հիմնականում նկատվում է անկում՝ կորոպորատիվ ներդրողներ, ոչ ռեզիդենտներ և այլն։
Ավելին, 2020 թվականի օգոստոս-սեպտեմբերին Թուրքիայի համախառն արտարժութային պահուստները 2005 թվականից հետո առաջին անգամ հասել են նվազագույն մակարդակի։ Արդեն հոկտեմբերի 2-ին գրանցվել է անկում նախորդ շաբաթվա համեմատ։ Եթե հաշվի չառնենք առևտրային բանկերի պարտադիր պահուստավորումը, ապա զուտ արտարժութային պահուստները զրոյական մակարդակում են։ Չնայած այն հանգամանքին, որ ներկայում Թուրքիայի տնտեսությունն ավանդական մեխանիզմների միջոցով արտարժութային հոսք ապահելու խնդիրներ ունի՝ Թուրքիայի տնտեսությունն առաձնանում է իր ոսկու պաշարների ահռելի ծավալով, որը հիմնականում օգտագործվում է միջազգային պահուստները համալրելու համար։ Թեպետ վերջինիս դինամիկան ևս ցույց է տալիս տնտեսությունում ավելացող ռիսկերը, սակայն միջազգային պահուստների կառուցվածքում ոսկու դերը զգալի է։ Այս տարի, ըստ Թուրքիայի Ոսկու արդյունահանողների ասոցիացիայի գնահատականների, թանկարժեք մետաղի արտադրությունը պետք է ավելանա 16%-ով: Դեռևս 2017 թվականին օրենսդրական փոփոխություններով ամրագրվել էր, որ ոսկու տեղական արտադրության միակ գնորդը պետք է լինի Կենտրոնական բանկը: Ըստ Ասոցացիայի ղեկավարի, Կենտրոնական բանկը եղել է միակ գնորդը փոփոխությունից հետո և դժվար թե առաջիկայում միտումը փոխվի։ Վերջին 25 տարվա ընթացքում Թուրքիայում ոսկու նկատմամբ սպառողների տարեկան պահանջարկը միջինում հասել է մոտ 160 տոննայի: Լիրայի արժեզրկման միտումներով պայմանավորված ավելի աճեց ոսկու նկատմամբ պահանջարկը։ Տեղական արտադրությունը հիմնականում բավարարվում է ներմուծման հաշվին, որը վերջին 20 տարվա տվյալներով տարեկան կազմում է 130-140 տոննա։ Թուրքիան 2019 թվականի տվյալներով աշխարհում ոսկու ներմուծման ծավալներով երկրների առաջին տասնյակում է եղել և շարունակաբար ավելացրել է ոսկու պահուստները՝ ամեն դեպքում նվազեցնելով արտաքին ռիսկերը։ Այս տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով Թուրքիայի ոսկու ներմուծումը կազմել է 137 տոննա, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2019-ի առաջին յոթ ամիսների ցուցանիշը: Թուրքիայի ներկա կառավարությունը կարող է անցնել արդեն ոսկու պաշարների օգտագործմանը, որպես արտաքին հատվածից արտարժույթի ներոսք ապահովելու կամ արտաքին պարտավորությունները կատարելու աղբյուր։
Fitch, Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունները Թուրքիայի ներդրումային միջավայրը գնահատում են բացասական հեռանկարով։
Այսպես, ըստ Moody’s վարկանիշային գործակալության կանխատեսման, երկրի արտաքին պարտքը կկազմի 67.5 տոկոս 2020 թվականին, որի 2/3-ը պատկանում է մասնավոր հատվածին: Արդեն իսկ մասնավոր հատվածի պարտքը հասել է վերջին տասնամյակի ամենաբարձր մակարդակին։ Ֆինանսավորման պակասը և արտարժութային պարտավորությունների ավելացումը կհանգեցնեն մասնավոր սպառման, ներդրումների և պետական ծախսերի կտրուկ փոփոխության: Հետևաբար 2020 թվականի տնտեսության 70 տոկոսը հիմնված կլինի արտաքին պարտքի վրա։ Համավարակով պայմանավորված բարձրացել է նաև գործազրկության մակարդակը՝ հունիսին կազմելով 13.4 տոկոս: Այս ամենով պայմանավորված կորոնավիրուսի տարածման ազդեցության ներքո տնտեսության անկման միտումը զսպելու նպատակով Թուրքիան փորձում է ցածր տոկոսադրույքով վարկային ծավալների ընդլայնման միջոցով ակտիվացնել տնտեսությունը։ Կանխատեսվում է, որ 2020 թվականին վարկերի ծավալը կաճեն 30 տոկոսով։ Երբ Թուրքիան բարձրացրեց վարկային տոկոսադրույքը կանխատեսվում էր լիրայի որոշակի վերականգնում, սակայն Էրդողանի քաղաքականությունը նորից հանգեցրեց ինֆլյացիայի էական արագացման։ Ի հավելումն նշենք, որ անկումային միտում ունեցող Թուրքիայի տնտեսության վրա բացասական ճնշումներ ունենում է ոչ միայն կորոնավիրուսի տարածումը, այլ նաև Հայաստան-Ադրբեջան ռազմական հակամարտությունը և առհասարակ տարածաշրջանում Թուրքիայի վարած ընդլայնողական քաղաքականությունը։ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցությունը մեծացրել է ներդրումային, արժութային, իրացվելիության և վարկանիշային ռիսկերը։
Երկրի կառավարության վարած արտաքին քաղաքականության բացասական հետևանքներն իրենց վրա են զգում ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս գործող գործարար համայնքի ներկայացուցիչները։ Այսպես, Սաուդյան Արաբիայի ոչ պաշտոնական հայտարարած էմբարգոն թուրքական ապրանքների նկատմամբ արդեն հասցրել է դժգոհությունների ալիք բարձրացնել։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը կոչ է արել՝ «Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»: Համաշխարհային ճանաչում վայելող բրենդները, օրինակ, իսպանական Մանգոն, որն ունի ավելի քան 50 խանութ Սաուդյան Արաբիայում, սկսել են վերանայել Թուրքիայից մատակարարումները։ Հագուստ արտահանողների ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ բոլոր մանրածախ վաճառողները դեպի Սաուդյան Արաբիա արտահանման խնդիրների են բախվել։ Թուրքիայի արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա տարեկան կազմում է մոտ 3,3 միլիարդ դոլար, ընդ որում երկրի առևտրային հաշվեկշիռը հավելուրդային է: Ավելին, Թուրքիան տեքստիլի ամենախոշոր արտադրողներից է, որն 2019-ին արտահանել է 17.7 մլրդ դոլար արժողությամբ պատրաստի հագուստ։
Թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո արաբական ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել այդ գույքը: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122000 տուն։ Գնորդների 10.3%-ը (10.653) կազմում են սաուդացիները: Այս ամենը հանգեցնելու է ոչ միայն ներդրումների նվազեցմանը, այլ նաև անշարժ գույքի շուկայի փլուզմանը։
Ը նտրություններում հաղթանակ ապահովելու համար վերջին տարիներին Էրդողանի քաղաքականության մաս է կազմել ներդրումների ներգրավումն առողջապահական համակարգում, որի ներքո արտաքին վարկավորման ծավալները դարձել են զգալի։ Ժամանակին Թուրքիայի տված խոստումները և արտաքին քաղաքականությամբ տնտեսության թուլացումը, թույլ է տալիս ենթադրել, որ հիվանդանոցներ կառուցելու և դրանք տեխնիկապես զինելու համար ձեռք բերված ավելի քան 2 մլրդ դոլարը Թուրքիան չի կարող վերադարձնել ԱՄՆ-ին։ ԱՄՆ շրջանակներում Թուրքիայի ներդրումային միջավայրը դիտարկվում է անորոշ, ինչը ներդրողների լեզվով նշանակում է, որ հնարավոր չէ կանխատեսել հավանական ռիսկերը և դրանց մեծությունը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սեթրֆիլդը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ամենամեծ տնտեսական խնդիրը կապված է հենց բժշկական ոլորտի ԱՄՆ ընկերությունների նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների հետ։ Դեռևս անցած տարի Էրդողանը պաշտոնական մակարդակով հավաստիացրել է ԱՄՆ առևտրի նախարար Վիբեր Ռոսին, որ կկատարեն 230 մլն դոլարին համարժեք չվճարված պարտավորությունները։ Այսպիսի խոստում տվել է նաև Թուրքիայի նախագահի փեսա, Ֆինանսների նախարար Բ․ Ալբայրակը։ Այս խոստումից հետո պարզվում է, որ ԱՄՆ-ի ընկերությունից կազմող պարտքը կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար և այդ ընկերությունները Թուրքիայից պարտքի կրճատման դիմում են ստացել։ ԱՄՆ վերոնոշյալ ընկերությունները դիտարկում են կրճատել իրենց մասնակցությունը թուրքական շուկայում կամ ընդհանրապես դուրս գալ այդ շուկայից։ Ներդրողներին Թուրքիայում ներդրումներ կատարելուց զսպում է հիմնականում Էրդողանի տնտեսական և արտաքին քաղաքականությունը, մասնավորապես տնտեսական առումով օրենքի թույլ գերակայությունը, լիրայի անկայունությունը և բարձր գնաճը, իսկ արտաքին սպառնալիքների առումով Թուրքիայի մասնակցությամբ մի շարք կոնֆլիկտների և դրանցով պայմանավորված անվտանգային ռիսկերը։ Դրան ավելանում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ուղղակի ռազմական միջամտությունը, ահաբեկիչների ֆինանսավորումը, ինչն էլ ստվերում է Թուրքայի նկատմամբ ներդրողների վստահությունը։ Որպես օրինակ նշենք, որ Ֆոլքսվագեն ընկերությունը հրաժարվել էր Թուրքիայում գործարան կառուցելու գաղափարից՝ պայմանավորված թե կորոնավիրուսի տարածման հետևանքով ավտոմեքենաների պահանջարկի կրճատմամբ, թե Թուրքիայի ռազմական գործողություններով։
Չնայած վերոնշյալին, 2018 թվականին, երբ Թուրքիայի տնտեսությունը բախվել էր հերթական շոկին և արտարժույթի ճգնաժամին, Ադրբեջանն անում է ամենախոշոր՝ ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում Թուրքիայում՝ գործարկելով STAR վերամշակման գործարանը: Ըստ պաշտոնական տվյալների, 2002 թվականից սկսած մինչ 2019 թվական Թուրքիան Ադրբեջանում արել է շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում, իսկ Ադրբեջանը Թուրքիայում՝ 19.5 մլրդ դոլարի:
Թ ուրքիան ու Ադրբեջանը հաճախ են իրենց հարաբերությունները նկարագրում որպես «Մեկ ազգ, երկու պետություն»` ընդհանուր մշակութային, լեզվական, էթնիկ կապերով: Երկու երկրների սերտ կապերն արտահայտված են էներգետիկ և ռազմական ոլորտներում: Ադրբեջանը Թուրքիայի խոշոր առևտրային գործընկերն է. ներմուծման կառուցվածքում Թուրքիայի կշիռը մոտ 12 տոկոս է, իսկ արտահանման կառուցվածքում՝ 15 տոկոս: Մինչդեռ Թուրքիայի արտահանման միայն 1 տոկոսն է բաժին ընկնում Ադրբեջանին: Երկու երկրների միմյանց նկատմամբ հետաքրությունների շրջանակը հիմնականում վերաբերում է էներգետիկ և ռազմական ոլորտներին: Այսպես, միայն սեպտեմբերին Թուրքիայից դեպի Ադրբեջան պաշտպանության և օդային ոլորտի արտադրանքի արտահանումն ավելացել է 76,7 մլն ԱՄՆ դոլարով: Ադրբեջանի տնտեսությունը կախված է էներգետիկ ոլորտի արտադրությունից և արտահանումից։ Երկիրը աշխարհում նավթի արտադրության ծավալով 23-րդն է և սովորական ժամանակահատվածում օրական արտադրում է մոտ 800 հազար բարել նավթի հումք։ Վերջին տարիներին շարունակաբար Ադրբեջանի դիրքը որպես գազի հիմնական մատակարար ամրապանդվել է. ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանը պաշտոնապես դարձավ դեպի Թուրքիա գազի արտահանման հիմնական մատակարարը: Բացի Թուրքիայից, ըստ Եվրոպական խորհրդի տվյալների, Ադրբեջանը մինչև 2020 թվականի վերջը մոտ 10 մլրդ խ․մ․ գազ պետք է ներկրի ԵՄ։ Այս ամենը, Ադրբեջանն օգտագործում է ի շահ իր երկրի, որի արդյունքում երկու նշված հիմնական ոլորտներն են կարծես ձևավորում երկու երկրների արտաքին քաղաքականությունը:
Թուրքիայի՝ էներգետիկ անկախություն ձեռք բերելու կամ արտաքին ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու ձգտումներով են պայմանավորված երկրի լարված հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, ինչի արդյունքում Թուրքիան կրկին հայտնվել է պատժամիջոցների կիրառման վտանգի առաջ:
Նշվածին զուգահեռ տրամաբանական է դառնում այն դիտարկումը, որ արցախյան համակամարտությանը Թուրքիայի միջամտությունը պայմանավորված է նաև Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների, էներգետիկ ենթակառուցվածքների ազդեցության ձեռքբերմամբ և դրա ընդլայնմամբ՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում:
Այսպիսով, քանի որ Թուրքիայի տնտեսությունը կարծես ծառայում է երկրի իշխանության քաղաքական նպատակների իրագործման գործիք կամ իշխանությունը քաղաքական գործունեության արդյունքում փորձում է տնտեսական անհաջողությունները կոծկել՝ տնտեսությունը զրկվում է մոտ ապագայում վերակագնվելու հնարավորություններից: Վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսությունը երրորդ անգամ է առնչվում լիրայի էական արժեզրկմանը՝ դեռևս չհաղթահարելով 2018 և 2015/2016 թվականների տնտեսական ցնցումները։ Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձությունները մեծացնում են բացասական սպասումները՝ վտանգելով երկրի ներդրումային վարկանիշը, նեղացնելով արտաքին բուֆերներ կիրառելու հնարավորությունները։ Կենտրոնական բանկի քաղաքականության տեսանկյունից, որպես վերջին գործիք, Թուրքիան արդեն կարող է անցնել արտաքին շուկայում ոսկու պաշարների վաճառքի։