ԱԹՍ-ների կիրառությունը ժամանակակից պատերազմում

25 ր.   |  2020-04-02

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում բավականի արդյունավետ, թեկուզ և մարտավարական մակարդակի ԱԹՍ-ների կիրառման հաջողությունը նորից ակտիվացրեց այս զինատեսակների թեման: Մի քանի ամիս առաջ ամերիկյան ԱԹՍ-ն խոցել էր իրանական հետախուզության գեներալ Սոլեյմանիին: Ամեն անգամ, երբ ԱԹՍ-ներով կատարվում է որևէ մարտական խնդիր, այն էլ՝ քաղաքական հնչեղություն ունեցող, մարտական այս միջոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, սակայն այս համեմատաբար նոր զինատեսակի մասին մասնագիտական ու խորքային ուսումնասիրություններ մենք քիչ ունենք:

Անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)` որպես ապագա պատերազմի լավագույն մեքենաներից մեկը, հետաքրքրում է շատերին։ Այսօր այդ միջոցները լայն տարածում են գտնում, ստեղծվում են ԱԹՍ-ների ամենատարբեր տեսակներ և կիրառվում մարտական գործողությունների ժամանակ։ Այս առումով անհրաժեշտ է հասկանալ մարտավարատեխնիկական բնութագրերը և կիրառման առանձնահատկությունները մեր տեղանքում, հատկապես՝ երբ մենք կիրառման մեծ պոտենցիալ ունենք։ Խնդիրն առավելապես կարևոր է այլ զորատեսակների` լեռներում վարած մարտական գործողությունների առանձնահատկությունների համատեքստում (վերջինս ավելի մեծ նշանակություն ունի ավիացիայի համար, քանզի այն հիմնականում գործում է համազորային ստորաբաժանումների հետ համատեղ, նպաստում նրանց խնդիրների բարեհաջող կատարմանը և ինչքան էլ որ հզոր լինի, հակառակորդին հաղթելու վերջնական խնդիրն ինքնուրույն չի կարող լուծել)։ Մինչ օրս մասնագետների կողմից հստակեցված չեն ԱԹՍ-ների դասակարգումը և ներկայացվող պահանջները։ Իսկ դա կարևոր է, քանի որ այդ սարքերն այնքան բազմազան են, որ միմյանց հետ որևէ նմանություն չունեն: Ընդհանուր առմամբ ԱԹՍ-ները բաժանվում են երեք խմբի` ռազմավարական, մարտավարական և հատուկ նշանակության։ Յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է ենթախմբերի` ըստ քաշի, թռիչքի բարձրության, հեռավորության և թռիչքի տևողության։ ԱԹՍ-ների բավականին լայն կիրառությունը հիմնականում հարուստ է հետախուզական կենսագրությամբ, իսկ մարտական կիրառություն ունեցել են սահմանափակ երկրներում։ Այսօր որոշ դեպքերում մարտական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների կատարած հետախուզության մասշտաբները նույնիսկ գերազանցում են սովորական ինքնաթիռների և անգամ՝ արբանյակային հետախուզությանը։

Վերոնշյալ հետախուզական տեղեկատվության ծավալները ներկայումս այնքան մեծ են, որ խնդիրներ են ի հայտ գալիս անգամ դրանց մշակման համար։ Հետախուզական նպատակներով ԱԹՍ-ների կիրառումը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում։ Մի քանի տասնամյակում այդ նպատակի համար ԱԹՍ-ների լայնածավալ կիրառման արդյունքում արդեն իսկ հստակ ձևավորվել է ԱԹՍ-ների հետախուզության տեսությունը։ Համաձայն դրա՝ ԱԹՍ-ները կարող են իրական ժամանակում հակառակորդի մասին օպտիկական, տեսաձայնային և այլ տեղեկություններ հավաքել, փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին, հակառակորդի նշանակետերի վրա ուղղորդել հրետանու, ավիացիայի և խոցման այլ միջոցների կրակը։ Հենց միայն այս խնդիրների հստակ իրականացումը կարող է հսկայական նշանակություն ունենալ մարտական գործողությունների ելքի համար։ Ինչպես գիտենք, այս ամենն արդեն հաջողությամբ իրականացնում են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական ԶՈՒ-երը։ Օդային հետախուզությունը պետք է կատարվի ցանկացած կլիմայական պայմաններում, պետք է լինի անընդհատ, բազմատեսակ և ընդգրկի հնարավորինս ավելի մեծ տարածություն ու երկար ժամանակահատված։ Հետախուզական տեղեկությունները պետք է ստացվեն իրարից նույնիսկ շատ տարբերվող, փոքր ու մեծ ստորաբաժանումների (սարքերի) կողմից, այնուհետև մշակվեն շատ արագ, ճշգրիտ, կենտրոնացված և օպերատիվ։ ԱԹՍ-ների տրամադրած հետախուզական տվյալների ստացումն ու մշակումը դեռ խնդրի մի մասն է։ Համազորային (հատկապես նոր տեսակի) մարտի ժամանակ այդ տեղեկություններն ունեն հսկայական նշանակություն, բայց միայն ժամանակին, նպատակային և ճիշտ կիրառման դեպքում։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համազորային մարտի կազմակերպման համար հրամանատարներն ունեին մոտ կես ամիս ժամանակ, ապա այսօր, չնայած մարտի բազմակողմանի ապահովման միջոցառումներն զգալիորեն ավելացել են, պատերազմը պահանջում է այդ բարդ ու մանրակրկիտ պլանավորումն ավարտել մի քանի ժամում։ Հենց այդտեղ էլ ի հայտ է գալիս օպե­րատիվ և ստույգ տվյալների անհրաժեշտությունը։

Թ վարկված պահանջները լիովին իրագործելու համար՝ ԱԹՍ-ների կիրառությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է։ Կրկին արծարծվում է ԱԹՍ-ների մասնակի և համակարգային կիրառության գաղափարը։ Օրինակ` ԱԹՍ-ների առաջին լայնածավալ կիրառությունը Վիետնամում մասնակի էր, քանի որ միաժամանակ կիրառվում էին քիչ սարքեր և սահմանափակ զորատեսակների համար։ Սակայն ԱԹՍ-ներով ստացված տեղեկությունն օգտագործվում էր բոլոր հրամանատարությունների կողմից, քանի որ այն մեծածավալ էր, հետևաբար՝ համակարգային տարրեր էր պարունակում։ Իսրայելա-արաբական պատերազմների ժամանակ ԱԹՍ-ները կիրառվում էին մեկ զորատեսակի և անգամ կոնկրետ ստորաբաժանման համար։  Որոշ պատերազմներում ամերիկյան ԶՈՒ-ն սկսեց կիրառել ԱԹՍ-ներ, որոնք սկզբում ներգրավված էին հիմնականում հետախուզական թռիչքներում: Վիետնամական պատերազմում ամերիկյան օդային հետախուզության մոտավորապես 80 տոկոսը կատարել էր «AQM-34 Firebee»-ն[1]: 1964թ. մինչև 1975թ. նման սարքերը, չունենալով անգամ 10 տոկոս կորուստ, կատարել են մարտական ավելի քան 3400 թռիչք[2], և որ ամենակարևորն է՝ դրանց խոցման ժամանակ մարդկային կորուստներ չեն գրանցվել[3]: Հետագայում նման սարքեր կիրառվեցին մարտական ապահովման այլ խնդիրներում ևս: Ինչպես միշտ, մեծ հաջողություն էր արձանագրում հատկապես Իսրայելը, որն այսօր նման սարքերի ստեղծմամբ և արտահանմամբ ԱՄՆ-ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը[4]:

1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմում իսրայելցիներն անօդաչու սարքերի կիրառմամբ մեծ հաջողությունների հասան: Իսրայելական բանակը հիմնականում կիրառում էր «MQM-74 Chukar» և «AQM-34 Firebee» ամերիկյան ԱԹՍ-ներ, որոնց տեսակներին իսրայելցիները տվել էին առանձին անուններ: Այս սարքերի կիրառմամբ իսրայելական բանակը զգալի հաջողություններ արձանագրեց: Մինչև ԱԹՍ-ների կիրառումը, հոկտեմբերին իսրայելական ՌՕՈՒ-ն կորցրել էր որոշ թվով ինքնաթիռներ: Իրենց համար անթույլատրելի քանակի օդանավ կորցնելով` իսրայելցիները հրաժարվեցին ինքնաթիռների մեծ խմբերով մարտական հարվածներ հասցնելու ավանդական դարձած մարտավարությունից և սկսեցին կիրառել հարվածային փոքր խմբեր: Նման փոքր խմբերով հարվածների համար անհրաժեշտ էին հետախուզական ավելի ստույգ տվյալներ, որոնք ապահովում էին ԱԹՍ-ները: Իսկ հարվածային խմբերին պաշտպանելու համար կրկին ԱԹՍ-ներն էին իրենց վրա վերցնում հակառակորդի կրակը[5]: Հայտնի են դեպքեր, երբ մեկ սարքի ուղղու­թյամբ արաբներն արձակել են մինչև 30 հրթիռ: Անգամ տասնյակ հրթիռների արձակումներից հետո շատ ԱԹՍ-ներ վերադառնում էին: Արդյունքում` արա­բա­կան ԶՀՀ-ները, ծախսելով շատ հրթիռներ, խոցում էին մի քանի ԱԹՍ: Իսրայելական ՌՕՈՒ-ի Խացերիմ թանգարանում ներկայումս պահվում է «Floger» մականվամբ «Mabat» ԱԹՍ-ն (Իսրայելում այսպես էին կոչվում ամերիկյան «AQM-34 Firebee»-ները), որը կատարել է մարտական 9 թռիչք[6]:

1973թ. պատերազմում իսրայելցիները ԱԹՍ-ների կիրառության մեծ փորձ ձեռք բերեցին, ինչը նրանց շատ օգնեց հետագայում: Ըստ իսրայելական տվյալների` 1981թ. մայիսի 14-ին «Scout» ԱԹՍ-ի և սիրիական «МиГ-21»-ի միջև նույնիսկ օդային մարտ է տեղի ունեցել, որի ժամանակ կործանիչի օդաչուն, հե­տա­պնդելով անօդաչու սարքին, վթարվել է` բախվելով լեռանը[7]:

Արաբա-իսրա­յելական հաջորդ պատերազմում` 1982թ. Բեքաայի հարթավայրում, իսրայելական ԱԹՍ-ները հայտնաբերում էին սիրիական զորքերի տեղակայումը: Մեկ այլ տեսակի անօդաչու սարքերը, լինելով կեղծ թիրախ, ստիպում էին միացնել սիրիական ՌՏԿ-ները` մատնելով դրանց դիրքը: Հանգամանք, որն օգտագործում էին իսրայելական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և հարվածային ինքնաթիռները: Առանց ժամանակ կորցնելու դրանք խլացնում կամ ոչնչացնում էին ՌՏԿ-ները: Հակառադիոլոկացիոն հրթիռների հիմնական աղբյուր ՌՏԿ-ի անջատման դեպքում ԱԹՍ-ները լազերային լույսով կրկին ուղղորդում էին ինքնաթիռներից արձակված հակառադիոլոկացիոն այլ տեսակի հրթիռները: 1982թ. դեպքերը հիշարժան են, քանի որ պատերազմի ժամանակ առաջին անգամ հատուկ ՑԶ-ի համար կիրառվում էին ԱԹՍ-ներ[8]:  «Scout» և «Mastiff» ԱԹՍ-ները հետախուզում էին 800-1000 մետր բարձրության վրա: Հայտնաբերելով համապատասխան նշանակետեր` սարքը ղեկավարող վերգետնյա օպերատորը հնարավորություն ուներ մեծացնելու տվյալը ճշտելու համար հայտնաբերած ամենատարբեր թիրախների և անգամ մարդու պատկերը: Թիրախը ճանաչվում էր, առանց ժամանակ կորցնելու կոորդինատները հաղորդվում էին հրետանային միջոցներին, որոնք էլ օպերատիվ հարվածում էին թիրախին: Իսրայելցիները նույն կերպով գործում էին նաև 1983թ. Բեյրութին հարվածելիս: Միևնույն ժամանակ, ամերիկյան ՑԶ-ն և հատկապես ՌԾՈՒ-ն, չունենալով ԱԹՍ-ների հետախուզական տվյալները, զգալի կորուստ ունեցան և իրենց կրակով վնասեցին խաղաղ բնակչությանը[9]: Արդյունքում՝ ԱՄՆ-ում որոշվեց շտապ ձեռք բերել հետախուզական փոքր ԱԹՍ-ներ, և Իսրայելից գնեցին մի քանի «Mastiff-3» և այլ ԱԹՍ-ներ:

Բեյրութի դեպքերից շատ չանցած` 1987թ. նոյեմբեր-դեկտեմբերին, ԱԹՍ-ներով զինված ամերիկյան ՌԾՈՒ-ն մարտական գործողություններ վարեց Հորմուզի նեղուցում: Իրանական ՌՏԿ-ները չնկատեցին գրեթե 207 ժամ օդում գտնվող ԱԹՍ-ները: Լիբանանյան պատերազմի ժամանակ սիրիական կողմը ևս կիրառեց խորհրդային արտադրության անօդաչուներ:

Հաջողությունը նոր թափ հաղորդեց անօդաչու սարքերի կատարելագործմանը: ԱԹՍ-ների մեծ զարգացումը բավական բարձր աստիճանի էր հատկապես ԱՄՆ-ում, որտեղ ստեղծվել էր զինատեսակով զբաղվող գերատեսչություն: 1991թ. «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ դաշնակիցների հետախուզական ԱԹՍ-ները կատարել են օդային լուսանկարահանումների զգալի մասը, որի միջոցով հայտնաբերվել էին անապատում լավ քողարկված ռազմական բունկերներ, օդանավակայաններ և տարատեսակ այլ օբյեկտներ[10]: Տարբեր տվյալներով` ամերիկյան զորքերը կիրառում էին հարյուրից ավելի ԱԹՍ-ներ, որոնք, հետախուզական թռիչքներ կատարելով, մինչև 160կմ անցնում էին հակառակորդի օդային տարածք, ինչը մարտավարական մեծ խորություն է[11]:

Ներկայում ԱԹՍ-ների կիրառությունը հետզհետե մեծ մասշտաբներ է ընդունում, և ավելի ու ավելի շատ պետություններ են զբաղվում անօդաչու սարքերի արտադրությամբ: Այստեղ ևս հետաքրքիր նրբություն կա. ժամանակին, երբ ինքնաթիռաշինության տեխնոլոգիան բարդացավ, իսկ ֆինանսական ներդրումները մեծացան, արդիական մարտական ինքնաթիռներ ստեղծող պետությունների թիվը սկսեց նվազել` կես դարում մոտավորապես երկու տասնյակից հասնելով երեք-չորսի: ԱԹՍ-ների զարգացման դեպքում ճիշտ հակառական միտումն է նկատվում: Փաստորեն՝ «մինի» ավիացիան ծաղկում է նաև տեխնոլոգիայի պարզության և ցածր արժեքի արդյունքում: Հայտնի է, որ 1990-ականների վերջին ավելի քան 75 պետությունում արտադրվել է ավելի քան 300 տեսակի ԱԹՍ[12]: Ներկայում այդ ցուցանիշը ավելի է մեծացել: Մեծ տեսականիում լավ տվյալներով հատկապես աչքի են ընկնում ամերիկյան և իսրայելական արտադրության ԱԹՍ-ները:

Տարեցտարի ամերիկյան զինվորականներն ավելի հաճախ են դիմում այս փոքր սարքերի օգնությանը: 2002թ. տվյալներով` ամերիկյան ԶՈՒ-ի սպառազինու­թյան մեջ կար 95 տեսակի ԱԹՍ[13], 2010-ին՝ կիրառվում էր ավելի քան 4200 միավոր տարատեսակ ԱԹՍ, իսկ այսօր` մոտավորապես 40.000 ԱԹՍ[14]:  Միայն 2010թ. հունվարին ամերիկյան ԱԹՍ-ները կատարել են ավելի քան 900.000-ժամյա թռիչք[15], ինչը նշանակում է, որ 24 ժամ` ամեն վայրկյան օդում եղել է ավելի քան 1200 սարք: Այսօր այդ ցուցանիշները մոտավորապես տասնապատկվել են (տե՛ս, ծանոթություն [i])[16][17][18][19][20][21][22]:

2002թ. նոյեմբերի 3-ին Յեմենի մայրաքաղաք Սանայից 160կմ արևելք լեռներում միկրոավտոբուսի վրա կրակ բացեց ամերիկյան «MQ-1/RQ-1 Predator» ԱԹՍ-ն: Մեքենայի վրա արձակվեց երկու «AGM-114 Hellfire» ղեկավարվող հրթիռ: Բոլորը զոհվեցին: Նրանց մեջ էր նաև հայտնի ահաբեկիչ Ալի Քայեդ ալ Հարեթին[23]: 2004թ. հոկտեմբերի 2-ին պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» գրոհայինների ուղղությամբ իսրայելական ԱԹՍ-ից արձակված հրթիռը ոչնչացրեց հինգ մարդու: 2007թ. նոյեմբերի 7-ին ամերիկյան «MQ-9 Reaper» ԱԹՍ-ն, որը «MQ-1/RQ-1 Predator» շարքի հետագա զարգացումներից է, առաջին անգամ Աֆղանստանում կիրառեց գերճշգրիտ ռումբեր: Արձակած երկու «GBU-12 PAVEWAY II» ռումբերն էլ ճշգրտորեն հարվածել են թիրախներին:

Նույն թվականի սեպտեմբերի 25-ից` նման սարքերի կիրառության դեպքերն Աֆղանստանում ներկայումս հասնում են մի քանի հարյուրի: Վերջին տվյալներով` «MQ-9 Reaper», «MQ-1/RQ-1 Predator» ԱԹՍ-ները, որոնք պատկանում են ՌՕՈՒ-ին, ընդհանուր առմամբ, արդեն կատարել են ավելի քան 120 հազար մարտական թռիչք` ավելի քան 2մլն թռիչքաժամով: Այս տվյալներն, ի դեպ, շատ արագ են փոխվում, և ընդամենը կես տարում արդեն կարող են հին լիինել: Դրանցից մեկ մեքենան` «Р107» կողային համարով «MQ-1/RQ-1 Predator»-ը, 2004թ. մինչև 2013թ. մայիսը կատարել էր ռեկորդային` 20.000 ժամ թռիչք: Ներկայումս ամերիկյան անօդաչուների մարտական հար­վածները հնարավոր չէ հաշվել: Կան ԱԹՍ-ներ, որոնք մի քանի հարված են հասցրել առանց կորուստների[24]: Եվս մեկ աղմկահարույց հարված մարտական ԱԹՍ-ները հասցրել են կրկին Եմենում` 2012թ. հունվարի 31-ին, որի ժամանակ զոհվել է 11 ահաբեկիչ[25]: Ամերիկյան ուժային կառույցները և հատկապես՝ ԿՀՎ-ն, աշխարհի ցանկացած կետում կիրառում են այս գաղտնի «հետախույզ մարդասպաններին», որոնց թիվը արդեն հասնում է հարյուրների, և ոչ ոքի չի զարմացնում: Միայն Օբամայի նախագահության առաջին ժամկետում ամերիկյան ԱԹՍ-ներով Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններում հասցվել է ավելի քան 250 օդային հարված[26]: Ներկայումս այդ թիվը բազմապատկվել է: 2013թ. փետրվարին սենատում հնչած գնահատականներով ԱԹՍ-ների կողմից հասցված հարվածներից մահացել է ավելի քան 4700 մարդ: 2019թ. ապրիլի դրությամբ նման մի հարված հասցվել էր Սոմալիում:

Սոլեյմանիի սպանությունը ցնցեց աշխարհը: Հարվածային ԱԹՍ-ների դերն ու նշանակությունը ավելի արագ է աճում, քան մասնագետները հասցնում են դրանց ֆորմալ տեսք տալ: Սարքերը հագեցված են «AGM-114 Hellfire» 4 հրթիռով և «GBU-12 PAVEWAY II» 2 ռումբով[27]: Սրանք արդեն անօդաչու թռչող համալիրներ են (այսուհետև` ԱԹՀ), որոնց վրա տեղադրվում են նաև բազում այլ գերժամանակակից սարքավորումներ[28]: Այժմ էլ այս ԱԹՍ-ները գերճշգրիտ հարվածներ են հասցնում Իրաքի ծայրահեղականներին, իսկ ԱՄՆ-ում ավելի շատ են խոսում հակաանօդաչու սարքերի մասին: Փաստորեն, հեղափոխություն է տեղի ունենում ոչ միայն ԹՍ-ների կիրառության, այլև այլ երկրների գործերին միջամտելու ասպարեզում, որն ավանդաբար ամերիկա­ցիների համար կարևորվել է: Որոշ մասնագետներ պնդում են, որ ամերիկյան այս ամենաթողությունը շատ վտանգավոր է աշխարհի համար, մասնագիտական տեսանկյունից միայն կարող ենք ասել, որ այս սարքերի շնորհիվ նրանք ամեն ինչ անում են ավելի անվտանգ և ավելի մեծ մասշտաբներով: Վերջին ծրագրերի համաձայն` ԱՄՆ-ն իր ԶՈՒ-ի տարբեր զորատեսակների համար գնում է ավելի քան 100.000 ԱԹՍ: Իսկ 30 տարի անց կարող են գործարկվել արդեն արհեստական ուղեղով ԱԹՍ-ներ, որոնք կլինեն լիովին ինքնուրույն[29]: Տարբեր հաշվարկներով` այդ 100.000-ից մոտավորապես 25-30 հազարը կլինեն հարվածային բազմանպատակ բարձրակարգ սարքեր: Ամերիկյան բանակում այժմ կիրառվում է մոտավորապես 50.000 տարատեսակ ԱԹՍ, որոնց թիվը օրեցօր աճում է, ինչը նշանակում է, որ ամերիկյան ՌՕՈՒ-ն ավելի արագ է դառնում անօդաչու: Անգամ Ամերիկյան գեներալներն արդեն բողոքում են ԱԹՍ-ների այս մակարդակից` պահանջելով կրճատել դրանց թիվը և մեծացնել հատկապես մարտական ԱԹՍ-ների հնարավորությունները[30]: Մոտ ապագայում այլ զարմանալի չեն լինի մարտական ԱԹՍ-ները, որոնք իրենց տեխնիկական հնարավորություններով գրեթե լիովին կփոխարի­նեն կործանիչներին:

2 002-2003թթ. ԱՄՆ-ում ստեղծել և ակտիվորեն փորձարկում էին «X-45» և «X-47» մարտական ԱԹՍ-ները[31], որոնք գրեթե լիարժեք անօդաչու կործանիչներ են[32]: Այս համալիրները կարող են մնալ որպես փորձնական, սակայն օժտված են լայն հնարավորություններով, կրում են առանձին սպառա­զինություն և գրեթե նույնքան թռիչքային հեռավորություն, որքան մարտավարական կործանիչները[33]: Այս մեքենաներն ունեն մարտավարական կործա­նիչների բոլոր գործառույթները, և արդեն թռիչք ու վայրէջք են կատարել ավիակիրների վրա, ռումբեր նետել ու հրթիռներ արձակել, իսկ 2015թ. ապրիլի 23-ին նաև կատարեցին առաջին օդային լիցքավորումը` նոր էջ բացելով մարտա­կան օդուժի պատմության մեջ: Թեև այս ծրագիրը փակվեց, սակայն մշակված տեխնոլոգիաները օգտագործվում են այլուր: 2019թ. սկզբին ԱՄՆ-ը ցուցադրեց նոր «XQ-58A» մարտական ԱԹՍ-ն, որը կատարեց մի քանի փորձնական թռիչք: Իսկ օգոսոտոսի սկզբին առաջին թռիչքը կատարեց ռուսական «C-70 Охотник» ԱԹՍ-ն: Երկուսն էլ հարվածային ԱԹՀ-ներ են, իսկ թե որը ինչ ապագա կունենան, դեռ պարզ չէ: Ակնհայտ է, սակայն, որ ռուսական համալիրը ևս ստեղծված է ամերիկյան Սթելս տեխնոլոգիաների որոշակի սկզբունքներով. չնայած շարժիչների տարբերությանը՝ ավելի վաղ ստեղծված «Cкат» նախագծի շարունակությունն են:

Նույն շարքից է նաև արդեն նշված «Predator C Avenger»-ը, որի տվյալները բարելավված են և նախատեսված են օդում վերալիցքավորվելու, կառուցվածքային մոդուլների միջոցով թռիչ­քային ժամանակի և սպառազինության արագ փոփոխության հնարավորություն: Որոշ մասնագետների կարծիքով դրանք ապագայի մարտական օդային հարթակների (այսուհետև` ՕՀ) հիմնական տեսակներն են: Նման հարթակներն իրենք կարող են լինել ԱԹՍ-ների կրողներ, ավելին` հավանաբար հարթակների համար «երկար ձեռքը», առաջնային միջոցը հրթիռների հետ հավասար լինելու են փոքրիկ ԱԹՍ-ները: Բացառված չէ, որ նույնիսկ գերձայնային սարքերը լինեն ԱԹՀ-ներ[34]: Ի դեպ, 2013թ. հերթական հաջող փորձարկումն անցավ ամերիկյան փորձնական «X-51A» ԱԹՍ-ն, որի արագությունը 6000 կմ/ժ ավելի է (տե՛ս, ծանոթություն [ii])[35]:

ԱԹՍ-ների որոշ տեսակների չափերը չեն գերազանցում մի քանի սանտիմետրը, և քաշը՝ մի քանի հարյուր գրամը, մյուս կողմից` վերը նշված «RQ-4 Global Hawk»-ը սովորական մարդատար ինքնաթիռի չափի է: Այս ԱԹՍ-ն այսօր ՌԴ արևմտյան սահմանները հիմնական հետախուզող ԹՍ-ն է, հետախուզական թռիչքը կազմում է մի քանի տասնյակ ժամ:

Անօդաչու սարքերի սրընթաց զարգացումը պայմանավորված է բազում հանգամանքներով` օդաչուի կորստի բացառումը, մարտական համակարգի շահագործման մեջ մարդկային գործոնի կարևորությունը և այլն: Իրոք, ԱԹՍ-ները, սովորական ինքնաթիռների և ուղղաթիռների համեմատ, ունեն որոշակի առավելություններ: Դրանք են`

  • անձնակազմի պատրաստության ցածր արժեք,
  • անձնակազմի կորստի բացակայություն և մարտական տեխնիկայի սակավ կորուստ,
  • օդանավակայանների և շատ այլ սպասարկման սարքավորումների անհրաժեշտության բացակայություն,
  • սարքերի համեմատաբար ցածր գին և սպասարկում,
  • սարքերի ընդհանուր փոքր չափեր և հետևաբար՝ որոշ տվյալների բարելավում,
  • հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի դժվար հայտնաբերվող և խոցվող նշանակետեր:

ԱԹՍ-ների մարտական խնդիրները մասնագետներն օրեցօր ընդլայնում են:

Ստորև թվարկվող մարտական խնդիրները ԱԹՍ-ները լիովին կամ մասամբ արդեն կատարել են շոշափելի հուսալիությամբ`

  • հակառակորդի մասին ամենատարբեր տեղեկատվության հավաքում ժամանակի ընթացքում,
  • հակառակորդի նշանակետերի վրա հրետանու, ավիացիայի և խոցման այլ միջոցների կրակի ուղղորդում, նշանառում,
  • ռադիոպայքարի միջոցներով հակառակորդի ՀՕՊ միջոցների խափանում, օդային իրադրության բարդացում սովորական թռիչքներով և կեղծ թիրախի օգտագործում,
  • հակառակորդի կապի խափանում,
  • հակառակորդի որոշակի նշանակետերի ոչնչացում` ճշգրիտ հարվածներով,
  • կապի փոխհեռարձակում:

Հ ատկապես հետաքրքիր է ռադիոէլեկտրոնային պայքարի համար ԱԹՍ-ների կիրառությունը. սարքերը, լինելով ավանդական ԹՍ-ներից փոքր, ՌՏԿ-ների համար ավելի դժվար հայտնաբերվող են: Հետևաբար, ԱԹՍ-ներն ավելի շատ կարող են մոտենալ ՌՏԿ-ներին, դրանով ավելի շատ ազդել վերջիններիս վրա` ծախսելով ավելի քիչ էներգիա: ՌՏԿ-ներին մոտիկ գտնվելը հնարավորություն է տալիս նաև ավելի արագ գտնելու հեռարձակվող ամենաթույլ ալիքներն անգամ, որոնց վրա հեռվից դժվար է ազդել: Ժամանակակից ԱԹՍ-ները բարձր տեխնոլոգիական, գերճշգրիտ և հուսալի համակարգեր են, որոնց հիմնական աշխատանքում մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, իսկ անհաջողության դեպքում մարդկային կորուստները գրեթե լիովին բացառված են, ինչն էլ երաշխավորում է ավելի բարձրացնել ընդհանուր ԹՍ-ների արդյունավետու­թյունը:

Վաղուց աշխատանքներ են կատարվում հակառադիոլոկացիոն ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ[36]: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում անօդաչու ուղղաթիռները, որոնք լայնորեն կարող են կիրառվել ծովում, լեռներում, քաղաքներում և այլուր: Դրանց երկրաչափական չափերն այնքան էլ մեծ չեն: ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն արդեն պատվիրել է 120 ուղղաթիռ, որոնք կոչվում են «RQ-8A Fire Scout»[37]: Անօդաչու ուղղաթիռները 2005թ. անցկացված բազում փորձարկումներից մեկի ժամանակ անգամ «օդ-երկիր» հրթիռով խոցել էին պայմանական թիրախները: Սարքը մոտավորապես 1000կգ է, կարող է բարձրանալ մինչև 6կմ և կատարել 5-ժամյա թռիչք` վերցնելով մինչև 120կգ օգտակար բեռ[38]: Այս սարքերն արդեն հասցրել են մարտական կիրառություն ունենալ:

Ամերիկյան հայտնի ռազմական տեսաբան Ջոն Վերդերը կարծում էր, որ 2025թ. ամերիկյան ՌՕՈՒ-ի մոտավորապես 90 տոկոսը կկազմեն ԱԹՍ-ները[39]:

ԱՄՆ-ում ԱԹՍ-ների բնագավառի լայնածավալ աշխատանքները և ֆինանսական շռայլ հատկացումները հետաքրքրում են որոշ պետու­թյունների: Մինչև Ջ. Վերդերի նշված ժամանակը ամերիկյան յուրաքանչյուր զինվոր կարող է ունենալ սեփական հետախուզական ԱԹՍ-ն: ԱՄՆ-ում հասել են այնպիսի արդյունքների, որ մեկ ԱԹՍ-ն, հետախուզելով տեղանքը, տվյալներ է հաղորդում մյուսին և ուղղորդում վերջինիս հարվածը, իսկ մարտական գործողությանը հետևող ու ղեկավարող օպերատորը ավելի քան 10.000կմ հեռավորության վրա է: ԱՄՆ-ում փորձարկվել են այնպիսի նորույթներ, ինչպիսիք են ԱԹՍ-ների ղեկավարումը սուզանավից, լեզվակառավարման համակարգի ներդրումը անօդաչու սարքերի վրա, փորձարկվել է հակաուղղաթիռային «Helik» հատուկ ԱԹՍ-ն: 40մմ-անոց հետախուզական նռնակը, որը ձեռքի նռնականետից են կրակում, ունի փոքրիկ տեսախցիկ. արձակվում է օդ, իսկ վայր իջնելիս մի քանի րոպե տեղեկություններ հաղորդում: Ամերիկյան «Lockheed» ընկերության «Skunk works» բաժինը ստեղծել է ԱԹՍ, որը կարձակվի սուզանավից` ջրի տակից: Իսրայելում ներկայումս ակտիվորեն աշխատում են ԱԹՍ-ների` օդում վերալիցքավորվելու հնարավորության ուղղությամբ: Կան ավելի մեծ ու հետաքրքիր նախագծեր ևս:

Պենտագոնի անվտանգության ծառայության վերջերս հրապարակած հաշվետվությունում ընդգծվում է, որ դատելով գործունեության ինտենսիվությունից` քառակի աճել է արտասահմանյան հետախուզական գործակալությունների հե­տաքրքրությունը ԱԹՍ-ների ստեղծման գաղտնի տեղեկատվության նկատ­մամբ [40]:

Այնքան է ավելացել մարտական պայմաններում կիրառվող հիմնականում հետախուզական ԱԹՍ-ների թվաքանակը, որ զինվորականները երբեմն չեն հասցնում ճիշտ ժամանակին ամբողջացնել, վերլուծել և օգտագործել նրանց «մատակարարած» հետախուզական ահռելի տեղեկատվությունը: Լինում են նաև դեպքեր, երբ հակառակորդը տեխնիկական տարբեր հնարքներով օգտվում է ԱԹՍ-ների տեղեկատվությունից, այսպես ասած՝ գողանում և այլ նպատակով օգտագործում: Նման դեպքեր գրանցվել են, օրինակ, Իրաքում: Այսօր ԱԹՍ-ները և թռչող տարբեր հարթակները մեծապես ինտեգրվում են ցանցակենտրոն պատերազմներում և հիմնականում պետք է կիրառվեն համակարգային ավելի կազմակերպված գործողություններով:

Ամերիկյան ՌՕՈՒ-ի հրամանատարությունը և բանակի ողջ ղեկավարությունը մեծ տեղ է հատկացնում ԱԹՍ-ների և դրանց հիման վրա ստեղծված բազմազան ԹՍ-ների ու ՕՀ-ի գոր­ծունեությանը, որոնց անհատական և համակարգային կիրառությունն այսօր չափազանց բարդ ու կարևոր խնդիր է լուծում ցանցակենտրոն պատերազմներում: Աշխարհի տարբեր հատ­վածներում ԱԹՍ-ներն առանձին օդային գերակայություն են ապահովում: Առաջիկայում դրանք կարող են ինքնուրույն օդային գերակայություն ապահովել: Տարբեր ՕՀ-ներից արձակված բազմաքանակ ԱԹՍ-ները կարող են խմբային ու առանձին խնդիրներ լուծել: Մի քանի նման ՕՀ-ները կարող են օպերատիվ գոտի մտնել ու միասին մի քանի հարյուր մինի ու միկրո ԱԹՍ-ներ արձակել, որոնք ուղղակի կկուրացնեն ու կխոցեն ցանկացած դասական ԶՀՀ-ը կամ ՀՕՊ միջոց: Դրանց գործողության շառավիղն ու ինքնուրույնությունը չափազանց բարձր է. միասին կարող են լուծել մեծ խնդիր, սակայն միաժամանակ յուրաքանչյուրն ի վիճակի է կատարել նաև անհատական մարտական խնդիր, ընդհուպ մինչև առանձին թիրախների որոնում ու ոչնչացում:

Աշխարհի տարբեր հատվածներում ստեղծված և ստեղծվող ռազմաբազաները հնարավորություն են ընձեռում ԱԹՍ-ներ կիրառել գրեթե ամենուր: ԱԹՍ-ի կիրառությունը վկայում է, որ այն նոր իրողություն մտցրեց օդային գերակայության ավանդական պատկերացումներում: Որպես օդային գերակայության առանձին արտահայտություն` այն դարձավ ամբողջ աշխարհի գործերին, այսպես ասած, ծածուկ խառնվելու միջոց: Մոլորակի երկրների գերակշիռ մասը չի կարող պայքարել դրա դեմ, ինչի շնորհիվ ԱՄՆ-ն հնարավորություն ստացավ հսկողություն իրականացնելու և հարվածներ հասցնելու գրեթե ամենուր: Միաժամանակ, այս սարքերը, անհրաժեշտության դեպքում, ինտեգրված են ընդհանուր օդային գերակայությանը և կարող են դառնալ կործանիչների ու օդային ղեկավարման մեծ կետերի գործիքը:

ԱԹՍ-ները նախևառաջ ստեղծում են տեղեկատվական լրացուցիչ հսկա ցանց, որի շնորհիվ լուծվում է օդային հիմնական և օժանդակ գերակայության հարցը: ԱԹՍ-ները կարողանում են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ արբանյակային ցանցի հետ: Ներկայումս կործանիչ ինքնաթիռից արձակվում են մի քանի տանսյակ փոքր ԱԹՍ-ներ, որոնք կարող են լուծել մարտավարական տիրույթի օդային գերակայության հիմնական հարցերը:

Ա յժմ փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում այս սարքերից: Ադրբեջանը նախկինում Իսրայելից ձեռք էր բերել «Aeronautics Defense Systems Ltd.» ընկերության «Orbiter» և «Aerostar» ԱԹՍ-ները, որոնք բազմիցս կիրառվել են հայ-ադրբեջանական շփման գոտում։ Այսօր արդեն կան այս ԱԹՍ-ների մարտական տարատեսակները, որոնք տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ադրբեջանական բանակը համալրվում է նաև մարտական ԱԹՍ-ներով։ Մարտական ԱԹՍ ստեղծելը դյուրին գործերից չէ։ Արդեն նշել ենք, որ աշխարհում մոտավորապես 100 պետություն զբաղվում է ԱԹՍ-ների ստեղծման աշխատանքով, սակայն լիարժեք մարտական ԱԹՍ-ներ ներկայումս արտադրում են միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։ Ադրբեջանը նման սարքերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել նաև թուրքական TAI (Turkish Aerospace Industries, Inc) ընկերության հետ, որն ստեղծում է «Turna» ԱԹՍ-ները։ Ավելին` ադրբեջանցի սպաները Թուրքիայում մասնագիտական պատրաստություն են անցնում` ղեկավարելու «Turna» սարքերը։ Թուրքական արտադրության ԱԹՍ-ները որակական չափանիշներով կարողանում են համեմատվել իսրայելականների հետ։ Թուրքիան կարճ ժամանակում մեծ ցատկ կատարեց այս ուղղությամբ:

Փաստորեն, ադրբեջանական ղեկավարությունը, յուրացնելով սովորական ԱԹՍ-ների հնարավորությունները, առանց ժամանակ կորցնելու անցում կատարեց դեպի մարտականը, որոնց հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են։ Մենք, իհարկե, չգիտենք՝ արդյոք նախկին ԱԹՍ-ներն ունեն այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն պատերազմներում լայնորեն կիրառվող համանման ամերիկյան, իսրայելական սարքերը։ Խոսքը, իհարկե, հետախուզության տարբեր ձևերի, այլ համակարգերի հետ համագործակցության հնարավորությունների (տարատեսակ ինքնաթիռներ, հրետանային համակարգեր և այլն) մասին է։ Դժվար թե ադրբեջանական ԱԹՍ-ներն այդքան հստակ ինտեգրված լինեն այդ համակարգերի հետ, սակայն տվյալ դեպքում դա էական չէ։ Այդ ամենն ընդամենը ժամանակի հարց է, մարտական պատրաստության մակարդակի և մոտեցման խնդիր։ Այս գործընթացն աշխարհում ունեցել է ավանդական զարգացում. ԱԹՍ-ները նախ կատարել են սովորական հետախուզություն, հետո հետախուզություն են կատարել որոշակի համակարգի մեջ, այսինքն` միաժամանակ օգնել են այլ միջոցների։ Ապա անցել են հաջորդ փուլ, հանդիսացել են հարվածային միջոցների մի մասնիկը կամ հենց միջոցը, այսինքն` հետախուզահարվածային միջոցը, իսկ ավելի առաջ գնալու համար Ադրբեջանին դեռ շատ վաղ է։ Մարտական ԱԹՍ-ներով Ադրբեջանն արդեն ստացել է բավականին հզոր միջոցներ: Վերջին տեղային պատերազմների փորձը ցույց է տվել, որ ԹՀ-ները շատ հզոր հարվածային միջոցներ են, իսկ դրանց դեմ պայքարը շատ բարդ է: Ադրբեջանական մարտական ԱԹՍ-ների գործողություններն անմիջապես առաջնագծում մեզ արդեն ծանոթ են. դրանք բավականին վտանգավոր են և դժվար խոցվող թիրախներ։ Ադրբեջանն այսօր արդեն կարող է ունենալ 100 և ավելի միավոր մարտական ԱԹՍ-ներ, որոնք իրականում կլինեն օպերատիվ-մարտավարական խորության վրա գործող ԹՀ-ներ։ Նույնիսկ թուրքական վերը նշված ԱԹՍ-ները կարող են հարվածներ հասցնել մինչև 50-100 կմ խորության վրա։ Կարծում ենք՝ դժվար չէ հաշվել, թե Նախիջևանից կամ Ղազախից 100 կմ-ի դեպքում որտեղ կարելի է հարվածներ հասցնել։ Սովորական թռչող հարվածային սարքերը խոցելու համար՝ ԶՀՀ-ները ծախսում են 3-5 հրթիռ, այն էլ հարաբերական բարենպաստ պայմաններում։ Նման սարքերին, որոնք թռչում են բավականին ցածր բարձրության վրա և օդային իրադրության բարդացված պայմաններում, խոցելու համար վերգետնյա զենիթային միջոցներին հարկավոր կլինեն առնվազն 5-7 հրթիռ` չհաշված, որ սովորաբար նման թռչող սարքերի դեմ պայքարում են միայն նոր սերնդի ՀՕՊ միջոցները, որոնք ունեն ոչ ավելի, քան 8-10 վայրկյան հակազդեցության ժամանակ։

Մենք 2010-2012 թթ. բազմիցս անդրադարձել ենք ԱԹՍ-ների կարևորությանը, իսկ 2016 թ. հունվարին նշել էինք, որ Ադրբեջանն անցում է կատարում մարտական ԱԹՍ-ներին, ինչը կարող է լուրջ առավելություն տալ նրան։ Այժմ էլ նշում ենք, որ հետագա քայլերը կարող են բերել համակարգային կիրառության, ինչը հրետանու և օդուժի հետ ինտեգրման բարձր մակարդակի շնորհիվ կարող է մեծ առավելություն տալ։ Մեզ հատկապես կործանիչների ձեռքբերումից հետո հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել ԱԹՍ-ներին, որոնք կործանիչների հետ համատեղ կիրառմամբ կարող են մեծ արդյունավետություն ապահովել:

Ապագայում մեզ սպասվում է ցանցահարթակակենտրոն (ՑՀԿ) պատերազմ, այն միգուցե մեզանում միանգամից չափորոշիչ չդառնա, սակայն դրանց թելադրած կանոններն անտեսելը ճիշտ չէ: Յուրաքանչյուր դարաշրջանում գերակայող մի զորատեսակ իր նշանակությամբ թելադրում է մարտավարության ձևաչափը։ Փոփոխվում է պատերազմի վարման ավանդական պատկերացումը, գալիս են նոր գաղափարներ ու մոտեցումներ։ ՑՀԿ պատերազմներում ԱԹՍ-ներն արդեն իսկ չափազանց կարևոր դեր են ստացել։ Հարկավոր է ճիշտ հասկանալ դրանց շունչը, սեփական լուծումներ ունենալ և ոչ թե սպասել այդ փոփոխություններին։ ԱԹՍ-ները միայն նոր տեսակի ԹՍ-ներ չեն. դրանք գալիք պատերազմներում նոր տեսակի ավիացիա են։

Մեզ հարկավոր են շատ ԱԹՍ-ներ, տարբեր քանակի ու հնարավորությունների, բոլոր զորատեսակներում կիրառվող. անգամ ՑԶ-երում դրանց դերը չափազանց մեծ է: ԱԹՍ-ների դեմ պայքարի լավագույն ճանապարհը միասնական ու համակարգային աշխատող ՀՕՊ-ն է, որի գլխավոր դերակատարը կործանիչ ինքնաթիռներն են, որոնք մենք արդեն ունենք, իսկ այդ բոլորին լայնորեն ինտեգրված են ՌԷՊ համակարգերը։ Մեզ համար արդեն ակտուալ է ՀՕՊ-ՌՕՈւ-երի միասնական զորատեսակ դառնալը և այնուհետև այդ ամենի ինտեգրումը ՌԷՊ համակարգերի և թվային կառավարման համակարգի հետ։


[1] Б. Амусин, Е. Лосев, Летающие роботы, Армейский Сборник № 2, 2002, стр. 38–41.

[2] Вартанесян В.А, Радиоэлектронная разведка, М., 1991, стр. 227.

[3] Б. Амусин, Е. Лосев, Летающие…

[4] В. Евграфов, Перспективы использования зарубежными вооруженными силами БЛА для решения задач РЭБ. ЗВО. 10.2009, стр. 53.

[5] http://www.migdal.ru/actions/link/

[6] http://www.iaf.org.il/Templates/Aircraft/

[7] http://www.migdal.ru/actions/link/17421?okdir

[8] А. Маначинский, В. Чумак, Беспилотники над барханами, Армейский Сборник № 8, 1996, стр. 93–95.

[9] И. Чистяков Беспилотные летательные…

[10] И. Колпакчиев, Бумеранг. Техника Молодежи, № 9, 1993, стр. 28-30.

[11] Б. Амусин, Е. Лосев, Летающие…

[12] П. Даффи, А. Кандалов, А. Н. Туполев, Человек и его самолеты, М., 1999.

[13] В. Беляев, Война в воздухе..., Авиация и Космонавтика, № 4, 2004, стр. 8–17.

[14] Е.Чекунов, Применение БЛА ВС США в военных конфликтах. ЗВО. 7/2010, стр. 41.

[15] Նույն տեղում:

[16] И. Григорьев, Глобал Хок пилотируется с земли. Авиа Панорама, сентябрь-октябрь, 2004, стр. 6-8, 10-13.

[17] А. Каримов, Беспилотные летательные аппараты большой высоты и продолжительности полета: уникальность и эффективность. Авиация и Космонавтика, № 4. 2003, стр. 30–33.

[18] В. Беляев, Всевидящее око «Глоубал Хоука» Авиация и Космонавтика, № 9, 2006, стр. 40–43; № 10, стр. 38–43.

[19] В. Беляев, Война в воздухе, Новая угроза, Современные зарубежные БПЛА и перспективы их развития, Хищник выходит на охоту, Авиация и Космонавтика, № 1. 2005, стр. 12–21.

[20] Д. Литовкин, Н. Михайловская, Иные средства, Новый Век, июль, 2003, стр. 42–49.

[21] В. Шербаков, Беспикотник Эйтан-для антитеррора и оружейного рынка, Независимое военное обозрение, № 14, стр. 9.

[22] N. Cook. UK set to accelerate Watchkeeper ISTAR UAV programme. Jane’s defence weekly. 1 November 2000, p. 30.

[23] Նույն տեղում:

[24] Зарубежное Военное Обозрение, № 5, 2009, стр. 89-90.

[25] Եմենում անօդաչու սարքի օդային հարվածից զոհվել է «Ալ-Քաիդայի» 11 զինյալ, 31 հունվարի

[26] Michael Isikoff. U.S. official acknowledges drone strikes, says civilian deaths 'exceedingly rare'.

[27] О. Носов. США удвоят парк БЛА. Рипер. ЗВО. 4.2010, стр. 81.

[28] С. Самолетов. Гиперспектральный разведкомплекс компании. Рейтеон. 4.2010, стр. 81.

[29] ԱՄՆ-ը 30 տարուց հետո կսկսի օգտագործել արհեստական ինտելեկտով կառավարվող անօդաչու սարքեր, Երեքշաբթի, 31 Հունվարի

[30] Генерал ВВС США назвал БЛА «Предейтор» бесполезным

[31] A. Koch. Notrop to build X-47B combat drone prototypes. Jane’s defence weekly. 25 August 2004, p. 8.

[32] Е. Чекунов, Перспективы развития…

[33] Перспективные зарубежные боевые беспилотные аппараты, Зарубежное Военное Обозрение, № 3. 2002, стр. 35-40.

[34] П. Мельник, Предвстники восстания машин, Авиа Панорама, ноябрь-декабрь, 2006, стр. 48-51.

[35] В. Ильин, Российские беспилотные…, стр. 20–24; Ю. Янкевич, БЛА ОКБ имени А. С. Яковлева, Вестник Воздушного Флота, июль-август, 2006, стр. 38-43.

[36] В. Киншин, Беспилотные камикадзе, Армейский Сборник, № 4, 1995, стр. 87–89.

[37] Р. Щербаков, Перспективные беспилотные летательные аппараты вертолетного типа, Зарубежное Военное Обозрение, №3, 2003, стр. 19-23.

[38] Upgraded «MQ-8B Fire Scout» Flown. AIR International. February. 2007, p. 13.

[39] Ա. Տ. Հովակիմյան: Ռազմական բնագավառի նորույթներ, Հայկական բանակ, № 3(33), 2002, Էջ 100-103:

[40] Հայ զինվոր թերթ, № 21, 2007, 2-9 հունիսի, էջ 13:


[i] Ամերիկյան «RQ-4 Global Hawk» ԱԹՍ-ն ունի մեծ չափեր (երկարությունը` 14.5մ, բարձրությունը` 4.7մ, թևերի բացվածքը` 40մ), ունի թռիչքի մոտ 20կմ բարձրություն, մնալ ավելի քան 40 ժամ: Զինված է տարատեսակ ռադիոէլեկտրոնային հետախուզության և պայքարի միջոցներով: Վերջինս նախատեսված է ռազմավարական հետախու­զության համար: Ամենահետաքրքիրն այն է, որ ԱԹՍ-ն հեռակառավարվող չէ, այլ թռչում է տրված ծրագրով:

«RQ-4 Global Hawk»-ն արդեն մարտական կիրառություն է ունեցել Իրաքում, Աֆղանստանում և այլ, երբեմն գաղտնի վայրերում: Կատարել է տասնյակ հազարավոր նկարահանումներ: Դրանցով հետաքրքրվում է մի քանի պետություն, որոնց թվում` Գերմանիան, Ավստրալիան, Իսրայելը և այլն: Իսրայելում և ԱՄՆ-ում քննարկվում է նաև «RQ-4 Global Hawk»-ի մարտական կիրառության հարցը: Նման սարքերով վաղուց արդեն զուտ հետախուզություն չի կատարվում: Ամերիկյան «MQ-1/RQ-1 Predator» ԱԹՍ-ն արդեն զենք է կիրառել ոչ մեկ անգամ: Մամուլում հայտնել են, որ Աֆղանստանում և Իրաքում այս սարքերի միջոցով ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) իսկական որս է կազմակերպել ահաբեկիչների դեմ: Հայտնի են մի քանի տասնյակ դեպքեր, երբ «MQ-1/RQ-1 Predator»-ը հակառակորդների վրա է արձակել հեռակառավարվող հրթիռներ և ռումբեր: Ներկայումս այս սարքերի հարյուրավոր նմուշներ հազարավոր մարտական հարվածներ են հասցնում բազում երկրներում` բոլորովին այլ մակարդակ հաղորդելով օդային հարվածներին: Ներկայումս փորձարկումներ է անցնում այս ամենամարտական ԱԹՍ-ի նոր «Predator C Avenger» տարբերակը, որն արդեն ունի ռեակտիվ շարժիչ և զգալիորեն բարելավված տվյալներ: Այն իր մարտական տվյալներով գրեթե լիարժեք անօդաչու կործանիչ է, որը կիրառվելու է ինչպես ՌՕՈՒ-ում, այնպես էլ ավիակիրներից:

«MQ-1/RQ-1 Predator»-ներով հետաքրքրվողները ևս շատ են, այդ պետու­թյունների թվում է նաև Թուրքիան: Տարբեր տվյալներով` ամերիկյան ԶՈՒ-ն Իրաքում արդեն փորձարկել է տասնյակ նորաստեղծ ԱԹՍ-ներ: ԱԹՍ-ների այս տվյալները մեծացնում են հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Ամերիկյան թվարկված մեծ ԱԹՍ-ների կողքին, որոնք ինչպես նկատելի է, արդեն վաղուց դարձել են իսկական մարտական ինքնաթիռներ, իրենց վստահ քայլերն են անում նաև իսրայելական մեքենաները: Իհարկե, Իսրայելն այս ոլորտում նորելուկ չէ, սակայն նրանք մինչև վերջերս հիմնականում զբաղվում էին միջին և փոքր չափերի ԱԹՍ-ներով, ներկայումս ակտիվորեն փորձարկումներ, ընդ որում` մարտական փորձարկումներ են անցնում բավականին մեծ մեքենաներ, ինչպիսին է «Eitan»-ը: Նաև «Heron ТР» անվամբ ԱԹՍ-ն, որն ունի մոտավորապես 5 տոննա քաշ, 14մ երկարություն և 26մ թևերի բացվածք, կարող է 1000կգ օգտակար բեռնվածքով բարձրանալ մինչև 12.000մ և պարեկություն կատարել մինչև 60 ժամ: Մասնագետների հաշվարկներով` երեք նման սարքերը կարող են լիովին վերա­հսկել Հարավային Լիբանանի ամբողջ տարածքը: Նման ԱԹՍ-ներն արդեն մաս­նակցել են 2009թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին Սուդանում անցկացված ռազմագործողությանը: Նշենք, որ այդ ժամանակ իսրայելական ԱԹՍ-ների միջոցով ոչնչացվեց մի քանի բեռնատար մեքենա, որոնց մեջ, ըստ հատուկ ծառայությունների տեղեկությունների, հրթիռների բաղկացուցիչ մասեր կային: Դրանք տարվում էին Եգիպտոս, որտեղից գաղտնի պիտի անցկացվեին Գազա: Ոլորտում իր հետաքրքիր նախագծերով մշտապես հանդես է գալիս նաև անգլիական ռազմարդյունաբերական համալիրը:

[ii] 2007թ. մոսկովյան ավիացուցահանդեսի ժամանակ բազում ԱԹՍ-ների նախագծերի կողքին «МиГ» ձեռնարկությունը ցուցադրեց իր մարտական «Скат» ԱԹՍ-ն, որը շատ նման է ամերիկյան «X-45»-ին: Ռուսական անօդաչու ապագա մարտական ինքնաթիռը, ըստ հայտնած տվյալների, պետք է ունենա մոտավորապես 10 տոննա քաշ` 2 տոննա մարտական բեռնվածությամբ: Նախա­գիծը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Բացի այս նախագծից`  համանման ծրագրի մասին դեռևս վաղուց հայտնել էր Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոն. անօդաչուն պետք է կոչվի «Як-133БР»: