Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈՒ և ՀՕՊ զորքերը
19 ր. | 2020-01-20Հոդվածը տպագրվել է մոտ տաս տարի առաջ («21-րդ դար», թիվ 2, 2010թ.), և այսօր խնդրին անդրադառնալն ունի գործնական և կիրառական նշանակություն: Բարձրացված խնդիրներն ու առաջարկված լուծումները ներկայումս ավելի քան արդիական են: Ներկայումս ընթանում է ՀՀ ԶՈւ-երի արդիականացման աշխատանքներ, որոնց ընթացքում տեղ գտած լուծումներն ու քայլերը այս հոդվածով տեսականորեն հիմնավորվում են, լրացվում են ու ստանում հստակ ուղղություն: Այս հոդվածով մենք սկսում ենք ՀՀ ԶՈւ-երի արդիականացմանն ուղղված հոդվածների շարք:
Հաշվի առնելով, որ այժմ՝
- ՀՀ-ը ձեռք է բերում այս հոդվածում առաջարկված կործանիչները,
- այս ընթացքում աննախադեպ զարգացում են ապրել ԱԹՍ-ները,
- մեծ զարգացում են ապահովել թվային տեխնոլոգիաները և այլն,
- հեղինակի կողմից գիտականորեն հիմնավորվել է ցանցահարթակակենտրոն պատերազմը (ՑՀԿ), որում զորատեսակների միավորումն ու համագործակցությունը ցանցային, թվային ղեկավարման ներքո,
- և բազում այլ հանգամանքներ:
Այս զորատեսակների միավորումը դառնում է ավելի արդիական ու նպատակային, ինչը հնարավորություն կտա ՀՀ ԶՈւ-երի զորատեսակների, զինատեսակների և անգամ առանձին մարտական միավորների մարտական գործակիցները բազմապատկել ու գործել ավելի արդյունավետ:
2 0-րդ դարի սկզբին ինքնաթիռները սկսեցին կիրառվել ռազմական նպատակներով, և գրեթե անպատիժ մահ ու ավեր էին սփռում երկնքից, քանի որ գոյություն չունեին հակաօդային պաշտպանության միջոցներ:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) տարիներին կարճ ժամանակում ստեղծվեց եւ մի շարք պետությունների զինված ուժերում հայտնվեց համապատասխան զենիթային հրետանի (ԶՀ): Որպես զենիթային միջոց` կիրառվում էին նաեւ գնդացիրները: Այնուամենայնիվ, Առաջին աշխարհամարտի հակաինքնաթիռային պաշտպանության միջոցներն ունեցան համեստ դերակատարություն:
Հակամարտությունների պատմությունից
Հ ակաինքնաթիռային միջոցների զարգացումը շարունակվեց նաեւ հետպատերազմյան տարիներին, որը հիմնված չէր միայն զենքերի ստեղծման վրա, քանի որ օդուժի կիրառումը զարգանում էր շատ արագ եւ դառնում բարդ, մանրակրկիտ ծրագրվող օպերացիա: Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կազմակերպման գործում կարեւոր տեղ էին զբաղեցնում նաեւ հայտնաբերման, նախազգուշացման եւ ուղղորդման հարցերը, որոնց լուծումները սկզբում կատարում էր մարդը, իսկ հետագայում ի հայտ եկան ձայնորսիչները, ՀՕՊ դիտակետերը, աերոստատները, լուսարձակները եւ այլն: Ի վերջո, առաջնությունը տրվեց «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքին, եւ ստեղծվեց կործանիչ օդուժը:
Կործանիչները լայնորեն կիրառվում էին օդային գերազանցության համար եւ արդյունավետորեն պայքարում էին օդային ցանկացած թիրախի դեմ: Գործընթացին ավելի կազմակերպված տեսք տալու համար հրամանատարներն սկսեցին կիրառել օբյեկտների բնագծային պաշտպանություն, որտեղ կործանիչները համարվում էին առաջին բնագծի պաշտպանները: Նման պաշտպանության կիրառությունը հետագայում ապացուցեց, որ ամենաարդյունավետ ՀՕՊ համակարգը սկսվում է կործանիչով, քանի որ ՀՕՊ միայն այս միջոցն է սեփական սահմաններից առավելագույնս հեռու հակառակորդի օդուժի դեմ պայքարում եւ ամենաարագն է արձագանքում հակառակորդի օդուժի գործողություններին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) առաջ զարգացած երկրներում աշխատանքներ էին տարվում ՀՕՊ հայտնաբերման եւ ուղղորդման նոր միջոցների` ռադիոտեղորոշման կայանների (ՌՏԿ) ստեղծման ուղղությամբ: Այդ սարքերի միջոցով տեղեկություն էր ստացվում նաեւ ինքնաթիռի թռիչքի ուղղության եւ արագության մասին: Առաջին աշխարհամարտի համեմատ` օդուժում ռմբակոծիչ ավիացիայի տեսակարար կշիռն ավելացել էր 2.5 անգամ: ՌՏԿ-ների դերն աստիճանաբար բարձրանում էր, իսկ ՀՕՊ կազմակերպումը դառնում բարդ աշխատանք, որտեղ պարտադիր էր կործանիչների եւ այլ միջոցների միասնական ղեկավարումը: 1944թ. ՀՕՊ կործանիչային օդուժի պարեկային սկզբունքով գործելու դեպքում, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է 170 մարտական թռիչք, իսկ օդանավակայաններում մարտական հերթապահություն վարելիս, ինչը կատարվում էր ՌՏԿ-ների շնորհիվ, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է ընդամենը 21,4 մարտական թռիչք1:
Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային մարտերի ամբողջ ընթացքը ներկայացնում է հենց ՀՕՊ եւ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) զորքերի միավորման անհրաժեշտության քննարկումը: Պատերազմող բոլոր երկրներն էլ ունեցան կապված կործանիչ ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի համատեղման խնդիրներ: Հարցը հատկապես սուր էր ԽՍՀՄ-ում, որտեղ կործանիչներն առանձին էին ՀՕՊ-ից2: Բացառությունը միայն Անգլիան էր, որի ՀՕՊ-ն ամենաբարձր կենտրոնացվածության էր հասցվել: Այնպես որ, երբ 1940թ. Հուլիսից ֆաշիստական Գերմանիան սկսեց Բրիտանական կղզիների զանգվածային ռմբակոծությունները (Ճակատամարտ Անգլիայի համար), պարզվեց, որ գերմանական ավիացիան ի վիճակի չէ կոտրել անգլիական դիմադրությունը: Ավարտվեց պատմության մեծագույն օդային մարտերից մեկը, որի արդյունքում Գերմանիան կորցրեց ավելի քան 1700 ինքնաթիռ: Ռազմական տեսաբանները միակարծիք են, որ անգլիական կործանիչների գործողությունների արդյունավետության գրավականը նրանց հմուտ ղեկավարումն էր ցամաքից: Առհասարակ, անգլիական ՀՕՊ-ը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ցուցադրել է հիանալի արդյունավետություն: Դեպի կղզի բարեհաջող արձակած գերմանական մոտ 6000 «Ֆաու-1» թևավոր հրթիռներից 1847-ն օդում ոչնչացրել են կործանիչ օդաչուները, 1878-ին խոցել են զենիթայինները, իսկ 232-ը դիպել են աերոստատներին:
Երկրորդ համաշխարհայինից հետո ՀՕՊ զարգացումը նշանավորվեց մեկ այլ հեղափոխական առաջընթացով, որը կապված էր զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) հետ: Դրանք պատերազմի ընթացքում աննշան կիրառում էին ունեցել: Նոր համալիրների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված էր միջուկային սպառազինության գոյությամբ: Հարցն այն է, որ եթե նախկինում ՀՕՊ մակարդակի մասին կարելի էր խոսել հակառակորդի` խփված եւ բաց թողնված ինքնաթիռների հարաբերությամբ, ապա հետպատերազմյան տարիներին բաց թողնված թեկուզ միջուկային ռումբ կրող մեկ ինքնաթիռը կարող էր կաթվածահար անել մի ամբողջ պետություն: Հետեւաբար, հարկավոր էր գերճշգրիտ, անվրեպ մի զենք, որը կխոցեր հակառակորդի բոլոր ինքնաթիռները: ԶՀՀ-ների ստեղծման համար կար եւս մեկ պատճառ. Երկրորդ համաշխարհայինի արդյունքում պարզվեց, որ ԶՀ-ն, որքան էլ զարգացել էր Առաջին աշխարհամարտից հետո, միեւնույն է, ավիացիայի զարգացման տեմպերից հետ էր մնում: Պատերազմի ընթացքում ԶՀ-ի կողմից խոցված յուրաքանչյուր ինքնաթիռի համար մեծ տրամաչափի հրանոթները ծախսում էին 200-300 արկ, միջին տրամաչափի հրանոթները ծախսում էին 400–500 արկ, իսկ փոքր տրամաչափի հրանոթները` 700–800 արկ: Եվ սա այն դեպքում, որ ինքնաթիռների արագությունն առավելագույնը 600-700 կմ/ժ էր: Ռեակտիվ դարաշրջանի հենց սկզբից այդ արագությունն արդեն ավելացել էր ավելի քան 30 տոկոսով:
ԶՀՀ-ների առաջին մարտական կիրառությունն ապացուցեց նրանց հուսալիությունն ու անհրաժեշտությունը: Ներկայումս նման համալիրներով են զինված բոլոր զարգացած պետությունների ՀՕՊ զորքերը: Հետագա պատերազմներում, ցանկացած պետության ՀՕՊ-ն ապահովելու համար, նման համալիրները եւ կործանիչ օդուժը կատարել են առանցքային դեր:
Ռեակտիվ օդուժի դարաշրջանում ՀՕՊ կենտրոնացման միտումը շարունակում է արդիական լինել: Ասվածը հիմնավորվում է նաեւ «սառը պատերազմի» տարիների խորհրդա-ամերիկյան հակամարտության մի շարք դրվագներով:
1960թ. մայիսի 1-ին ներկայիս Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում խորհրդային նորագույն «Ս-75» ԶՀՀ-ի միջոցով խոցվեց ամերիկյան «Ու-2» հետախույզ ինքնաթիռը:
Ամերիկյան հետախույզին օդում «որսալու» գործողության ժամանակ խորհրդային ՀՕՊ կործանիչների եւ ԶՀՀ-ների գործողությունների ոչ միակենտրոն ղեկավարման պատճառով թույլ տրվեց մի քանի առանցքային սխալ, եւ ծախսվեց մեծ ժամանակ` մոտ քսանհինգ րոպե: Արդյունքում` խոցվեց նաեւ խորհրդային մեկ «ՄիԳ-19» կործանիչ, որն ընդունել էին որպես «Ու-2»:
Այս հակաօդային մարտը կործանիչ օդուժի եւ ՀՕՊ այլ ստորաբաժանումների փոխգործողությունների անբավարար կազմակերպման տիպիկ օրինակ է, որը բացահայտում է նման միջոցներով ՀՕՊ կազմակերպման բարդությունը: Մասնավոր օրինակ լինելով` այն ցույց է տալիս, որ մեկ հրամանատարության կազմում չլինելու դեպքում ՀՕՊ-ում ներգրավված նույնիսկ հսկայական ուժերը կարող են անարդյունավետ գործել:
ՀՕՊ եւ օդուժի հակամարտության պատմության մեջ նոր էջ գրվեց վիետնամական պատերազմում, երբ առաջին անգամ «Ս- 75» ԶՀՀ-ները, ռեակտիվ ավիացիան եւ այլ հրթիռային սպառազինությունը զանգվածաբար կիրառվում էր: Վիետնամական ՀՕՊ գործողությունների հաջողությանը նպաստում էին մոտակայքում տեղակայված խորհրդային նավերը, որոնք ամերիկյան ավիացիայի թռիչքները հայտնաբերում էին բավական մեծ հեռավորությունից եւ վիետնամցիներին նախապես տալիս իրավիճակի մանրամասն պատկերը2:
Միջուկային ռումբերով եւ հրթիռներով սպառազինված նորագույն ռմբակոծիչների` ճշգրիտ եւ սեփական սահմաններից առավելագույնս հեռու խոցելու խնդիրը լուծելու համար 1950-60-ական թթ. ի հայտ եկան օդային նշանակետերը խոցող համակարգեր, որոնց մեջ մտնում էին կործանիչ ինքնաթիռներն՝ իրենց հրթիռներով, իսկ օդային մարտը սկզբից մինչեւ վերջ ղեկավարվում էր գետնից: Օդային հակառակորդին հայտնաբերելուց սկսած` կործանիչը թռչում էր վերգետնյա համակարգերի ուղղորդմամբ` մինչեւ հակառակորդին հանդիպելը:
Զարգանում էին նաեւ ՀՕՊ պաշտպանության երկրորդ էշելոնը կազմող ԶՀՀ-ները: Ավելին` նրանք եւս, իրենց հերթին, ունեին մի քանի շերտեր: Քանի որ նման կործանիչների գործողությունների համար անհրաժեշտ էին ավելի շատ, եւ որ կարեւորն է՝ առանձին ՌՏԿ-ներ, ապա ընդհանուր հայտնաբերման եւ իրավիճակի տեղեկացման նպատակով առաջանում էր ուժերի քանակային մեծացման անհրաժեշտություն: Ելնելով այս ամենից` 1952թ. ԽՍՀՄ-ում բոլոր վերգետնյա հայտնաբերման եւ ուղղորդման ռադիոտեխնիկական միջոցները միավորվում են ՀՕՊ ընդհանուր ռադիոտեխնիկական զորքերի հետ: Նմանատիպ միավորում ԱՄՆ-ում կատարվել էր շատ վաղուց: Փաստորեն, կործանիչ ավիացիայի եւ ԶՀՀ համագործակցությունը նորից հանգեցնում էր համատեղման:
Ժամանակակից պատերազմները եւ հիմնախնդիրը
Ե րկու զորատեսակների միավորման կամ համագործակցության խնդիրը քննարկելիս հետաքրքիր է անդրադառնալ արաբա-իսրայելական տեղային պատերազմի փորձին, որը բնույթով շատ մոտ է ժամանակակից պատերազմներին:
Իսրայելական ՀՕՊ զորքերը մինչեւ 1965թ. գործում էին որպես առանձին զորատեսակ: Նույն թվականին իսրայելական զորքերը, ստանալով ամերիկյան «Հոկ» ԶՀՀ-ներ, անցան զորատեսակների ամերիկյան կառուցվածքին: Այսինքն` ՀՕՊ զորքերը ենթարկվեցին ՌՕՈւ-ին: ԽՍՀՄ-ն արաբական երկրներին ակտիվորեն առաքում էր տարատեսակ ԶՀՀ-ներ: Սուեզի ջրանցքի շրջակայքում խորհրդային զինվորականները կազմակերպել էին հզոր, անանցանելի ՀՕՊ պատնեշ, որը համեմատում էին միայն Մոսկվայի ՀՕՊ-ի հետ: «Դատաստանի օրվա» պատերազմին նախապատրաստվելիս, հաշվի առնելով նախորդ պատերազմի դառը փորձը, արաբները զինվել էին մեծ թվով խորհրդային ժամանակակից ԶՀՀ-ներով: Եգիպտոսն ու Սիրիան միասին ունեին ավելի քան 180 ԶՀՀ` միաժամանակյա մոտ հազար արձակման կայաններով: Միայն Սիրիան ուներ ՀՕՊ 38 դիվիզիոն` չհաշված մոտ երկու հազար դյուրակիր ԶՀՀ-ները, ԶՀ միջոցները եւ ավելի քան 400 կործանիչները: Պատերազմի արդյունքը հայտնի է. արաբական երկրները, չնայած ահռելի միջոցներին եւ խորհրդային զինվորականների աջակցությանը, միեւնույն է, պարտվեցին:
Արաբական կողմի պարտության պատճառներից մեկը, մասնագետների կարծիքով, մարտական գործողությունների վարման շրջանում ՀՕՊ ապահովման խորհրդային մոդելն էր, համաձայն որի` ՀՕՊ-ը կործանիչային ավիացիայի հետ ընդամենը համագործակցում էր: Արաբների արձակած հրթիռների քանակը հասնում էր երկու հազարի` խոցված մոտ 120 իսրայելական ինքնաթիռների դիմաց: Իսկ սխալ արձակումների արդյունքում սեփական խոցված ինքնաթիռների թիվն գերազանցում էր 55-ը:
Հաջորդ արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ 1982թ. իրադրությունը բավական փոխվել էր: Սիրիական ՀՕՊ ուժերը քանակապես ավելի էին մեծացել: Դրանք արդեն կազմում էին խորհրդային մի քանի տեսակի ԶՀՀ-ների 128 դիվիզիոն` չհաշված խորհրդային նոր «ՄիԳ-23» կործանիչները, որոնք նախորդ խորհրդային կործանիչների համեմատ զգալիորեն անկախ եւ ինքնուրույն էին օդային մարտում: Մարտական գործողություններն ավարտվեցին սիրիական կողմի բացահայտ ջախջախմամբ: Իսրայելական ՌՕՈւ-ն, օդում միայն ցամաքային ՀՕՊ-ից կրելով չնչին կորուստներ, մեծ վնաս հասցրեց սիրիական ՌՕՈւ-ին եւ ՀՕՊ-ին:
Պատճառները քննարկելիս մասնագետները նորից եկան այն եզրակացության, որ սիրիական ՀՕՊ բրիգադները միմյանց հետ անգամ նորմալ կապ չեն կարողացել ապահովել, իսկ ՀՕՊ-ի եւ ՌՕՈւ-ի միջեւ կապ` որպես այդպիսին, գրեթե չի եղել: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում եւ հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման եւ ղեկավարման «Ե-2Ց Հոկայ» ինքնաթիռները: Այսինքն` հաջողությունն ապահովում էր բարձր համագործակցությունն ու կազմակերպվածությունը: Հետագայում այս հատկանիշները հաշվի առնվեցին չորրորդ սերնդի կործանիչների ստեղծման ժամանակ: Դրանցից շատերն օդային մարտի համար գրեթե ամբողջ տեղեկատվությունը ստանալով` մշակում են այն եւ փոխանցում այլ տեսակի կործանիչներին եւ ղեկավարում մարտը: ՌԴ ՀՕՊ կործանիչ ավիացիայի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վ.Անդրեեւի խոսքերով`«ՄիԳ-31»-ը «Ս-300»-ի թռչող դիվիզիոն է: Այսինքն` արագ տեղաշարժվելու եւ հեռուն տեսնելու հնարավորությամբ այս կործանիչն ընդունակ է հսկել օդային հսկայական տարածքներ:
Վերը բերված բոլոր տեխնիկական միջոցները եւ սպառազինությունն իրենց բնույթով կենտրոնացված եւ համատեղ կիրառության օրինակներ են, որոնք հիմնավորում են վերգետնյա եւ կործանիչային ՀՕՊ-ը միավորելու անհրաժեշտությունը: Նրանց համատեղումը մեկ զորատեսակի մեջ կենսական անհրաժեշտություն է, սակայն այդ դեպքում, փաստորեն, ստեղծվում է ՌՕՈւ եւ ՀՕՊ կործանիչային ավիացիա: Իսկ որքանո՞վ է դա նպատակահարմար ներկայիս իրավիճակում ՀՀ ԶՈւ-ի համար: Հարցադրումը կքննարկենք նյութի եզրափակիչ մասում:
Հանրահայտ է, որ մարտում ցամաքային զորքերի (ՑԶ), օդուժի եւ ՀՕՊ ստորաբաժանումների եւ զորամասերի համագործակցության կարելի է հասնել համատեղ եւ միաժամանակյա գործողություններով: Դրանով հնարավոր է համաձայնեցնել տարբեր զորատեսակների հարվածները` ըստ ժամանակի, նպատակի եւ տեղի, եւ հասնել մեծ արդյունավետության:
Դժվար չէ նկատել, որ մարտի ժամանակ դժվար է այս բոլոր պահանջները պահպանել: Ապակենտրոնացված ղեկավարման համակարգը բարդացնում է զորքերի ընդհանուր ղեկավարումը: Միասնական հրամանատարության բացակայության պայմաններում առանձին դեպքերում անխափան կապը պահպանելն իսկ բարդ խնդիր է դառնում: Էլ չենք խոսում հրամանատարներից մեկի սուբյեկտիվ որոշման հետեւանքով` մյուս զորատեսակների բնականոն գործունեությանը խանգարելու հավանականության մեծացման մասին: Ռազմարվեստի պատմության ընթացքում անհաջող ելքով գործողությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում վատ կամ խափանված կապը: ԽՍՀՄ քայքայումից հետո ՆԱՏՕ ղեկավարությունը, վերանայելով ռազմական հայեցակարգը, ձեռնարկեց ԶՈւ բարեփոխումներ: Քննարկվեց եվրոպական մասում ՌՕՈւ եւ ՀՕՊ միավորումը մեկ ինֆորմացիոն դաշտի մեջ, որը ենթադրում էր կենտրոնական ղեկավարում` «Ակկս» համակարգը: Համակարգի մեջ պետք է ներդրվեին նորագույն, հատկապես շարժական հետախուզական համալիրներ: Մեծ դեր էր հատկացվում «ԱՎԱԿՍ» թռչող համալիրներին: Որպես զինատեսակներ` օդուժը, ԶՀՀ-ները, ԶՀ-ն եւ ՌԷՊ-ը (ռադիոէլեկտրոնային պայքար) պետք է միավորվեին կենտրոնացված ղեկավարության ներքո:
ՆԱՏՕ ղեկավարության կողմից 1994-97թթ. անցկացված զորավարժությունները եւ փորձարկումներն ի հայտ բերեցին որոշակի թերություններ, որոնց վերացման արդյունքում ձեւավորվեց աշխատանքի հիմնական սկզբունքը: ՆԱՏՕ ղեկավարությունը որոշեց վերջնական կենտրոնացումն իրականացնել ոչ միանգամից` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքի մեջ են ընդգրկվել նոր պետություններ: Ներկայումս ընթանում է ՆԱՏՕ, եվրոպական ՌՕՈւ եւ ՀՕՊ միավորման վերջին փուլը:
Ելնելով այս եւ մի շարք այլ հիմնահարցերից` ՌԴ բանակը 1998թ. միավորեց ՌՕՈւ-ն ու ՀՕՊ-ը: Այս ճանապարհը վաղուց անցել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Դանիան, Հունաստանը եւ Իսրայելը:
Որոշ հետեւություններ
Ա յսուհանդերձ, վերոշարադրյալը չի կարող միանշանակ պնդումների եւ անցյալի ամբողջ ժառանգությունը մեխանիկորեն մերժելու հիմք հանդիսանալ: Երկար տարիներ երկու զորատեսակները գործել են առանձին: Այս ընթացքում ձեւավորվել են ավանդույթներ, գործողությունների հիմունքներ եւ տեսություններ: Միավորելով այդ երկու զորատեսակները` հարկավոր է վերանայել եւ մանրամասնորեն մշակել նոր նորմեր ու կանոններ` հաշվի առնելով նաեւ նոր մարտահրավերները: Ուժերի համատեղումը եւ միակենտրոն ղեկավարումը գործնականում գրեթե միշտ ունեցել է դրական հետեւանք, սակայն այդ ամենը հարկավոր է անել խելամտորեն:
Տեղեկանք. «Օդային ղեկավարման կետեր, որոնք կարող են մի քանի հարյուր կմ տարածության վրա կատարել հետախուզություն, ղեկավարել հարյուրավոր ԹՍ-ների գործողությունները: Վերջին տեղային պատերազմներում ամերիկյան ավիացիան առանց «ԱՎԱԿՍ»-ների ոչ մի գործողություն չի ձեռնարկում»:
Անդրադառնանք օդուժի եւ ՀՕՊ զորքերի` մեկ զորատեսակի մեջ միավորման հստակ քայլերին: Այս ռազմավարական քայլը, որը պետական կարեւոր նշանակություն ունի, պետք է ունենա ռազմատեխնիկական եւ տնտեսական հիմքեր:
Կատարելագործվելով` օդային հարձակման միջոցները (ՕՀՄ) դառնում են առավել հզոր եւ արագ գործող համալիրներ, ձեռք բերում ավելի շատ խնդիրներ լուծելու հնարավորություն: Մեծանում է նրանց կիրառության տարածական եւ ժամանակային խորությունը: Իրողությունը ստիպում է վերանայել մեր հայացքներն առհասարակ օդուժի եւ ՀՕՊ-ի մասին:
Ներկայումս ՀՕՊ-ը բաղկացած է բազում ավտոմատացված միջոցներից եւ համակարգերից, որոնք աշխատում են բարդ համագործակցությամբ: ՀՕՊ գործառույթների մեջ է մտնում յուրային բոլոր ԹՍ-ների վերահսկողությունը, որով այն ինչ-որ կերպ վերահսկում է նաեւ ՌՕՈւ-ն: Սակայն օդուժի գործողությունների ռադիոտեխնիկական ապահովումը կատարելով` ՀՕՊ-ը չի ենթարկվում այդ վարչությանը: ՀՕՊ կիրառության ամենամեծ հավանականությունն առաջանում է այն ժամանակ, երբ հավանական է նաեւ սեփական ՌՕՈւ կիրառումը: Հետեւաբար, ՀՕՊ ստորաբաժանումները պետք է ապահովեն սեփական օդուժի տեղաշարժը եւ նույն օդային տարածքում կանխեն հակառակորդի թռիչքները: Թե՛ մեր, թե՛ հակառակորդի կողմից թռիչքները կարող են լինել բավական ինտենսիվ` յուրաքանչյուրի կողմից օրական մի քանի տասնյակ: Նշվածին հարկավոր է ավելացնել նաեւ քաղաքացիական ինքնաթիռների չվերթերը, որոնք եւս հարկավոր է վերահսկել ոչ պակաս խստությամբ: Սեփական եւ հարեւան պետությունների տարատեսակ ԹՍ-ների քանակը տարեցտարի ավելանում է, գումարած նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ հայկական ավիացիոն բեռնափոխադրումներն ահռելի կաճեն: Այս ամենը հարցադրումն ավելի է բարդացնում եւ անհապաղ լուծում պահանջում: Այսպիսով` ներկայումս ՀՕՊ առաջնակարգ խնդիրներն են`
- պետական օդային սահմանի պահպանումը եւ վերահսկողությունը,
- օդային սահմանների անընդհատ հետախուզումը,
- անցանկալի օդային օբյեկտների հայտնաբերման դեպքում դրանց բնութագրերի եւ չափանիշների որոշումը, համապատասխան ռազմական եւ ղեկավար մարմիններին ճիշտ եւ ժամանակին զեկուցումը,
- պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների (վարչական, արդյունաբերական-տնտեսական շրջաններ), զորախմբերի հավաքատեղիների (այդ թվում նաեւ զորքերի շարժի ժամանակ), հրամանատարական կետերի եւ այլ շինությունների պահպանումը հակառակորդի օդային հարվածներից:
Վերը նշված բոլոր խնդիրների բարեհաջող կատարման համար ՀՕՊ-ը պետք է լինի ակտիվ, բազմանպատակային, շարժունակ, օպերատիվ, խանգարումների եւ դիվերսիաների նկատմամբ կայուն, համաեղանակային, գործողությունների եւ ֆունկցիաների մեծ սպեկտրում ավտոմատացված:
Այդ զորատեսակի զարգացման մեջ հատուկ ուզում ենք նշել այն հանգամանքը, որ բոլոր երեք հարթություններում ընդլայնվել են նաեւ ՀՕՊ հսկողության տակ գտնվող տարածքային սահմանները: Դրանք սկզբից սահմանափակվում էին մեկ-երկու օբյեկտներով, իսկ ներկայումս պետության ողջ տարածքի օդային սահմանները պետք է հնարավորինս հավասարաչափ վերահսկելի եւ պաշտպանված լինեն: Հարկավոր է օդային տարածքը վերահսկել ամբողջ սահմանով` ամենացածր բարձրություններից մինչեւ ամենաբարձրը:
ՀՕՊ տեսադաշտի լիարժեքություն նշանակում է ՀՀ ամբողջ և հարեւան պետությունների տարածքի զգալի մասը: Ներկայումս այդ տեսադաշտն ապահովվում է վերգետնյա ՌՏԿ-ների շնորհիվ: Այդտեղ կան որոշակի խնդիրներ` կապված ՀՀ լեռնանտառային կտրտված տեղանքի հետ: Հետեւաբար, հարկավոր է կիրառել ռադիոլոկացիոն եւ այլ հայտնաբերման տարատեսակ միջոցներ` լիարժեք օդային տեղեկություն եւ խոցման ավելի մեծ հնարավորություն ստանալու համար: Այստեղ տեղին է հիշել օդապարիկների, դիրիժաբլների եւ այլ ԱԹՍ-ների հիման վրա ստեղծված հետախուզության, կապի ապահովման եւ օդային ղեկավարման կետերի մասին:
Չնայած տեղային պատերազմներում ԶՀ կիրառությունը դեռ բավական արդյունավետ է՝ միեւնույն է, ոչ մի ՀՕՊ չի կարող միայն վերգետնյա համակարգերով ու սպառազինությամբ նման ամենատես ու օպերատիվ ցանց ապահովել:
ԶՀՀ-ների կիրառման փորձը գալիս է ապացուցելու, որ մեկ խոցված ինքնաթիռի վրա համալիրները միջինում ծախսում են հինգ հրթիռ: Մինչ օրս լավագույն ցուցանիշն ապահոված ամերիկյան «Փեթրիոթ» ԶՀՀ-ն Իրաքում յուրաքանչյուր խոցված ԹՍ-ի համար ծախսել է 1-3 հրթիռ: Իհարկե, տվյալը հիմնականում վերաբերում է հրթիռների խոցմանը, ինքնաթիռները խոցվել են ավելի լավ ցուցանիշներով, սակայն կիրառությունը մասսայական չէ, իսկ հակառակորդը հզոր չէ:
Զարգացած պետությունները ՀՕՊ ապահովման համար օգտագործում են տարատեսակ կործանիչներ, օդային մարտի ղեկավարման ու հետախուզման թռչող համակարգեր եւ, ինչու չէ, նաեւ հետախուզական արբանյակներ: ՌՕՈւ եւ ՀՕՊ միավորման մասին նման քննարկում ծավալելով` մենք պարտավոր ենք հատուկ նշել նաեւ կործանիչ ավիացիան, առանց որի անհնար է ունենալ հզոր ՌՕՈւ եւ ՀՕՊ: ԱՄՆ ՀՕՊ հիմնական գործիքը մնում են կործանիչները: Հայկական ՌՕՈւ-ի համար անհրաժեշտ է մի այնպիսի կործանիչ ինքնաթիռ, որը, օդային պայքարի եւ օդային հարձակման միջոցների խնդիրների համատեղումից զատ, իր որակով նաեւ հակակշիռ կլինի ադրբեջանականին: Մի քանի տարբերակների մեջ ամենահարմարը ռուսական «Սու-30» կործանիչն է, որը կարող է լուծել առաջադրված խնդիրները: Վերջինս ունի մինչեւ 8 տոննա ռմբատարողություն եւ թռիչքի բավական մեծ հեռավորություն: Կործանիչը հաջողությամբ կարող է խոցել օդային եւ վերգետնյա նշանակետեր: Կատարելով օդային գերազանցության ապահովման խնդիր` կարող է միաժամանակ հրթիռային հեռահար հարվածներ հասցնել կարեւոր վերգետնյա նշանակետերին: Երկու խնդիրների կատարման համար այն կարող է զինվել մինչեւ 100 կմ եւ ավելի հեռահարության ճշգրիտ հրթիռներով (X-28, X-31, X-35, X-58, X-59, Р-27, Р-77 եւ այլն): Այսինքն` կործանիչը, գտնվելով ՀՀ օդային տարածքում, կարող է խնդիրներ կատարել ԼՂՀ եւ նույնիսկ Ադրբեջանի տարածքում: Վերգետնյա նշանակետերին հարվածելու համար «Սու-30»-ը կրում է նաեւ գերճշգրիտ ռումբեր: «Սու-30»-ը, բոլոր խնդիրների լուծման հետ միաժամանակ, այլ միջոցների համար օդային հրամանատարական կետ է, ինչը հենց զորատեսակների համատեղման համար առանցքային հատկանիշ է: Օդային հարվածներ հասցնելու ժամանակ այն կարող է կազմակերպել ամբողջ մարտը` միաժամանակ տեղեկությունը փոխանցելով հրամանատարական կետերին: Այն կարող է և՛ հարվածել, և՛ օգնել այլ թռչող սարքերի` կատարելու ճշգրիտ հարվածներ, և՛ միաժամանակ պաշտպանել այդ սարքերն օդային հակառակորդից, ներառյալ ուղղաթիռները: Կործանիչը ղեկավարում է երկու օդաչու, ինչը շատ կարեւոր է նման խնդիրների լուծման համար: «Սու-30»-ն ադրբեջանական «ՄիԳ»-երին գերազանցում է գրեթե բոլոր տվյալներով եւ հատկապես թռիչքի հեռավորությամբ, ինչը շատ կարեւոր է մարտերը հակառակորդի տարածք տեղափոխելու տեսանկյունից:
Բացառված չէ, որ հակառակորդը, օգտագործելով քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, չեզոք պետության տարածքից մարտական ինքնաթիռով փորձի հարվածներ հասցնել: Հարեւան պետություններից մեկի հեռավոր սահմանների վրա հակառակորդի մարտական ինքնաթիռները կարող են աննկատ մոտենալ մեր ինքնաթիռին եւ, շատ մոտ թռչելով, հասնել մինչեւ Երեւան, քանի որ մոտենալու պահին մեր ՌՏԿ-ները չեն կարող վերահսկել քաղաքացիական ինքնաթիռի թռիչքը: Մեր սահմանը մտնելու պահին ՌՏԿ-ների հետեւող սարքերի վրա դրանք կարող են երեւալ որպես մեկ ինքնաթիռ: Նման պայմաններում շատ դժվար է կանխել դիվերսիան:
Այդ եւ վերը նշված մյուս պատճառներով անհրաժեշտ է մեկտեղել օդային հետախուզության եւ վերահսկողության բոլոր միջոցները: Օդային վերահսկողության եւ հետախուզական ամբողջ տեղեկատվությունը մեկ կենտրոնում կուտակելով, համատեղ գործողություններով եւ մեկ կենտրոնից ղեկավարելով` զգալիորեն նվազում է տարատեսակ խանգարումների եւ հակազդեցությունների կիրառումը, ինչպես նաեւ զգալիորեն բարձրանում է ցանկացած ԹՍ հայտնաբերման ճշտությունը:
Համատեղ զորատեսակի կենտրոնացված ղեկավարումը թույլ կտա ավելի արագ եւ ստույգ տեղեկություն ստանալ ՀՕՊ յուրաքանչյուր համալիրից, հետախուզման եւ հսկողության յուրաքանչյուր կենտրոնից ու ՌՏԿ-ից: Միջոցները կարող են տեղակայված լինել հանրապետության ողջ տարածքում: Իրական ժամանակում ստացվող այդ տեղեկատվությունը մշակվելով` հրամանատարական կետից կարող է հաղորդվել տվյալ շրջանում գործող ՀՕՊ համակարգերին, ռազմական եւ քաղաքացիական ավիացիային` թույլ տալով խուսափել հակառակորդի հետ անցանկալի հանդիպումից, կրկնակի հարվածներից, օդային բախումներից եւ այլն: Տեղեկատվության հավաքումը եւ բաժանումը պետք է կատարել թվային ազդանշանի հաղորդագրության գաղտնիության պահպանման բոլոր ժամանակակից եղանակներով: Հաշվի առնելով մեր տարածքային չափերը եւ ունեցած կամ ունենալիք միջոցների քանակը` այս ամենի կազմակերպումը լիովին հնարավոր է եւ կլինի ավելի արդյունավետ ու օգտակար:
Համատեղության արդյունքում, եթե հայտնաբերման եւ հետախուզական միջոցները գործեն անխափան, գրեթե բացառվում է ՀՀ օդային տարածքներում անցանկալի ԹՍ-ների անակնկալ հայտնվելը, եւ զգալիորեն բարձրանում հակահարված տալու ժամանակն ու հնարավորությունը:
Առաջարկը ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի համար զարգացման հաջորդ քայլ է: Այն պահանջում է լրացուցիչ ներդրումներ, հատկապես հայտնաբերման եւ ղեկավարման սարքավորումների կատարելագործում: Համատեղման եւ նման սարքավորումների ու համակարգերի տեղադրման դեպքում հրամանատարական կետում կարող են նաեւ ստանալ տեղանքի ընդհանուր կամ մասնակի էլեկտրոնային քարտեզագրում: Հրամանատարական կետում արտացոլված էլեկտրոնային քարտեզագրումը, բազում հնարավորություններից զատ, մեծացնում է ավիացիայի ղեկավարումը գիշերը եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում: Ուղղաթիռներն այդ պայմաններում կարող են առանց վերգետնյա ուղղորդողների վայրէջք կատարել ամենաանծանոթ վայրերում, ինչը մարտական պայմաններում անգնահատելի դեր ունի ՑԶ-ի համար: Իսկ եթե ԹՍ-ները եւս հնարավորություն ունենան ստանալու քարտեզագրման արտացոլում, ապա ավիացիայի մարտունակությունը զգալիորեն կբարձրանա: Զորատեսակների համատեղման եւ կենտրոնական ղեկավարման դեպքում կբարձրանա մարտի ղեկավարման ընդհանուր մակարդակը, մասնավորապես մարտական ղեկավարման հրամանների օպերատիվ կազմումը եւ հասցեատերերին հասցնելը, տրված հրամանների կատարման արդյունքների ստուգումը եւ մարտական իրավիճակի փոփոխության դեպքում արագ հակամիջոցների կազմակերպումը: Մեկ կամ մի քանի խմբերի մարտական խնդրի կատարման ժամանակ ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով կտեղեկացվեն բոլոր անհրաժեշտ ուժերը եւ միջոցները: Իսկ այն ուժերը, որոնք անմիջական կապ չունեն այդ խմբերի գործունեության հետ, չնախատեսված պայմաններում կարող են հեշտությամբ ստանալ անհրաժեշտ տվյալներ:
Անխոցելիության բարձրացման նպատակով շատ կարեւոր է համատեղ հրամանատարական կետի շարժական լինելը, որի համար այն անհրաժեշտ է տեղակայել բարձր անցողունակության մեքենաների վրա` գերժամանակակից, հագեցած ամենաարդիական սարքավորումներով: Հրամանատարական կետը կարող է տեղակայված լինել նման ոչ մեկ մեքենայի վրա: Կարող է ունենալ մի քանի նման հրամանատարական կետեր, սակայն դրանք միաժամանակ չպետք է գործեն: Այդ փոփոխությունը եւ շարժունակությունը կարող է ապահովել լիարժեք անխոցելիություն: Բնականաբար, զորատեսակների համատեղման եւ կենտրոնական ղեկավարման դեպքում հարկավոր է, որ յուրային ԹՍ-ները հագեցած լինեն ավտոմատ պատասխանիչներով, որը բարդ, սակայն հուսալի եւ փորձված միջոց է: Հարկավոր է ավտոմատ կերպով հայտնաբերել ցանկացած ԹՍ` խիստ կրճատելով մարդու մասնակցությունն օդային տարածքի հետեւման գործընթացին` երեք հարթություններում ստանալով սարքի լիարժեք կոորդինատները:
ՀՀ տարածքային սահմանափակությունը կարեւոր կռվան է կենտրոնացված ղեկավարման ներկայացված ձեւին անցնելու համար եւ լրացուցիչ հնարավորություններ է տալիս բարձրացնելու ՀՕՊ-օդուժ միավորման արդյունավետությունը:
Մասնավորապես, մեր կործանիչները կարիք չունեն գամված լինելու պաշտպանական տվյալ շրջանում` բացառապես ՀՕՊ ապահովմանն ուղղված խնդիրներ լուծելու համար: Լինելով մեկ հրամանատարի ենթակայության տակ եւ ծառայելով բոլորի շահերին` նրանք կարող են գործել և՛ որպես մարտավարական հարվածային համակարգեր, և՛ որպես հետախույզներ, և՛ որպես ՀՕՊ կործանիչներ: Ընդ որում, ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել նաեւ այլ կործանիչներ, հարվածային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, վերգետնյա ԶՀՀ-ներ, շարժական կամ անշարժ ՀՕՊ այլ համալիրներ, այլ զորատեսակներ, քաղաքացիական ավիացիա եւ անգամ օդերեւութաբանական ծառայություններ: Հզոր եւ ճկուն ՀՕՊ ապահովման համար մեծ դեր ունեն արագ շարժվող ԶՀՀ-ներն ու այլ կրակային միջոցները, որոնք շատ արագ փոխում են իրենց դիրքը եւ կարող են հայտնվել բավական բարդ տեղանքներում:
Այս միավորումը նպատակահարմար է նաեւ նրանով, որ մեզանում չի կարող լինել ՌՕՈւ եւ բանակային ավիացիայի զատում, որը խնդիրներ կարող էր առաջացնել տվյալ դեպքում` կախված վերջինիս գործունեության հետ: Այսինքն` մեր մարտական ավիացիան մշտապես գործում է հիմնականում ՑԶ խնդիրների կատարումն ապահովելու ձեւաչափում: Մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների քանակը թույլ է տալիս ունենալ հարվածային կամ այլ խնդիրներ կատարող մեկ-երկու հզոր առանձին կամ խառը խմբեր (քանակի որոշակի ավելացման դեպքում հնարավոր է խմբերի կրկնակի ավելացում): Այդ խմբերը կարող են արագ խուսավարելով` գործել օպերատիվ, արագ եւ բավականին արդյունավետ: Իսկ նման խմբերի եւ ՀՕՊ ստորաբաժանումների համատեղ ու կենտրոնացված գործողությունները թույլ կտան խուսափել շատ սխալներից եւ ուժերի անտեղի վատնումից:
Անգամ խաղաղ պայմաններում այս երկու զորատեսակների համատեղումը եւ քաղաքացիական ավիացիայի ղեկավարման համակարգերի մեկտեղումը կարող են լուրջ միջոցներ խնայել, ինչը պետական եւ ռազմական գործում վերջին տեղում չէ:
Ներկայումս ռազմատեխնիկական եւ քաղաքական համաշխարհային զարգացումները նորանոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել ՀՀ ԶՈւ- ին: Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք մեղմանալու միտում չունեն: Մեզանից պահանջվում է համարժեք պատասխան, որոնք պետք է քննարկել եւ, թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարելով, կիրառել մեր պայմաններում:
Դեկտեմբեր, 2009թ.
Աղբյուրներ եւ գրականություն
- Базаревский А., Мировая война 1914-1918. Компания 1918г. во Франции и Бельгии, т. 2, М.-Л., 1927.
- Советская военная энциклопедия, т.2.
- Светлишин Н.А., Войска ПВО в Великой отечественной войне, М., 1979.
- Соколов Б.В., Сто великих войн, М., 2004.
- Чернякевич О.М., Чернякевич И.Н., Чернякевич И.С., Великие битвы XX века, М., 2002.
- Вестник воздушного флота, ноябрь-декабрь.
- Вестник авиации и космонавтики, N3, 2004.
- Жирохов М.А., История ВВС Израиля. М.-Минск, 2001.
- Золотарёв В.А., «Россия (СССР) в локальных войнах и военных конфликтах второй половины ХХ века», М., 2000.
- Вестник воздушного флота, Ноябрь-декабрь, 2003.
- Василин Н.Я., Гуринович А.Л., Зенитные ракетные комплексы, Минск,
- Галкин Д., Боевое применение зенитных ракетных комплексов Пэтриот в вооруженных конфликтах. ЗВО, 10.2006.
- Марковский В., Перов К., Советские авиационные ракеты воздух-земля, М., 2005.
- Беляев В.,Ильин В., Российская современная авиация, М., 2001.
Անկախ փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները կարող են չհամընկնել «Օրբելի» կենտրոնի տեսակետներին: