Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորությունները

8 ր.   |  2019-12-05

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասին խոսելիս մեր մտապատկերում ավելի շատ հայտնվում են տեղի թյուրքախոս բնակչության հետ կապված տարատեսակ խնդիրներն ու անջատողական խմբերի գործողությունները, սակայն իրականում Արևելյան Ատրպատականը` Թավրիզ կենտրոնով, Իրանի դինամիկ զարգացող նահանգներից է, որն ունի տարանցիկ, տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, ինչպես նաև զբոսաշրջային նշանակալի ներուժ:

Գտնվելով Մետաքսի ճանապարհի վրա՝ վերջին տասնամյակներին տարածաշրջանում Ատրպատականի տարանցիկ նշանակությունը մեծացնելու նպատակով այստեղ կառուցվել են ավտոմայրուղիներ և երկաթուղային ճանապարհներ, որոնք հնարավորություն են տալիս մի կողմից՝ Թուրքիայի տարածքով դուրս գալ դեպի Եվրոպա, Հայաստանով կապվել Վրաստանին և սևծովյան տարածաշրջանին, Ադրբեջանով՝ Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ արևելյան ուղղությամբ դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա:

Արևելյան Ատրպատական նահանգի ընձեռած այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով 2005թ. այստեղ հիմնադրվել է «Արաս» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), որի տարածքը 51 հազար հեկտար է և ընդգրկում է Ջուլֆա, Քալեյբար և Խոդաֆարին գյուղաքաղաքները:


«Արաս» ազատ տնտեսական գոտու կենտրոնակայանը Ջուլֆա քաղաքում: Լուսանկարը՝ հեղինակի

Իրանում ԱՏԳ-ների գործունեության գնահատման վերջին արդյունքների համաձայն՝ «Արաս» ԱՏԳ-ն զարգացման տեմպերով բարելավել է դիրքերը և Իրանի մյուս ԱՏԳ-ների համեմատ՝ մի շարք ցուցանիշների առումով առաջատար տեղ է զբաղեցնում:

Իրանի ազատ տնտեսական գոտիները

Ի րանում գործում է ազատ տնտեսական 7 գոտի, որոնք տեղակայված են այնպիսի տարածքներում, որոնք հնարավորություն են տալիս հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք երկիրը կապել միջազգային տարանցիկ ճանապարհներին՝ միևնույն ժամանակ տնտեսական ակտիվություն ապահովելով տեղակայման նահանգներում:

Բացի «Արաս»-ից Իրանում գործում են հետևյալ ազատ տնտեսական գոտիները`

  • «Քիշ»-ը գտնվում է Պարսից ծոցում՝ Քիշ կղզում,
  • «Ղեշմ»-ը՝ Պարսից ծոցի Ղեշմ կղզում,
  • «Արվանդ»-ը՝ Պարսից ծոցի արևելյան հատվածում,
  • «Չաբահար»-ը՝ Օմանի ծովի ափին,
  • «Էնզելի»-ն՝ Կասպից ծոցի առափնյա շրջանում,
  • «Մակու»-ն Արևմտյան Ատրպատական նահանգում:

«Արաս» ԱՏԳ-ի կառուցվածքը

«Արաս» ԱՏԳ-ն իր հերթին բաղկացած է 6 շրջանից, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար մարմին, որը մշակում է տվյալ շրջանի զարգացման ռազմավարությունը:

  • Ջուլֆայի շրջան
  • Նորդուզի շրջան
  • Խոդաֆարինի շրջան
  • Ասլանդուզի շրջան
  • Փարսաբադի շրջան
  • Բիլեսուվարի շրջան


«Արաս» ԱՏԳ-ի ներկայացուցչությունն է Իրան-Հայաստան սահմանին, Նորդուզի անցակետում: Այստեղ վերջին երկու տարվա ընթացքում իրանական կողմի նախաձեռնությամբ հիմնվել է շուկա: 
Հաշվի առնելով իրանական ռիալի նկատմամբ դոլարի արժևորումը՝ վերջին շրջանում Հայաստանից բազմաթիվ առևտրականներ են անցնում սահմանը և առևտուր անում: Իրանի «Արաս» ԱՏԳ-ի Նորդուզի շրջանի ղեկավար Ահմադ Հասան Նեժադի տրամադրած տվյալների համաձայն՝ 2019թ. առաջին 8 ամիսներին Իրանից Հայաստան է այցելել 178 հազար, իսկ Հայաստանից Իրան՝ 238 հազար քաղաքացի: Լուսանկարը՝ հեղինակի

«Արաս» ԱՏԳ-ի տարանցման հնարավորությունները

Ս ահմանակցելով Նախիջևանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ «Արաս» ԱՏԳ-ն ներդրողներին հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ կապվել Փոլդաշտի, Նախիջևանին՝ Ջուլֆայի, Հայաստանին՝ Նորդուզի և Ադրբեջանին՝ Ղոլիբեգլուի անցակետերով:


Իրան-Նախիջևան սահմանը: Երկաթուղային կամուրջը կառուցվել է 1913թ., որն ավելի շատ հայտնի «Երկաթյա կամուրջ» անվամբ: Նախիջևան-Իրան երկաթիծը գործարկվեց 2016թ., որը Նախիջևանի երկրամասը կապում էր Իրանի կրոնական Մաշհադ քաղաքին: Սակայն բավարար չափով ուղևորներ չլինելու պատճառով 2018թ. երկաթուղային ուղևորափոխադրումները դադարեցվեցին: 
Լուսանկարը՝ հեղինակի

«Արաս» ԱՏԳ-ն, գտնվելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ճանապարհային միջանցքների խաչմերուկում, Ջուլֆայի երկաթուղու միջոցով կապում է Թուրքիա (Ռազիի անցակետ), Թուրքմենստան (Սարասխի անցակետ) և Հնդկական օվկիանոս (Միրջավե անցակետ) դուրս եկող կարևոր նշանակության միջազգային տարանցիկ ուղիները: Բացի այդ՝ Իրանի հարավից՝ մայրաքաղաք Թեհրան, ապա՝ Թավրիզ և Ջուլֆա ձգվող երկաթգիծը հնարավորություն է ընձեռում Իրանի նավահանգիստներից ապրանքներն արտահանել Եվրասիական տարածաշրջան, ինչպես նաև Եվրոպա:

Այժմ ընթացքի մեջ է «Արաս» ԱՏԳ-ի օդանավակայանի կառուցումը, որը կարող է նպաստել տարածաշրջանի երկրների հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Ներկայում «Արաս» ԱՏԳ-ի հետ օդային կապն ապահովում է Թավրիզի միջազգային օդանավակայանը, որը շուրջ 120 կմ հեռավորության վրա է:

Դեպի Թուրքիա, Նախիջևան, Հայաստան և Ադրբեջան արտահանումներ կազմակերպելիս բեռնափոխադրողներն օգտվում են Արևելյան Ատրպատականի բարձրորակ ավտոմայրուղիներից, որոնք տարեցտարի մեծացնում են իրենց հնարավորությունները:

Ի դեպ, 2019թ. Հայաստանի տարածքում դեպի Իրան տանող միջպետական ճանապարհի վերանորոգման արդյունքում Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսների ճանապարհը կրճատվել է շուրջ 3 ժամով:

 «Արաս» ԱՏԳ-ի ներդրումային հնարավորությունները

«Արաս» ԱՏԳ-ն ներդրումային գրավիչ պայմաններ է առաջարկում։ Օրինակ՝ արտադրություն հիմնելու դեպքում ներդրողը 20 տարի ժամկետով ազատվում է հարկերից, ստանում էժան գազ և էլեկտրաէներգիա, տրվում է կապիտալի ազատ մուտքի և ելքի հնարավորություն, ներդրումների երաշխավորություն, կեցության իրավունք: Առաջնային հումքի, տեխնոլոգիաների և մեքենաների ներկրման դեպքում մաքսատուրք չի գանձվում: «Արաս»-ում արտադրված ապրանքը հնարավոր է ինչպես տեղում վաճառել, այնպես էլ առկա ենթակառուցվածքներն օգտագործելով, առանց մաքսազերծման արտահանել երկիր կամ ապրանքի մի մասն արտադրել «Արաս» ԱՏԳ-ում, իսկ ապրանքը վերջնական տեսքի բերել երկրում:


«Արաս» ԱՏԳ-ի արդյունաբերական համալիրներից մեկը: լուսանկարը՝ Aras.TV-ի

Հատկապես այս սխեման կարող է շահավետ լինել հայ գործարարներին, որոնք, օգտվելով առաջարկվող էժան գազից, կարող են Հայաստանում պահանջարկ ունեցող ապրանքի արտադրական սկզբնական փուլը կազմակերպել «Արաս»-ում՝ վերջնական տեսքի բերելով Հայաստանում, արտահանել ԵԱՏՄ-ի շուկա։

«Արաս» ԱՏԳ-ի զբոսաշրջային հնարավորությունները

Զ բոսաշրջությունը «Արաս» ԱՏԳ-ի զարգացող ուղղություններից է, որի ռազմավարության համաձայն նախատեսվում է Արևելյան Ատրպատականի համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային կենտրոններն արդիականացնելով, «Արաս» ԱՏԳ-ն դարձնել տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Ատրպատական այցելող զբոսաշրջիկները դիտարկվում են որպես հավանական ներդրողներ, որոնք, այցելելով տեսարժան վայրերը, կարող են միաժամանակ ծանոթանալ «Արաս» ԱՏԳ-ի ներդրումային հնարավորություններին:


«Արաս» ԱՏԳ-ի տարածքում գտնվող թերևս ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնը Սուրբ Ստեփանոս Նախավկայի հայկական եկեղեցական համալիրն է (9-րդ դար), որը 2008թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Վերանորոգումից հետո այստեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, ինչպես Իրանից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից:

Քանի որ տարածքում այլևս հայկական բնակավայրեր չկան, եկեղեցին մշտապես չի գործում, սակայն գտնվում է Ատրպատականի Հայոց թեմի հաշվեկշռում և տարեկան մեկ անգամ պատարագ է մատուցվում:  Լուսանկարը՝ հեղինակի


Սուրբ Ստեփանոս Նախավկայի հայկական եկեղեցական համալիրը: 
Լուսանկարը՝ հեղինակի


Հովվի մատուռը կառուցվել է 13-րդ դարում: Ըստ ավանդության՝ երկու հովիվ եղբայրները նույնությամբ երկու եկեղեցի են կառուցում, մեկը՝ Արաքսի աջ ափին, իսկ մյուսը՝ ձախ, որը Նախիջևանի տարածքում է: Լուսանկարը՝ հեղինակի


Խոջա Նազարի քարվանսարան՝ Իրանի և Նախիջևանի սահմանին՝ Արաքսի ափին: Կառուցվել է Սեֆյանների շրջանում: Քարվանսարան հիմնադրվել է ջուղայեցի հայտնի հայ վաճառական, Շահ Աբբասի մտերիմ Խոջա Նազարի ֆինանսական միջոցներով:
 Լուսանկարը՝ հեղինակի


Խոջա Նազարի քարվանսարան
 Լուսանկարը՝ հեղինակի


«Արաս» ԱՏԳ-ի զբոսաշրջային մյուս հայտնի կենտրոնը Քորդաշտ գյուղի պատմական համալիրն է՝ Հայաստան-Իրան սահմանին, Նորդուզ անցակետից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Քորդաշատը Սեֆյան և Ղաջարական շրջանի պատմական համալիր է, որի մեջ մտնում են շահական կեցավայրը, շահական բաղնիքը, այգին, սառնարանը, պատմական Ղարիբ մզկիթը:
 Լուսանկարը՝ հեղինակի


«Ասիաբ Խարաբե»-ն Արևելյան Ատրպատականի հայտնի զբոսաշրջային կենտրոններից է, որը շրջակա բնակչության համար ծառայել է որպես ջրաղաց, սակայն  ժամանակի ընթացքում քանդվելուց հետո ստացել է «Ավերակ ջրաղաց» անունը: Այժմ տեղանքն առավել հայտնի է որպես ջրվեժ: 
Լուսանկարը՝ հեղինակի

«Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որը միության և Իրանի միջև ցամաքային կապ է ապահովում», «Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ»,- հայ և իրանցի պաշտոնյաներն ու փորձագետներն այդ ձևակերպումները սկսեցին ավելի հաճախ օգտագործել, երբ 2018թ. Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվեց ազատ առևտրի մասին համաձայնագիրը: «Արաս» ԱՏԳ-ն զարգացող համալիր է, որը փորձում է ճկուն քաղաքականությամբ հարմարվել առկա իրողություններին, հետևաբար «Մեղրի» ԱՏԳ-ի վերջնական շահագործումից հետո կարող է կիրառել նաև «Արաս»-ի փորձը: Նկատենք, որ դեռ 2017թ. տնտեսական երկու գոտիների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Ներկայում «Արաս» ԱՏԳ-ում զգալի ներկայություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը: Ըստ իրանական կողմի տվյալների՝ այստեղ հայկական որևէ ընկերություն ներկայացված չէ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտին Իրանում թեև համարում են մրցակից «Արաս»-ին, սակայն, միևնույն ժամանակ, իրանցի պաշտոնյաները համոզմունք ունեն, որ ԵԱՏՄ-ն փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություն է տալիս: Իրանական կողմը շահագրգռված է, որ «Արաս»-ում գործունեություն ծավալեն նաև հայկական ընկերությունները:

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո (2019թ. հոկտեմբեր) Հայաստանի նկատմամբ այժմ Իրանում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

Պետք է նաև նշել, որ ներկայում մեծ մրցակցություն է Իրանի «Արաս» և «Էնզելի» ԱՏԳ-ների միջև: Վերջինս փորձում է վիճարկել «Արաս»-ի միջոցով ԵԱՏՄ-ին կապվելու նպատակահարմարությունը՝ ընդգծելով, որ Իրանին ավելի հարմար է ԵԱՏՄ-ի երկրներին կապվել Կասպից ծովով Ռուսաստանի միջոցով, քան Հայաստանի, որը թեև ցամաքային սահման ունի Իրանի հետ, սակայն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ-ի անդամ որևէ երկրի հետ:

Ինչպես նկատեցինք, Թուրքիան, Նախիջևանը և Ադրբեջանը իրենց ենթակառուցվածքներով բավական նպաստավոր դիրքում են և «Արաս»-ում նրանց տնտեսական ներկայությունը, բնականաբար, ազդում է նաև այդ երկրների նկատմամբ Իրանի քաղաքական դիրքորոշումների վրա:

Ուստի, եթե հարցը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա կարծում ենք անհրաժեշտ է որոշակի ներկայություն ունենալ «Արաս» ԱՏԳ-ում, որն ինչպես լրացուցիչ հնարավորություններ կտա հասկանալու իրանական շուկայի առանձնահատկությունները, այնպես էլ Իրանի հարավկովկասյան քաղաքականության մշակման վրա իր ազդեցությունը կարող է ունենալ «Արաս»-ում ձևավորված հայկական գործոնը: