WhatsApp-ի հեղափոխությունը Լիբանանում

12 ր.   |  2019-11-28

Իրանական շղթայի գլխավոր հենակետը՝ հարձակման թիրախում 

2 019թ. հոկտեմբերի 17-ից Լիբանանում անսպասելի բռնկված սոցիալական բողոքի ցույցերը մի քանի օր անց վերածվեցին կառավարության հրաժարականի պահանջի, իսկ արդեն նոյեմբերի կեսին հստակ երևացին միջազգային դերակատարներն ու տարածաշրջանային լարվածության նոր օջախի հիմքերը: Լիբանանի ներքին խնդիրների վերաբերյալ հայտարարություններ և իշխանության հասցեին խիստ կոչեր են հնչեցնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ, մինչդեռ այն, ինչ առաջին հայացքից անակնկալ սկսվեց ու օրերի ընթացքում թափ հավաքեց Մերձավոր Արևելքի մինչ այժմ կայուն այդ երկրում, նախևառաջ պայմանավորված է Լիբանանի հարևանների կոնկրետ ծրագրերով:

Լիբանանն ընդամենը վերջին տասնամյակում է հասցրել ուշքի գալ մոտ 15 տարի տևած (1975-1990) քաղաքացիական պատերազմից, որին զոհ գնաց 144.000 մարդ:  2005թ.-ին Բեյրութի կենտրոնում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո երկիրը կրկին հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի մեջ, ինչից 2006-ին օգտվեց Իսրայելը և հարձակվեց՝ «Հեզբոլլահ» կուսակցության դեմ հակաահաբեկչական պայքար ծավալելու պատճառաբանությամբ:

«Հեզբոլլահ»-ի գործոնը

«Հեզբոլլահ»-ը Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորում է, որը 1970-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ազդեցիկ ուժ դարձավ Լիբանանում և հետագա տարիներին Իսրայելի դեմ մարտնչող հիմնական ռազմական կառույցն էր: Մտնելով Լիբանանի քաղաքական դաշտ՝ «Հեզբոլլահ»-ը շարունակեց հակաիսրայելական գործունեությունը՝ ստանալով ռազմական և ֆինանսական աջակցություն Իրանից:

34 օր տևած պատերազմում մարդկային ու ռազմական զգալի կորուստի և միջազգային ճնշման հետևանքով՝ 2006-ին Իսրայելը ստիպված դուրս եկավ Լիբանանից: Հետագայում Հրեական պետությունը, սակայն, «Հեզբոլլահ»-ից ազատվելու համար ԱՄՆ աջակցությամբ շարունակեց Լիբանանին ճնշելու քաղաքականությունը, սակայն իրանական աջակցությամբ այդ կառույցի դերը Լիբանանի քաղաքական կյանքում շարունակում էր մեծանալ: 2009թ. խորհրդարանական ընտրությունում «Հեզբոլլահ»-ը 128 տեղից ստացավ 12-ը, իսկ 2018-ին մանդատների թիվն ավելացրեց ևս մեկով:

«Հեզբոլլահ»-ի պատմական ու երդվյալ հակառակորդ է համարվում լիբանանյան քաղաքական դաշտի մեկ այլ խաղացող՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է 8 մանդատով: Այս կուսակցության հիմնադիր ղեկավարն է Լիբանանում «բժիշկ» մականունով հայտնի Սամիր Ժահժահը:

Փողոցային պայքարի պատճառներն ու առիթը

«Հեզբոլլահ»-ը և «Լիբանանյան ուժեր»-ը խորհրդարանում անզիջում պայքար են մղում, և հանրության շրջանում տնտեսական ու սոցիալական քաղաքականության փոխադարձ հակաքարոզչություն իրականացնում: Վերջին տարիներին Լիբանանում սոցիալական խնդիրներն ավելի ակնառու են դարձել, ինչը չի ժխտում անգամ իշխանությունը՝ միաժամանակ չկարողանալով գտնելով լուծման ուղիները:

10.452 կմ2 տարածք ունեցող մերձավորարևելյան այդ փոքր երկրում ապրում է 6,859,408 մարդ (2018), աղքատության մակարդակը 19% է, արտաքին պարտքը գերազանցում է 86 մլրդ ԱՄՆ դոլարը, որը երկրի ՀՆԱ-ի 150%-ից ավելի է: Համաշխարհային բանկը ճգնաժամային է գնահատել Լիբանանի տնտեսական դրությունը` կառավարությանը կոչ անելով ցնցումներից խուսափելու համար կոշտ տնտեսական քաղաքականություն վարել:

Լիբանանի կառավարությունը 2019թ. հոկտեմբերի սկզբին սոցիալական ներքին լարվածության պայմաններում հայտարարեց միջազգային պահուստային ֆոնդերից ևս 11 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մտադրության և մի շարք հարկեր բարձրացնելու մասին. հարկ սահմանվեց ինտերնետային WhatsApp հավելվածից օգտվելու համար:

Սա այն կայծն էր, որը դարձավ մեծ հրդեհի պատճառը. 2019թ. հոկտեմբերի 17-ին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ դժգոհելով տարիներ շարունակ կուտակված սոցիալական դժվարություններից, կոռուպցիայից ու կառավարության անգործությունից: Բողոքի ցույցերի արդեն երկրորդ օրը հնչեցին պահանջներ՝ պաշտոնից հեռացնել կոռուպցիոն պատմությունների մեջ ներքաշված մարդկանց, իրականացնել տնտեսական արդյունավետ քաղաքականություն և արագորեն բարելավել լիբանանցիների սոցիալական վիճակը:

Նույնիսկ Լիբանանի կառավարությունը չի ժխտում, որ երկրում կա սոցիալական մեծ լարվածություն. Transparency international միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ 2018-ին 180 երկրների շարքում Լիբանանը կոռուպցիայի բարձր մակարդակով զբաղեցրել է 138-րդ տեղը, բնակիչներին էլեկտրաէներգիա և ջուր անբավարար է մատակարարվում, մարդկանց եկամուտն ու ծախսերը խիստ անհավասար են, ինչի հետևանքով վարկային բեռը Լիբանանի քաղաքացիների համար տարեցտարի ծանրանում է:

Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար բերենք մի քանի փաստ.

Նվազագույն աշխատավարձը Լիբանանում 400-466 ԱՄՆ դոլար է, միջին աշխատավարձը 1000 ԱՄՆ դոլար է, սակայն կոմունալ, կենցաղային ծախսերն այնքան շատ են, որ անգամ միջինից բարձր աշխատավարձ ստացողի համար է դժվար:

Այսպես, հացը Լիբանանում արժե 0.85-1 դոլար (405-477 ՀՀ դրամ), ձուն՝ 0.23$ (110 դրամ), խմելու ջրի 1 լիտրը՝ 0.60$ (286 դրամ), կաթի 1 լիտրը՝ 2.08$ (990 դրամ), 1 կգ տավարի միսը՝ 12.15$ (5800 դրամ):

Բեյրութում ավտոբուսի տոմսն արժե 1.34$ (640 դրամ), տաքսիի 1կմ-ն՝ 1.40$ (670 դրամ), բենզինի 1 լիտրը՝ 0.84$ (400 դրամ):

Լիբանանի տարածքում բջջային հեռախոսով 1 րոպե խոսակցության արժեքը տատանվում է 0.34$-ի սահմաններում (163 դրամ), մալուխային ինտերնետի ամսավճարը միջինում 51$ է (24.000 դրամ):

Հագուստը ևս թանկ հաճույք է Լիբանանում՝ ջինսե տաբատը Բեյրութի խանութներում վաճառվում է միջինում 97$-ով (46.000 ՀՀ դրամ), կաշվե դասական կոշիկը՝ 90-137$-ով (43.000-65.000 դրամ):

Ստացվում է՝ 2 երեխա ունեցող՝ 4 անդամից բաղկացած լիբանանյան ընտանիքի միջին մակարդակի պահանջների բավարարման համար ամսական ծախսվում է 3500$, այն դեպքում, երբ ընտանիքի մեկ անդամի միջին հնարավոր եկամուտը 1000-1500$ է: 1500$-ից ավելի աշխատավարձ ստանում է լիբանանցիների խիստ փոքր մասը, հետևաբար ծախսերն ու եկամուտները ոչ միայն չեն համապատասխանում, այլև մարդկանց ստիպում են կարիքների բավարարման համար նոր վարկեր վերցնել:

Ահա այդպիսի սոցիալական լարվածության պայմաններում կառավարության նախաձեռնած հարկային կոշտ քաղաքականությունը փողոց հանեց իրենց կենսամակարդակից դժգոհ լիբանանցիներին: Սոցիալական բողոքը, սակայն, հաշված օրերում վերածվեց քաղաքական պայքարի: Արդեն հոկտեմբերի 20-ին՝ ցույցերի 3-րդ օրը, մոտ կես միլիոն մարդ Լիբանանի ամբողջ տարածքում փողոց էր դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը. hոկտեմբերի 29-ին վարչապետ Հարիրին հրաժարական տվեց, ինչը ոգևորության ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Աղքատության բարձր մակարդակ ունեցող Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 4.1 մլրդ դոլար, որը համաշխարհային սանդղակում 522-րդն է:


Սաադ Հարիրին և Սամիր Ժահժահը

Սաադ Հարիրիի բարեկամները՝ նրա դեմ պայքարողների առաջնորդներ

Ու շադրության է արժանի ևս մեկ իրողություն. սոցիալական բողոքը քաղաքական պահանջների վերածած կուսակցությունների կազմում հիմնականում այն ուժերն են, որոնք վարչապետ Հարիրիի հետ դաշինքով հայտնվել են խորհրդարանում և այժմ էլ նրա հետ գործընկերային կապեր ունեն: Այդպիսի առանցքային դեր է ստանձնել «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որի առաջնորդ Սամիր Ժահժահը մի կողմից խորհրդարանում «Մարտի 14-ի կոալիցիա»-ի կազմում աշխատում էր վարչապետ Հարիրիի հետ, մյուս կողմից՝ փողոցում ցուցարարների առաջ կառավարությանը հեռացնելու և երկրի կառավարման արմատական փոփոխություններ անելու կոչեր անում: Ժահժահը լիբանանյան ոչ ստանդարտ կառավարություն ձևավորելու ջատագովներից է, որի դեպքում, փաստորեն, առ ոչինչ են ճանաչվում 2018-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, և կառավարությունը կազմվում է ոչ թե խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, այլ բացառապես արհեստավարժ մասնագետներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն տնտեսական արդյունավետ քաղաքականություն:

Վարչապետ Հարիրիի կառավարության դեմ պայքարող նրա խորհրդարանական գործընկերների գլխավոր թիրախը «Հեզբոլլահ»-ն է, որին ցանկանում են դուրս մղել երկրի կառավարման համակարգից: Հենց «Հեզբոլլահ»-ի դեմ էլ փողոցային պայքարում հանրությանը տրամադրում է Սամիր Ժահժահի գլխավորած «Լիբանանյան ուժեր»-ը, որին գումարվում են «Հեզբոլլահ»-ի հետ համագործակցող ուժերի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները (Միացյալ Նահանգները «Հեզբոլլահ»-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն):

Ի պատասխան՝ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը հոկտեմբերի 25-ին դիմեց Լիբանանի հանրությանը՝ նշելով, որ անհնազանդության գործողությունները երկիրը կտանեն քաոսի և քաղաքացիական պատերազմի: Նասրալլահը նաև բաց տեքստով շեշտեց, որ Լիբանանի անկայունության համար մեղավոր են արտաքին ուժերը, հատկապես՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան:

«Հեզբոլլահ»-ից ազատվելու փորձերը

Մ իջազգային լրատվամիջոցներն ու փորձագիտական կենտրոնները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են վերոնշյալ երեք պետությունների կողմից Լիբանանի նկատմամբ ոտնձգությունների փորձերին: Քանի որ Լիբանանը ավանդաբար իրանական ազդեցության գոտում է՝ շնորհիվ «Հեզբոլլահ»-ի ուժի և հեղինակության, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան տարբեր միջոցներով պարբերաբար փորձում են դուրս մղել «Հեզբոլլահ»-ը Լիբանանի կառավարման համակարգից՝ վերացնելով Իրանի ազդեցությունը Լիբանանում, իմա՝ ամբողջ տարածաշրջանում և հատկապես՝ Իսրայելի սահմանի մոտ:


Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայում 2017թ.

2017-ին «Հեզբոլլահ»-ից ազատվելու քայլ արվեց նաև վարչապետ Սաադ Հարիրիի միջոցով: Ըստ ամերիկյան The New York Times-ի բացահայտումների՝ Սաուդյան Արաբիայում բիզնես գործունեություն ծավալող Հարիրին2017թ. նոյեմբերի 4-ին անակնկալ այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ Սալման Իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո սաուդական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել և հայտարարել, որ հրաժարական է տալիս, քանի որ իրանական կողմից իր կյանքին վտանգ է սպառնում, որը կարող է իրականացնել «Հեզբոլլահ»-ը: Ավելի ուշ պարզվեց, որ Հարիրին չի կարող լքել Սաուդյան Արաբիայի տարածքը, քանի որ ենթարկվել է տնային կալանքի, և Լիբանանի նախագահ Միշել Աունի կոչով միջազգային հանրության ճնշումների ներքո Սաուդյան Արաբիան բաց թողեց Հարիրիին, որն էլ հայտարարեց, թե փոշմանել է հրաժարականի առումով և կուլիսային բանակցություններով հաշտություն կնքեց «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ:

Հարիրին, սակայն, այժմ այնքան չի քննադատվում, որքան հակաիսրայելական տրամադրություններով հայտնի և «Հեզբոլլահ»-ին պաշտպանող նախագահ Միշել Աունը: Վարչապետի հրաժարականից հետո «Լիբանանյան ուժեր» կուսակցության քարոզչական հնարքներով հանրության համար թիրախը փոխվեց՝ անցնելով նախագահ Միշել Աունին: Այժմ հենց նա է մեղադրվում կոռուպցիայի, տնտեսական անհաջողությունների և արտաքին սխալ քաղաքականության համար: Դրան գումարվում է նաև ԱԳ նախարար Ջիբրան Բասիլի հետ նախագահի ընտանեկան կապը: Լիբանանի նախագահը մեղադրվում է իր փեսային պետական բարձր պաշտոնի տեղավորելու և այդկերպ արտաքին քաղաքականությունն իր վերահսկողության տակ պահելու համար:

Այսպիսով, արագ տեմպերով հանրության աչքում հեղինակազրկվում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն համագործակցում ԱՄՆ-ի, Իսրայելի կամ Սաուդյան Արաբիայի հետ: Հայկական ավանդական կուսակցությունները հիմնականում խորհրդարանում ներկայացված են նախագահ Միշել Աունի՝ «Մարտի 8-ի կոալիցիայում», որը հայտնի է քրիստոնյաների նկատմամբ հավասար պայմաններ ապահովելու դիրքորոշմամբ:

Լիբանանահայերը

Լ իբանանահայ բնակչության թիվը ներկայումս, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մոտ 50 հազար է: Անկախ ամենից, Լիբանանի հայերը զգալի դեր ունեն, օգտվում են անկախ համայնքային կյանք վարելու, կրոնական, մշակութային, կրթական հաստատություններ ունենալու իրավունքից, նաև ակտիվ ներգրավված են երկրի կառավարման համակարգում: Լիբանանի խորհրդարանում կա 6 հայ պատգամավոր, զբոսաշրջության և սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարները նույնպես հայ են: Լիբանանում է նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկը՝ Կիլիկիո կաթողիկոսությունը Անթիլիասում:

Ինչպես 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին, 2019թ. հոկտեմբերի 17-ից սկսված ներքին բախումների ժամանակ ևս լիբանանահայերը հնարավորինս չեզոք դիրքորոշում են որդեգրել, թեպետ լիովին դուրս մնալ գործընթացներից հնարավոր չէ: Փողոցային պայքարի մեջ ներքաշված են շարքային լիբանանահայեր, որոնք բողոքի ակցիաների ժամանակ առաջնորդի դեր են ստանձնում. ակնառու կերպարներից է Բեյրութի կենտրոնական փողոցներն արգելափակած ցուցարարներին առաջնորդող Ջոել Պետրակյանը: Նա նախագահ Աունի և կառավարության ակտիվ ընդդիմախոսներից է և կոչ է անում ամբոխին չբանակցել և պահանջել իշխանության հեռացումը: Ընդդիմադիր ճամբարի հիմնական առաջնորդ Սամիր Ժահժահը պնդում է, որ նոր կառավարությունում քրիստոնեական համայնքներին պետք է զրկել արտոնություններից:

Ն ախահեղափոխական Լիբանանում փողոցային պայքարն ավելի սրելու համար նոյեմբերի 12-ից գործի դրվեցին ամբոխին գրգռելու այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպես ցուցարարների համատարած սպանությունների մասին լուրերի տարածումն է և խանութների թալանը: Նոյեմբերի 12-ին անհասկանալի պայմաններում, բախումների վայրից հեռու, Բեյրութում գնդակահարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալաա Աբու Ֆախըրին:  Զոհված ընդդիմադիրը միանգամից որակվեց «հայրենիքի նահատակ», սկսվեցին համատարած մոմավառություններ ամբողջ Լիբանանում, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, մայրաքաղաքի ու խոշոր բնակավայրերի ցուցարարները քարկոծեցին ոստիկանության ծառայողներին ու պետական հաստատությունները, փակեցին մայրուղիներ ու թունելներ, որոշ հատվածներում անգամ աղյուսից պատեր կառուցեցին՝ դիրքավորվելով փողոցային մարտերի բարիկադներում:

Բողոքի ակցիաների մասնակիցներին ոգևորեցին Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունների սատարող հայտարարությունները: Մասնավորապես, նոյեմբերի 17-ին Լիբանանում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնական հայտարարություն տարածեց. «Մենք աջակցում ենք Լիբանանի քաղաքացիներին՝ նրանց ցույցերի և ազգային միասնականության արտահայտման համար» :

Լիբանանի շուրջ աշխարհաքաղաքական շահերն ավելի ակնառու դարձան այդ հայտարարությունից հետո: ԱՄՆ պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը բացահայտ ասաց, որ պետք է աջակցել Իրաքի և Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատվելու համար Իրանի ազդեցությունից: Իրանական ազդեցության դեմ պայքարի ակտիվ մասնակից է համարվում Լիբանանի ֆինանսների նախկին նախարար, 75-ամյա գործարար Մուհամեդ Սաֆադին, ում էլ վարչապետի պաշտոնում առաջարկել է հրաժարական տված Սաադ Հարիրին: Սաֆադիի անունը, ի դեպ, սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ:  Նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում կարող է կասկածից վեր լինել, որ սաուդյան ֆինանսական ներարկումների միջոցով նախ փորձ կարվի բավարարել լիբանանյան հանրության սոցիալական պահանջները, ապա նույն այդ հանրությանը տրամադրել «Հեզբոլլահ»-ի, հետևաբար՝ Իրանի դեմ:

BBC-ի արաբական ծառայությունն արդեն ակտիվորեն հոդվածներ ու ծաղրանկարներ է հրապարակում Իրանի և «Հեզբոլլահ»-ի թեմաներով՝ Լիբանանի բնակչությանը մատուցելով մեկ նշանաբան՝ «Իրաքից Լիբանան մեկ հեղափոխություն է և այն չի մեռնի»:

Թեև Լիբանանի նախագահը և քաղաքական մի քանի ուժեր առաջարկել են ընդառաջ գնալ ցուցարարների և նրանց առաջնորդների պահանջներին և կառավարություն կազմել ոչ թե խորհրդարան մտած կուսակցությունների ներկայացուցիչներից, այլ բացառապես տեխնոկրատներից, սակայն փողոցը գրաված ընդդիմությունը մերժեց նաև այդ առաջարկը՝ պահանջելով դաշտից հեռացնել իրանամետ «Հեզբոլլահ»-ին և դրանից հետո միայն կազմել նոր կառավարություն:

Ա յսպիսով, կարելի է ենթադրել, որ Լիբանանը, ամենայն հավանականությամբ, կլինի 2011-ից մեկնարկած «Արաբական գարնան» հերթական պետությունը, որտեղ իշխանության արմատական փոփոխությամբ տեղի է ունենում ոչ միայն կառավարման համակարգի, այլև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն:

Դեռևս 2005-ից Սաուդյան Արաբիայի հետ ֆինանսական սերտ կապեր հաստատած նախկին վարչապետ Հարիրին կարողացավ ճիշտ ժամանակին հրաժարական տալ՝ խուսափելով տնտեսական խնդիրների պատասխանատվությունից և հանրության զայրույթն ուղղորդել իր քաղաքական հակառակորդների՝ իրանամետ և ռուսամետ նախագահի թիմի դեմ: Եթե սոցիալական խնդիրներից քաղաքականի վերածված բողոքի ցույցերի արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնի այս պահին ամենահավանական թեկնածու Մուհամեդ Սաֆադին, ապա Լիբանանի իշխանության բարձրագույն օղակներն ամբողջությամբ կանցնեն Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ, ինչի հետևանքով զգալիորեն կթուլանան Իրանի դիրքերը, հատկապես, եթե նոր կառավարությունը՝ Սաուդյան Արաբիայի դրդմամբ քրեական մեղադրանքներ առաջադրի «Հեզբոլլահ»-ի նկատմամբ:

Ռուսաստանի շահերը ևս առանցքային են տարածաշրջանում: Ռուսական ռազմածովային ուժերը ազատ տեղաշարժվում են Միջերկրական ծովում և ցանկացած ժամանակ կայանում Լիբանանի ափերին: Լիբանանում ունեցած իր մեծ ազդեցությամբ ու դիրքով Իրանն էլ մշտական ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ «Հեզբոլլահ»-ի ձեռամբ պարբերաբար սպառնալով Իսրայելի անվտանգությանը:

Ն ոյեմբերի 18-ից հետո լարվածությունը հասել է այն աստիճանի, որ բանակն արգելափակել է մայրաքաղաք Բեյրութը, և մարդիկ մեծ մասամբ հատուկ անցագրերով են փողոց դուրս գալիս, երթևեկությունը, բանկային համակարգը, կոմունալ սպասարկման ծառայությունները կաթվածահար են: Նոյեմբերի 25-ին Բեյրութի փողոցներն արդեն վերածվել են մարտադաշտի՝ մի կողմից «Հեզբոլլահ»-ի, մյուս կողմից՝ հակակառավարական ուժերի կողմնակիցների միջև: Այդ իրավիճակում նախկին վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 27-ի երեկոյան հայտարարել է, որ որևէ կերպ չի համաձայնի նորից ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, ինչը նշանակում է երկու հակադիր բևեռների նոր բախումներ:
 


Անկախ փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները կարող են չհամընկնել «Օրբելի» կենտրոնի տեսակետներին: