Ստամբուլում նոր ընտրություններ կլինեն
4 ր. | 2019-05-08Թուրքիայի իշխանությունները չեն զիջում Ստամբուլը
Թ վում էր, թե քվեաթերթիկների վերահաշվարկը չի փոխի ընտրությունների արդյունքը, սակայն մայիսի 6-ին Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշեց չեղարկել ՏԻՄ ընտրությունները Ստամբուլում և հունիսի 23-ին նոր ընտրություն անցկացնել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել էր, որ ընտրական գործընթացում «օրենքի խախտումներ են եղել», և Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու դիմումը: ԹՀ նախագահը հայտարարել է, որ իրենց թեկնածուն շարունակելու է լինել երկրի նախկին վարչապետ և խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը:
Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ՏԻՄ քարոզարշավի ժամանակ
Որոշման ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց դժգոհությունն են արտահայտել: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել ժողովրդին չհուսահատվել և «զենքերը վայր չդնել»: Ընդդիմադիր թեկնածուն Բարձրագույն ընտրական հանձնաժողովին մեղադրել է իշխանության սպառնալիքների առջև «վիզը ծռելու» և գործիք դառնալու մեջ: Իմամօղլուն նշել է, որ նույն տրամաբանությամբ խորհուրդը կարող էր չեղարկել նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, 2018թ. հունիսի ընտրությունների արդյունքները, երբ նախագահ դարձավ Ռ.Թ. Էրդողանը։ Ընդդիմադիր գործիչը իշխանությունների այդ գործելաոճն անվանել է «ժողովրդավարության դեմ դավաճանական կեցվածք»։
Թուրքիայի ընդդիմադիր, ազգայնական թևը ներկայացնող «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները նույնպես կոշտ է արձագանքել որոշմանը: Նա նշել է, որ այն ոտնահարում է Ստամբուլի քաղաքացիների, այդ թվում նաև իշխող ԱԶԿ-ին և նրանց դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությանը ձայն տված քաղաքացիների իրավունքները:
Մայիսի 7-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան:
Ստամբուլում նոր ընտրությունների անցկացումը կանխատեսելի էր, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախ և առաջ բարձրացրեց Ստամբուլի մոտ 300 հազար անվավեր քվեների հարցը, ապա՝ Ստամբուլի որոշ թաղամասերում ԱԶԿ-ի պահանջով տեղի ունեցավ վերահաշվարկ: Չնայած ջանքերին՝ ընդդիմադիր թեկնածու Է.Իմամօղլուն Ստամբուլում առաջ անցավ մոտ 13 հազար ձայնի տարբերությամբ:
Իշխանությունների նմանատիպ քայլի գնալը կարելի է բացատրել մի քանի պատճառներով՝
- Ստամբուլը շատ կարևոր քաղաքական կենտրոն է, և ինչպես Էրդողանն է սիրում կրկնել, «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև ողջ Թուրքիայում»: Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց հետո է սկսվել Էրդողանի քաղաքական վերելքը, ինչը, հավանաբար, թույլ չի տալիս զիջել Ստամբուլն ընդդիմադիրներին:
- Բացի այդ, Ստամբուլն ամենախոշոր քաղաքն է և տնտեսական հիմնական շարժիչ ուժը, ապահովում է ԹՀ ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը, ինչպես նաև վերահսկում է պետական ծախսերի հիմնական մասը: Հետևաբար կենտրոնական իշխանությունների համար կարևոր է այս քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքում պահելը:
- Կան նաև կարծիքներ, որ Ստամբուլի քաղաքապետարանում իշխող ԱԶԿ-ն հնարավոր է, որ որոշ ոչ օրինական նախագծեր, նախաձեռնություններ է իրականացրել և դրանց բացահայտումը կանխելու համար, չեն կարող թույլ տալ, որ քաղաքն անցնի ընդդիմադիր ՀԺԿ-ին:
Առաջիկա ընտրություններում, ինչպես արդեն նշվեց, իշխող ԱԶԿ-ի թեկնածուն շարունակելու է մնալ Բինալի Յըլդըրըմը, իսկ ընդդիմադիր ՀԺԿ-ին թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն: Մեր կարծիքով Իմամօղլուի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է, քան Յըլդըրըմինը, քանի որ իշխող ԱԶԿ-ի պարտությունը Ստամբուլում պայմանավորված էր ինչպես տնտեսական ճգնաժամի, մտավորական խավի և փոքրամասնությունների կողմից ՀԺԿ-ին նախընտրություն տալու, այնպես էլ իշխող կուսակցության ոչ այնքան «խարիզմատիկ» թեկնածու առաջադրելու հետ, հետևաբար չի բացառվում, որ Իմամօղլուն կարող է կրկին հաղթել: Պետք է նաև հաշվի առնել, որ ընդդիմադիր թեկնածուն նույնպես հաջող քարոզարշավ է իրականացրել. նրան հաջողվել է ավելի խարիզմատիկ առաջնորդի կերպար ձևավորել, իսկ հաղթանակից հետո նրա վարկանիշը, բնականաբար, աճել է:
Իհարկե, չպետք է մոռանալ, որ ընտրություններն անցկացվելու են հունիսի 23-ին, ինչը կարող է հնարավորություն տալ իշխանություններին թե՛ քարոզարշավի, թե՛ վարչական տարբեր միջոցների, թե՛ ընդդիմադիրների ռեսուրսների սահմանափակումների, ձերբակալությունների, ինչպես նաև հենց ընտրության օրը ընտրախախտումների և ընտրակեղծումների միջոցով հաղթանակ տանել:
ՏԻՄ ընտրությունների կրկնակի անցկացման և Ստամբուլում իշխող ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում Թուրքիայում իրավիճակը միևնույն է շարունակելու է լարված մնալ: ԹՀ իշխանությունների նման քայլերը էլ ավելի են մեծացնում լարվածությունը թուրքական հասարակության մեջ՝ հանգեցնելով բևեռացման և նոր բախումների: