Բրիտանական վերլուծական կենտրոնները

7 ր.   |  2019-04-09

Մեծ Բրիտանիայում վերլուծական կենտրոնները հայտնի են ակտիվ գործունեությամբ ու ազդեցությամբ, և կարևոր դերակատարություն ունեն ներքին ու արտաքին գործընթացների վերլուծության և նոր գաղափարների զարգացման համար: Համաձայն Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությունների՝ վերլուծական կենտրոնների թվով Մեծ Բրիտանիան աշխարկում երրորդ տեղում է՝ 444 վերլուծական կենտրոն: Աշխարհի ամենաազդեցիկ 100 վերլուծական կենտրոնների շարքում կա բրիտանական 13 կենտրոն. հարյուրյակի երկրորդ հորիզոնակում է բրիտանական Chatham House-ը:

Մեծ Բրիտանիայում վերլուծական կենտրոնների առանձնահատկություններն առավել հստակ պատկերացնելու համար կարող ենք պայմանականորեն դասակարգել հետևյալ չափորոշիչներով՝

  • գործունեության ուղղվածություն,
  • տարբեր գերատեսչությունների հետ ունեցած կապեր,
  • կուսակցությունների հետ ունեցած կապեր:

Հոդվածում ներկայացված վերլուծական կենտրոնները հիմնականում ընտրվել են The Guardian-ի և Օքսֆորդի համալսարանի Կարիերայի ծառայության կողմից ներկայացված բրիտանական ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնների ցանկից:

Բ րիտանական վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններն ու վերլուծությունները հիմնականում ունեն կոնկրետ գաղափարական ուղղվածություն: Պայմանականորեն կարելի է առանձնացնել հետևյալ խմբերը.

Պահպանողական: Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է խթանել պահպանողական շարժումները, սոցիալական համակարգերը, ավանդական արժեքները և ամրապնդել այդ ուղղությունը քաղաքական դաշտում (International Institute for Strategic Studies, Bow Group, The Bruges Group և այլն): Օրինակ, Bow Group-ը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն, Մեծ Բրիտանիայի սուվերենությունը, բրիտանական ինքնությունն ու ավանդույթները պահպանելուն: 2016թ.-ին Լոնդոնում «Հանրության հետ աշխատանքի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա լավագույն վերլուծական կենտրոն» մրցանակը, որը կանխատեսել էր Brexit-ը և Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Brexit-ի վճարի հետ կապված քննարկումների փուլում վերլուծական կենտրոնի նախագահ Բեն Հարիս Քուինին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Թերեզա Մեյի հրաժարականը՝ շեշտելով, որ կառավարությունը պետք է գործի ի շահ ժողովրդի:  

Լիբերալ պահպանողական: Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է պաշտպանել լիբերալ, ժողովրդավարական և ավանդական արժեքները (օրինակ՝ Bright Blue): 2018-ի սեպտեմբերին Brigh Blue վերլուծական կենտրոնը հրապարակել է էսսեների փաթեթ՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան ամրապնդել իր լիբերալ պահպանողական քաղաքականությունը:

Աջակենտրոն: Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է ապահովել սոցիալական արդարությունը, նպաստել ազատ շուկայական տնտեսությանը, ավելի լավ հանրային ծառայությունների, ուժեղ հասարակության և դինամիկ տնտեսության ստեղծմանը (Centre for Policy Studies, The Centre for Social Justice, Policy Exchange և այլն): Նշենք, որ The Centre for Social Justice-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարությանը ներկայացրել է առաջարկ՝ փոքրամասնությունների (մասնավորապես՝ կրոնական) պաշտպանության հարցերով Ազգային կոմիտե ստեղծել, որը կունենա մանդատ՝ պաշտպանելու և խթանելու փոքրամասնությունների իրավունքները, տրամադրել խորհրդատվություն նրանց վերաբերող քաղաքականության մշակման գործընթացում: Հետաքրքական է նաև, որ կենտրոնի փորձագետներից է Թերեզա Մեյի նախկին ավագ խորհրդականը՝ Ֆիոնա Քանինգհեմը, ով կենտրոնին է միացել աշխատանքից դուրս գալուց անմիջապես հետո:

Աջակողմյան: Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է հարկային և հանրային ծառայությունների բարեփոխումները (TaxPayers' Alliance, Institute of Economic Affairs և այլն): Նշենք, որ Institute of Economic Affairs-ը առաջարկում է ԵՄ-Մեծ Բրիտանիա տնտեսական հարաբերությունները Brexit-ից հետո կառուցել Կանադայի նման ազատ առևտրի համաձայնագրի վրա, որը կներառի նոր անգլո-իռլանդական պայմանագիր՝ պահպանելու Անգլիա-Իռլանդիա բաց սահմանը:

Ձախակենտրոն: Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է երկարաժամկետ արդյունքի հասնել գործնական, աստիճանական բարեփոխումների միջոցով (Fabian Society, Institute for Public Policy Research և այլն): Հատկանշական է, որ 2018-ի գարնանը Fabian Society-ն պատրաստել է զեկույց, որտեղ կառավարությանն առաջարկվել է բարեփոխումներ իրականացնել ֆիսկալ քաղաքականությունում, մեծացնել առևտրային միությունների լիազորությունները, տեղական իշխանություններին տալ ավելի լայն տնտեսական լիազորություններ և այլն: Զեկույցի պատրաստման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Լեյբորիստական կուսակցությունից 3 խորհրդարանականներ:

Նեոլիբերալ:  Վերլուծական կենտրոնների այս խմբի նպատակն է պաշտպանել ազատ շուկայական և դասական լիբերալ գաղափարները (օրինակ՝ Adam Smith Institute): Adam Smith Institute-ը 2018թ. մայիսին հրապարակել է հետազտություն, որտեղ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հարկ վճարողներն իրենց եկամուտից ավելի շատ հարկ են վճարել: Մեկ այլ հետազոտությունում էլ վերլուծական կենտրոնն առաջարկում է կենդանիների միսը փոխարինել լաբորատորիաներում աճեցվող մսով, ինչը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը:

Մ եծ Բրիտանիայում տարբեր գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք վերլուծական կենտրոններ տրամադրում են վերլուծություններ, առաջարկներ, ինչպես նաև իրականացնում են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ պետական գործիչների ներգրավմամբ, ինչն, ըստ էության, համարվում է ևս մեկ գործիք՝ ազդելու որոշումների կայացման գործընթացի վրա:  

Խորհրդարան: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ համագործակցող վերլուծական կենտրոններից են Institute for Public Policy Research–ը, Resolution Foundation-ը, Social Market Foundation-ը, Bright Blue-ը, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում պատգամավորների ներգրավմամբ: Հատկանշական է, որ Social Market Foundation–ի Խորհրդի անդամների թվում կան նաև պատգամավորներ, իսկ Bright Blue-ն վայելում է 158 խորհրդարանականների աջակցությունը, որոնց անունները հրապարակված են կենտրոնի կայքէջում:

Կառավարություն: Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համագործակցող վերլուծական կենտրոններից են Institute for Government-ը, Chatham House –ը, Policy Exchange-ը, որոնք ծրագրեր են իրականցնում այդ թվում՝ կառավարության որոշում կայացնողների ներգրավմամբ: Օրինակ, Institute for Government-ը 2013-2015թթ. իրականացրել է ծրագիր, որի նպատակն էր բարձրացնել քաղաքական որոշումների կիրառման արդյունավետությանը:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում գործում է The Development, Concepts and Doctrine Centre (DCDC)-ը, որը ֆինանսավորվում է նախարարության կողմից: Կենտրոնը քաղաքականություն մշակողների համար երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր է մշակում, պատրաստում հայեցակարգեր:

Բրիտանական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներն ունեն անձնական կապեր կուսակցությունների հետ, որոնց աշխատանքներում երբեմն ներգրավվում են:

Լեյբորիստական կուսակցության հետ առնչություն ունեցող կենտրոններից են Compass-ը, Fabian Society-ն, Policy Network-ը, Smith Institute-ը: Policy Network–ի նախագահը Միացյալ Թագավորության գործարարության նախկին նախարար, լեյբորիստական կուսակցության անդամ լորդ Փիտեր Մանդելսոնն է: Smith Institute–ի տնօրենն էլ Փոլ Հաքեթն է, ով 1997-2005թթ-ին եղել է Բրիտանիայի փոխվարչապետի (Լեյբորիստական կուսակցությունից) գլխավոր խորհրդականը:  

Պահպանողական կուսակցության հետ առնչություն ունեցող կենտրոններից է Centre for Social Justice-ը, որի նախագահը խորհրդարանական Իրան Սմիթն է (Պահպանողական կուսակցությունից է, 2001-2003թթ կուսակցության նախագահն էր),  Centre for Policy Studies–ը, որը հիմնադրել է Մարգարետ Թետչերը, ով նույնպես ներկայացնում էր պահպանողական կուսակցությունը: Legatum Institute-ը ևս հարում է Պահպանողական կուսակցությանը:

Թերեզա Մեյը և բրիտանական վերլուծական կենտրոնները

Ը ստ տարբեր գնահատականների՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը և վարչապետ Թերեզա Մեյը, ի տարբերություն նախկին իշխանության, համեմատաբար քիչ են համագործակցում վերլուծական կենտրոնների հետ: Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնլ մի քանի վերլուծական կենտրոն, որոնց գործունեությունը կարևորվում է ներկայիս վարչակարգի կողմից:

1831թ. հիմնադրված Royal United Services Institute-ը, որը հետազոտություններ է իրականացնում պաշտպանության և անվտանգության ոլորտներում, Թերեզա Մեյի կողմից որակվել է որպես ռազմավարության վերաբերյալ ստեղծագործական մտածողություն խրախուսող կենտրոն: Policy Exchange կենտրոնը նույնպես վարչապետ Մեյի ուշադրության կենտրոնում է: Նատալի Էվանսը, ով Թերեզա Մեյի կողմից  2016թ. նշանակվել է Լորդերի պալատի ղեկավար, 2008-2011 թվականներին եղել է Policy Exchange-ի փոխտնօրեն: Ինչպես նշված է Policy Exchange-ի պաշտոնական կայքում, վերլուծական կենտրոնն իր գործունեության ընթացքում կարողացել է մեծ ազդեցություն ունենալ կառավարության քաղաքականության մշակման վրա: Նման ազդեցության օրինակ են ժողովրդի կողմից ընտրվող ոստիկանության հանձնակատարների մասին օրենքի ընդունումը, «աշակերտների հավելավճարի» (pupil premium), ազատ դպրոցների համակարգերի ներդրումը:


Թերեզա Մեյի ելույթը Policy Exchange վերլուծական կենտրոնում, փետրվարի 6, 2019թ.:

Բրիտանական որոշ լրատվամիջոցներ նշում են նաև, որ Bright Blue վերլուծական կենտրոնի գործունեությունը ևս կարևորվում է Թերեզա Մեյի կողմից, քանզի հենց այս կենտրոնի կողմից պատրաստված հետազոտությունների արդյունքում է, որ վարչապետը սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի պաշտպանությանը: 2017թ. հունվարին Մեյի կառավարությունը հայտարարել է ածխային արտանետումները մինչև 2025թ վերացնելու մասին, որի կարևորության մասին Bright Blue-ն շեշտել էր ավելի վաղ:

Legatum Institute վերլուծական կենտրոնն էլ մեծ ազդեցություն է ունեցել  Բրեքսիթի հարցում. համաձայն տարբեր տեղեկությունների՝ հենց այս կենտրոնն է պատրաստել այն նամակը, որը Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և ներկայիս բնապահպանության նախարար Մայքլ Գոուվն ուղարկել էին Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով, Բրեքսիթի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրել: Կազմակերպության տնտեսական հարցրեով տնօրեն Շանկեր Սինգհըմը, ով հեղինակել է նամակը, հայտնի է Բրեքսիթի պաշտոնյաների հետ ունեցած իր սերտ կապերով և մասնակցում է նրանց փակ քննարկումներին:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ թեպետ ներկայիս կառավարությունն աչքի չի ընկնում վերլուծական կենտրոնների հետ ունեցած ակտիվ համագործակցությամբ, ոլորտը համարվում է բավական զարգացած, և վերլուծական կենտրոնները անուղղակիորեն կարողանում են ազդեցություն ունենալ որոշումների ընդունման գործընթացի վրա, իսկ նրանց կողմից իրականացված վերլուծություններն ու հետազոտությունները գտնվում են հանրության և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: