Հետընտրական Ֆրանսիան անկայունության մեջ

7 ր.   |  2024-08-15

«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը». այսպիսին էր Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի արձագանքը այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին ԼըՊենի գլխավորած ծայրահեղ աջական «Ազգային ճակատը» հավաքեց ձայների 31.37%-ը՝ հետևում թողնելով կենտրոնամետներին՝ 14.6%-ով և սոցիալիստներին՝ 13.83%-ով: Իրադարձությունների այս անսպասելի և դրամատիկ շրջադարձը ազդարարեց Ֆրանսիայի օրենսդրական դաշտում քաղաքական անորոշության և հնարավոր վերադասավորումների ժամանակաշրջանի սկիզբը:

Արտահերթ ընտրություների արդյունքները

Արտահերթ ընտրությունների առաջին փուլի արդյունքները գլխավորեց Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի (Jordan Bardella) կուսակցությունը՝ հավաքելով ձայների 33,15%, առաջ անցնելով 28% հավաքած ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» (Nouveau Front populaire) դաշինքից և նախագահի՝ 20% հավաքած կենտրոնամետ կոալիցիայից:

Տագնապած կենտրոնի և ձախի մոտ սկսվեց քաղաքական սակարկությունների փուլը. ավելի քան 200 ձախ և կենտրոնամետ թեկնածուներ դուրս եկան երկրորդ փուլից՝ փորձելով արգելակել աջի հնարավոր հաղթանակը: Արդյունքը դրական էր, բայց ոչ գոհացուցիչ և բավարար. քաղաքական դաշտը դարձավ ավելի անկայաուն, քան մինչև ընտրությությունն էր:

577 տեղանոց խորհրդարանում NFP-ն ստացավ ամենաշատ տեղերը՝ 182 մանդատ: Մակրոնի կուսակցությունը կարողացավ ստանալ 168 մանդատ, իսկ RN-ն ու նրա դաշնակիցները, չնայած առաջին փուլի հաջողություններին, կարողացան ստանալ ընդամենը 143 մանդատ: Եվ չնայած NFP-ի ունեցած հարաբերական մեծամասնությանը կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 289 մանդատ:

Կառավարություն ձևավորելու մարտահրավերները

Համաձայն Սահմանադրության 8-րդ հոդվածի վարչապետին նշանակելու իրավունքը վերապահված է Նախագահին: Նրա վրա չկա որևէ իրավական պարտավորություն վարչապետ ընտրել Ազգային ժողովի ամենամեծ խմբից որևէ մեկից. չկան նաև իրավական ժամկետներ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն, Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակում է խորհրդարանի ամենամեծ դաշինքից, օրենսդրական պահանջին չբավարարող մեծամասնության և երեք ուժերի՝ փոխադարձաբար միմյանց հետ համագործակցության բացառման պայմաններում կառավարության ձևավորումը դառնում է էլ ավելի խրթին գործընթաց:

Կառավարություն կազմելու անկարողության պարագայում նոր արտահերթ ընտրություններ հրավիրելու վրա կա սահմանադրական արգելք. համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության 12-րդ հոդվածի արտահերթ ընտրություններին հաջորդող 1 տարում խորհրդարանի նոր լուծարում չի կարող իրականացվել։ Հետևաբար, խիստ ընդգծված հակասություններով աչքի ընկնող Խորհրդարանը ստիպված կլինի աշխատել առնվազն մինչև 2025թ ամառ: Ըստ որոշ տեսաբանների ավելի հավանական է տեխնոկրատական կառավարության ձևավորումը, որը առօրյա կառավարում կիրականացնի մինչև նոր ընտրությունների հրավիրումը:

Չնայած ընտրություններում ունեցած հաջողություններին, ձախերի կոալիցիայի մեջ տարաձայնություններ կան մի շարք առանցքային ոլորտներում, մասնավորապես տնտեսական և արտաքին քաղաքականության, նվազագույն աշխատավարձների, կենսաթոշակային բարեփոխումների, հարկաբյուջետային և մի շարք այլ հարցերի շուրջ: Բացի այդ ծայրահեղ ձախի մի շարք գործիչներ, ովքեր Իսրայելին մեղադրում են պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ, որակվելով որպես հակասեմիտական, քննադատվել են չափավոր ձախի ներկայացուցիչների կողմից:

Դաշինքի ներսում ընդգծված տարաձայնությունների ամենացայտուն օրինակը վարչապետի միասնական թեկնածուի առաջադրման անկարողությունն էր: Միայն շաբաթներ տևած սակարկություններից հետո NFP-ի կողմից առաջադրվեց Լյուսի Կաստետը (Lucie Castets) Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ազգային ժողովի նախագահի NFP-ի թեկնածուն պարտվեց Մակրոնի կուսակցության և աջակողմյան օրենսդիրների անսպասելի համագործակցության պատճառով:  ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվեց «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Յաել Բրոն-Պիվեն (Yaël Braun-Pivet)՝ քվեարկության երրորդ փուլում ստանալով 220 պատգամավորի աջակցությունը։

Լյուսի Կաստետի առաջադրումից հետո Մակրոնը հայտարարեց քաղաքական հրադադար. հրաժարական տված կառավարությունը կշարունակի աշխատել առնվազն մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։

Նախագահական ընտրություններին ընդառաջ

Օրենսդրական ընտրությունների երկրորդ փուլի երեկոյան Toluna Harris Interactive ինստիտուտը ֆրանսիացիների շրջանում հարցում է կատարել 2027թ. նախագահական ընտրություններում քվեարկության հեռանկարների վերաբերյալ՝ դիտարկելով հնարավոր 4 սցենարներ: Այսպիսով հարցման արդյունքները ցույց են տալիս հետևյալը.

  1. Ձախ կողմում Ժան-Լյուկ Մելենշոնն (Jean-Luc Mélenchon) ունի ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, եթե Ռաֆայել Գլյուքսմանը (Raphaël Glucksmann) առաջադրվի, նրա և Մելենշոնի միջև անջրպետը կրճատվում է։ Գլյուքսմանը նաև ավելի շատ աջակցություն է ստանում, քան Օլիվյե Ֆորը (Olivier Faure). նրանց միջև 8-ից 9 միավորի տարբերություն է։
  2. Նախագահական մեծամասնության ներսում Էդուարդ Ֆիլիպին (Édouard Philippe) և Գաբրիել Աթալին (Gabriel Attal) քվեարկելու մտադրությունները գրեթե նույնն են. կախված սցենարից նրանց միջև ընդամենը 1-2 կետի տարբերություն է:
  3. Էմանուել Մակրոնի 2022թ առաջին փուլի ընտրողները հիմնականում կաջակցեն Էդուարդ Ֆիլիպին (67%) կամ Գաբրիել Աթալին (69%)՝ Օլիվյե Ֆորի փոխարեն: Այնուամենայնիվ, նրանց աջակցությունը մի փոքր ավելի ցածր կլիներ (61% և 62%), եթե հանդիպեն Ռաֆայել Գլյուքսմանի թեկնածությանը:
  4. Ժան-Լյուկ Մելենշոնի 2022թ. առաջին փուլի քվեարկողների մոտ երկու երրորդը կրկին կաջակցի նրան. մի փոքր ավելի քիչ, եթե նա հանդիպի Ռաֆայել Գլյուքսմանի թեկնածությանը:
  5. 2022թ. Մարին Լը Պենի ընտրողների ավելի քան 90%-ը կմնա նրա հետ՝ թույլ տալով Ազգային ճակատին հավաքել 31-32%:

Այնուամենայնիվ, մենք չենք կարող լիովին հիմնվել հասարակական կարծիքի այս հարցումների վրա՝ վստահորեն կանխատեսելու համար, թե ինչ կլինի 2027 թվականին։ Այս թերահավատությունը հիմնված է անցյալի փորձի վրա, օրինակ՝ օրենսդիր ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ հարցումները ցույց էին տալիս, որ Ազգային ճակատը կապահովի ճնշող հաղթանակ՝ բացարձակ մեծամասնությամբ: Այնուամենայնիվ, փաստացի արդյունքները զգալիորեն շեղվեցին այս կանխատեսումներից՝ ընդգծելով հարցումների տվյալներին բնորոշ հնարավոր անճշտություններն ու անորոշությունները:

Նախագահը փակուղում

Այս իրավիճակում Մակրոնը կարող է պահպանել իր պաշտոնը և շարունակել ներկայացնել երկիրը միջազգային հարթակներում: Արտաքին հարաբերությունների և պաշտպանության ոլորտերը կշարունակեն մնալ նրա գործունեության և պատասխանատվության տիրույթում, չնայած այս կապակցությամբ Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամից Ֆրանսուա Հայսբուրգը (François Heisbourg) նշում է․ «Նախագահի սահմանադրական լիազորությունները արտաքին քաղաքականության վերաբերյալ ավելի սահմանափակ են, քան մարդիկ ենթադրում են»:

Ըստ կանխատեսումների անկախ ձևավորվելիք կառավարությունից Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ գլոբալ առումով շատ քիչ բան կարող է փոխվել։ Մեծամասնություն կազմող ձախակողմյան դաշինքը, որի քաղաքական ծրագիրն առավելապես կենտրոնացած է ներպետական խնդիրների լուծման վրա, աչքի է ընկնում Ուկրաինային իր ձայնեղ աջակցությամբ: Նրանց ընտրական պակտը բացահայտորեն աջակցում է Ուկրաինա զենքի մատակարարմանը, ռուս օլիգարխների ակտիվների բռնագրավմանը և Վլադիմիր Պուտինին՝ միջազգային դատարանների առաջ պատասխանատվության ենթարկելուն: Միակ փոփոխությունը, որին կարելի է սպասել, Պաղեստինին առավել մեծ աջակցության տրամադրումն է:

Փոքրամասնության կառավարության պարագայում, պահպանելով արտաքին քաղաքականության իրականացման իր իրավունքը, Նախագահը, հավանաբար, հաճախակի կկանգնի օրենսդրական փակուղու առաջ: Համատեղ կառավարման պայմաններում (cohabitation government՝ երբ նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը տարբեր քաղաքական կուսակցություններից են), պահպանելով իր հիմնական իրավունքները, Նախագահը այնուամենայնիվ, մեծապես կախված կլինի վարչապետից, որին են վերապահված ազգային անվտանգության, բյուջեի վերահսկողության և վարչարարության հիմնական պարտականությունները։

Հետաքրքրականորեն, որոշ փորձագետների կարծիքով չնայած մանդատներ կորցնելուն, Մակրոնի դիրքերը շատ չեն թուլացել։

Euronews-ին տված իր հարցազրույցում  IRIS վերլուծական կենտրոնի տնօրեն Ֆեդերիկո Սանտոպինտոն (Federico Santopinto) նշել է․ «Նա [Մակրոնը] ավելի քիչ թուլացած կլինի, քան մենք ակնկալում էինք, և Ֆրանսիան կշարունակի խաղալ իր միջազգային դերը իրականացնել որոշակի ոճով, ինչպես դա արել է մինչ այժմ»։

Carnegie Europe վերլուծական կենտրոնի անդամ Օլիվիա Լազարի (Olivia Lazard) կարծիքով էլ Լը Պենի անսպասելի պարտությունը նշանակում է, որ Մակրոնը «կպահպանի արժանահավատությունը», իսկ «Եվրոպան դեռևս հարաբերականորեն անվտանգ կմնա, պաշտպանությանը վերաբերող հարցերում»:

Եզրակացություն

Արդյունավետ կառավարում իրականացնելու համար կառավարությունը պետք է ունենա Ազգային ժողովի աջակցությունը։ Կառավարության կողմից հատկացված բյուջետային միջոցներից կախվածությունը հուշում է արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում քաղաքականության իրականացման հնարավոր խոչընդոտերի մասին: Այսպես օրինակ պաշտպանության նախարարը և ֆինանսների նախարարը կարող են արգելափակել զենքի հետագա մատակարարումների ֆինանսավորումը, դրանով իսկ դժվարացնել Մակրոնի կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը:

Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերություններին, որոնք վերջին շրջանում ձեռք են բերել նոր երանգ, ապա պետք է նշել, որ պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը՝ ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանն ուղված ծրագրերից զատ, այժմ նաև ներառում է պաշտպանական նշանակության զինտեխնիկայի վաճառքը Հայաստանին։ Վերջերս տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ  Մակրոնը վերահաստատեց աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը՝ և անդրադառնալով զինտեխնիկայի մատակարարմանը ընդգծեց․ «Մենք մեզ զինում ենք, որպեսզի խուսափենք պատերազմից»։ Ներքին խնդիրների վրա կենտրոնացմամբ կարճաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ քիչ հավանական են: Մակրոնի նախագահությամբ հայ-ֆրանսիական հիմնարար հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան կայուն։

Այսպիսով, Ֆրանսիայի քաղաքական լանդշաֆտը մտել է զգալի անկայունության շրջան: Ձախակողմյան կոալիցիան ապահովել է զգալի, բայց անբավարար թվով մանդատներ՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար: Այս մասնատված խորհրդարանը պետք է իր օրենսդրական պարտականությունները կատարի խորը գաղափարական տարաձայնությունների ֆոնին: Մինչև 2025թ․ ամառ նոր ընտրություններ նշանակելու սահմանադրական սահմանափակումը նշանակում է, որ ուժերի այս անհանգիստ հավասարակշռությունը կպահպանվի՝ հանգեցնելով շարունակական քաղաքական մանևրումների: Այս պայմաններում ձևավորված ցանկացած նոր կառավարություն հավանականորեն լինելու է անկայուն և կարճատև կյանքով: