Մենք ու փոփոխվող աշխարհակարգը
3 ր. | 2022-12-15Ինչու Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը
Ո րքան էլ տարօրինակ չհնչի, այժմ հայկական կողմի (կողմերի) համար ամենապատեհ պահն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը միջազգային հանրությանը նորից ներկայացնելու համար: Առաջին պատերազմի արդյունքն ու նշանակությունը իրավական ճանապարհով լեգիտիմացնել մեզ չհաջողվեց, ինչի հետևանքով ստացանք պատերազմ համապատասխանաբար 2016 և 2020 թվականներին: Ընդ որում, 2020 թվականի պատերազմում մենք փաստացի միայնակ մնացինք ամբողջ աշխարհի դեմ: Պատմության մեջ գրեթե բոլոր կոնֆլիկտները լուծվում են եթե ոչ անմիջապես, ապա առաջին իսկ պատեհ առիթի դեպքում: Սառեցնելու, կոնսերվացնելու պարագայում սպառվում է հարցի էմոցիոնալ շերտը և թղթերի վրա մնում է «ագրեսորի կողմից տարածքի զավթման» փաստը: Համանախագահության կողմից առաջարկված և հակամարտող երկրների կողմից դակված բանակցային 3 հիմնական մոտեցումներից (ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում) Ադրբեջանը առնվազն երկուսը խախտել է: Իր համոզմամբ, ուժի կիրառմամբ վերականգնել է տարածքային ամբողջականությունը: Հետևաբար հայկական կողմին ոչինչ չի մնում, քան հետևողականորեն և շատ արագ բոլոր միջազգային կողմերին հասցեագրել Ադրբեջանի նպատակներն ու մոտիվացիաները՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականության իրականացման համատեքստում՝ հիմքում ունենալով անջատում հանուն փրկության (remedial secession) թեզի կիրարկումը:
Որևէ կերպ կասկածի տակ չդնելով արցախահայության՝ սեփական հողում ամենակարևոր՝ կյանքի իրավունքի իրացման հարցը, պետք է նաև ընդունել, որ այս կոնֆլիկտը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Փլուզվում է աշխարհակարգը, բայց չեն փլուզվում այն գերտերությունները, որոնք մշակել են այդ կարգը: Կարգի փլուզումը դեռ չի նշանակում պետության փլուզում, այլ նոր կարգի մշակում, որի համար ժամանակ կպահանջվի:
Լաչինի միջանցքի փակումը պետք է դիտարկել հետևյալ համատեքստում
- Ադրբեջանը, ինչպես և մենք, չգիտի թե ինչպիսին կլինի գալիք կարգը և փորձում է քաղել հնարավորը,
- Նմանատիպ կոնֆլիկտներում ժամանակը սկսում է աշխատել զենքի օգնությամբ հաղթած կողմի դեմ և աղետ դառնում վերջնահաշվարկում: Հաջողությունը սկսում է բթացնել զգոնությունն ու բացառել կոմպրոմիսը,
- Չի բացառվում, աշխարհակարգի փլուզման հետևանքով ռազմական բախումներ կսկսվեն ոչ միայն Հարավային կովկասում, այլ դրա սահմաններից դուրս՝ ընդլայնելով դրանց մասնակիցների ցանկը: Ոտքի տակ չընկնել անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև Ադրբեջանին:
Ինչ մնում է Հայաստանին, ապա առնվազն քաղաքական վերնախավը պարտավոր է տուրք չտալ հույզերին և թեկուզ հայհոյանքների տարափի ներքո իրականցնել հետևյալ քայլերը
- Հնարավոր և անհնարին բոլոր եղանակներով մոբիլիզացնել երկրի ինչպես մտավոր-մարդկային, այնպես էլ պաշտպանական ռեսուրսները,
- Չխոսել հարցերից, որի մասին չունեն պատշաճ տեղեկատվություն,
- Օրուգիշեր հասարակությանը ներկայացնել, թե ինչի մասին է այս կոնֆլիկտը ( ցավոք մեր հանրության ստվար մեծամասնությունը չգիտի այս հարցի պատասխանը): Ինչ են մեզնից ակնկալում միջազգային հանրությունը, մեր դաշնակիցներն ու ոչ դաշնակիցները:
- Անդադար բացատրել հանրությանը, որ մեր հակառակորդը(ները), հիմար չեն: Նրանք գուցե փիլիսոփայական կաստայի ներկայացուցիչներ չեն, բայց մեզ հաղթել են և վստահ են իրենց ուժերին այս պահին:
- Մեր հարցերը լուծելու ենք միայն մենք և ոչ ոք մեզնից բացի, այդպես է եղել միշտ՝ ի հեճուկս մեր նվաղ պատկերացումների: