Զանգվածային ցույցերը Իրանում

11 ր.   |  2022-10-28

1 979թ․ հեղափոխությունից հետո Իրանում հաստատվեց իսլամական կառավարման համակարգ, որը յուրօրինակ էր իր կառուցվածքային առումով։ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին զանգվածային ցույցերը բռնկվեցին 1999թ․՝ բարեփոխական Salam թերթի գործունեության դադարեցման պատճառով, և այդ գործողություններից ի վեր Իրանում տարբեր պատրվակներով անցկացվել են լայնամասշտաբ բողոքի ցույցեր, սակայն բոլորն էլ հիմնականում ավարտվել են անարդյունք։

2022թ․ սեպտեմբերի 16-ին Իրանում հերթական անգամ բողոքի ցույցեր բռնկվեցին, որի պատճառը դարձավ քրդուհի Մահսա Ամինի մահը: 2022թ․ սեպտեմբերի 14-ին «բարոյական ոստիկանության» կողմից նա ձերբակալվել էր գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Ցուցարարների կարծիքով՝ Ամինը սպանվել էր «իսլամական վարչակարգի դաժան վերաբերմունքի» պատճառով։ Պաշտոնական տվյալներով՝ Մահսայի մահվան պատճառը եղել էր սրտի կաթվածը, սակայն ձերբակալության ականատեսները պնդել են, որ նրան մահակներով ծեծել էին։

Բողոքի առաջին ցույցերը բռնկվեցին սեպտեմբերի 16-ին Իրանի Քրդստանի վարչական կենտրոնում՝ Սանանդաջ քաղաքում Մահսա Ամինի թաղման արարողության ժամանակ, այնուհետև արագորեն տարածվեցին և ընդգրկեցին Թեհրանը, Մաշհադը, Սպահանը, Շիրազը, Թավրիզը, Ղոմը, Ռաշթը, Սարին, Քարաջը, Արաքը, Քերմանշահը, Ուրմիան, Արդաբիլը, Խորրամաբադը և շատ այլ քաղաքներ։ Ընդամենը մի քանի օրում բողոքի ակցիաներն ընդգրկեցին Իրանի գրեթե ողջ տարածքը, սակայն մեկամսյա բուռն ընթացքից հետո աստիճանաբար հանդարտվեցին, թեև դեռևս տեսանելի են ցուցարարների առանձին խմբերի գործողությունները։

Ի՞նչ են պահանջում ցուցարարները և ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները 

Բ ողոքի ցույցերն Իրանում մի քանի տասնամյակների հասարակական դժգոհության ամենամեծ ալիքն է և երկրի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր։ Սկզբում ցուցարարները պահանջում էին հետաքննել և պատժել Ամինիի մահվան մեղավորներին, սակայն աստիճանաբար կարգախոսների բնույթը փոխվեց, վերածվեց քաղաքականի և սկսեցին հնչել հակակառավարական ու իշխանափոխության կարգախոսներ։

Որոշ կանայք ի նշան համերաշխության սկսեցին հանել հիջաբը և վանկարկել «Մահ բռնապետին» կարգախոսը՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Իրանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներն ընդգրկող բողոքի ցույցերի մասնակիցները կազմակերպել և իրականացրել են տարբեր բնույթի գործողություններ, այդ թվում՝

  • Կանայք հանել են իրենց գլխաշորը և կարգախոսներ վանկարկել ոստիկանական ուժերի հասցեին (1,2)։ 
  • Իրանի Քրդստանի քաղաքացիական ակտիվիստները սեպտեմբերի 19-ին հայտարարել էին համընդհանուր գործադուլ (1)։ 
  • Սոցցանցերում հրապարակվել են նյութեր, որտեղ մի շարք կանայք և տղամարդիկ կտրել են իրենց մազերն՝ ի նշան բողոքի (1,2,3
  • Թեհրանի, Թավրիզի, Ամիրքաբիրիի, Ալամեհ Թաբաթաբայի և այլ համալսարանների ուսանողները նույնպես ցույցեր են կազմակերպել (1,2,3,4,5,6,7
  • Ցուցարարները քաղաքի շենքի պատերից պոկել և այրել են Ռուհոլլահ Խոմեյնի, Ալի Խամենեիի, ինչպես նաև գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նկարները (1,2,3,4
  • Թեհրանում և այլ քաղաքներում ցուցարարներն այրել են ոստիկանական շենքեր և մեքենաներ (1,2,3):

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ հիմանականում նույնաբովանդակ են (1,2,3,4,5,6,7)։ Նրանց կարծիքով՝ բողոքի ցույցերը ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից, իսկ Մահսա Ամինիի մահը շահարկվում է քաղաքական նպատակներով։ Իրանի ոստիկանական ուժերը բողոքի ցույցերի տարածումը կանխելու և ակցիաները ցրելու համար կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ ցուցարարներին բերման ենթարկելով և ջրցան մեքենաներ կիրառելով, ինչպես նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշմամբ՝ Իրանում սահմանափակվել է  «Ինստագրամի» և «Վոթսափի» հասանելիությունը: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 1,5 հազար ցուցարար։ Օսլոյում տեղակայված «Իրանի մարդու իրավունքերի պաշտպանության կազմակերպության» կայքէջի տվյալներով՝ ցույցերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 215-ի։ Իսկ մեկ այլ արևմտյան աղբյուրի համաձայն՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 244 ցուցարար և 28 ուժային է զոհվել։ 


Նկար․ 2

Ցույցերի հիմնական առանձնահատկությունը

Բ ողոքի ցույցերը շարունակվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունը սահմանափակեց համացանցային հասանելիությունը: Իշխանությունները ցույցերը վերջնականապես ցրելու համար դեռևս ամբողջությամբ չեն օգտագործել բոլոր ռեսուրսները, սակայն ցուցարարների մոտ չի զգացվում վախի մթնոլորտ, ինչը հիմնարար փոփոխություն է Իրանում հասարակական-քաղաքական իրավիճակում։

Կանանց կենտրոնական դերը հակակառավարական ցույցերում․ Իրանի ներկայիս բողոքի ցույցերի առանձնահատկություններից է կանանց և երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը դարձավ բողոքի ակցիայի խորհրդանիշը։ 1979թ․ իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կանանց մասնակցությամբ նման լայնածավալ բողոքի ակցիաներ երբեք չեն եղել: Առաջին անգամ պետական ​​ապարատի և կրոնական գաղափարախոսության մեծ թվով կողմնակիցների շրջանում նկատվում է հիջաբի պարտադիր կրման նկատմամբ չեզոք կեցվածք:(1)
Աննախադեպ է դարձել ուսանողուհիների և աշակերտուհիների ակցիաներին մասնակցությունը, ովքեր գլխաշորերը հանում են ոչ միայն դպրոցների ներսում, այլև փողոցներում։ (1,2,3,4,5,)

Երիտասարդների ակտիվ մասնակցություն: Վերջիններս ակտիվորեն մասնակցում են բողոքի զանգվածային ակցիաներին և համաքաղաքացիներին գործադուլի կոչ անում, իսկ ուսանողական միությունների խորհուրդները համապատասխան հայտարարություններով են հանդես գալիս։ Հոկտեմբերի 2-ին Թեհրանի Շարիֆի համալսարանի տարածքում ցուցարար ուսանողների և ոստիկանների միջև բախումից հետո Իրանի խոշոր քաղաքներում ուսանողներն ու աշակերտները սկսեցին տարբեր ակցիաներ կազմակերպել՝ ակտիվացնելով շարժումը։ Ավելին, ի տարբերություն 2009թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին, ներկայիս գործողություններին մասնակցում են հիմնականում երիտասարդներ՝ 18-ից 35 տարեկան։ Տարբեր աղբյուրների տվյալներով՝ ցուցարարների 90 տոկոսը 25 տարեկանից ցածր է։ 
Իրանի այսօրվա երիտասարդությունը սոցիալական ցանցերի շնորհիվ ունի ավելի մեծ կապ համաշխարհային տեղեկատվությանը: Գայթակղվելով արևմտյան արժեհամակարգով՝ նրանք վստահ են, որ Իրանում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է գործող իշխանությունը, հետևաբար, նրանց ելույթներն ուղղված են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և քաղաքական վարչակարգի դեմ։  

Գործադուլներ և դասադուլներ: Բողոքի ցույցերի մեկնարկից հետո մի քանի շաբաթ երկրի տարբեր քաղաքներում տեղի էին ունենում նաև դասախոսների և ուսուցիչների գործադուլներ։ Բողոքի ակցիաներին միացան նաև նավթարդյունաբերության ոլորտի աշխատողները, ինչը Իրանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է։ Հրապարակված տեսանյութերի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին վաղ առավոտյան Բուշերի նավթաքիմիական գործարանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել և փակել ճանապարհները։ Ըստ լրատվամիջոցների՝ սկզբում գործադուլ են կազմակերպել Բուշերի, Դամավանդի և Էսելույեի խոշոր նավթավերամշակման գործարանների աշխատակիցները։ Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան հազար նավթային աշխատող։ Այնուհետև բողոքի ցույցերին միացան Աբադանի՝ երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատակիցները։ «Եկել է զանգվածային բողոքի ցույցերի ժամանակը, պատրաստվեք համընդհանուր գործադուլների»,- նշվել է տեղական աշխատավորների կոմիտեի հայտարարության մեջ։ «Սա ճանապարհի միայն սկիզբն է, մենք ամեն օր շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները ժողովրդի հետ»։

Անջատողական տարրերի դերակատարությունը: Առավել լուրջ ուշադրության է արժանի բողոքի ցույցերի ժամանակ հնչող անջատողական կարգախոսները, հատկապես, պանթյուրքիստական կարգախոսները, ինչը վտանգում է ոչ միայն Իրանի տարածքային ամբողջականությանը, այլ նաև հաջողություն գրանցելու դեպքում լուրջ սպառնալիք է տարածաշրջանում ուժային հավասարակշռության խախտման տեսանկյունից։

Իրանի պանթյուրքիստ-անջատողական որոշ խմբեր, օգտվելով բողոքի ցույցերի հնարավորությունից, վանկարկել են անջատողական կարգախոսներ և փորձել բարձրացնել, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» դրոշը։ Պարսկալեզու պանթյուրքիստական լրատվական կայքերն էլ քարոզչական նպատակներով ակտիվորեն լուսաբանում են թյուրքալեզու շրջանների բողոքի ակցիաները՝ փորձելով ցույցերն ամբողջությամբ ներկայացնել որպես անջատողական։ Սակայն ավելի խորքային դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ Իրանում պանթյուրքիստ-անջատողական խմբերն այնքան էլ մեծ և անվերահսկելի չեն, ինչպես դա փորձում են նեկայացենել այս ուժերին սատարող ԶԼՄ-ները։

Ներկայում Իրանում համացանցային սահմանափակումների և տեղեկատվության նվազ հասանելիության պատճառով անջատողական տարրերի մասին ամբողջական պատկերացում կազմելը դժվար է։ Առկա տեղեկության հիման վրա պետք է փաստնենք, որ պանթյուրքիստական ալիքներում հրապարակվող տեսանյութերում պանթյուրքիստ-անջատողական խմբերի թվաքանակը և նրանց կողմից վանկարկվող անջատողական կարգախոսներն այնքան էլ շատ չեն։

Հատկանշական է, որ հրապարակված տարբեր տվյալների համաձայն ցույցերի պատճառով առվել շատ զոհ է գրանցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում, որն առավելապես հայտնի է անջատողական դրսևորումների և հանցագործությունների բարձր ցուցանիշով։ Ի սկզբանե, իշխանությունների հրամանով անվտանգային ուժերը բարձր համակարգվածությամբ ճնշեցին անջատողական միտումները հատկապես ոչ պարսկախոս Քրդստանում, Բելուջիստանում և Ատրպատականում, որոնց բնակչության մի զգալի հատված, նաև արտաքին ուժերի հովանավորությամբ, մշտապես աչքի է ընկել առավել կենտրոնախույս վարքով: (1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12)


Նկար 3․


Ինչո՞վ են այս բողոքի ակցիաները տարբերվում նախորդներից: Իրանում բողոքի ակցիաներ են եղել դեռևս 1983թ․, երբ հիջաբ կրելը պարտադիր դարձավ կանանց համար, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունում առաջին աննախադեպ ցույցերը բռնկվեցին 1999թ․ հուլիսին, երբ արմատական գործիչների աջակցությունը վայլող Իրանի դատական համակարգի կողմից դադարեցվեց բարեփոխական Salam թերթի գործունեությունը։ Այս ցույցերի հիմնական մասնակիցներն ուսանողներն էին, որոնք պահանջում էին մամուլի ազատություն։ 

2009թ․ բազմահազար իրանցիներ դուրս եկան փողոց նախագահական ընտրությունից հետո՝ դրանց արդյունքները համարելով կեղծված: Սակայն ակցիաներն անցկացվել են միայն երկրի խոշոր քաղաքներում՝ հիմնականում միջին խավի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իրանում բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և բռնությունների։ 
Հաջորդ զանգվածային ցույցերի պատճառ դարձավ 2017 և 2019 թվականների տնտեսական անկումը և բենզինի գնաճը։ Ակցիաներ տեղի ունեցան ամբողջ երկրում, սակայն դրանց հիմնականում մասնակցում էր բանվոր դասակարգը։

2022թ․ բողոքի ակցիանների ակներև տարբերությունն Իրանի տասնյակ քաղաքներում և գյուղերում սոցիալական և տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների մասնակցությունն է։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի պատմության մեջ առաջին անգամ էթնիկ տարբեր խմբերի միջև նկատվում է համախմբվածություն։ Ընդհանուր առմամբ,  կարգախոսները նույնաբովանդակ  են:

Իրանում տնտեսական և սոցիալական խնդիրները հիմք ստեղծեցին ներկայիս բողոքի ցույցերի համար, և քաղաքական պատճառները դարձան դրանց խթանիչը։ Իրանի ժողովուրդը կորցնում է հավատը հենց Իսլամական Հանրապետության գաղափարի նկատմամբ: 2021թ․ փաստացի նախորոք կանխորոշված  նախագահական ընտրություններին պատմականորեն ցածր մասնակցությունը և անվավեր քվեաթերթիկների թիվը, որոնք գերազանցում էին նույնիսկ այլ թեկնածուների ձայների թիվը, առաջին նախազգուշական ազդանշանն էին ԻԻՀ քաղաքական համակարգի համար:

Իրանում, ինչպես ցանկացած բողոքի ալիքի դեպքում, այնպես էլ ներկայում նկատվում է արտաքին միջամտություն։ Հավաքական Արևմուտքը դատապարտելով Իրանում ցույցերի ճնշումը՝ իր բաձարցակ աջակցությունն է հայտնում իրանցի ցուցարարներին։ ԱՄՆ-ն, Կանադան և ԵՄ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեցին՝ «ցույցերը դաժանորեն ճնշելու, տեղեկատվության և խոսքի ազատությունը սահմանափակելու համար»։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ բացահայտ հայտարարում են ցուցարարներին ամեն կերպ օգնություն ցուցաբերելու իրենց ցանկության մասին։ 

Իրանում բողոքի ակցիաները նաև Իրանի տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիային, Իսրայելին և Սաուդյան Արաբիային լավ հնարավորություն տվեց միջամտելու Իրանի ներքին գործերին։ Վերոնշյալ երկրների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել Իրանի իշխանությունների գործողությունները դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ Իրանը պետք է հավասարակշռված ճանապարհ գտնի մարդկանց խոսքի ազատությունը հարգելու և հասարակական կարգը պահպանելու համար։(1,2,3) Ավելին, ի աջակցություն իրանցի ցուցարարների, Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում Իրանի հյուպատոսության դիմաց, բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Իրավիճակից օգտվեց նաև Ադրբեջանը՝ առաջ քաշելով այն թեզը, թե իբր «Հարավային Ադրբեջանի ժողովուրդը պայքարում է ընդդեմ Իրանի իսլամական ռեժիմի»։ 
Սրանք առաջին ցույցերն են, որոնք տևում են այսքան երկար, ունեն աշխարհագրական լայն ընդգրկում և հենվում են նշանակալի սոցիալական բազայի՝ երիտասարդության վրա, սակայն դրանց հիմնական տարբերությունը ցուցարարների պահանջներն են։ Հեռանալով միայն տնտեսական պահանջներից՝ նրանք ցանկանում են լուրջ քաղաքական փոփոխություններ, այդ թվում՝ ռեժիմի հրաժարականը։ Բողոքի ակցիաները գրգռեցին նաև ոչ պարսկախոս իրանցիներին՝ Իրանական Քրդստանում, Ատրպատականում ու Բելուջիստանում՝ ստիպելով ցուցարարներին բարձրաձայնել անջատողական հարցեր, որը նույնպես վտանգավոր է: 

Թեև Իրանը կառավարման ձևով իսլամական հանրապետություն է, սակայն հասարակության զգալի հատվածի շրջանում խորը զայրույթ կա իսլամական վարչակարգի քաղաքականության նկատմամբ: Նախկին նախագահներ Հասան Ռոհանին և Մոհամմադ Խաթամին նախկինում փորձել են նվազեցնել սոցիալական սահմանափակումները և ապահովել ավելի ժողովրդավարական ազատություններ, սակայն այդ ջանքերը հիմնականում ձախողվել են:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 1999թ․-ից ի վեր տարբեր պատճառներով Իրանում բռնկված ցույցերը կարճ ժամանակում ստանում են հակավարչակարգային տեսք՝ զուգորդված իշխանափոխության կոչերով։ Արևմտյան արժեքների քարոզչությունը, ինչպես մերձավորարևելյան տարբեր երկրներում, այնպես էլ Իրանում մեծ ազդեցություն է գործել, սակայն, ըստ էության, չպետք է անտեսել նաև Իրանում մեծաթիվ զանգվածի առկայությունը, որն իրապես հավատում է համակարգի փոփոխության անխուսափելիությանը։ Այլ կերպ ասած, գաղափարական տեսանկյունից իրանական հասարակությունը բազմաշերտ է։ Տվյալ դեպքում, մի զգալի հատվածը ներկայացնում են «ազատական» գաղափարներ դավանող խմբերը, մեկ այլ շերտ, որը, նույնպես բավականաչափ պատկառելի կշիռ ունի, աջակցում է իսլամական համակարգի գոյատևմանը։ Ցույցերի առավել լայն մասշտաբներ չընդգրկելու հանգամանքը փաստացի կարելի է պայմանավորել նաև վերոնշյալ երկու խմբերի համազոր լինելուց։ Բողոքի գործողությունների հաջողման նվազ հավանականության հիմնական պատճառներից է նաև այն իրողությունը, որ  Իրանում դեռևս չկա այնպիսի ուժ կամ անհատ, որը կարող է դառնալ նոր հեղափոխական առաջնորդ։ Ինքնաբուխ բողոքը, համակարգված ղեկավարության ու հստակ սահմանված նպատակների բացակայությունը ույլ չեն տալիս խոսել նոր հեղափոխության մեկնարկի մասին։ Ցույցերի տրամաբանական հաջորդականությունը ցույց է տալիս, որ Իրանում առայժմ չի հասունացել իշխանափոխության, առավել ևս համակարգային փոփոխության ժամանակը։ 

Չնայած ուժայինների խիստ ճնշումներին, բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են։ Այս հանգամանքն ամենամեծ խնդիրներից մեկն է, որին բախվել է իսլամական վարչակարգը 1979թ. հեղափոխությունից հետո։ Առայժմ բողոքի ցույցերի ինտենսիվությունը և իրանական հասարակության մեջ առկա դժգոհությունը հուշում են, որ իշխանությունները չեն կարող սահմանափակվել միայն տնտեսական կամ քաղաքական ոլորտների բարեփոխումներով, այլ անհրաժշետ կլինեն արմատական փոփոխություններ հանրային կյանքի այլ բնագավառներում ևս։