Ինչո՞ւ չեն կարող համագոյատևել «մածունն» ու «մածոնին»
6 ր. | 2022-02-11Փ ետրվարի սկզբին հայկական մեդիայում տեղեկություն տարածվեց, որ հայկական արտադրության մածունը «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մածոնին» ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են։ Հայկական որոշ արտադրողներ ստիպված են եղել արտահանվող մածունի անվան փոխարեն օգտագործել «հայկական սարի յոգուրտ» տարբերակը՝ միջազգային շուկա հասնելու համար։ Հարկ է նշել, որ «մածոնին» Վրաստանում գրանցված է որպես աշխարհագրական նշում։
Մածուն բառի ծագումնաբանությունը
Բ նիկ հայերեն բառ է հնդեվրոպական մած (mag՛-շաղախել, մածուցիկ դարձնել) արմատից։ Մած արմատն օգտագործվում է մի շարք բառերում, օրինակ, մածուն, մածուցանել, մածուցիկ, մածուկ, տախտակամած, թանձրամած և այլն։
Վրացի հայտնի լեզվաբան, ակադեմիկոս, քարթվելական և կովկասյան լեզուների մասնագետ Բաքար Գիգինեիշվիլին նշել է, որ վրացական հին և միջին արձանագրություններում արձանագրված չէ «մածոնի» բառը։ Ֆիքսված է Ս. Օրբելիանիի բացատրական բառարանում։ Հրաչյա Աճառյանի կարծիքով՝ «մածոնին» փոխառված է հայերենից։ Նույն կարծիքին է նաև Վ. Աբաևը, ըստ որի՝ օսական «մացոնին» վրացականից է փոխառնված, իսկ վրացականը՝ հայկականից։
Հարկ է նշել, որ հայերենում և վրացերենում կան բազմաթիվ փոխառություններ, ինչը լիովին բնական է դարեր շարունակ կողք-կողքի ապրող ազգերի դեպքում։ Աշխարհագրական նույն տարածքում ապրող ազգերին բնորոշ են ինչպես լեզվական, այնպես էլ կենցաղային փոխառությունները։
«Մածոնին» որպես վրացական մտավոր սեփականություն
Վ րաստանի ապրանքների ծագման տեղանվան և աշխարհագրական նշումի մասին օրենքով՝ 2012թ.-ից «մածոնի» անվանումը գրանցվել է որպես աշխարհագրական նշում։ Մինչև վերջնական գրանցումը՝ 2011թ. հայկական կողմը գրավոր առարկություն է ուղարկել Վրաստանին և Եվրոպական Միությանը «մածոնի» անվան վերաբերյալ, քանի որ վերջինս շատ նման է հայկական «մածուն» բառին։ Վրացական կողմն առարկությունը չի ընդունել, «մածոնին» ավելացրել է ցանկում։ Մինչև 2021թ., հայ արտադրողներն անարգել կարողացել են Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանել իրենց արտադրանքը։ 2021թ.-ից հետո վրացական կողմը խստացրել է օրենքի կիրառությունը։
Հետաքրքրական է, որ ցուցակում մածունից բացի ներառված են նաև «սուլուգունի», «չուչխելա», «չեչիլի», «Ախալքալաքի կարտոֆիլ» և շատ այլ անվանումներ։ Զարմանալի է, որ վրացական կողմը կարտոֆիլի պարագայում շեշտել է, որ Ախալքալաքի կարտոֆիլն է աշխարհագրական նշում, բայց մածունի կամ այլ արտադրանքի պարագայում ընդհանրապես արտադրանքը։
Ի՞նչ է անում հայկական կողմը, և ո՞րն է խնդիրը
Խ նդիրը պարզաբանելու համար՝ «Օրբելի» կենտրոնը հարցումներ է ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ըստ գերատեսչության ներկայացուցիչների՝ պետությունը բազմիցս հորդորել է կաթնամթերք, գինի արտադրողներին գրանցել իրենց արտադրանքի աշխարհագրական նշումը։ «Արտադրողների շրջանում համախմբում չեղավ, իրենք իրար մեջ համաձայնության չեկան»,- «Օրբելի» կենտրոնի հարցին ի պատասխան՝ ասաց նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։
Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանի՝ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի՝ միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։
«Փոփոխություններից մեկով պետական մարմինը հնարավորություն կունենա իր անունով գրանցել և օգտագործման իրավունք տալ մնացած արտադրողներին։ Մյուս փոփոխությունը կատարվել է «աշխարհագրական նշում» սահմանման մեջ։ Դասական սահմանման մեջ գրանցվում էր այն գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքը, որն իր մեջ պարունակում էր տեղանքի, վայրի, որոշակի դեպքում երկրի անվանումը։ Օրինակ՝ Արենի։ Կա գյուղ, համանուն գինի։ Հիմա մենք տվել ենք տեղանքի անվանում կամ այլ նշում, որտեղ այլ նշման տակ գրանցվեն նաև այլ արտադրանքները՝ օրինակ մածունը։ Նման կարգավորում ունեն նաև վրացիներն իրենց օրենքում»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։
«Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։
Երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն էլ վրացի գործընկերների հետ զբաղվում է աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման խնդրով։ Մինչև հայկական կողմն օրենսդրական փոփոխություններ չանի և սեփական տարածքում չգրանցի իր արտադրանքը, համաձայնագրի կնքման փուլ չի կարող մտնել։
Վրացական «մածոնին» ընդդեմ՝ հայկական «մածունի»
Մ ածունի արգելքի թեման երկու երկրում էլ մեդիահրապարակումների առիթ դարձավ։ Սակայն 2022թ. փետրվարի 9-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը թեման լուսաբանեց հակահայկական շեշտադրումով։ «Քրոնիկա» հաղորդման ժամը 20։00-ի թողարկման ընթացքում հաղորդավարների խոսքին զուգահեռ հետին պլանում ցուցադրվում էին ապակյա տարաներ՝ վրան վրացերենով գրված է «մացուն», (მაცუნ) (թեև «Ծ» տառ վրացերենում կա և կարելի է հանգիստ տառադարձել մածուն բառը) ապա հայերեն տառերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրություններ։
Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերության լուրերի ծառայությունը ներողություն է խնդրել «վրացական մածոնին ընդդեմ մածունի» թողարկման ընթացքում տեխնիկական սխալի համար։
«Իմեդին» ներողություն է խնդրել՝ եթերում հայտնվածը համարելով տեխնիկական սխալ, ինչպես նաև շեշտել, որ «կիրառված լուսանկարի գրառումը չի արտացոլում բնագիրը»։ Լրատվամիջոցը մտահոգություն էր հայտնել և հայտարարել, որ հոլդինգի սոցիալական բոլոր հարթակներից այս հատվածը կհեռացվի։ Տեսանյութերն արդեն հեռացված են։ Ներողության հայտարարությունը տարածվել է վրացական մի շարք լրատվամիջոցներում։
Նույն օրն ավելի ուշ վրացական mediachecker.ge-ն անդրադարձել է «Իմեդի» հեռուստաընկերության հրապարակմանը, փոխանցելով ՀԸ-ի տեղեկատվական ծառայության ղեկավար Իրակլի Չիխլաձեի և գրաֆիկ դիզայների (առանց անունը նշելու) պարզաբանումները։
Իրակլի Չիխլաձեն նշել է, որ «եթե արձագանք չլիներ, ես չէի հասկանա, թե ինչ է գրված հայերեն։ Ներողություն ենք խնդրել և հեռացրել բոլոր կայքերից»։
Ինչ վերաբերում է գրաֆիկ դիզայների պարզաբանմանը, ապա այն առնվազն խոսում է տվյալ մասնագետի ոչ կոմպետենտ լինելու մասին։
«Գրաֆիկան փնտրելու համակարգից վերցված դետալներով կազմեցինք, «կաթի շշերի լուսանկարի վրա վրացերեն «մացուն» գրեցինք ու ուզում էին վիզուալ ձևավորել, այդ պատճառով «գուգլում» գտա հայերեն տեքստ մածունի մասին ու այն, ինչ ամենահաճախը հանդիպեց, տեղափոխեցի։ Նույնիսկ չգիտեի բովանդակությունը, ինչ էր նշանակում, քանի որ հայերեն չգիտեմ, իմ սխալն է»։
Այնուամենայնիվ, մածունի մասին տեքստ փնտրելիս որոնողական համակարգը երբեք չի առաջարկում Ղարաբաղի կամ տոլմայի մասին տեքստեր։
Թեմային արձագանքել էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ նշելով, որ սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։
«Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել»։
Հարկ է նշել, որ նման հակահայկական միջադեպերը հատկապես 2020թ. 44–օրյա պատերազմից հետո զգալի ազդեցություն են ունենում ինչպես հայ, այնպես էլ՝ վրաց հասարակությունների վրա։ Տեղեկատվական, քարոզչական նման արշավները հայ հասարակության շրջանում էականորեն մեծացնում են Վրաստանի և վրացիների հանդեպ բացասական վերաբերմունքը, ինչպես նաև ազդում երկկողմ հարաբերությունների և Վրաստանում հայ համայնքի կենսագործունեության վրա։ Երկարաժամկետ կտրվածքով այս դրվագները չեն կարող խնդիրների չհանգեցնել։