Ինչպես կազդի Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձը Եվրոպայի և Հարավային Կովկասի վրա

9 ր.   |  2024-12-18

Ա ՄՆ-ում նոյեմբերի 5-ի նախագահի ընտրության արդյունքը շատերին անակնկալի բերեց: Ոչ բոլոր երկրներն էին պատրաստ՝ աշխատելու Հանրապետական վարչակազմի հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, ուստի երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, շատերը սկսեցին վերանայել իրենց մոտեցումները՝ դրանք հարմարեցնելու ԱՄՆ ընտրված նախագահի հնարավոր ապագա արտաքին քաղաքականությանը: Դրա վերաբերյալ կանխատեսումների հիմքում են հիմնականում նախընտրական շրջանում Թրամփի թիմի հայտարարությունները, ինչպես նաև արդեն հետընտրական զարգացումները և շփումները: Չնայած դրան՝ Դոնալդ Թրամփը համարվում է անկանխատեսելի քաղաքական գործիչ: Որպես գործարար՝ ԱՄՆ նորընտիր նախագահը, շատերի գնահատմամբ, կարող է գործել՝ ըստ պահի թելադրանքի և «շահավետ գործարք» ապահովելու տեսանկյունից: Կոնգրեսում ևս Թրամփը զգալի խոչընդոտների չի հանդիպի իր քաղաքականությունն առաջ մղելու հարցում, քանի որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում:

Ինչպես առաջին նախագահության ընթացքում, այս անգամ ևս Թրամփը Սպիտակ տուն կմտնի «Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսով: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցնելու է ներկայությունը տարբեր տարածաշրջաններում, կրճատելու է տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների և արտասահմանում գործող ամերիկյան կազմակերպությունների ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ, մոտակա չորս տարիներին ԱՄՆ-ը կերնտրոնանալու է Չինաստանի հատկապես տնտեսական սպառնալիքին դիմակայելու վրա: Ամերիկացի փորձագետները, սակայն, պնդում են, որ եթե ԱՄՆ-ը վարի «իզոլացման» քաղաքականություն, ապա ոչ միայն կկորցնի համաշխարհային առաջնորդ պետության կարգավիճակը, այլև տարածություն կազատի այլ պետությունների, այդ թվում՝ Չինաստանի համար: 

Եվրամիության համար Թրամփի հաղթանակը այդքան էլ անսպասելի չէր: Միությունում ԱՄՆ ընտրությունից մի քանի ամիս առաջ արդեն խոսք էր գնում Թրամփի ընտրվելու դեպքում Վաշինգտոնի քաղաքականության հնարավոր փոփոխության և դրա հետևանքով առաջացող նոր մարտահրավերների դիմակայելու համար հստակ ռազմավարություն ունենալու անհրաժեշտության մասին: Եվրոպայում կարծում են, որ Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» փիլիսոփայությունը հակասում է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին և «կանոնների վրա հիմնված» աշխարհակարգի տրամաբանությանը: 

Եվրոպայում տարածված է այն կարծիքը, որ թեպետ երկխոսությունը Թրամփի ապագա վարչակազմի հետ անհրաժեշտ է, ԵՄ-ն չպետք է հույս դնի ԱՄՆ-ի վրա, հատկապես՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում: Ուստի ի հայտ եկավ «ռազմավարական ինքնավարության» հասնելու անհրաժեշտության գաղափարը: Միևնույն ժամանակ, դժգոհությունները շատ են, որ Եվրոպայում այդ մասին միայն խոսում են և էական գործողություններ չեն ձեռնարկվում՝ առնվազն ռազմավարական ոլորտներում ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին, խոսքը ռազմական ծախսերը ավելացնելու մասին է: Եվրոպացի մի շարք քաղաքական և փորձագիտական շրջանակներ վստահություն են հայտնում, որ ԱՄՆ-ը կշարունակի Եվրոպայի համատ «անվտանգային հովանոց ապահովել», եթե Եվրոպան ինքը իր անվտանգության համար լուրջ քայլեր կատարի և ԱՄՆ-ի համար «շահավետ առաջարկներ» ներկայացնի, հատկապես՝ ՆԱՏՕ-ի եվրոպական թևի ուժեղացման վերաբերյալ:

Այս առումով Եվրոպայի առաջնահերթությունը Ուկրաինայում ընթացող պատերազմն է: Եթե Թրամփը կյանքի կոչի իր «խոստումները», Ուկրաինան կարող է զրկվել այն ռազմական և ֆինանսական աջակցությունից, որը ստանում էր Ջո Բայդենի վարչակազմից: Միևնույն ժամանակ, շատերը մտահոգված են, որ Ուկրաինային կարող են պարտադրվել  լուծումներ, որոնք կնշանակեն պարտություն և տարածքային կորուստներ: Ուստի Եվրամիությունը կարող է ավելացնել Կիևին ֆինանսական և ռազմական աջակցությունը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին: Դա մի կողմից կթեթևացնի ԱՄՆ-ի ֆինանսական բեռը, մյուս կողմից չի մղի Թրամփին՝ շտապելու հակամարտությունը ավարտելու հարցում: Եվրամիությունը կարող է առաջարկել ԱՄՆ-ին կիսել Ուկրաինային աջակցության ծանրությունը՝ վերցնելով ֆինանսական բաղադրիչը, իսկ ռազմական հատվածը թողնելով Վաշինգտոնին: Բացի այդ, ԵՄ-ն պետք է կարողանա Ուկրաինայի վերաբերյալ միասնական ռազմավարություն մշակել Վաշինգտոնի և Կիևի հետ միասին՝ հետագայում Ուկրաինայի հարցով բանակցություններում որպես կողմ հանդես գալու համար, հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինական կողմը պատերազմն ավարտելու պատրաստակամություն է հայտնել:

Բացի այդ, Եվրոպային անհրաժեշտ է միասնականություն: Դա վերաբերում է ինչպես Ուկրաինայի հետ կապված հարցերին, այնպես էլ ներքին խնդիրներին և արտաքին քաղաքականությանը: Չնայած Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերին՝ եվրոպական երկրներն այսօր հեռու են միասնականությունից, սակայն ԱՄՆ-ի հետ սպասվող երկխոսության համար ԵՄ-ն պետք է պատրաստ լինի՝ հանդես գալու ուժեղ դիրքերից: Չնայած շատ հարցերում միասնականության բացակայությանը՝ Եվրամիության շատ առաջնորդներ, կարծես թե, համակարծիք են, որ անկախ ԱՄՆ-ի քաղաքականությունից՝ Եվրոպան պետք է շարունակի աջակցությունը Ուկրաինային, քանի որ դրանից ուղղակիորեն կախված է Միության անվտանգությունը:

Դեկտեմբերից Եվրոպական հանձնաժողովը սկսեց աշխատել նոր կազմով: Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մինչ պաշտոնը ստանձնելը թերահավատություն էր հայտնում, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը կգնա «իզոլացման» ճանապարհով: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է կարողանա ԱՄՆ-ին ցույց տալ Ռուսաստան-Չինաստան-Իրան-Հյուսիսային Կորեա կապը և սեփական կարևորությունը Վաշինգտոնի համար այդ երկրներին դիմակայելու հարցում: Կալասը վստահություն է հայտնել, որ Եվրոպայի պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ն պետք է շարունակի առաջատար դեր խաղալ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵՄ-ն պետք է ավելի լուրջ ներդրում ունենա սեփական անվտանգությունն ապահովելու գործում: 

Հարավային Կովկաս

Աշխարհաքաղաքական նոր իրողությունները, հարևան տարածաշրջաններում ընթացող ակտիվ ռազմական գործողությունները, ԱՄՆ-ի և Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունները ստիպում են Հարավային Կովկասի երկրներին վերանայել արտաքին քաղաքականությունը և վերադիրքավորվել:

Կա որոշակի մտավախություն, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, պայմանավորված մի կողմից ներքին խնդիրներով, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության առաջնահերթյունների փոփոխությամբ, կարող են թուլացնել ներգրավվածությունը տարածաշրջանում: Նախընտրական պայքարի ժամանակ առաջնահերթությունների մատնատշումը ցույց է տալիս, որ Թրամփի արտաքին քաղաքական հետաքրքրությունների շրջանակում Հարավային Կովկասը ցածր դիրք է զբաղեցնելու։ Միևնույն ժամանակ, ավելի կոշտ է լինելու ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, ինչի հետևանքով Վաշինգտոնի համար կմեծանա Ադրբեջանի դերակատարումը, և միևնույն ժամանակ Հայաստան-Իրան հարաբերությունները կարող են որոշակիորեն սահմանափակվել։ Իսկ տարածաշրջանում Իրանի դիրքերի խաթարումը կարող է թուլացնել վերջինիս ազդեցությունը Ադրբեջանին զսպելու և Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում։ 

Ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որը կարևորում էր ժողովրդավարությունը՝ Թրամփի վարչակազմը կարևորելու է տնտեսությունը, ինչը կրկին հանգեցնելու է Թուրքիայի ու Ադրբեջանի դերի մեծացմանը։ Եթե իր խոստման համաձայն՝ Թրամփին հաջողվի ավարտին հասցնել Ուկրաինայում պատերազմը, դա էլ կհանգեցնի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։

Չնայած նման կանխատեսումներին՝ նոր իրողությունները բացում են նոր հնարավորություններ ևս: Հայաստանն ու ԱՄՆ-ը 2024 թվականին երկկողմ հարաբերություններում հասել են նոր հանգրվանի․ հունիսին կողմերը որոշում են կայացրել ռազմավարական երկխոսությունից անցում կատարել ռազմավարական գործընկերության։ Այն ամրագրող փաստաթուղթը պատրաստ է, և արդյունավետ կլինի այն ստորագրել ԱՄՆ նոր վարչակազմի հետ։ Դա մի կողմից կնշանակի, որ Հայաստանը պատրաստ է ոչ պակաս ակտիվ համագործակցել Հանրապետական վարչակազմի հետ, մյուս կողմից՝ նոր խթան կհաղորդի համագործակցությանը և կբարձրացնի Հայաստանի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ փաստաթուղթը ստորագրվի մինչև հունվարի 20-ը՝ Դեմոկրատական վարչակազմի հետ, ինչը կնշանակի, որ Հայաստանում կա ընկալում, որ տարածաշրջանը Հանրապետականների մոտակա առաջնահերթություններից դուրս է լինելու, և Թրամփի օրոք փաստաթղթի ստորագրման գործընթացը կարող է ձգձգվել։ Ուստի այս առումով Երևանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու, եթե հաշվի առնենք, որ արտաքին քաղաքականությունը հստակեցնելու համար ԱՄՆ-ի նոր վարչակազմից բավական ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակը պետք է օգտագործել Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրվածությունը բարձրացնելու համար։ Այս ուղղությամբ առաջին քայլերը, թերևս, արված են, մասնավորապես՝ Փարիզում դեկտեմբերի 8-ին կայացած՝  վարչապետ Փաշինյանի և ընտրված նախագահ Թրամփի հանդիպումը, որին նոյեմբերի 16-ին նախորդել էր նրանց հեռախոսազրույցը։ Կարևոր է նաև հաշվի առնել Թրամփի ձևավորվող վարչակազմում հայամետ պաշտոնյաների հետ շփումների հաստատումն ու ակտիվացումը։ Չնայած Հանրապետականների իշխանության համար ժողովրդավարությունը կարող է մղվել երկրորդ պլան, վերջիններս էլ կարևորում են քրիստոնեությունը։ Պատահական չէր նախընտրական շրջանում Թրամփի կատարած գրառումը Արցախի վերաբերյալ և խոստումը՝  պաշտպանելու հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին։ Ուստի երկկողմ հարաբերությունների օրակարգում պետք է առաջ մղել նաև այդ գաղափարը։ Հայ-ամերիկյան հարաբերություններում հետընթացից խուսափելու, երկկողմ գործընկերությունը հարստացնելու նպատակով՝ հայկական կողմը պետք է նախաձռնողականություն ցուցաբերի և գործարարի փիլիսոփայությամբ առաջնորդվող Թրամփին ներկայացնի ԱՄՆ-ի համար շահավետ առաջարկներ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանում իրավիճակի փոփոխության տարբեր սցենարների, որոնք կախված կլինեն աշխարհաքաղաքական զարգացումներից։

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այս ուղղությամբ ևս շատ անելիքներ կան։ Չնայած ԵՄ-ի որոշակի առաջնահերթություններ կարող են փոխվել՝ այնուամենայնիվ, Բրյուսելը պետք է գնահատի տարածաշրջանում ներկայության պահպանման ռազմավարական կարևորությունը։ Այս առումով կարևոր է շարունակել Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ ջանքերը, որը նախանշվել է 2024թ․ ապրիլի 5-ին Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ։ Այլ կարևոր հանգրվան է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը, որը գալիս է լրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Պետք է շարունակել աշխատանքները արդեն իսկ ուրվագծված ուղղություններով, ինչպիսիք են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը և Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը։ Կարևոր է, որ ապագայում ևս Եվրամիության 27 անդամ երկրների շրջանում շարունակի կոնսենսուսի պահպանումը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Մեկ այլ օրակարգային հարց է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության պահպանման և ընդլայնման հարցը, ինչը այսօր կարևոր բաղադրիչ է Հայաստանի սահմանների անվտանգության համար, և որի պահպանման դեմ պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանը։ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ՝ պետք է դիտարկել նաև ԵՄ առանձին երկրների հետ հարաբերություններին նոր նշանակություն հաղորդելու ուղղությամբ աշխատանքը։ Կարելի է դիտարկել Ֆրանսիայի հետ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի հասցնելու հնարավորությունը, Գերմանիայի, Հունաստանի, Կիպոսի հետ հատկապես պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվացումը։

Ի տարբերություն Հայաստանի՝ այսօր բավական լարված են Վրաստան-Արևմուտք հարաբերությունները։ Ընտրություններում Թրամփի հաղթանակը բավական դրական ընկալվեց Վրաստանում. այստեղ հույս ունեն, որ հունվարի 20-ից հետո Վրաստան-Արևմուտք հարաբերություններում իրավիճակը կփոխվի, և Դոնալդ Թրամփի հետ Թբիլիսին ավելի հեշտ կկարողանա պայմանավորվել: Վրաստանում կարծում են, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված ԱՄՆ ճնշումը կնվազի։ Բացի այդ Հանրապետականների և «Վրացական երազանքի» ներքին և սոցիալական քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումները մոտ են, ինչը ևս կարող է պարզեցնել Վաշինգտոնի և Թբիլիսիի երկխոսությունը: Թեպետ Վրաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանում գլխավոր դաշնակիցն է, հաշվի առնելով, որ Թրամփն այնքան էլ հետաքրքրված չէ բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունների նույն մակարդակի պահպանմամբ, պարզ չէ, թե Վրաստանը ինչ տեղ կզբաղեցնի նրա վարչակազմի առաջնահերթությունների ցանկում: Վրաստանը կարող է զրկվել նաև ԱՄՆ ֆինանսական օգնությունից: Թրամփը բազմիցս ակնարկել է այն ծրագրերի ֆինանսավորման կրճատման մասին, որոնք «հստակ և ակնհայտ օգուտ չեն բերում ԱՄՆ շահերին»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կարող է շահագրգռված լինել Վրաստանում ազդեցության պահպանմամբ՝ հակազդելու Թբիլիսիի վրա Չինաստանի ազդեցության աճին:

Ադրբեջանում ևս լավատեսությամբ էին սպասում Թրամփի ընտրվելուն: Իլհամ Ալիևը նշել է, որ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կարողացել են արդյունավետ համագործակցել: Նախընտրական շրջանում Թրամփի հայտարարությունը Արցախի վերաբերյալ, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ հեռախոսազրույցը Բաքվում մեկնաբանել են որպես նախընտրական քայլեր: Ադրբեջանում նաև նշել են, որ Հանրապետական վարչակազմի հետ հարաբերությունները ավելի հեշտ կկառուցվեն, նաև այն պատճառով, որ Բայդենի պաշտոնավարման ժամանակ՝ հատկապես վերջին տարում, «բացասական իրադարձություններ» են տեղի ունեցել: Չի կարելի բացառել, որ Թրամփի ապագա վարչակազմում ընտրված գործիչները Երևանի թիրախավորված աշխատանքի արդյունքում կարող են ճնշում գործադրել ԱՄՆ նախագահի վրա՝ խստացնելու քաղաքականությունը Բաքվի նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ապա կարելի է ենթադրել, որ Թրամփը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումը օգտագործել որպես անձնական հաջողություն, եթե ԱՄՆ-ը կարողանա հանդես գալ որպես միջնորդ կամ հարթակ տրամադրող կողմ: Դա նաև համահունչ կլինի հակամարտություններին վերջ տալու՝ Թրամփի քաղաքականությանը: 

Ընդհանուր առմամբ Թրամփի ապագա վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում պարզ չէ: Միևնույն ժամանակ, կարելի է ակնկալել, որ մոտակա չորս տարիներին տարածաշրջանը Վաշինգտոնի առաջնահերթությունների ցուցակում չի լինի: Սակայն հաշվի առնելով Թրամփի «անկանխատեսելիությունը»՝ պետք է սպասել հունվարի 20-ից հետո նրա վարչակազմի գործողություններին արտաքին քաղաքականության ոլորտում: