2009-2018թթ. Երևանի ավագանու ընտրությունները
10 ր. | 2019-01-09Քարոզարշավի սկզբունքները
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում գրված է՝ «Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Ավագանին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից»։
Ավագանու ընտրություն 2009
Ե րևանում ավագանու և քաղաքապետի առաջին ընտրությունը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 31-ին՝ մաքուր համամասնական ընտրակարգով: Մինչ այդ, 1995թ. ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ Երևանին տրվեց մարզի կարգավիճակ, և քաղաքապետ նշանակում էր ՀՀ նախագահը (2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո Երևանն արդեն համայնքի կարգավիճակ ուներ)։
2009-ից հետո Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրության համամասնական ընտրակարգը փոփոխություններ չի կրել։ Համամասնական ընտրակարգի դասական մեկնաբանությամբ՝ այն քաղաքական բազմակարծության և կուսակցական համակարգի զարգացման հնարավորություն է ընձեռում։ Այս տեսանկյունից Երևանի ավագանին կարող էր քաղաքական ուժերի համար Ազգային ժողովին զուգահեռ այլընտրանքային հարթակ դառնալ։ Միաժամանակ, համամասնական ընտրակարգը ենթադրում է, որ Երևանի ավագանու ընտրություններում մրցակցությունն ու քաղաքական պայքարը կարող էր առավելապես ծավալվել քաղաքական տարբեր ուժերի ծրագրերի, քաղաքի կառավարման հայեցակարգերի, գաղափարական սկզբունքների և ոչ թե քաղաքական ուժի ընտրացուցակը գլխավորող անձի շուրջ։
2009թ. ավագանու ընտրության քարզարշավում գաղափարական մրցակցություն չկար. շեշտադրվում էին քաղաքային միջավայրը, արտաքին տեսքը, ենթակառուցվածքների խնդիրները, և փորձ էր արվում ապաքաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունը։ Որոշակի քաղաքական երանգ էին հաղորդում ընդդիմադիր ուժերը՝ ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը։ 2009 ապրիլին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ-ն դուրս էր եկել 2008թ. մարտի 21-ին ձևավորված ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կոալիցիոն կառավարությունից։ ՀԱԿ-ը, որը ստեղծվել էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո, փորձում էր առարկայացնել ընդդիմադիր քաղաքական կապիտալը։ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ձևավորված հանրային դժգոհության պայմաններում ՀԱԿ-ը փորձում էր քաղաքական բովանդակություն հաղորդել Երևանի ավագանու ընտրությանը։ Այս միտումն էր արտահայտում նաև ՀԱԿ կարգախոսը՝ «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից»։ Այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի ավագանու ընտրությունն ընկալվում էր որպես համապետական մասշտաբի փոփոխությունների սկիզբ։
Ավագանու ընտրությանը մասնակցող մյուս կուսակցությունների քարոզարշավը ապաքաղաքական դաշտում էր։ Ընտրության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարեց երեք քաղաքական ուժ ՝ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ դաշինքը։ Վերջինս բոյկոտեց ավագանու աշխատանքը, ինչը հիմնավորվում էր մեծաքանակ ընտրակեղծիքներով ու ընտրախախտումներով։ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ավագանու ընտրությունները բնորոշեց որպես «ամենաայլանդակը» և հայտարարեց. «Մայիսի 31-ի ընտրակեղծիքներով Սերժ Սարգսյանն այրեց բոլոր կամուրջները: Կամուրջներն այրված ենք համարում և հրաժարվում ենք որևէ երկխոսությունից իշխանությունների հետ»։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման օրենքի» համաձայն մանդատներից հրաժարվելու դեպքում տեղերը մնում են թափուր, ուստի ընտրված ավագանին իր աշխատանքներն սկսեց ոչ ամբողջական կազմով։
Չնայած ՀՀԿ-ն ավագանիում բացարձակ մեծամասնություն էր՝ ընդդիմադիր ՀԱԿ դաշինքի կողմից ավագանու աշխատանքի բոյկոտն ու մանդատներից հրաժարվելու պատճառով մայրաքաղաքի առաջին ավագանին չձևավորվեց որպես քաղաքական մարմին. քաղաքական բազմակարծությունն արտահայտված չէր և ավագանին չդարձավ բազմակարծություն ու մրցակցություն ապահովող հարթակ։
Ավագանու ընտրություն 2013
Ե րևանի ավագանու 2013-ի ընտրությունը հաջորդեց նախագահական ընտրություններին, ինչը մեծապես պայմանավորեց քարոզարշավի տրամաբանությունը։ Ընդդիմադիր կամ այդպիսի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի քարոզչության հիմքում ընտրություններին առավելապես քաղաքական բովանդակություն հաղորդելն էր, որն ընթանում էր քաղաքական մրցակցություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Թեկնածուների անձը շեշտված չէր, ինչը տրամաբանական էր համամասնական ընտրակարգի և քաղաքական պայքարի տեսանկյունից։
Քարոզարշավի առանձնահատկություններից էր նաև ընտրությանը համապետական նշանակության տալը։ Այս մոտեցումն արտահայտվում էր անգամ կարգախոսներում՝ «Երևան, փոխիր Հայաստանը» (ՀՅԴ), «Սկսենք Երևանից» (ԲՀԿ), իսկ ՀՀԿ կարգախոսն էր՝ «Քեզ համար, Երևան»։ «Բարև Երևան» դաշինքը, որը ձևավորվել էր նախագահական ընտրություններում գրեթե 37% քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, քարոզարշավի առանցքում դրել էր նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ռևանշի գաղափարը՝ Երևանի ավագանու ընտրություններին դարձյալ վերագրելով համապետական նշանակություն։ ՀՀԿ-ն, ի տարբերություն իր մրցակիցների, գնում էր հակառակ ճանապարհով. քարոզարշավի առանցքում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի անձն էր։
2009-2013թթ. Երևանն ունեցավ երեք քաղաքապետ։ 2010թ. դեկտեմբերին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց և դեկտեմբերի 17-ին ավագանու նիստում ՀՀԿ խմբակցությունը Երևանի քաղաքապետ ընտրեց Կարեն Կարապետյանին։ Վերջինս պաշտոնավարեց մինչև 2011թ. նոյեմբերը, ապա այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ հրաժարական տվեց։ 2011թ. նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանին ընտրեց քաղաքապետ։
2013-ին ՀՀԿ քարոզարշավի առանցքում արդեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունն էր, ինչպես նաև շեշտվում էր Մարգարյանի գործունեությունը որպես Ավան վարչական շրջանի թաղապետ, երիտասարդ և ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի լինելու փաստը («Ես հաշվետու եմ իմ հոր և նրա հիշատակի առջև» Տարոն Մարգարյան)։
ՀՀԿ ներկայացուցիչներն ու անձամբ Տարոն Մարգարյանը հրապարակային ելույթներում շեշտում էին, որ Երևանի ավագանու (հաճախ նշվում էր ոչ թե ավագանու, այլ քաղաքապետի) ընտրությունը քաղաքական չէ՝ «...Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ եկեք ավագանու ընտրությունները չքաղաքականացնենք, որովհետեւ սա մայրաքաղաք է»․ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան:
«...Չնայած ընտրություններին մասնակցում են քաղաքական կուսակցությունները, բայց փաստացի եւ իրականում Երեւանի քաղաքապետարանը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն քաղաքային տնտեսությունը, գիտեն երեւանցու առօրյան, իր հոգսերը, գիտեն Երեւանի բակերը, փողոցները, շենքերը, պուրակները, ոռոգման ցանցը, խաղահրապարակները եւ այլն: Եվ մեր ծրագիրը քաղաքական չէ, ինչպես քաղաքական չեն ընտրությունները: (Տարոն Մարգարյան)
Ավագանու ընտրություն 2017
2 017թ. ավագանու ընտրությունը, որը կրկին հաջորդեց խորհրդարանական ընտրություններին, աչքի ընկավ ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ընտրողների մասնակցության ցածր ակտիվությամբ (40.99 %): Ընտրությանը մասնակցեց երեք քաղաքական ուժ, որոնք էլ կազմեցին ավագանին։ Ավագանու ընտրության շեշտված առաջատարը ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետն էր։
Ավագանու ընտրություն 2018
2 018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցում էր 12 քաղաքական ուժ։ Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից և իշխանությունից հետո այն առաջին խոշոր ընտրական գործընթացն էր, ինչով էլ, թերևս, պայմանավորված էր մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի մասնակցությունը։
Քարոզարշավի մեկնարկից առաջ ինչպես քաղաքական ուժերի հայտարարություններում, այնպես էլ լրատվամիջոցների հոդվածներում շեշտվում էր ոչ թե ավագանու, այլ Երևանի քաղաքապետի ընտրությունը․ «8 թեկնածու կպայքարի Երևանի քաղաքապետի աթոռի համար» («Հրապարակ»), «Երևանի քաղաքապետի թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով» (armeniasputnik.am), «Երևանի քաղաքապետի երկու թեկնածու՝ ԲՀԿ–ից» (a1plus.am):
Այս տրամաբանությամբ, մասնակիցները ներկայացնում էին ոչ թե իրենց համամասնական ցուցակները, այլ ցուցակը գլխավորվող գործիչին՝ որպես քաղաքապետի թեկնածու։ Օրենսդրական տեսանկյունից այստեղ որևէ հակասություն չկա, քանի որ գործող կարգի համաձայն բացարձակ մեծամասնություն ստացած քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին համարն ինքնըստինքյան դառնում է քաղաքապետ։
Մյուս կողմից՝ ավագանու և քաղաքապետի ընտրության միջև առկա է բավական նուրբ տարբերություն՝ առնվազն քարոզչական և գաղափարախոսական հարթության մեջ։ Ավագանու ընտրությունն անցկացվում է բացառապես համամասնական ընտրակարգով, այլ կերպ ասած, այն մրցակցություն է քաղաքական ուժերի միջև։
Քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, այս համատեքստից դուրս է։ Սրան գումարվում է և այն, որ մի շարք քաղաքական ուժեր փորձում են ապաքաղաքականացնել ընտրությունը (…չեմ ցանկանում քաղաքականացնել այս ընտրարշավը, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք այնպիսի քաղաքական հարթություն այն տեղափոխել, որ վստահեցնում եմ` որևէ մասնակից քաղաքական ուժ ո՛չ այդ դուխին կդիմանա, ո՛չ էլ այդ խելքին: Բայց մենք խնդիր չունենք քաղաքականացնելու այս ընտրությունը: Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ)։
Քարոզարշավի ընթացքում նկատելի էին համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների անձի, անձնական արժանիքների համեմատությունները և կենտրոնացում ոչ թե քաղաքական ուժի, այլ անհատի վրա:
(Երեւանի քաղաքապետի կարևորագույն քաղաքական պաշտոնում պետք է ընտրվի ո՛չ թե տաղանդավոր դերասան Հայկ Մարությանը, այլ փորձառու քաղաքական գործիչ եւ համերաշխության ու հանդուրժողականության առաջին հայացքից արևմտյան քաղաքակրթական, սակայն իրականում՝ խորապես հայկական նորմերը մարմնավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն)։ «Երևանի հանրություն» դաշինքի ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանն ավագանու ընտրությունը դիտարկում էր որպես ծրագրերի մրցակցություն՝ «...Պետք է մրցեն ծրագրերը, ոչ թե անհատները, ու քանի որ ներկայացված ծրագրեր չկան, դրա մասին դեռ վաղ է խոսել: Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր»:
Ե րևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվեց 2013թ.: 2009-ից սկսած Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի, քաղաքական ուժերի շեշտադրումների, ընտրությունը քաղաքական և ապաքաղաքական դիտարկելու միտումների միջև առկա են սկզբունքային տարբերություններ և հակասություններ։ Որոշ ուժեր ապաքաղաքականացնում էին՝ դիտարկելով այն որպես տեղական նշանակության համայնքի ղեկավարի ընտրություն. քաղաքական, գաղափարախոսական մրցակցություն կամ չի արտահայտվել կամ էլ շատ թույլ է եղել։
Մինչ օրս անցկացված ավագանու ընտրությունն ընկալվել և ներկայացվել է որպես քաղաքապետի ընտրությունը, ինչը համայնքի ղեկավարի ուղիղ ընտրության չափումների և տրամաբանության մեջ է։ Քաղաքական ուժերի կողմից ավագանու ընտրություններին այսպիսի մոտեցումը խոչընդոտում է ավագանու՝ որպես քաղաքական կառույցի կայացմանը. այն ընկալվում է որպես քաղաքապետին կից հասարակական մարմին։ Ավագանու անդամների թեկնածուներից շատերը տարբեր հարթակներում հայտարարում են, որ աշխատանքն ավագանիում հասարակական է, և ավագանու անդամ լինելը չի նշանակում քաղաքականությամբ զբաղվել․ «Ինքնին ավագանին դա հասարակական հիմունքներով աշխատանք է», (Պետրոս Ղազարյան, ԲՀԿ ), «Ավագանու անդամ առաջադրվելը չեմ կարծում, որ բուն քաղաքականությամբ զբաղվել է նշանակում, քանի որ Երևանի ավագանին տեղական ինքնակառավարման մարմինն է», (Գայանե Ղուլյան, «Ռեֆորմիստներ»), «Ես այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում: Ցուցակում ընդգրկվելու առաջարկը եղել է քաղաքապետի կողմից, ես ընդունել եմ այն», Երվանդ Երզնկյան, ՀՀԿ։
Քաղաքական բոլոր ուժերն օգտվել են քարոզարշավի պասիվ և ակտիվ միջոցներից՝ քայլերթ, հանրահավաք, ցուցադրել տեսահոլովակներ և այլն։ Նախընտրական քարոզարշավում մեծ տեղ է հատկացվել մրցակիցների քննադատությանը։ Միաժամանակ, ընտրությանը մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոսել են ծրագրային քննարկումների ու բանավեճի պակասի մասին։
2018թ. ավագանու ընտրության առանձնահատկություններից մեկն այն էր, որ ապրիլ մայիսյան իրադարձություններից հետո առաջին լայնամասշտաբ ընտրական գործընթացն էր։ Այս առումով ավագանու ընտրությանը «Իմ քայլը» դաշինքի կողմից տրվեց վստահության հանրաքվեի բովանդակություն և համապետական նշանակություն։ Ընտրությանը մասնակցող մյուս քաղաքական ուժերն առավել կամ պակաս չափով ժխտողականություն ցուցաբերեցին այս մոտեցմանը (Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ, ․«Հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները չեն փոխվելու իշխող կուսակցության վստահության հանրաքվեի»։ Արմեն Ռուստամյան ՀՅԴ․«Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին»։ Արտակ Զեյնալյան, «Լույս դաշինք». «Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել: Մենք մասնակցում են Երևանի ՏԻՄ ընտրություններին»)։
Երևանի ավագանու ընտրության ապաքաղաքականացման թեզն էին առաջ տանում նաև ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը»։ Վերջիններս 2013թ. ընտրությանը համապետական նշանակության քաղաքական բովանդակություն էին հաղորդում և քարոզարշավի ընթացքում շեշտում էին Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական կշիռը, ինչպես նաև ընտրության արդյունքների ազդեցությունը ողջ երկրի վրա։ Այս մոտեցումն արտահայտված էր, ինչպես արդեն վերևում նշել ենք, քաղաքական ուժերի կարգախոսների մեջ։
Երևանի ավագանու ընտրությանը գործող իշխանությանը վստահության հնարաքվեի բովանդակություն և համապետական նշանակություն վերագրելու համատեքստում որոշակի քննադատություններ հնչեցին նաև քաղաքացիների մասնակցության թվի վերաբերյալ (43.65%) (Արմեն Աշոտյան․ «Վստահաբար կարող ենք ասել՝ ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ։ Քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, սակայն միայն ու միայն բաց և լայն օրակարգով»։ Է․Շարմազանով․ «Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների»):
Այս քննադատությունների առանցքային կետն այն էր, որ ավագանու ընտրությանը քաղաքացիների մասնակցության նման ցուցանիշը չի կարող համապետական նշանակություն ունենալ և արտացոլել ողջ երկրի իրական քաղաքական տրամադրությունները։ Սակայն այստեղ հարկ է նշել, որ հանրության իրական քաղաքական տրամադրությունների մասին կարելի է դատել տեսականորեն՝ հաշվի առնելով ապրիլ-մայիսյան իրադարձությունները, իսկ գործնականում խորհրդարանական ընտրություններից հետո։
Այս տեսանկյունից խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքական և քաղաքացիական ակտիվությունները համեմատելի չեն։ Այլ կերպ ասած՝ ընտրություններին չմասնակցած շեշտվող 57% քաղաքացիների քաղաքական նախասիրությունների վերաբերյալ գրեթե հնարավոր չէ որոշակի հիմնավոր պնդումներ իրականացնել։
Բացի այս, գրեթե բոլոր ՏԻՄ և համապետական նշանակության ընտրական գործընթացներում մտահոգություններ են հնչել ընտրացուցակների ուռճացվածության և անճշտությունների վերաբերյալ, ինչը նշանակում է նաև, որ ընտրացուցակում առկա քաղաքացիների թիվը չի արտահայտում գործնականում ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների թիվը։ Այս առումով քաղաքացիների մասնակցության փաստացի ցուցանիշը կարող է շատ ավելի բարձր լինել, սակայն մինչև վերջնական ճշտումները նման մոտեցումը զուտ տեսական և տրամաբանական դատողությունների դաշտում է։ Ընտրացուցակների ճշգրտման տեսանկյունից նույնպես առկա է խնդիրներ։ «Որևէ մեկն իրավունք չունի երկրից բացակայողին հանել ցուցակից: Երկրից բացակայողը կարող է ցանկացած ժամանակ վերադառնալ ու քվեարկությանը մասնակցել» (Հովհաննես Քոչարյան, ՀՀ փոխոստիկանապետ)
Այլ կերպ ասած, ներկայումս չկան օրինական և օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց Երևանից կամ երկրից մշտական կամ տևականորեն բացակայող քաղաքացիներին հնարավոր լինի չընդգրկել ընտրացուցակներում։ Գործող օրենսդրական կարգավորմամբ հնարավոր է միայն քաղաքացու սեփական ցանկությամբ և դիմումով նրան հանել ընտրացուցակից, ինչը գործնականում գրեթե անհնար է։
Վերջապես, որպես կանոն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից դրսևորվում է ավելի նվազ հետաքրքրություն, քան համապետական ընտրություններում։ Այս տեսանկյունից, եթե փորձենք համեմատել հարևան Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ ընդհանուր պատկերը համադրելի է։
2017թ. հոկտեմբերին Վրաստանում ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը 45.64% էր, իսկ Թբիլիսիում՝ 43.4%. իսկ 2014-ին՝ 43.31%:
Թեև քաղաքական իրադրությունը Վրաստանում և Հայաստանում մի շարք սկզբունքներով համադրելի չէ, սակայն ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշները մեծ տարբերություն չունեն։