Վաշինգտոն․ Իրան-Իսրայել դիմակայություն

4 ր.   |  2021-01-25

Վ երջին շրջանում նոր զարգացումներ են արձանագրվում Իսրայել-Իրան այսպես կոչվող պրոքսի՝ միջնորդավորված պատերազմական իրադրությունում․ հատկապես սրվել է լարվածությունը սիրիական, պաղետինյան ուղղություններով՝ հակված լինելով ընդգրկել նաև այլ երկրներ ու գոտիներ։ Դժվար չէ նկատել, որ հաճախակիացել են Իրանի միջուկային օբյեկտների ու դրանցում ներգրավված առաջատար մասնագետների վրա հարձակումները, որոնք որպես կանոն, հաջողություն են ունենում՝ վնասելով Թեհրանին։

2020-ի նոյեմբերի վերջին Իրանում մահափորձի հետևանքով սպանվեց երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, երկրի միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաների գծով լավագույն փորձագետներից Մոհսեն Ֆահրիզադեն: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։ Ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Իրանական աղբյուրների համաձայն, իրանցի միջուկայնագետը համարվում էր Իրանի միջուկային ծրագրի ամենաառանցքային դերակատարներից մեկը։ Ֆահրիզադեն Իրանի միջուկային գծով թվով 5-րդ առաջատար գիտնականն էր, ով չեզոքացվեց 2010-իվ ի վեր Իրանի տարածքում[1]։

Իրանում չեն թաքցնում այն մտահոգությունը, որ այս և այլ գործողությունների իրականացման ետևում կանգնած են ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների հետախուզական ու անվտանգային ծառայութունները, որոնք հնարավորինս հովանավորում  ու աջակցում են իսրայելական գործողությունները։

2 021-ը մուտք գործեց սիրիական թատերաբեմում Թել Ավիվ-Թեհրան շարունակվող միջնորդավորված պատերազմի նոր լարվածությամբ ու դրսևորումներով։ Հունվարի կեսերին Իսրայելը օդային գործողություններ սկսեց Սիրիայի ուղղությամբ՝ Իրաքի սահմանից ոչ հեռու՝ թիրախավորելով այդ երկրում տեղակայված իրանական օբյեկտներն ու նշանակետերը։ Ամերիկյան հետախուզության ավագ ներկայացուցիչներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն, հայտնել էր լրատվամիջոցներին, որ իսրայելական կողմի այս գործողությունը նույնպես իրականացվել է  Միացյալ Նահանգների տրամադրած հետախուզական տվյալների տրամադրման հիման վրա։ Աղբյուրի համաձայն, թիրախավորվել էին մասնավորապես իրանական զենքի պահեստները, որոնք կարևոր նշանակություն ունեին Իրանի միջուկային ծրագրին աջակցելու առումով։

2021-ի հունվարի կեսին Foreign affairs պարբերականում լույս տեսավ Սիրիայի հարցերով ԱՄՆ նախկին բանագնաց Ջեյմս Ջեֆրիի (Jams Jeffrey) հոդվածը՝ նվիրված Մերձավոր Արևելքում Իրանին զսպելուն ուղղված Իսրայելի գործողություններին ու Վաշինգտոնի ցուցաբերած աջակցության հարցերին։ Նրա գնահատականով, վերջին տարիներին Թեհրանին հակազդելու Իսրայելի գործողությունները, ընդհանուր առմամբ, տեղավորվում են տարածաշրջանում 2018-2020թթ․Միացյալ Նահանգների որդեգրած արտաքին քաղաքականության, այսպես կոչվող, «բազմահեն» ռազմավարության (multi-pillar strategy) ամբողջ տրամաբանությունում։

Ջեֆրիի գնահատականով, «Թել Ավիվի կողմից Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտների, անհատների թիրախավորման գործողությունները ստանում են ԱՄՆ-ի աջակցությունը․ այդ գործողություններն իրենց հերթին սահմանափակում են Սիրիայի կառավարության ռազմական կարողությունները»[2]։ Ըստ նախկին բանագնացի, Իսրայելի կառավարությունը նախքան Թրամփի նախագահությունը մեծապես մտահոգված էր, որ Սպիտակ Տունը բավարար չափով ռազմական և հետախուզական աջակցություն չի ցուցաբերում Իրանի դեմ պայքարում։

Ինչպես նկատում են որոշ փորձագետներ, Սիրիայում տեղակայված իրանական ռազմական, ռազմավարական նշանակության օբյեկտների, շտաբի ներկայացուցիչների ու հրահանգիչների ուղղությամբ Իսրայելի օդային հաճախակի դարձած հարվածները վերջին տարիներին, որպես կանոն, ստանում են Վաշինգտոնի անվերապահ և անթաքույց հովանավորությունը։ Կարող ենք ասել, որ այդ աջակցությունը Թրամփի նախագահության շրջանում ստացել էր անհամեմատ բացահայտ, հանրային նշանակություն՝ մտավախություն չունենալով որևէ կերպ թաքցնել որդեգրած միակողմանի դիրքորոշումը․ դա գլխավորապես բխում էր այդ ժամանակաշրջանում Թրամփի և նրա վարչակազմի՝ Թել Ավիվի ուղղությամբ վարած «բարյացակամ» մերձավորարևելյան քաղաքականության տրամաբանությունից։ Ինչպես բազմիցս նշել է Իսրայելի գործող վարչապետ Նեթանյահուն, Թրամփը Միացյալ Նահանգների միակ նախագահն էր, ով այդչափ կիրառական քայլեր, որոշումներ իրականացրեց հօգուտ Իսրայելի։

Ուշագրավ է, որ երբ 2018-ի դեկտեմբերին և 2019-ի հոկտեմբերին Վաշինգտոնում հայտարարեցին Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մտադրության մասին, պետքարտուղար Պոմպեոն շտապեց Իսրայել՝ հավաստիացնելու վերջինիս Սիրիայի ուղղությամբ Թել Ավիվի հետագա գործողությունների ազատության մասին։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հերթին էր հավաստիացնում Իսրայելի ղեկավարությանը Վաշինգտոնի անվերապահ աջակցության պատրաստակամության մասին, ինչը հաստատվեց 2019-ի հունվարին, երբ Բոլթոնը հերթական այցելությամբ Իսրայելում էր։ Ինչպես նկատում են տարբեր փորձագետներ, սա Թրամփի վարչակազմի՝ Իսրայելի ու Մերձավոր Արևելքի ուղղությամբ վարած քաղաքականության ռազմավարության շարունակությունն էր, որի առանցքային կետերից մեկը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության հռչակումն էր՝ ի հակադրություն և ի հաշիվ արաբական այդ երկրում Իրանի դիրքերի։

Վաշինգտոնին մոտ կանգնած աղբյուրները նաև հավաստիացնում են, որ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելին ցուցաբերվող այդչափ խորացված ու բացահայտ կողմնակալ աջակցությունը անվերապահորեն չէր ընկալվում երկրի օրենսդիր ու գործադիր այլ ինստիտուտներում։ Ըստ այդ գնահատականի, Սպիտակ Տան ոչ այնքան հավասարակշռված մերձավորարևելյան քաղաքականությունը կարող է դարձնել Միացյալ Նահանգներին շատ ավելի խոցելի Իրանի և նրա կողմից հովանավորվող միջնորդավորված կազմակերպությունների դեմ պայքարում։ Պատահական չէին խոսակցությունները, որ մինչ Թրամփի հեռացումը, իսրայելական կողմը կարող էր ճնշումները ուժեղացնել Թրամփը նկատմամբ՝ դրդելով վերջինիս որոշում կայացնել ուղիղ հարվածներ հասցնելու Իրանին։ Ինչ-որ չափով, նման որոշման հնարավորությունը միգուցե խափանվեց ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո երկրում սկիզբ առած ներքին քաղաքական հակասությունների ու զարգացումների առաջացման համատեքստում։

Այժմ թե՛ Թել Ավիվում, թե՛ Թեհրանում ակտիվ ետկուլիսային ու միջնորդավորված աշխատանքներ են իրականացվում Սպիտակ Տան նոր ղեկավարի հետ երկխոսություն հաստատելու ու հետագա բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ։ Սպիտակ տան մերձավորարևելյան քաղաքականության ուղղությամբ նախկին դիրքորոշման փոփոխության շուրջ ակնկալիքները հատկապես զգալի են Իրանում։


[1] Orbeli Analitical Research

[2] US support for Israeli airstrikes in Syria has been important recently - The Jerusalem Post (jpost.com)