Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները
4 ր. | 2021-01-19Է րդողանի օրոք Թուրքիայի հավակնությունները չեն սահմանափակվում միայն Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներով: Թուրքիան ձգտում է իր ազդեցությունը տարածել նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ իր հիմնական ռազմավարական գործընկերը Պակիստանն է: Մասնագետները չեն բացառում, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը պայմանավորված են նաև Թուրքիայի միջուկային հետաքրքրություններով: Խոսքը, մասնավորապես երկու երկրների միջև միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների փոխանակման մասին է:
Զենքի արտաքին նոր շուկաներ նվաճելու նպատակով Թուրքիան նպատակադրվել է միջազգային մակարդակով զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ ասիական երկրներում: Վերջին տարիներին Թուրքիան Չինաստանից հետո դարձել է Պակիստանին սպառազինություն մատակարարող երկրորդ խոշոր երկիրը: Վերջին 26 տարում միայն թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը Պակիստան է արտահանել ավելի քան $1 մլրդ.-ի ապրանք: Թուրքական մեկ այլ ռազմարդյունաբերական ընկերություն «TAI»-ին (Turkish Aerospace Industries), որը զբաղվում է օդատիեզերական համակարգերի մշակմամբ, ուղղաթիռների, օդանավերի արդիականացմամբ ու արտադրությամբ, 2018թ. կնքել է $1,5 մլրդ.-ի Պակիստանին 30 հատ T129 ուղղաթիռ վաճառելու համաձայնագիր: Սակայն գործարքը չի հաջողվում իրականացնել, քանի որ «TAI»-ին ի վիճակի չէ ձեռք բերել ԱՄՆ արտահանման լիցենզիաներ և արդեն երկու տարի է Պակիստանը երկարաձգում է ուղղաթիռների առաքման ժամկետները:
Միաժամանակ, Իսլամաբադն ու Անկարան ունեն համատեղ ռազմածովային նախագծեր: Դեռևս 2018թ.-ին Պակիստանի ռազմածովային ուժերը պայմանագիր կնքեցին թուրքական «ASFAT A.Ş.» ռամարդյունաբերական ընկերության հետ՝ «MILGEM» (Ada) տեսակի չորս ռազմանավ (կորվետ) գնելու համար: Ընդ որում, թուրքական կողմը հայտարարեց, որ «Թուրքիայի ամենամեծ պաշտպանական արտահանումն է՝ ամրագրված մեկ համաձայնագրում»: Գործարքի պայմանների համաձայն՝ երկու նավ պետք է կառուցվի Թուրքիայում, մյուս երկուսը՝ Պակիստանում: Պայմանագիրը ներառում էր նաև տեխնոլոգիայի փոխանցում:
Ա նցած տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցավ Թուրքիայի և Պակիստանի զինվորականների բարձր մակարդակի հանդիպում: «Zee News»-ի աղբյուրների համաձայն Էրդողանն անձամբ դիմել է Պակիստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Ջ. Բաջվային միջուկային զենքի Պակիստանի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ տրամադրելու համար և ենթադրվում է, որ Պակիստանը տվել է իր համաձայնությունը: Նույն աղբյուրի համաձայն, Պակիստանը փոխանցում է նաև հրթիռային տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկություններ Անկարային, իսկ նրանց գիտնականներն օգնում են Թուրքիային զարգացնելու հրթիռաշինության ոլորտը:
Հարկ է նշել, որ սեփական պաշտպանական արդյունաբերական արտադրանքը համաշխարհային շուկաներում ներկայացնելու նպատակով 2020թ. հոկտեմբերին Թուրքիան անցկացրեց «Defence Turkey-South Asia» խորագրով «Defense Port Turkey» 6-րդ հեռավար ցուցահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 80 ռազմական պատվիրակություններ Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից: Թուրքական կողմը նպատակադրվել է առաջիկա տարիներին 3 երկրներ արտահանել $ 5 մլրդ.-ի սպառազինություն:
Մյուս կողմից Հնդկաստանի հետ մշտական հակամարտության մեջ գտնվող Պակիստանին սպառազինություն վաճառելուց բացի, Թուրքիան իր ազդեցության ընդլայնման նպատակով իրականացնում է «փափուկ ուժի» քաղաքականություն՝ թուրքական դպրոցների բացման և համատեղ ֆիլմարտադրության միջոցով:
Այս տարվա հունվարի 13-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև եռակողմ համաձայնագրի (Իսլամաբադի հռչակագիր) ստորագրումից հետո, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում իրենք խորացնելու են կապերը Պակիստանի հետ: Պակիստանը և Թուրքիան նաև կնքեցին համաձայնագիր կրթության մասով, համաձայն որի Թուրքիան հնարավորություն է ստանում Պակիստանում բացել մշակութային, կրթական և լեզվի կենտրոններ, իրականացնելու է ուսանողների փոխանակման ծրագրեր և այլն: Մասնավորապես, թուրքական «Pak-Turk Maarif» հիմնադրամը պատրաստվում է ավելացնել Պակիստանում նոր դպրոցների քանակը, ինչպես նաև համալսարան բացել:
Ներկայումս հիմնադրամի դպրոցները գործում են Պակիստանի ավելի քան 10 նահանգներում, որտեղ, ընդհանուր առմամբ սովորում է շուրջ 12 հազար դպրոցական: Ի դեպ, 2016թ., երբ Պակիստանի իշխանությունները երկրում գործող թուրքական դպրոցների դասավանդողների շրջանում հայտնաբերեցին գյուլենականների, նրանք հեռացվեցին երկրից, ինչն այն ժամանակ բարձր գնահատականի արժանացավ Էրդողանի կողմից: Պակիստանում հանրաճանաչություն են ձեռք բերում նաև թուրքական, հատկապես պատմական սերիալները: Այս տարի Թուրքիան և Պակիստանը պատրաստվում են համատեղ նկարահանել «Türk Lala» ֆիլմաշարը:
Ընդհանուր առմամբ, փորձագիտական գնահատականներով Պակիստանի համար Թուրքիայի հետ մերձեցումը մեծ նշանակություն ունի, քանի ձեռք է բերում ռազմավարական գործընկերոջ և զենքի մատակարարի: Իր հերթին Անկարան, բացի սպառազինության վաճառքից, եվրասիական տարածաշրջանում խորացնում է համագործակցությունը միջուկային զենք ունեցող երկրի հետ, որն անթաքույց աջակցում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը: Այդուհանդերձ, կան տեսակետներ, որ Թուրքիան Պակիստանում և Հարավային Ասիայի երկրներում սեփական ազդեցությունը ընդլայնելու ուղղությամբ իրականացվող քայլերին զուգընթաց պետք է հաշվի առնի տվյալ տարածարջանի տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ռազմաքաղաքական և տնտեսական շահերը: