Պատերազմ Արցախում. ռուսական փորձագիտական հանրության արձագանքները

4 ր.   |  2020-10-05

Արցախյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները գտնվում են ռուսական մեդիա դաշտի և փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում։ 

Այսպես, «Взгляд» թերթը նշում է, որ Բաքվի  հարձակումը Արցախի Հանրապետության վրա մանրակրկիտ նախապատրաստված ու պլանավորված էր Ադրբեջանի կողմից։ Նմանօրինակ ռազմական գործողությունը ենթադրում է ոչ միայն հանկարծակիություն, այլև զորքերի  կենտրոնացում, որոնց թիվը հարձակվող կողմի դեպքում պետք է երեք անգամ գերազանցի հակառակորդի զորքերի թվին։ Հարձակումը, չնայած բավական անսպասելի էր, բայց կանխատեսելի։ Ըստ թերթի, թեև Ադրբեջանը մեծ ուժերով փորձում էր հասնել հաջողության, սակայն դա տեղի չունեցավ և նրա բանակային կորպուսը այդպես էլ մնաց հարձակման դիրքում կամ վերադարձավ ելակետային դիրք։ Ռազմական փորձագետ Վ. Պոպովն այս առիթով նշում է, որ  տեղանքը լեռնային է, ինչը որոշակիորեն խոչընդոտում է ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացմանը։ Ըստ նրա, ադրբեջանական բանակը ինքը լարեց այս թակարդը, ինչի  համար էլ այժմ հատուցում է[1]։

Ի նչպես նշում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկին ադրբեջանական կողմը դեռ զգալի հաջողություն չի ցուցաբերել, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ զինված հակամարտությունն էլ ավելի կսրվի: «Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են քարտեզներ, որոնք ցույց են տալիս վերջին մարտերի արդյունքները: Սակայն, դե ֆակտո, ոչ մի ձեռքբերում պաշտոնապես չի հաստատվել: Նրանք նույնիսկ ոչ մի ռազմավար չեն ցուցադրել. ընդամենը մի քանի վնասված բեռնատար, հրազեն և ռազմամթերքի արկղեր։ Եվ ոչ մի լրատվական թողարկում գրավյալ գյուղերից կամ նույնիսկ հենակետերից: Բնական է, որ սա չի կարող չբարկացնել նրանց հրամանատարությանը»,- նշում է փորձագետը[2]:

58-րդ ռուսական բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Անատոլի Խրուլյովն էլ գտնում է, որ ռազմական գործողություններում ուժերի հարաբերակցությունը կարևոր է, բայց հաղթանակի հասնելու համար  գերազանցությունը միշտ չէ, որ որոշիչ է։ Այստեղ, մեծ մասամբ կարևոր է անձնակազմի և հրամանատարության մոտիվացիան, վճռականությունը, հստակ կազմակերպվածությունն ու վերջնանպատակի ընկալումը: Այս իրավիճակում,  ըստ Խրուլյովի, հայկական բանակն առավելություն ունի։ Ոչ միայն պաշտպանվող կողմ է, այլև ավելի համախմբված և կենտրոնացած է հարձակումները հետ մղելու վրա[3]:

Փորձագիտական շրջանակները գտնում են, որ եթե հակամարտությունը խորանա, այն կարող է ուղղակիորեն առնչվել նաև Ռուսաստանին։ Ռազմական փորձագետ Կոստանտին Սիվկովի կարծիքով Թուրքիան պատրաստ է նվազագույնը սպառազինություն, ռազմական տեխնիկա, մասնագետներ և հատուկ նշանակության  զինվորականներ տրամադրել Ադրբեջանին։

Ն ա մատնանշում է, որ Ռուսաստանը տիրապետում է բավարար միջոցների, որպեսզի օպերատիվ կերպով արձագանքի տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սադրանքին։ Այդ դեպքում պետք է հետևի  Ռուսաստանի իշխանությունների կոպիտ հայտարարությունը, ինչպես նաև  ուժի ցուցադրությունը, իսկ Ադրբեջանի սպառազինությունում թուրքական արտադրության ինքնաթիռների կամ անօդաչու սարքերի հայտնաբերման դեպքում, ռուսական կողմը պետք է ցուցադրական կերպով Հայաստանին  և Արցախին  տրամադրի դրանք չեզոքացնող ժամանակակից սպառազինություն։  Միաժամանակ նա ընդգծում է, որ  ՌԴ-ի համար կարևոր նշանակություն ունեցող հարավային ռազմավարական ուղղության կորուստը կհանգեցնի խնդիրների նաև Հյուսիսային Կովկասում[4]։

Ինչ վերաբերում է Սիրիայից և Լիբիայից արցախյան հակամարտությունում Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչներին, ռուսաստանցի փորձագետները չեն բացառում, որ նրանց հավաքագրումը իրականացրել են Էրդողանին մոտ կանգնած պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիի հիմնադրած «SADAT» մասնավոր ռազմական ընկերության հրահանգիչները[5]:

Այս առիթով, ռուսաստանցի քաղաքական գործիչ Ս. Բաղդասարովը նշում է, որ Ռուսաստանի չի հանդուրժի իր սահմանների մոտ գտնվող ահաբեկիչ խմբերի ներկայությունը: Նրա խոսքով, ՌԴ-ն պետք է խաղաղապահ զորքեր տեղակայի Կովկասի այդ հատվածում և վերջնագիր ներկայացնի թուրքերին, որպեսզի նրանք մի քանի օրվա ընթացքում հեռանան այնտեղից: Հակառակ դեպքում ՌԴ ճշգրիտ հարվածներ  կհասցնեի ահաբեկչական հենակետերին[6]:


[1] Почему провалился «азербайджанский блицкриг» в Карабахе

[2] Эксперт назвал возможные сценарии войны в Карабахе. «Конфликт еще не дошел до предельной степени напряжения»

[3] Почему провалился «азербайджанский блицкриг» в Карабахе

[4] Турция провоцирует большую войну на Кавказе

[5] Андрей Арешев, По «ливийскому шаблону»: Турция перебрасывает террористов из Сирии в Закавказье

[6] Турция теснит Россию в Закавказье с помощью исламистов