Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական ձեռագիրը

3 ր.   |  2020-10-02

Ս եպտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ նշված էր, որ Սիրիայից ու Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Կոչ արվեց շահագրգիռ պետություններին միջոցներ ձեռնարկել անմիջապես դուրս հանելու օտարերկրյա ահաբեկիչ-վարձկաններին:

Բացի այդ,  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտարարեց, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի արցախյան հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխման մասին[1]:

Հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ արցախյան հակամարտության գոտում, ըստ ֆրանսիական հետախուզության, կան Սիրիայից եկած ջիհադիստական խմբավորումների զինյալներ, որոնք տարածաշրջան են ներթափանցել Թուրքիայի տարածքով[2]: Ընդ որում, Ադրբեջան են տեղափոխվում  Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ (Այնթափ) քաղաքից[3]։ Մակրոնը նաև հաստատել է, որ բոլոր զինյալները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ և Պուտինի հետ քննարկման ժամանակ վերջինս ևս հաստատել է, որ իրենք տիրապետում են այդ տվյալներին[4]։ Նկատենք, որ դեռևս սեպտեմբերի սկզբին ռուսական մամուլը հայտնում էր, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 500 սիրիացի զինյալների, հիմնականում էթնիկ թուրքոմանների՝ «Սուլթան Մուրադ», «Սիրիական ազատ բանակ» և «Համզաթ» զինված խմբավորումներից[5]։

Միևնույն ժամանակ միջազգային տարբեր աղբյուրներ հայտնում են ադրբեջանական կողմում կռվող ահաբեկիչների մասին տեղեկություններ: Այսպես, «Eurasia Daily» կայքը, հղում անելով «Ջիսր» թերթին հայտնում է, որ արցախյան հակամարտությունում ադրբեջանական կողմից կռվող սիրիացի սպանված վարձկանների թիվը հասել է 40-ի: Ընդ որում, սեպտեմբերի 30-ին սպանվել է Սիրիայից ժամանած 10 վարձկան՝ նշելով, որ նրանց մեծ մասը սիրիացի թուրքոմաններ են[6]:

CNN-ի տեղեկություններով, Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել արցախյան հակամարտության գոտում: Մասնավորապես, պրոթուրքական «Սիրիայի ազգային բանակի» զինյալները (սիրիացի արաբներ և թուրքոմաններ) գտնվում են Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտ և պատրաստ են տեղափոխվել հակամարտության գոտի: CNN-ը պարզել է, որ վարձկանների հետ պայմանագրերը կնքվել են երեք ամիս ժամկետով, և նրանք ստանալու են ամսական $1500[7]:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը (SOHR) սեպտեմբերի 30-ին տեղեկություն էր տարածել, որ թուրքական մասնավոր ռազմական ընկերություններն Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են ընտրում և տեղափոխում հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Խոսքն Ադրբեջան առնվազն 850 ահաբեկիչ տեղափոխելու մասին: Մինչ այդ նշվում էր, որ նրանց թիվը 320 է, սակայն օրական շուրջ 520 մարդ է տեղափոխվում[8]:

Հոկտեմբերի 1-ին «SOHR» կենտրոնը ներկայացրեց նոր տվյալներ, մասնավորապես, որ Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվն ավելանում է: Անցած 48 ժամում սպանվել է 28, վիրավորվել և անհետ կորել է 62 վարձկան: Մյուս կողմից՝ կենտրոնը նշում է, որ թուրքական ռազմական ընկերությունները պատրաստվում են հարյուրավոր վարձկաններ տեղափոխել Ադրբեջան[9]:


[1] Захарова рассказала о переброске иностранных боевиков в Карабах

[2] Макрон заявил о присутствии боевиков джихадистских группировок в Карабахе

[3] Haut-Karabakh : le groupe de Minsk appelle à une cessation immédiate des hostilities

[4] https://www.bbc.com/russian/features-54381268

[5] Сирийские боевики в Азербайджане готовятся к блицкригу в Армении

[6] В одном бою в Нагорном Карабахе погибли сразу 30 сирийских боевиков

[7] Rebels from Syria recruited to fight in conflict between Azerbaijan and Armenia, source says

[8] Turkish security companies transfer Syrian mercenaries to Azerbaijan, total number of fighters now in Azerbaijan increases to 850, and death toll jumps to three

[9] Nagorno-Karabakh battles | Nearly 30 Turkish-backed Syrian mercenaries killed in 48 hours, over 60 others missing