Հուլիսյան մարտեր․ պատճառները և հնարավոր հետևանքները

29 ր.   |  2020-07-29

1994 թ․-ին Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմից հրադադարի հաստատումից հետո գրանցվել են լարվածության մի շարք փուլեր, որոնց հիմնական մասը՝ Արցախ-Ադրբեջան սահմանին։ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը հիմնականում կրել է փոխհրաձգության բնույթ, որի ընթացքում պարբերաբար թիրախավորվել են հիմնականում Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը։ Փոխհրաձգությունից զատ Ադրբեջանն իրականացրել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր։

2020 թ․ հուլիսյան մարտական գործողությունները փաստացիորեն 1994 թ․-ի հրադադարի հաստատումից հետո Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին գրանցված խոշորագույն միջադեպն են։ Լարվածության նոր փուլի սկիզբը կարելի է համարել 2014 թ․ օգոստոսին Արցախ-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը, որի ընթացքում ադրբեջանական կողմը զգալի կորուստներ կրեց։ Նշված փուլին հաջորդեցին նույն թվականի նոյեմբերին Արցախում Հայաստան-Արցախ համատեղ զորավարժությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցումը։ Հետագայում լարվածության պարբերական աճ էր գրանցվում, որը 2015 թ. սեպտեմբերին դրսևորվում է հրետանային «մենամարտով», իսկ 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի հարձակումով՝ վերաճեց լայնածավալ ռազմական գործողությունների։

2016 թ․-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո բանակցային գործընթացը սկսվում է նոր փուլից, որի հիմքում սահմանային միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ներդրումն էր և բանակցությունների համար համապատասխան հարթակների ստեղծումը։ Ադրբեջանական կողմը, սակայն, պարբերաբար հրաժարվում է հետաքննության մեխանիզմների տեղադրումից՝ շարունակելով ագրեսիվ հռետորաբանության միջոցով իրավիճակը սրելու իր քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սահմանային իրավիճակը Հայաստանում համեմատաբար հանգիստ էր․ սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեցին խախտումներն արձանագրելու և կանխելու նպատակով ուղիղ կապի մեխանիզմներ ստեղծել։ Սակայն Ադրբեջանական կողմից շարունակում էին հնչել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններ։ Մասնավորապես, այս առումով ակտիվ էր հենց Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը, որը 2018-2019 թթ․ նմանատիպ 10-ից ավելի հայտարարություն է արել։ 2020 թ․ փետրվար-մարտ ամիսներին Տավուշի սահմանում նկատվում է լարվածության որոշակի աճ, մարտի վերջին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվում է Կոթի գյուղի մեկ անչափահաս բնակիչ։

Բացի այսօրինակ խախտումներից, դիվերսիոն-ներթափանցման փորձերից, իրավիճակը 2018-2020 թթ․ ընթացքում հիմնականում հանգիստ էր։ Հակամարտությունը հիմնականում դրսևորվում էր դիրքային տեղաշարժերի միջոցով, որոնց թվում կարող ենք նշել 2018 թ․ Նախիջևանում Ադրբեջանի բանակի կողմից միջդիրքային տարածության կրճատումը, ինչպես նաև 2019 թ․ Հայաստանի ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (2018 թ․ հոկտեմբերից ստանձնել է Ադրբեջանի Ղազախ և Աղստաֆա շրջանների դիրքերի պահպանությունը՝ փոխարինելով ԶՈւ 3-րդ բանակային կորպուսին։ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանը մնացել է 3-րդ ԲԿ-ի պատասխանատվության գոտում, որտեղ էլ տեղի են ունեցել վերջին մարտական գործողությունները) կողմից ՀՀ-Ադրբեջան-Վրաստան սահմանագոտու հատվածում դիրքային բարելավումները։ Նմանատիպ ավելի փոքր գործողություններ իրականացվել են նաև այլ հատվածներում։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպել են (այդ թվում՝ տեսակապով) 11 անգամ, իսկ 2019 թ․ ղեկավարներն անցկացրել են մեկ պաշտոնական հանդիպում։ Բացի այդ, եղել են նաև երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնցից վերջինը 2020 թ․ փետրվարին Մյունխենում։ Դատելով ԵԱՀԿ ՄԽ հաղորդագրություններից՝ հանդիպումների ժամանակ քննարկվել են կարգավորման համապատասխան հարթակների և մթնոլորտի ձևավորման հարցեր։ Նշված պայմանավորվածությունների շրջանակներում իրականացված քայլերից մեկը 2019 թ․ նոյեմբերի վերջին Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցն էր։ 2020 թ․ հունվարի 30-ին Ժնևում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները, ըստ ԵԱՀԿ ՄԽ հաղորդագրության, քննարկել էին «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» (տես՝ կարգավորման համար համապատասխան միջավայր ստեղծելու) այլ քայլերի իրականացման հարցեր, սակայն գործընթացները փաստացի ընդհատվում են փետրվարի վերջին և մարտին նոր կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։ Մարտի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն (ԳՆԱՆ) անորոշ ժամանակով դադարեցնում է մոնիթորինգային առաքելությունը, որից հետո տեղի է ունենում արտգործնախարարների երկու հանդիպում՝ դարձյալ տեսակապի միջոցով։

Կարևոր է նշել, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանում կրկին ակտիվանում են հակահայկական կոչերը, ինչպես նաև բանակցային գործընթացի հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումները։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը մայիսի 13-ին կրկին հայտարարում է, որ Ադրբեջանի «տնտեսական հզորությունը, ռազմական ուժը և տարածաշրջանում աճող հեղինակությունը այն գործոններն են, որոնք կհանգեցնեն Ադրբեջան պետության ինքնիշխանության լիարժեք վերականգնմանը»։ Հունիսի 3-ի ելույթում Ի․ Ալիևը մեկ անգամ ևս անուղղակի հավակնություն է դրսևորում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ ՀՀ տարածքն անվանելով «Ադրբեջանի պատմական տարածք»։ Հունիս և հուլիս ամիսներն Ի․ Ալիևը նմանատիպ ևս մի քանի հայտարարություն է անում։ Մասնավորապես, հունիսի 25-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին շեշտում է, որ «․․․ աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում, և մենք այդ ուժը պետք է հավաքենք, հարցը ցանկացած ճանապարհով պետք է լուծենք»։

Մարտին Տավուշի մարզի ուղղությամբ նկատվել էր նաև հակառակորդի ստորաբաժանումների որոշակի ակտիվություն. մարտի 6-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որը հաջողությամբ կանխվել էր։ Արդեն մարտի 30-ին Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումների հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով վիրավորվում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղի անչափահաս բնակիչ։

Այսպիսով, չնայած բանակցային գործընթացը շարունակվում էր և հումանիտար ոլորտում համագործակցության որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում էր ագրեսիվ, հակահայկական ելույթները՝ որպես խնդրի կարգավորման հիմնական ճանապարհ դիտարկելով ռազմական ուղին։

Անհրաժեշտ է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ տեղի են ունենում նաև հայկական կողմում․ խոսքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դ․ Տոնոյանի 2019 թ․ առաջ քաշած «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքի մասին է, որը ենթադրում է անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ (preventive) գործողություններով հակառակորդի ակտիվությունը ճնշելու մարտավարություն։ Այս առումով կարևոր  ընդգծումներ կար 2020 թ․ հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում, որտեղ մասնավորապես կարող ենք առանձնացնել հետևյալ հատվածը «․․․ մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը․․․»։

Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիվ մարտավարության ընտրությունը, ուժի գործոնի շահարկումը, ինչպես նաև համավարակով պայմանավորված ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի մշտադիտարկման խմբի տարածաշրջանից հեռանալն արդեն իսկ ստեղծել էին իրավիճակի լարման նախադրյալներ, ինչին ականատես եղանք հուլիսի 12-21-ն ընկած ժամանակահատվածում։ Մյուս կողմից՝ մարտական գործողությունների ընթացքը ակնհայտորեն ցույց տվեց ՀՀ զինված ուժերի որդեգրած կանխարգելիչ գործողությունների մարտավարության արդյունավետությունը, ինչն ադրբեջանական կողմին ոչ միայն թույլ չտվեց առավելության հասնել, այլ նաև գործողությունները ավարտվեցին ՀՀ զինված ուժերի ակնհայտ առավելությամբ։

Մարտական գործողությունների ընթացքը

Հ աշվի առնելով այն փաստը, որ մարտական գործողությունների ավարտի վերաբերյալ բանավոր կամ գրավոր որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ 2020 թ․ հուլիսի 12-21-ի գործողությունները պայմանականորեն անվանենք հուլիսյան մարտական գործողությունների՝ չբացառելով հետագայում նոր լարվածության հնարավորությունը։ Մեկնարկը հուլիսի 12-ին՝ ժամը 12։30-ից Ադրբեջանի նախաձեռնած գործողություններն էին։ Լարվածության վերաբերյալ ժամը 16։08 առաջինը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, թե ՀՀ զինված ուժերը հրետակոծել են Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, և հայտնում է «երկու կողմից կորուստների» մասին։

Ժամը 16։54 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շ․ Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 12։30-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ՈւԱԶ մակնիշի զինվորական մեքենայով մոտեցել են ՀՀ ԶՈւ դիրքերին, այնուհետև նախազգուշացումից հետո թողել մեքենան և վերադարձել։ Ժամը 13։45 Ադրբեջանի ԶՈւ-ն հրետակոծում է ՀՀ ԶՈւ դիրքերը։ Պատասխան գործողությունների հետևանքով Ադրբեջանի զինուժը կորուստներ է ունեցել, իսկ հայկական կողմից կորուստներ չկան։ Արդեն երեկոյան 22։10-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է 3 զինծառայողի մահվան և ևս 4 զինծառայողի վիրավորվելու մասին։ 22։50-ի սահմաններում ՀՀ ՊՆ խոսնակն իր հերթին հայտնում է Ադրբեջանի կողմից հրետակոծության վերսկսման մասին։ Այսպիսով լարվածությունն աստիճանաբար վերաճում է ակտիվ բախումների, որոնք կարճատև դադարներով շարունակվում են մինչև հուլիսի 16-ը, որից հետո լարվածությունը նվազում է։ Միայն հուլիսի 21-ի երեկոյան ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման նոր՝ ձախողված փորձ։

Առավել ակտիվ գործողություններ գրանցվել են հուլիսի 14-ին, երբ ադրբեջանական կողմն ունեցավ նվազագույնը 7 կորուստ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։ Հուլիսի 15-ին դիտարկվում է հարաբերական հանգիստ, ինչին հաջորդում է հուլիսի 16-ի ադրբեջանական հերթական գրոհը։ Հայկական կողմը կորուստներ կրում է միայն հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 16-ի գործողության արդյունքով կորուստներ կրում է բացառապես ադրբեջանական կողմը։

Մարտական ակտիվ գործողություններն ընթացել են ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի միջև ընկած հատվածում։ Հրետակոծության և «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով բախումների աշխարհագրությունը տարածվել է նաև հարակից բնակավայրերի տարածքներում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի գրոհները եղել են ստորև բերված քարտեզում նշված դիրքերի ուղղությամբ։


Դեղինով նշված է «Ղարադաշ» («Սև քար») կոչվող բարձունքը և ՀՀ ԶՈւ «Անվախ» դիրքի տեղակայման մոտավոր վայրը։

Նաև ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների հետ համադրության արդյունքում պարզ է դառնում, որ նշված տարածքն ամբողջությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈՒ որոշ դիրքերի տեղակայման վայրերը եղել են Խորհրդային Հայաստանի տարածքում և, հետևաբար, ՀՀ տարածքում են։

Բաց աղբյուրների մշտադիտարկումն առայժմ թույլ չի տալիս տեղեկություն ստանալ նշված հատվածում դիրքային որևէ փոփոխության մասին։ Առայժմ հասանելի միակ ամենաթարմ քարտեզի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքում որոշակիորեն բարելավել են դիրքերը, ինչի արդյունքում, հավանաբար, հաջողվել է նաև տվյալ շրջանում որոշակի դիրքային առավելություն ստանալ։ Սակայն վերջնական փոփոխությունների մասին խոսելը դեռևս վաղ է, ինչպես նաև տվյալներ չկան հակառակորդի դիրքեր զբաղեցնելու վերաբերյալ։

Ինչպես տեսնում եք, Հայաստանի տարածքում դիրքերի որոշակի բարելավման առաջին նախանշանները երևում են հուլիսի 15-ի քարտեզում, այսինքն՝ մարտական գործողությունների սկսվելուց երեք օր անց։

Այս հատվածի այլ գյուղերի տարածքում Ադրբեջանը շարունակում է պահպանել գյուղերի տարածքները դիտարկելու հնարավորությունը, ինչը դեռևս սպառնալիք է նշված գյուղերի բնակիչների անվտանգությանը։ Խոսքը, մասնավորապես, Չինարի գյուղի մասին է, որտեղ ՀՀ զինուժը 2019 թ․ ընթացքում որոշակի բարելավումներ իրականացրել է, սակայն հետագա առաջխաղացումն արդեն անխուսափելիորեն բերելու է ուղիղ բախման՝ միջդիրքային տարածության արդեն իսկ բավականին նեղ լինելու պատճառով։ Նույն իրավիճակը նաև Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում է։ Մյուս կողմից՝ հայկական զինված ուժերը նույն կերպ դիտարկում են Այգեպար գյուղի դիմաց գտնվող Ալիբեյլի գյուղի, ինչպես նաև հարակից գյուղերի տարածքները, ինչը հնարավոր լարման դեպքում հակառակորդին ճնշելու հնարավորություն է տալիս։

Ստեղծված իրավիճակն արդեն իսկ ենթադրում է, որ Տավուշի մարզի հատվածում նոր լարվածության օջախների առաջացումը, ինչպես նաև արդեն առկա օջախում կրկին մարտական գործողությունների ծավալման հնարավորությունը բավականին բարձր է։ Նշվածը ավելի պարզ է դառնում նաև Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը թիրախավորելու միջոցով ճնշում գործադրելու քաղաքականության արդյունքում։ Այդ իսկ պատճառով կողմերից յուրաքանչյուրը փորձում է բարելավել իր դիրքերը՝ հնարավոր բախման դեպքում առավել շահեկան դիրքերից մարտ վարելու և սեփական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հուլիսյան մարտերի պարագայում թե՛ զինտեխնիկայի կիրառման հմտությամբ, թե՛ անձնակազմի մարտունակությամբ, թե՛ նշված տեսանկյունից առավելությունը կարողացավ ստանձնել ՀՀ զինուժը, ինչը և հանգեցրեց ադրբեջանական ստորաբաժանումների բոլոր գրոհների ակնհայտ ձախողման և բավականին լուրջ կորուստների, չնայած հարձակումը նախաձեռնողն Ադրբեջանն էր։ Նշվածն իր հերթին հանգեցրեց Ադրբեջանում ներքաղաքական ճգնաժամի հասունացմանը, իշխանությունների դեմ բողոքի ցույցերին, որոնք հատկապես ակտիվ էին հուլիսի 14-ին։ Այս պարագայում բավականին մեծ է հավանականությունը, որ, չնայած հարձակման արդեն իսկ ձախողված մի քանի փորձին, հուլիսի 16-ին Ադրբեջանի զինուժը ևս մեկ անհաջող փորձ իրականացրեց։

Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը

Մ արտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը թիրախավորեց սահմանամերձ հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի գյուղերը և Բերդ քաղաքը։ Բերդի տարածքը հրետակոծվել էր հուլիսի 14-ին։ Ըստ ականատեսների վկայությունների՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է 4 արկ, որոնցից մեկը ընկել է կոնյակի գործարանի տարածքում, որը «Տավուշ տեքստիլ» գործարանի մոտակայքում է։ Տվյալ դեպքում դժվար է ասել, թե որ գործարանն էր թիրախավորվել։ Նույն օրը մեկ արկ արձակվել է նաև Տավուշ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ, ինչի առիթով ևս ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով հուլիսի 12-16-ին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում նշված համայնքներում վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ (Այգեպար համայնքում), գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց։

Հուլիսի 13-ին Ադրբեջանական կողմի հրետակոծությունից վիրավորվել է «Տավուշ» ջրամբարի (Այգեպար գյուղի տարածքում) տարածքում պահպանություն իրականացնող երկու ոստիկան, վնասվել է պահակատունը։

Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը ևս հայտնել է իր քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Աղդամ գյուղին հարակից Դոնդար Ղուշչու գյուղի բնակելի տների վնասման մասին։ Այս դեպքում, սակայն, ինչպես ներկայացրել է «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի ֆեյսբուքյան էջը՝ գյուղի տարածքում տեղակայված են Ադրբեջանի ԶՈւ հրետանային մարտկոցներ։ Ըստ այդմ, գյուղի տարածքը թիրախի վերածելու հարցում պատասխանատվությունն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վրա է։

Ստորև ներկայացնում ենք գյուղը շրջապատող հրետանային դիրքերից մի քանիսը, ինչպես նաև ադրբեջանական «Հանրային հեռուստաընկերության» ռեպորտաժներից մեկը՝ հրետակոծության վերաբերյալ։ Ինչպես երևում է՝ ռեպորտաժում պատկերված վայրն իր դիրքով նման է գյուղի այն հատվածին, որտեղ հրետանային մարտկոցներն են։

Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ. սահմանամերձ գյուղերի զգալի մասի տարածքում ԶՈւ հրետանային մարտկոցներ են տեղակայված։ Օրինակ՝ 2017 թ․ հուլիսին Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել էր Աղդամի (Ակնա) Ալխանլու գյուղի տարածքում հրետանային մարտկոցների տեղակայման մասին տեսանյութ։ Այս մարտավարությունն Ադրբեջանի կողմից 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիաների և Ժնևի 1977թ. «Լրացուցիչ արձանագրության» 58-րդ հոդվածի դրույթների խախտում է։ Հետևաբար՝ քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր կորուստների պատասխանատվությունը ստանձնում է ադրբեջանական կողմը։ Ի տարբերություն ադրբեջանական գյուղերի՝ ՀՀ Տավուշի մարզի նշված գյուղերի մոտակայքում որևէ կրակակետ չկա, հետևաբար՝ միտումնավոր թիրախավորվել են հենց խաղաղ բնակավայրերը։

Հավելենք, որ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ Տավուշի մարզում ադրբեջանական կողմի գործողություններից տուժած ՀՀ բնակիչներին առաջին փուլով կտրամադրվի 25 մլն դրամ։ Ընդհանուր փոխհատուցման ենթակա վնասը գնահատվել է շուրջ 150 մլն դրամ։

Կողմերի կորուստները

Մ արտական գործողություների ընթացքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, ևս մեկը մահացել է ավելի ուշ՝ հուլիսի 14-ին ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ էր, ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։ Հուլիսի 14-ին զոհված զինծառայողներն են՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը (աղբյուրը՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ) և կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը (աղբյուրը՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ)։ Նույն օրը ծանր վիրավորում ստացած շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը մահացել է հոսպիտալում՝ հուլիսի 23-ին։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել է միայն 12 զինծառայողի մահը։ Այդ թվում՝ երեքը հուլիսի 12-ի բախումների ընթացքում, մեկը՝ հուլիսի լույս 13-ի գիշերվա, 7-ը հուլիսի 14-ի և ևս մեկը՝ հուլիսի 16-ին։ Հուլիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում էին նաև Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, հրետանու պետ գնդապետ Իլգար Միրզաևը, միջին սպայական կազմի զինծառայողներ։

Ադրբեջանի ԶՈւ-ն կորուստներ էր կրել նաև հուլիսի 16-ի ձախողված հարձակման արդյունքում։ Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում և լուսանկարներում երևում է ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հարձակված ադրբեջանական զինծառայողների նվազագույնը 3-4 դիակ, որոնց տարհանում են։ Նշված զինծառայողների մահվան մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հայտնել։ Տեղանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները Տավուշի Մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերի շրջանում են։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ, դիտարկվող ժամանակահատվածում գրանցված վերջին հարձակման փորձի մասին հայտնել է հուլիսի 21-ի երեկոյան՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժն ունի կորուստներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը։ Այսպիսով, առնվազն մեկ դեպքում հրապարակվել է 1-ից ավելի Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողների տարհանման տեսանյութ, սակայն նույն օրը՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է  ընդամենը մեկ կորստի մասին։ Հաջորդող ժամանակահատվածում այլ տվյալներ չեն հաղորդվել։ Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստներն իրականում 12-ից ավելի է։

Ադրբեջանական զինտեխնիկայի կորուստները ևս զգալի են. ՀՀ ՊՆ-ն հայտնել է ընդհանուր առմամբ ադրբեջանական անօդաչու թռչող 13 սարքի, ինչպես նաև 3-4 տանկի խոցման մասին։ Խոցված տանկերի վնասման աստիճանի և վերականգնելիության մասին բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա բարդ է եզրակացություն իրականացնել, սակայն խոցված անօդաչու թռչող սարքերի մի մասի մնացորդները ցուցադրվել են նաև ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում։ Խոցված ԱԹՍ-ների թվում էին մասնավորապես խոշոր հետախուզական Hermes-900 (հրապարակվել է խոցման տեսանյութը), Skystriker «կամիկաձե» ԱԹՍ-ներ։ Այդ թվում՝ ԱԹՍ-ներից մեկը ՀՀ զինված ուժերը կարողացել են «որսալ» առանց խոցելու։


Ձախ կողմում՝ ՀՀ ԶՈւ «որսած» Skystriker «կամիկաձե» ԱԹՍ-ն, աջում՝ նույն տեսակի ԱԹՍ-ներն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Թյուրքան» ռազմաբազայում՝ Ադրբեջանի նախագահի 2019 թ․ հունվարյան այցի ժամանակ։

Հատկանշական է, որ թե՛ «կամիկաձե» ԱԹՍ-ները, թե՛ Hermes-900-ը, որի շուկայական գինը տատանվում է 30-60 միլիոն դոլարի սահմաններում (վաճառք Մեքսիկային, Շվեյցարիային) բացառապես իսրայելական են։ Ավելացնենք, որ ադրբեջանական կողմը մարտական գործողությունների ընթացքում կիրառել է նաև հեռահար բազմանպատակ հրթիռ(ներ)։ 2019 թ․ հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ նշված հրթիռներից տեղադրվել են Ադրբեջանի ԶՈւ ուղղաթիռների վրա, ինչը թույլ է տալիս նվազագույնը 10 կմ հեռավորությունից խոցել թիրախները։ 2020 թ․ հուլիսյան գործողությունների ընթացքում, սակայն, նշված հրթիռի(ների) կիրառումն առնվազն տեսանելի արդյունավետություն չի ունեցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀՀ ԶՈւ հետախուզական 2 ԱԹՍ-ի խոցման մասին, որից մեկը՝ հուլիսի 22-ին։ Երկու հայտարարությունն էլ ՀՀ ՊՆ կողմից հերքվել է։ Հայկական այլ «զինտեխնիկայի» խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՈւԱԶ մակնիշի մեքենան՝ խոցված Չինարի գյուղի մոտակայքում, ինչպես նաև նույն հատվածում խոցված ծածկը, որի տակ կայանած է եղել քաղաքացիական մեքենա, որը ներկայացվել է իբրև «զորանոց»։ Նույն գործողության ընթացքում վիրավորվել էր Չինարի գյուղի խաղաղ բնակիչ։ ԱԻՆ և քաղաքացիական մեքենայի խոցումն իրականացվել էր «կամիկաձե» ԱԹՍ-ով։

Ներքաղաքական ճգնաժամն Ադրբեջանում

Մ արտական գործողությունների հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, Ադրբեջանում տեղի են ունենում հակահայկական կոչերով բողոքի ցույցեր, որոնց հակաիշխանական բնույթ ստանալուց հետո ոստիկանությունն արագորեն այն ցրում են։ Ըստ ադրբեջանական ընդդիմադիր էջերից մեկի գրառման՝ բերման է ենթարկվում ավելի քան 200 ցուցարար։

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Բաքվում «Նահատակների պուրակի» մոտակայքում անցկացվում է հակահայկական ատելության կոչերով խոշոր բողոքի ցույց, որն անհրաժեշտ է դիտարկել երկու հիմնական բաղադրիչով․

Ցույցի մասնակիցները նախապես հնչեցնում էին հակահայկական, այդ թվում՝ «մահ հայերին» վանկարկումներ։ Ցույցներին նկատվել է նաև երեխաների ներկայություն։

Ցույցերի ծավալմանը զուգահեռ սկսում են հնչել նաև բանակի ղեկավարության դեմ և հակաիշխանական կոչեր։ Մասնավորապես, ակտիվ վանկարկվում է «Նեջմեդդին հրաժարական» (խոսքը Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովի մասին է) կոչը։ Հուլիսի լույս 15-ի գիշերը՝ ժամը 3։00-3։30-ի հատվածում, ցուցարարները ներխուժում են «նահատակների պուրակի» հարևանությամբ գտնվող Ադրբեջանի խորհրդարանի շենք, որից հետո ոստիկանությունը ուժով ցրում է ցույցը։

Այն, որ ցույցի սկզբնական հատվածում ելույթ է ունենում նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը, և ցույցը որևէ կերպ չի արգելվում, վկայում է, որ այն իշխանությունների կողմից առնվազն խրախուսվում էր։ Սակայն միևնույն ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության մեծաքանակ ջոկատների, ջրցան մեքենաների առկայությունն, իր հերթին, վկայում է, որ հավանաբար հաշվի էր առնվել, որ ցույցը կարող է  հակաիշխանական բնույթ ընդունել, ուստի մշակվել էր նաև այն ցրելու տարբերակը։

Ցույցերը փաստեցին, որ հնարավոր անհաջողության դեպքում ադրբեջանական հասարակության ակտիվ զանգվածի առնվազն զգալի մասի դժգոհությունները կարող են վերաճել հակաիշխանական բողոքի ալիքի, ինչը կարող է լրջորեն սպառնալ Իլհամ Ալիևի իշխանությանը։ Սա իր հերթին նշանակում է, որ հաջորդ հավանական լարվածության դեպքում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լրջորեն հաշվի առնելու նշված գործոնը։ Կարող ենք նաև եզրակացնել, որ դժգոհության առկա ալիքը մեղմելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակելու է կոշտացնել իր հայտարարությունները, մասնավորապես՝ հակահայկական ատելության խոսքի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով, իսկ նոր ռազմական գործողություն սկսելու դեպքում փորձելու է հնարավորինս ուշադիր հաշվարկել հետևանքները՝ փորձելով բացառել հնարավոր ձախողումը։ Զուգահեռաբար ադրբեջանական կողմը փորձելու է շարունակել հուլիսյան մարտերում փաստացի պարտությունը իբրև «հաղթանակ» ներկայացնելու քաղաքականությունը հնարավորինս շատ ապատեղեկատվությամբ՝ հաշվի առնելով փաստական հենքի բացակայությունը։ Այս առումով հուլիսյան մարտերը տարբերվում են 2016 թ․ Ապրիլյան պատերազմից, որտեղ նմանատիպ քարոզչության համար որպես հենք ծառայեց մասնավորապես «Վարազաթումբ» («Լելե թեփե») բարձունքի հենակետի գրավումը։ Նույն քարոզչության շրջանակներում Ադրբեջանի նախագահը վերջին երկու տարվա ընթացքում լայնորեն օգտագործում է 2018 թ․ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Նախիջևանում միջդիրքային տարածության կրճատումը։ 2020 թ․ հուլիսյան մարտերի դեպքում, հաշվի առնելով հայկական կողմի վերոնշյալ դիրքի բարելավումը, Ադրբեջանի համար նույն քարոզչության շրջանակներում տրամագծորեն հակառակ պատկերն է ստեղծվել, ինչը հավելյալ վտանգներ է պարունակում իշխանության համար։

«Մամեդյարով գործողությունը»

Ա դրբեջանի ԶՈւ ձախողված հարձակման, կորուստների և լարված ներքաղաքական իրադրության պայմաններում հուլիսի 15-ի երեկոյան նախագահ Իլհամ Ալիևը իրադրությունը կարգավորելու փորձ է կատարում՝ կոշտ քննադատելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, կառավարության նիստում հայտարարում է, որ Մամեդյարովը լարված օրերին փաստացի հրաժարվել է աշխատել, սխալ քաղաքականություն է վարել, մեղադրում է նրան կորոնավիրուսի թեմայով Հայաստանի հետ քննարկումներ անցկացնելու համար և այլն։ Հաջորդ օրը Է․ Մամեդյարովն ազատվում է աշխատանքից, և նրան փոխարինում է Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ալիևի հայտարարության վերլուծությունիվ կարող ենք եզրակացնել, որ արտգործնախարարին աշխատանքից ազատելու հիմնական նպատակը ձախողումների պատասխանատվությունն արտաքին գործերի գերատեսչության վրա դնելով՝ ռազմական անհաջողությունները քողարկելն էր։ Հատկանշական է, որ Է․ Մամեդյարովի դեմ արշավը սկսվել էր դեռևս մայիսին, երբ Ադրբեջանի ԶՈւ մի խումբ իշխանամետ պատգամավորներ սկսել էին նրան մեղադրել վատ աշխատանքի համար։ Հուլիսի 3-ին ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, որի արդյունքում կալանավորվեց ԱԳՆ առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ հյուպատոսական վարչության ղեկավարը, որին էլ քննադատել էին պատգամավորները։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ կալանավորված պաշտոնյաների մի մասն ընկերական կապեր ուներ Մամեդյարովի հետ։ Այսպիսով՝ չի կարելի բացառել, որ իշխանությանը սպառնացող վտանգի դեպքում ողջ պատասխանատվությունը արտգործնախարարի վրա բարդելով պատասխանատվությունից խուսափելու սցենարն Ադրբեջանի ղեկավարությունը նախապես մշակել էր։

Մյուս կողմից՝ Է․ Մամեդյարովին անգամ հումանիտար հարցերում Հայաստանի հետ բանակցելու համար մեղադրելը վկայում է, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է 2016-2020 թթ․ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր, այդ թվում՝ «խաղաղության նախապատրաստման», «կարգավորման համար հարթակների ստեղծման» պայմանավորվածություններից։

Ի․ Ալիևի ելույթի մյուս հատվածը վերաբերում էր ցույցերին։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ հակաիշխանական գործողությունները հրահրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ նրանց անվանելով «5-րդ շարասյուն», «փողոցի հերոսներ»։ Փորձելով հեղինակազրկել հակաիշխանական ցույցերի մասնակիցներին՝ Ի․ Ալիևը նշում է, որ, չնայած ցույցերին հազարավոր մարդկանց մասնակցությանը, Ադրբեջանի զինվորական կոմիսարիատներ կամավորագրման համար դիմել է ընդամենը 150 մարդ, որոնցից 60-ը՝ Թովուզից, ինչը նշանակում է, որ 4 օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում բանակի և իշխանության սատարումը շատ ցածր տոկոս է կազմել։ Ըստ այդմ, Ի․ Ալիևի այս ելույթին հաջորդող օրերի ընթացքում, նշված խնդիրը քողարկելու նպատակով, Ադրբեջանի զորակոչի ծառայությունը պարբերաբար հայտնում է «նախագահի կոչով հազարավոր մարդկանց դիմելու» մասին։

Ելույթների, ցույցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում Ալիևի հեղինակությանը, իշխանությանը սպառնացող հիմնական վտանգը կարող է բխել ռազմական գործողություններում Հայաստանին, Արցախին զիջելու դեպքում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող քարոզչությունը «ծայրահեղ թույլ Հայաստանի» և «հզոր Ադրբեջանի» կարգախոսներով, որպես պարտություն է ընկալվում նաև այնպիսի իրավիճակը, երբ Ադրբեջանի զինուժն ակնհայտ հաջողություն չի գրանցում։ Սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ այսպիսի համախմբում Ադրբեջանում առայժմ չի նկատվել։

Հատկանշական է նաև Ալիևի հուլիսի 21-ի ելույթը, որտեղ վերջինս նշում է, թե «Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից» և կոչ անում Ադրբեջանի հետ «դեմ առ դեմ կռվել»։ Ադրբեջանում Արցախյան պատերազմի վերաբերյալ տարվող քարոզչության հիմնասյուներից մեկը այն է, որ «Ադրբեջանը պարտվել է Ռուսաստանին, այլ ոչ թե՝ Հայաստանին / Արցախին»։ Այս պարագայում ևս նկատելի է սույն թեզի շրջանառման համար հիմքերի նախապատրաստումը՝ հետագայում Ադրբեջանի ակնհայտ պարտությունը քողարկելու նպատակով։

Պարտությունը քողարկելու գործիքակազմում մեծ դեր ունեցան նաև կեղծ տեղեկությունների տարածումը, տեղեկատվական ներքին «բլոկադայի» քաղաքականությունը։

Ապատեղեկատվություն

Ա դրբեջանի ձախողումներն ու անհամեմատ ավելի մեծ կորուստները թաքցնելու նպատակով տարածվում են հայկական կողմից իբր տասնյակ, իսկ հուլիսի 14-ից սկսած՝ «հարյուրավոր կորուստների» վերաբերյալ նյութեր։ Նշված լուրերի «հավաստիությունը» ներկայացնելու նպատակով արդեն սոցցանցային հաշիվներով տարածվում են Երևանում իբր «զոհերի հարազատների բողոքի ցույցերի» տեսանյութեր։ Այս շարքում որպես օրինակ կարող ենք նշել ակնհայտորեն ջահերով երթին բնորոշ տեսանյութի տարածումը։

Ադրբեջանական կողմից տարածված ապատեղեկատվության մեջ մեծ տեղ ունեին նաև նախկինում կոտրված Facebook և Instagram սոցիալական ցանցերի հաշիվներով հայ օգտատերերի անունից «տասնյակ և հարյուրավոր զոհերի» վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը։ Առանձնանում էր նաև «Վիվասել» և «Յուքոմ» կապի օպերատորների բաժանորդներին ՀՀ ՊՆ անունից կեղծ տեղեկատվությամբ կարճ հաղորդագրությունների ուղարկումը, որն անմիջապես հերքվեց ՀՀ ՊՆ կողմից, և օգտատերերին ուղարկվեցին հերքման տեքստով հաղորդագրություններ։ Նաև հուլիսի 17-ին տարածվել էր, իբր թե, հայ կնոջ հեռախոսային խոսակցությունը՝ «սահմանային գյուղերում խուճապային իրադրության» վերաբերյալ։

Նշված կեղծ լուրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն միտված էր ՀՀ բնակչության շրջանում խուճապի տարածմանը, ինչպես նաև ադրբեջանական օգտատերերի շրջանում ակնհայտ սխալ պատկերացման ձևավորմանը՝ սեփական ձախողումները քողարկելու նպատակով։

Ապատեղեկատվության տարածմանը զուգահեռ Ադրբեջանում ձերբակալվում էին պաշտոնական լրահոսին չհամապատասխանող տեղեկություն տարածող անձինք։ Հուլիսի 13-ին «հակապետական կոչերի» և «դիվերսիայի» մեղադրանքով ձերբակալվում է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը։ Վերջինս նշել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հուլիսի 12-13-ին ունեցել է 12, ոչ թե 4 կորուստ։ Հուլիսի 15-ին, 17-ին ևս իրականացվում են «խուճապ տարածելու» նպատակով «կեղծ տեղեկատվություն» տարածած անձինք։

Միջազգային արձագանքը

Հ ուլիսյան մարտերի առաջին փուլին միջազգային արձագանքն ընդհանուր առմամբ կարելի է համարել հավասարակշռված։ Բացառություն է թուրքական կողմնակալ արձագանքը և Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ինչպես նաև մասամբ Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը, որտեղ ընդգծվում էր «տարածքային ամբողջականության» հարցը։ Ուկրաինայի արտաքին գերատեսչության արձագանքը միանշանակորեն հաշվի չէր առնում առկա լարվածության բնույթը, այն է՝ գործողությունների ծավալումը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը։ Արցախյան հակամարտության հարցում Ուկրաինան սովորաբար հանդես է գալիս «տարածքային ամբողջականության» սկզբունքի գերակայության օգտին՝ հիմնահարցը դիտարկելով սեփական հակամարտությունների պրիզմայով, ինչը միանշանակ սխալ մոտեցում է։

Ինչ վերաբերում է մյուս երկրների և միջազգային կառույցների, այդ թվում՝ հիմնական գործող ուժերի արձագանքին, ապա դրանք առավելապես հավասարակշռված էին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործողությունների ընթացքում երկու հայտարարություն տարածեցին․ հուլիսի 13-ին և 15-ին։ Երկուսն էլ ունեին նույն շեշտադրումները․ կողմերին կոչ էր արվում դադարեցնել թշնամական հռետորաբանությունը, ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերականգնել «առարկայական / էութենական» բանակցությունները։ Ինչպես պարզ է դառնում այս և հայկական կողմի տարածած հայտարարություններից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտական ուղիղ կապ են պահպանել երկու երկրների համապատասխան ներկայացուցիչների հետ։ Երկրորդ՝ հուլիսի 15-ի հաղորդագրությունում նաև նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առարկայական բանակցությունների կարևորությունը։ Հատկանշական է, որ նշված հայտարարության տարածումից ընդամենը մի քանի ժամ անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է անում՝ խստորեն քննադատելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Կարևոր է նաև նշել, որ այս դեպքից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 7-ին, Ալիևն իր ելույթում թիրախավորել էր Մինսկի խումբը՝ կրկին առաջ քաշելով հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը։ Բացի այդ, այս անգամ ևս Ապրիլյան պատերազմի մասին հիշեցնելով, Ալիևն ակնարկել էր, որ իրենք կարող են հարցը «կարգավորել» ռազմական ճանապարհով։

Առանձին հայտարարություններով մարտական գործողություններին անդրադարձել են նաև համանախագահ երկրները։ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ անդրադարձները հիմնականում նույնաբովանդակ էին․ կողմերին կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությանը (Ֆրանսիա, ԱՄՆ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն, ՌԴ)։ Համանախագահ երկրները հիմնականում փորձում էին մնալ իրենց մանդատի շրջանակներում՝ չանելով հասցեական հայտարարություններ։

Հուլիսի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ավելի կոշտ ձևակերպումներ ուներ՝ առավելապես ուղղված Ադրբեջանին։ Համանախագահները մասնավորապես կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը կամ կրիտիկական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից։ Այս հատվածը ուղղակիորեն վերաբերում է հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլիի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանի բանակի սպառազինությունում առկա նորագույն հրթիռները ունակ են բարձր ճշգրտությամբ խոցելու Մեծամորի ատոմակայանը» (ստորև տեղադրված էկրանային հանույթում («սքրինշոթ») Վ․ Դարգյալիի խոսքը այդպես է փոխանցել Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը)։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև կոչ էին անում նոր «պայմաններ» առաջ չքաշել և վերականգնել կառուցողական բանակցությունները։ Մասնավորապես ուշագրավ է համանախագահների խոսքում առկա «հրաժարվել առավելապաշտական դիրքորոշումից» եզրույթը, որը ոչ միայն ուղղակի վերաբերում է Ադրբեջանին, այլ նաև բառացիորեն կրկնում հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի ելույթի 4-րդ կետը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև նշել են, որ պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել երկրների ղեկավարներին կամ վերջիններիս կողմից նշանակված լիազորված անձանց (designees) (նախկինում նման լիազորված անձինք արտգործնախարարներն էին։ Ադրբեջանում վերջին փոփոխություններից հետո չի բացառվում, որ նշված հարցում էլ փոփոխություն լինի, առնվազն՝ ժամանակավորապես՝ հաշվի առնելով նոր նախարարի անփորձությունը)։

Ինչպես արդեն նշել ենք, բացառապես միակողմանի ադրբեջանամետ և հակահայկական դիրքորոշում արտահայտել էր միայն Թուրքիան։ Հայտարարություններին զուգահեռ հուլիսի 16-ից 20-ը նաև Թուրքիա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ Ա-400Մ ռազմատրանսպորտային ինքնաթիռը մի քանի անգամ Բաքու թռիչք էր իրականացնել։ Հնարավոր քննարկված տարբերակը Թուրքիայի կողմից Ադրբեջանին Bayraktar TB2 միջին հարվածային անօդաչու թռչող սարքերի հնարավոր մատակարարումն էր, ինչը, սակայն, առայժմ փաստերով չի հաստատվել։

Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես նշել ենք, քննադատվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից։ Առանձին հայտարարություններով ավելի հստակ դիրքորոշում արտահայտել է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Հուլիսի 16-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ «անչափ կարևոր է նաև ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը ․․․ այդ տարածաշրջանի հետ սահմանակցող երեք երկրները (Թուրքիա, Վրաստան, ԻԻՀ — Տ․Հ․) պետք է առավելագույն զսպվածություն, պատասխանատվություն և հավասարակշռվածություն ցուցաբերեն, այդ թվում՝ հանրային հռետորաբանության մակարդակում»։ Այս հայտարարությունը ուղղված էր Թուրքիային՝ հաշվի առնելով, որ նշված երկրներից միայն Թուրքիան է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, թե՛ ՀՀ և Ադրբեջանի հարևան պետություն։ Մյուս ուղերձը ՌԴ կողմից հուլիսի 23-ին կայացած ՌԴ-Թուրքիա արտգործնախարարությունների հեռախոսային խոսակցությանը հաջորդած հաղորդագրությունում էր, որտեղ ռուսական կողմը հավասարակշռվածության կոչ էր անում։ Ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ո՛չ պաշտոնական կայքում, ո՛չ սոցցանցային հաշիվներում խոսակցությանը չի անդրադարձել։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ պարզապես հաղորդել են խոսակցության փաստը (հակահայկական ձևակերպմամբ)՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Հուլիսի 27-ին արդեն կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և ՌԴ նախագահների միջև։ Ըստ ՌԴ նախագահի կայքի՝ նախաձեռնողը թուրքական կողմն է եղել։ Այս դեպքում Թուրքիայի նախագահի Twitter միկրոբլոգում նշվել են խոսակցության թեմաները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը։ ՌԴ նախագահի կայքի հաղորդագրությունն ավելի ծավալուն է, և նշվում է, որ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը ընդգծել է ցանկացած գործունեության անթույլատրելիությունը, որը կարող է հանգեցնել լարվածության աճին։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանի միջոցով ակտիվացնել իր դերակատարությունը տարածաշրջանում և մասնավորապես Արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության «կարգավորման» հարցում, սակայն թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, թե՛ առանձին նաև ռուսական կողմն ակնհայտորեն դեմ են նման զարգացումներին և Թուրքիային ուղերձներ են հղել հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու։ Ակնհայտ է, որ Թուրքիայի դերի մեծացումը ուղիղ կերպով հակասում է նշված միջազգային ակտորների շահերին։

Կարևոր է նաև նշել, որ հուլիսի 27-ին Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որին մասնակցում է նաև թուրքական զինտեխնիկա։ Այս ձևաչափի զորավարժությունը նոր չէ․ նախկինում ևս թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներ անցկացվել են։ 2019 թ․ հունիսի 7-11-ին Նախիջևանում անցկացված «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Թուրքիան նույնպես ներկայացել էր իր զինանձնակազմով և զինտեխնիկայով (ACV ՀՄՄ-ներ)։ Քարոզչության տեսնակյունից 2020 թ․ հուլիսյան վարժանքները տարբերվում են առաջին հերթին ադրբեջանական, ինչպես նաև թուրքական կողմից դրանց ակնհայտ հակահայկական շեշտադրում տալու, հայկական կողմի, այդ թվում՝ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու միտումով։

Մյուս պետությունների և միջազգային կառույցների անդրադարձը հիմնականում հավասարակշռված էր։ Այս առումով կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի դիրքորոշումը։ Իրանական կողմը պաշտոնական արձագանքներում հիմնականում առավելություն չի տվել կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը։ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մ․ Վաեզին իր հերթին հայտարարել էր, որ «Ճգնաժամից դուրս գալու միակ ուղին խնդիրների քաղաքական կարգավորումն է՝ կողմերի շահերն ու տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով»։ Այս դեպքում «տարածքային ամբողջականության» ընդգծումը, ինչպես արդեն քննարկել ենք Արցախի ընտրությունների միջազգային արձագանքի վերաբերյալ հոդվածում, առավելապես պայմանավորված է Իրանի ներքին խնդիրներով և շահերով։

Վրաստանի նախագահն իր հերթին հույս էր հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ խուսափելով միակողմանի գնահատականներ տալուց։

Այսպիսով միջազգային կառույցների և երկրների արձագանքը հիմնականում հավասարակշռված էր, բացառությամբ Թուրքիայի, Պակիստանի, ինչպես նաև մասամբ՝ Ուկրաինայի։ Հատկանշական է, որ որոշ արձագանքների, այդ թվում՝ Ուկրաինայի դեպքում նկատվում է տվյալ հակամարտության բնույթի հետ կապված ոչ լիարժեք պատկերացում։ Խոսքը մասնավորապես Արցախ-Ադրբեջան հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող գործողություններից տարանջատելու անհրաժեշտության մասին է։ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում տեղ գտած «տարածքային ամբողջականություն», ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա կարգավորելու» և նմանատիպ այլ եզրույթները որևէ կապ չեն կարող ունենալ ՀՀ-Ադրբեջան սահմանին ընթացած գործողությունների հետ։ Այստեղ, հավանաբար, գործ ունենք «Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» հասկացության արհեստական ընդլայնման և Հայաստան-Ադրբեջան, հայ-ադրբեջանական հակամարտության իմաստով գործածելու հետ։ Այս պարագայում նման խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հստակորեն տարանջատել Արցախյան հիմնահարցը, որի հիմքում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է, որպես հայ-ադրբեջանական հակամարտությունից ածանցվող խնդրի։ Արցախյան հիմնահարցի հիմքում որևէ կարգավիճակով Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու դեպքում հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության սպառնացող վտանգն է, որը հստակ կերպով դրսևորվել է 20-րդ դարի սկզբին թե՛ Արցախում, թե՛ այլ վայրերում հայկական ջարդերով, որոնք շարունակվել են նաև 1988 թ․-ից հետո, ինչպես նաև խորհրդային տարիներին Նախիջևանի ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ, Արցախում նույն քաղաքականությունը վարելու փորձերով։

Հրադադարի վերահսկում

Ե ԱՀԿ ՄԽ համանախագահների և համանախագահ երկրների առավել չեզոք անդրադարձը մեկ անգամ ևս վկայում է, որ վերջիններիս կողմից հասցեական հայտարարություն կարող է լինել միայն հրադադարի վերահսկման տեխնիկական միջոցների տեղադրման դեպքում։ Հակառակ պարագայում, ինչպես բազմիցս նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կողմերի հայտարարությունները հավասար արժեք ունեն իրենց համար, իսկ հայտարարությունների մակարդակում կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Հուլիսի 18-ի իր ելույթում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը, նույնպես ուշադրություն դարձնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը, վերջինիս կողմից ուժի սպառնալիքի կիրառման և տվյալ քաղաքականության շրջանակներում նախաձեռնած հարձակման վրա՝ նշում է, որ «պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մշտադիտարկման միջազգային համակարգ ստեղծվի»։ Հուլիսի 23-ի ելույթում ՀՀ վարչապետը նույն հարցի վերաբերյալ նշում է, որ հրադադարի մշտական վերահսկողության առաքելությունը կարող են ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ մշտական ներկայություն ապահովելով ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին և Արցախի շփման գծում։

«Չվերահսկվող հրադադար» հոդվածում նշված խնդիրը դիտարկելիս արդեն իսկ նշվել է, որ 2011 թ․-ից առաջարկվող միջազգային մեխանիզմների ներդրմանը դեմ է եղել միայն Ադրբեջանը։ Ադրբեջանի քայլերի, այդ երկրի ղեկավարության հայտարարությունների վերլուծությունը ակնհայտ կերպով ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմի շահերից չի բխում հրադադարի պահպանումը, և ընդհակառակը, նշված երկրի ռազմավարությունը հենված է «ուժի և ուժի սպառնալիքի կիրառման» քաղաքականության վրա։ Մյուս կողմից կարևոր է այս տեսանկյունից հիշատակել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի 2020 թ․ հունիսի 22-ի հայտարարությունը, որտեղ փաստացի վերջինս դժգոհում էր, որ Արցախում դիտարկման սարքերի առկայությունը Ադրբեջանին թույլ չի տալիս բացահայտ գործողություններ իրականացնել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրադադարի պահպանման տեսանկյունից հստակ արդյունավետություն կարող է ունենալ տեխնիկական միջոցների տեղադրումը ողջ սահմանի երկայնքով, թե՛ Արցախի և Ադրբեջանի, թե՛ ՀՀ և Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկմամբ, և որ նշվածը ձեռնտու չէ բացառապես Ադրբեջանին։

Ա յսպիսով, հուլիսյան մարտական գործողություններն ու Ադրբեջանի նախագահի, պետական այլ պաշտոնյաների ելույթները ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորման գործում որևէ պայմանավորվածություն չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ չեն իրականացվել հետևյալ հիմնական երկու քայլերը․

  • Հակահայկական ատելության պետականորեն տարվող քարոզչության դադարեցում
  • Հրադադարի պահպանում և վերահսկում՝ միջազգային մեխանիզմների ներդրման միջոցով

Նշված քայլերը չիրականացնելու դեպքում անհնար է խոսել «վստահության մթնոլորտի ձևավորման», «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման» և այլ պայմանավորվածությունների արդյունավետության մասին։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության ուսւոմնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հիմնաքարային դրույթների իրականացման հնարավորությունը գրեթե զրոյական է։ Ակնհայտ է, որ հուլիսյան մարտերում կրած փաստացի պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը փորձելու է «շտկել» իրավիճակը՝ փորձելով նաև խուսափել ներքաղաքական ճգնաժամի խորացման հեռանկարից։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձելու է առավել զգուշավոր և նախապես հիմնավոր և մանրակրկտորեն նախապատրաստված գործողություններ իրականացնել՝ նմանատիպ ձախողման հավանականությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ադրբեջանում անցկացված ցույցերը վկայում են, որ հերթական ձախողման դեպքում Ադրբեջանում ներքաղաքական ցնցումների հավանականությունը զգալիորեն աճելու է։ Փորձելով հնարավորինս նվազեցնել հակաիշխանական տրամադրությունների ձևավորումը ակտիվ գործողությունների բացակայության շրջանում՝ Ադրբեջանի ղեկավարությունը ակնհայտորեն գնալու է հռետորաբանության ավելի կոշտացման, հետևաբար, նաև հակահայկական ատելության քարոզի առավել ինտենսիվացման, ինչը ավելի է նվազեցնելու բանակցային գործընթացի միջոցով խնդրի կարգավորման հնարավորությունը։

Այսպիսով, հակամարտության ներկայիս փուլի, ինչպես նաև վերջին տարիների զարգացումների ուսումնասիրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք զրոյական արդյունքով խաղի հետ (zero-sum game), որտեղ կողմերից մեկի հաղթանակը մյուսի համարժեք պարտությունն է։ Բոլոր կողմերի հաղթանակի (win-win) տեսությունը կիրառելի կարող է լինել միայն հաղթանակի առկա գաղափարախոսության և ընկալումների արմատական փոփոխության դեպքում, ինչի հավանականությունը ոչ միայն ցածր է, այլ նաև ժամանակի ընթացքում ձգտում է զրոյի։

Հուլիսյան մարտերը նաև անդրադարձան արտերկրում հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումներով, ակնհայտ էթնիկական խտրականության դեպքերով։ Լուրջ բախումներ արձանագրվեցին Բելգիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բախումների ընթացքում նաև առնվազն հայտարարությունների մակարդակով նկատվում էր տվյալ երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություների կողմից իրավիճակը սրելու միտում։ Նշված խնդիրը, իհարկե, առանձին հետազոտության կարիք ունի, սակայն արդեն իսկ այսպիսի զարգացումների փաստն ի ցույց դրեց, որ հետագա հնարավոր լարվածությունները ևս մեծագույն հավանականությամբ չեն սահմանափակելու հակամարտության գոտիով և կարող են արտերկրում ավելի լուրջ բախումների առիթ դառնալ։ Նշվածն, իր հերթին, վկայում է հակամարտության խորացման և կարգավորման հետագա հեռանկարների հավանականության աստիճանական նվազման մասին։ Այսպիսով դիտարկվում է նոր ռազմական գործողության հավանականության աճ։ Եթե նշվածը դիտարկենք հուլիսյան գործողությունների տրամաբանության շրջանակներում, ապա ավելի հիմնավոր է դառնում այն փաստարկը, որ հիմնահարցի կարգավորման հարցում հայկական կողմերի դիրքերի ամրապնդման տեսանկյունից հավասարապես կարևոր դերակատարում են ունենալու կանխարգելիչ-նախահարձակ գործողությունների ռազմավարության կիրառումը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում։