Վրաստանը՝ տնտեսական թվերով
9 ր. | 2020-04-062 014-2016թթ․ Վրաստանի առևտրաշրջանառության ծավալները կայուն նվազել են․ դինամիկան դրական ընթացք է ստացել, սակայն, 2016-ից, երբ նկատվել է կայուն աճ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանի ներկրման ծավալները միջին հաշվարկով 3 անգամ գերազանցել են արտահանման ցուցանիշին։ 2014-2018թթ․ Վրաստանի առևտրաշրջանառության ամենաբարձ ցուցանիշը 2018-ն է՝ $12.4 մլրդ։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի արտահանման մեջ առաջատար եռյակում ընգդրկված են ԱՊՀ անդամ-երկրներ․Վրաստանն ամենաշատն արտահանել է Ադրբեջան՝ $502 մլն։ Հայաստանը Վրաստանի արտահանման մեջ 3-րդ խոշոր երկիրն է՝ Ռուսաստանից հետո․ 2018-ին Վրաստանը ՌԴ է արտահանել $436.6, Հայաստան՝ $278․6 մլն-ի ապրանք։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի ներկրման ծավալում անհամեմատ առաջատար է Թուրքիան՝ $1․4 մլրդ, որին հաջորդում են Ռուսաստանն ($934 մլն) ու Չինաստանը ($833.8 մլն)։ Վրաստանի ներկրման մեջ ԱՊՀ երկրներից բարձր ցուցանիշով առանձնացել են Ադրբեջանն ու Ուկրաինան՝ համապատասխանաբար $592.7 և $514.7 մլն արդյունքով։ Վրաստանը Հայաստանից ներկրել է $335.2 մլն ապրանք։ Մեր հարևան հանրապետության ներկրման մեջ եվրոպական երկրներից առաջատարը Գերմանիան է՝ $431.4 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018-ին Վրաստանը, ըստ երկրների խմբերի հաշվարկի, ամենամեծ ծավալի ապրանք ներկրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ-երկրներից[1]՝ $4․4 մլրդ։ Հաջորդաբար բարձր է եղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ-երկրներից ներկրման ծավալը՝ $4․3 մլրդ։ ԱՊՀ երկրները միասին վերցրած արտահանել են Վրաստան շուրջ $2․6 մլրդ-ի ապրանք, ինչը գերազանցում է ԵՄ երկրների համապատասխան ցուցանիշին՝ $2․5 մլրդ։
Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներով, Վրաստանն ամենամեծ ծավալի ապրանք արտահանել է ՍԾՏՀԿ անդամ-երկրներ[2]` $1․9 մլրդ, որին իր բարձր արդյունքով հաջորդում է ԱՊՀ երկրների համընդհանուր ցուցանիշը՝ $1․6 մլրդ։ Ըստ առանձնացված երկրների խմբերի հաշվարկի, Վրաստանի արտահանման մեջ ամենացածրը ԵՄ անդամ-երկրների համընդհանուր ցուցանիշն է՝ $730․6 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի առևտրային հիմնական գործընկերների ցուցակը գլխավորում է Թուրքիան. երկկողմ առևտրաշրջանառությունը շուրջ $1.7 մլրդ էր։ Վրաստանի 2-րդ առևտրային գործընկերը Ռուսաստանն էր՝ $1.3 մլրդ։ Հաջորդաբար բարձր են եղել Վրաստան-Ադրբեջան ($1․094 մլրդ) և Վրաստան-Չինաստան ($1.031 մլրդ) առևտրաշրջանառության ծավալները։ 2018-ին Վրաստանի 6-րդ խոշոր առևտրային գործընկերը Հայաստանն էր՝ շուրջ $614 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի առևտրաշրջանառությունում հիմնական առևտրային գործընկերների տոկոսային մասնաբաժինների հարաբերակցությունը հետևյալն է․ 13․7% մասնաբաժնով առաջատարը Թուրքիան է։ Թուրքիային, ՌԴ-ին, Ադրբեջանին ու Չինաստանին, ընդհանուր վերցրած, բաժին է ընկնում Վրաստանի առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 41%-ը։ Վրաստանի առևտրաշրջանառությունում ՀՀ-ի մասնաբաժինը 4․9% է։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանն արտահանել է պատրաստի սննդամթերք և ընպելիքներ ($704.4 մլն), քիմիական արտադրանք ($590.9 մլն), մետաղներ ($521 մլն) և տրանսպորտային միջոցներ ($461․9 մլն) ապրանքախմբերը։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի ներկրման մեջ մեծ են քիմիական արտադրանք ($1.8 մլրդ), մեքենաներ, էլեկտրական սարքավորումներ ($1.6 մլրդ), տրանսպորտային միջոցներ ($871.8 մլն) ապրանքախմբերի ծավալները։
1 996-2019թթ․ Վրաստանում արվել է շուրջ $21․2 մլրդ-ի օտարերկրյա ուղիղ ներդրում (ՕՈւՆ-եր)։ Այդ ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում իրականացված ՕՈւՆ-երի լավագույն ցուցանիշները գրանցվել են 2007-2008 և 2014-2017թթ․ միջակայքերում։ 1996-2019թթ․ կտրվածքով ՕՈւՆ-երի ծավալով ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2017-ին՝ հաշվվելով $1.962 մլրդ։ 2014-2018թթ․ Վրաստանում իրականացված օտարերկրյա ուղիղ ներդրումները, բացառությամբ 2017-ի, կայուն նվազել են․ 2019-ին ՕՈւՆ-երի ընդհանուր ծավալը ոչ զգալի տարբերությամբ է գերազանցում 2018-ի ցուցանիշին։
2018-ին Վրաստանի տնտեսությունում ամենախոշոր ներդրողը Ադրբեջանն էր՝ $246.4 մլն։ Հաջորդաբար մեծ է Նիդեռլանդների ու Մեծ Բրիտանիայի ներդրումային ծավալը՝ համապատասխանաբար $208.3 և $178.8 մլն։ Ընդ որում, առաջատար ներդրող եռյակի ուղիղ ներդրումները միասին վերցրած կազմում են 2018-ին Վրաստանի տնտեսությունում իրականացված ՕՈւՆ-երի ընդհանուր ծավալի գրեթե կեսը։
2018-ին Թուրքիան չի ներառվում Վրաստանի ներդրող երկրների առաջատար տասնյակում։
Պատկերն այլ է 2019-ի վիճակագրությունում․ Վրաստանի ամենախոշոր ներդրողը Մեծ Բրիտանիան է` $247.8 մլն։ Առաջատար ներդրող երկրների եռյակում են Թուրքիան և Իռլանդիան՝ համապատասխանաբար $236.5 $132.7 մլն։ Առաջատար ներդրող եռյակի ՕՈւՆ-երը միասին վերցրած կազմել են 2019-ին Վրաստանի տնտեսությունում կապիտալիզացված օտարերկրյա ուղիղ ներդրումների ողջ ծավալի կեսը։
2018-ի համեմատությամբ, 2019-ին Վրաստանում Ադրբեջանի ՕՈւՆ-երը կտրուկ նվազել են։ Արդյունքում այդ տարում Ադրբեջանը չի ընդգրկվել Վրաստանում առաջատար ներդրող երկրների տասնյակում։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en/modules/categories
Պետք է նկատել, որ Իռլանդիան միայն 2019-ին է հայտնվել Վրաստանի ներդրող առաջատար պետությունների շարքում։ Նախորդ տարիներին Վրաստանում Իռլանդիայի ուղիղ ներդրումները անհամեմատ ցածր են․2018-ին կազմել են $3․1 մլն, 2017-ին՝ $190 հազ։
2013-2015թթ․ ընկած ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում Ադրբեջանի ՕՈւՆ-երը կայուն աճել են։ Պատկերը, սակայն, փոխվում է 2015-2019թթ․, երբ Ադրբեջանի ուղիղ ներդրումների ցուցանիշը արդեն կայուն նվազել է։ 2009-2019թթ․ Վրաստանի տնտեսությունում Ադրբեջանի իրականացրած ուղիղ ներդրումների ամենացածր արդյունքը 2009 և 2019-ին է՝ համապատասխանաբար $29.9 և $38.3 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2009-2019թթ․Վրաստանի տնտեսությունում օտարերկյա ուղիղ ներդրումների հավաքական ծավալով առաջատարը Ադրբեջանն է՝ $2.532 մլրդ։ Առաջատար եռյակում ներառվում են Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2019-ին ԱՊՀ երկրներից Վրաստանում ամենամեծ ծավալի ՕՈւՆ-եր իրականացրել է Ռուսաստանը՝ $50.5 մլն․ առաջատար ներդրող պետությունների եռյակում են Ադրբեջանը ($38.3 մլն) և Հայաստանը ($14.3 մլն)։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en/modules/categories
2019-ին Վրաստանում Մոլդովան իրականացրել է $19․4 հազ․-ի ուղիղ ներդրումներ։
2012-2019թթ․ Վրաստանում ՀՀ-ն իրականացրել է ընդհանուր վերցրած $71․3 մլն օտարերկրյա ուղիղ ներդրում։ Ընդ որում, եթե 2012-2015թթ․ կտրվածքով այդ ցուցանիշը դրսևորել է փոփոխական դինամիկա, ապա 2016-ից սկսած նկատվել է ներդրումների կայուն աճ։
2012-2019թթ․ Վրաստանում Հայաստանի իրականացրած ՕՈւՆ-երի ամենամեծ ծավալը արձանագրվել է 2019-ին՝ $14․3 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en/modules/categories
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2009-2019թթ․ ընկած ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում ուղիղ ներդրումների ծավալով առանձնացված երկրների խմբերից առաջատար է ԵՄ անդամ-երկրների համընդհանուր ցուցանիշը։ Վերջինիս քանակական առավելությունը բավական ակնհայտ է ԱՊՀ երկրների համապատասխան արդյունքի նկատմամբ։
Վրաստանի տնտեսությունում ԵՄ երկրների ընդհանուր ՕՈւՆ-երի ամենաբարձր ցուցանիշը 2014-ին էր՝ $835.9 մլն։ 2019-ին մեր հարևան հանրապետությունում ԵՄ երկրների ՕՈւՆ-երի ընդհանուր ծավալը ավելի քան 5 անգամ գերազանցել է ԱՊՀ համապատասխան ցուցանիշին։ 2012-2015թթ․ Վրաստանում ԱՊՀ երկրների իրականացրած ուղիղ ներդրումները կայուն աճել են, 2015-ից՝ կայուն նվազել։
2009-2019թթ․ կտրվածքով ԵՄ անդամ-երկրները միասին վերցրած Վրաստանի տնտեսությունում իրականացրել են $5.921 մլրդ ծավալի ուղիղ ներդրումներ․ Այլ երկրներ խմբի մասնաբաժինը $5.089 է։ Ամենացածր ցուցանիշը ԱՊՀ անդամ-երկրների հավաքական արդյունքն է՝ $3.164 մլրդ։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2019-ին Վրաստանում իրականացված ՕՈւՆ-երի զգալի հատված ուղղվել է ֆինանսական (օտարերկրյա ամբողջ ներդրումների 20․6%-ը), էներգետիկ (15.3%) և հյուրանոցների, ռեստորանների (12.4%) սեկտորներին։
Համեմատաբար ցածր են եղել հեռահաղորդակցությունների, հանքարդյունաբերության ու տրանսպորտի սեկտորներին ուղղված օտարերկրյա ուղիղ ներդրումները։
2019-ին Վրաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ուղիղ ներդրումների ճնշող հատվածն ուղղվել է մայրաքաղաք Թբիլիսիին՝ $820.1 մլն։ Հաջորդաբար բարձր են եղել Աջարիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի ներդրումային ծավալները։
Ա ռաջիկա տարիներին ԵՄ-ն նախատեսում է «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրներում ենթակառուցվածքային նախագծերին հատկացնել ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո, որից 3.5 մլրդ-ն տրամադրվելու է Վրաստանին։ Նախագծերն իրականացվում են Անդրեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) նախաձեռնության շրջանակում․ Վրաստանում ֆինանսավորվում է նման 18 նախագիծ։ Նախագծերից 10-ը երկրաժամկետ են և կավարտվեն մինչև 2030-ը։ Առանձնացնենք դրանցից մի քանիսը․
Վրաստանում ընթացիկ խոշոր ենթակառուցվածքային նախագծերից է շուրջ 410 կմ երկարությամբ «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու (East West highway) կառուցումը, որը Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային կարևոր միջանցքներից է։ Ներկայում արդիականացվում է ավտոմայրուղու Չումաթելեթի-Արգվեթա (Chumateleti–Argveta) հատվածը[3]։ Նախագծում հիմնական ներդրումներն իրականացնում են Եվրոպական ներդրումային բանկն ու Ասիական զարգացման բանկը։ Չումաթելեթի-Արգվեթա ճանապարհի հատվածը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2022-ի տարեվերջ։
Մեծ կարևորություն է տրվում խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցման նախագծին, որի երկրորդ փուլի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է շուրջ 233 մլն եվրո։ ԵՄ-ն ծրագրում է հատկացնել ևս 100 մլն եվրո նոր երկաթուղու կառուցմանը, որը կմիավորի Անակլիան Վրաստանի երկաթուղային ցանցին։
Նախագծում ներդրումային մասնակցության հարցում հետաքրքրություն ունեն տարբեր օտարերկրյա ներդրումային ընկերություններ։ 2019-ի վերջին նիդեռլանդական Van Oord NV ընկերությունը $5 մլն գործարքով ձեռք բերեց Anaklia development consortium-ի բաժնետոմսերի 4%-ը։ Ընկերությունն իրականացնում է նավահանգստի ծովային հատվածի հատակի խորացման աշխատանքներ։ Նավահանգստի կառուցման հարցում ժամանակին հետաքրքրություն էր ցուցաբերում Պեկինը։ 2015-ի մարտին Georgi an firm Anaklia Industrial Eco Park and Port Ltd. և չինական Power china ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին, որով Անակլիա նավահանգստի կառուցման մրցույթը շահելու դեպքում չինական ընկերությունը նախագծում իրականացնելու էր շուրջ $5 մլրդ ներդրում։ Սակայն վրաց-չինական կոնսորցիումը չշահեց մրցույթը։ 2017-ի տարեվերջին Shanghai Zhenhua Heavy Industries (ZPMC) ընկերությունը համաձայնագիր ստորագրեց Anaklia development consortium-ի հետ, որով ZPMC-ը տրամադրեց կոնտեյներների տերմինալների հետ աշխատանքներում անհրաժեշտ ժամանակակից կռունկներ ու սարքավորումներ։ Ներդրումները կազմեցին $50 մլն։ 2018-ի տարեսկզբին նավահանգստի նախագծով հետաքրքրված էր նաև Չինաստանի երկաթուղային միջազգային կորպորացիան (China Railway International Group-CRIG). կողմերի միջև հետագա հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան[4]։
2020-ի հունվարի սկզբին Վրաստանի կառավարությունը սկսեց Anaklia development consortium-ի հետ ստորագրված համաձայնագրի դադարեցման գործընթաց` վերջինիս կողմից ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերի չներկայացման հիմնավորմամբ. Վրաստանի կառավարությունը մտադիր է նավահանգստի նախագծի իրականացման համար պատրաստել նոր տենդերային առաջարկներ։
Բաթումի քաղաքի շրջանցման շուրջ 14 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման նախագիծը թույլ կտա զգալիորեն բեռնաթափել Բաթումի քաղաքը տարանցիկ բեռնափոխադրումներից․ հարցի կարգավորումը հատկապես արդիական է զբոսաշրջության աշխուժացման ժամանակ։ Նախագիծը համատեղ ֆինանսավորում են Ասիական զարգացման բանկն ու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը․ ներդրումները շուրջ $120 մլն են։ Ավտոմայրուղու կառուցման աշխատանքները մեկնարկել են 2018-ին․ նախատեսվում է այն շահագործման հանձնել 2020-ին։
Խոշոր նախագծերի շարքում է նաև Քութայիսիի և Կումիսի լոգիստիկ կենտրոնների կառուցումը, որոնց ներդրումները համապատասխանաբար 61․5 և 78․3 մլն եվրո են։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների արդյունքում ընթացիկ ներդրումային նախագծերը կարող են վերանայվել՝ թե՛ դրանց իրականացման ժամկետների, թե՛ ներդրումային ծավալների առումով։
Օտարերկրյա ներդրողների համար Վրաստանը գրավիչ է հատկապես մի քանի առումով՝
- Վրաստանը կարևոր նշանակություն ունի Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքում (ավտոմայրուղիներ, երկաթգծեր),
- զգալի է Վրաստանի դերը նավթագազային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ու էներգակիրների մատակարարման ապահովման հարցում
- մեծ տեղ է հատկացվում սևծովյան նավահանգիստների ու դրանց տնտեսական գոտիների զարգացմանը:
Թերևս սխալված չենք լինի ասել, որ մինչ օրս Վրաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ուղիղ ներդրումներում առանձնակի կարևորություն է տրվել հատկապես վերը թվարկված ոլորտների ենթակառուցվածքային նախագծերին (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքներային նախագծեր և այլն)։
[1] https://www.oecd.org/about/members-and-partners/
[2] http://www.bsec-organization.org/member-states#
[3] http://www.georoad.ge/?lang=eng&act=project&func
[4] https://orbeli.am/hy/post/353/2020-01-20/%D5%89%