Հետընտրական Ուկրաինա

10 ր.   |  2019-08-05

«Ժողովրդի ծառան» վերցնում է իշխանությունը

Հ ուլիսի 21-ին Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաղթեց՝ ստանալով համամասնական և մեծամասնական մանդատների շուրջ 57 տոկոսը, ինչն, ըստ էության, ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրությունների տրամաբանական շարունակությունն էր։ Հանրության շրջանում վստահության պահպանման անհրաժեշտությունը, Գերագույն ռադայում ներկայացված չլինելն ու կառավարության նկատմամբ գրեթե վերահսկողություն չունենալը, թերևս, այն հիմնական պատճառներն էին, որ «ստիպեցին» Զելենսկուն գնալ արտահերթ ընտրությունների։ Այս որոշումը նախագահը հիմնավորում էր խորհրդարանի նկատմամբ հանրային չափազանց ցածր աջակցությամբ՝ 4%, իսկ որպես իրավական հիմք տեսնում էր  խորհրդարանում կոալիցիայի բացակայությունը։ Բնական էր, որ նախագահի նման որոշումը բախվեց խորհրդարանականների դիմադրությանը. իշխող կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությամբ հանդես եկավ «Ազգային ճակատ» կուսակցությունը։ Երկրի օրենսդրության համաձայն՝ երբ խմբակցությունը լքում է կոալիցիան՝ Ռադան 30 օրվա ընթացքում պետք է նոր կոալիցիա ձևավորի: Նախագահը Ռադան կարող էր ցրել մինչև մայիսի 27-ը՝ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից (2019թ. նոյեմբերի 27-ին) ոչ ուշ, քան վեց ամիս առաջ։ Ուստի Զելենսկու կողմից մայիսի 21-ին Գերագույն ռադան ցրելու հրամանագիրը ոչ միանշանակ ընդունվեց խորհրդարանականների կողմից․ 64 պատգամավոր դիմեց Գերագույն դատարան՝ նախագահի հրամանագիրը հակաիրավական և անվավեր ճանաչելու պահանջով։

Ստեղծված հակասական պայմաններում և ընտրությունների սեղմ ժամկետներում նախընտրական քարոզարշավի մեկնարկն ինչ-որ իմաստով գործում էր «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Խնդիրն այն է, որ Զելենսկին ստացել էր քվեարկությանը մասնակցողների 73%-ի վստահությունը, և նրա գործունեությանը խոչընդոտելու հեղինակազրկված Ռադայի փորձերը կարող էին է՛լ ավելի սրել հանրության դժգոհությունը խորհրդարանական ուժերից։ Գերագույն դատարանը հրաժարվեց նախագահի դեմ ներկայացված հայցով վարույթ բացելուց՝ նշելով, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում է։

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ Գերագույն ռադան կազմված է 450 պատգամավորից։ Ռադայի ընտրություններն անցկացվում են խառը ընտրական համակարգով՝ մեծամասնական ընտրատարածքներով և համամասնական ցուցակներով (225-ական պատգամավոր)։ Սակայն անցած ընտրությունների արդյունքում ընտրվել են 424 պատգամավոր, քանի որ քվեարկություն չի անցկացվել Ղրիմում, Սևաստոպոլում և Ուկրաինայի արևելքում, ընդհանուր առմամբ՝ 26 մեծամասնական ընտրատարածքներում։ Պատգամավորական մանդատ ստանալու համար մեծամասնական թեկնածուներին բավարար է իրենց ընտրատարածքներում ստանալ ձայների հարաբերական մեծամասնություն, իսկ համամասնական ցուցակով խորհրդարան են անցնում այն ուժերը, որոնք հաղթահարում են 5%-անոց անցողիկ շեմը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ուկրաինացիների 49.8%-ը, ինչը մասնակցության ամենացածր ցուցանիշն է Ռադայի ընտրությունների ողջ պատմության ընթացքում, ինչը տարբեր ուժերի շահարկումների առիթ տվեց: Իրականում Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը մշտապես ավելի ցածր է եղել, քան նախագահականը։ Բացի այդ, քվեարկությանը չի մասնակցել Ուկրաինայի արևելյան հատվածի և Ղրիմի բնակչությունը՝ մոտ 16%։

Ընտրապայքարի ողջ ընթացքում ակնհայտ առավելություն ուներ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, և որոշ փորձագետներ անգամ կանխատեսում էին խորհրդարանում սահմանադրական մեծամասնության ձևավորում:


Տարբեր կազմակերպությունների կողմից նախընտրական շրջանում անցկացված հարցումների հիմնական արդյունքները՝ Գծապատկեր 1 [1]

Սակայն թեև «Ժողովրդի ծառան» ստացավ պատգամավորական մանդատների մեծամասնությունը ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգում, սահմանադրական մեծամասնություն ձևավորել չհաջողվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ համամասնական ընտրակարգում հինգ քաղաքական ուժ են կարողացել հաղթահարել 5%-անոց շեմը և մանդատներ ստանալ Գերագույն ռադայում:


Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ստանցած ձայները համամասնական ընտրակարգում Գծապատկեր 2:

Օգոստոսի 3-ին ԿԸՀ-ն հրապարակել է բազմամանդատ ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդ տվյալների և մեծամասնականի նախնական հաշվարկի՝ Գերագույն ռադայում վերոնշյալ կուսակցությունները կստանան ձայների հետևյալ համամասնությունը.


Մանդատների բաշխվածությունը 9-րդ գումարման Գերագույն ռադայում․ Աղյուսակ 1։

Համամասնական ընտրակարգում «Ժողովրդի ծառա» կուսակցության նման բարձր ցուցանիշները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով սոցիալական հարցումների արդյունքները և քարոզարշավի ընթացքը։ Որոշակի անակնկալ էր մեծամասնական ընտրակարգով Զելենսկու կուսակցության արձանագրած արդյունքը. տվյալ ընտրակարգը հայտնի է որպես ընտրություններում օլիգարխիկ շրջանակների խաղաքարտ և ընտրակեղծարարության ու վարչական ռեսուրսների օգտագործման միջոց։ Բացի այդ «Ժողովրդի ծառայից» առաջադրված մեծամասնական թեկնածուների հիմնական մասը հայտնի գործիչներ չէին։ Սա վկայում է, որ նախագահի անձով պայմանավորված՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը մեծ ժողովրդականություն է վայելում։ Առհասարակ, իններորդ գումարման Գերագույն ռադայի մեծամասնությունը խորհրդարանում առաջին անգամ են պաշտոնավարելու, շատերն ընդհանրապես քաղաքականության փորձ չունեն։ Նույնն, ըստ էության, կարելի է ասել նաև նոր ձևավորվելիք կառավարության մասին։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում բավական հեղինակազրկված ուժերը առաջիկա հինգ տարիներին կշարունակեն ներգրավված լինել քաղաքականության մեջ, ինչպես, օրինակ, Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները։ Այս կուսակցություններն ունեն ընդգծված արևմտյան կողմնորոշում և խոստանում են ապահովել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, իսկ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը տեսնում են «բոլոր հողերը վերադարձնելու» ճանապարհով։ Պորոշենկոյի կուսակցությունն, ըստ էության, ճիշտ է համարում նախկին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ առաջարկելով առաջ մղել պատժամիջոցների կիրառման գործելաոճը։ Մյուս կողմից, «Մինսկի» և «նորմանդական» ֆորմատներից զատ՝ Տիմոշենկոյի գլխավորած կուսակցությունն առաջարկում է բանակցություններ սկսել «Բուդապեշտ+» ձևաչափով՝  առկա ֆորմատում ներգրավելով նաև ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։ Ուստի պատահական չէ, որ «Եվրոպական համերաշխությանը» և «Բատկիվշչինային» մեծապես աջակցում են երկրի արևմտյան և կենտրոնական շրջանների բնակիչները։ Այս ուժերը նաև ժողովրդականություն են վայելում հիմնականում տարիքային բարձր խմբերի շրջանում։

Նույն տրամաբանությամբ զարմանալի չէ, որ «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությանը, որն առանձնանում է ռուսամետ գաղափարներով, հիմնականում աջակցում են Ուկրաինայի արևելքում։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ ռուսամետ ուժը բավական մեծ աջակցություն ունի այս փուլում՝ 13.05%։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի ստվար հատված Ռուսաստանի հետ հարաբերություններում զգալի փոփոխությունների կողմնակից է։ «Ընդդիմադիր հարթակի» ընտրացուցակը գլխավորում էր կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից մեկը՝ Յուրի Բոյկոն։ Կուսակցության առաջնորդներից մյուսը՝ Վիկտոր Մեդվեդչուկը, ով հայտնի է որպես խիստ ռուսամետ գործիչ, անձնական և բարեկամական սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեռ նախընտրական շրջանում նրանք առաջարկում էին հակամարտության կարգավորմանը հասնել երկխոսության և փոխզիջումների ճանապարհով, վերականգնել Ուկրաինայի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները։

Բավական հետաքրքական է «Ձայն» կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու փաստը։ «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի գլխավորությամբ 2019թ. հիմնադրված կուսակցությունը կարողացավ պայքարից դուրս թողնել քաղաքականության ոլորտում տասնամյակների փորձ ունեցող ուժերի և քաղաքական գործիչների։ Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ հանրությունը հոգնել էր իշխող վերնախավից և նույնիսկ պատրաստ է վստահել «անփորձներին», քան նորից իշխանության ղեկին տեսնել նույն գործիչներին։ «Ձայնին» հաճախ նմանեցնում են «Ժողովրդի ծառային», իսկ որոշ շրջանակներ կուսակցությունը կապում են Ջորջ Սորոսի անվան հետ։ «Ուկրաինական բոլոր հողերի վերադարձը»՝ Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ապահովումը «Ձայնի» արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Ինչ վերաբերում է «Ժողովրդի ծառային», ապա նախընտրական շրջանում արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները բավական զուսպ են եղել։ Նախընտրական ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հիշատակումներ չեն եղել։ Քարոզարշավի ընթացքում հնչած ելույթներից, սակայն, պարզ է դառնում, որ հակամարտության կարգավորումը և Ռուսաստանի հետ հարաբերությունները կուսակցության առաջնահերթություններից են։ Մյուս կարևոր գերակայությունն, իհարկե, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումն է։ Կարևոր է նշել, որ ընտրություններում հաղթած «Ժողովրդի ծառան» առավել մեծ աջակցություն է ստացել երկրի հարավային և կենտրոնական հատվածներում և ժողովրդականություն է վայելում հատկապես երիտասարդության շրջանում։

Այսպիսով, կարելի է ասել, որ խորհրդարանում ներկայացված ուժերը հիմնականում նմանատիպ պատկերացում ունեն արտաքին քաղաքականության կարևոր հարցերի վերաբերյալ։ Նրանց մոտեցումները որոշակիորեն բալանսավորում է «Ընդդիմադիր հարթակը»։ Սակայն տարբեր ներքաղաքական հարցերում կուսակցությունների մոտեցումները բավական տարբեր են, և նրանց միջև առկա հարաբերությունները թույլ են տալիս ենթադրել, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը բավական թույլ է ու ֆրագմենտացված։

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է նորընտիր Գերագույն ռադայի առաջին նիստի օրվանից 30-օրյա ժամկետում կազմել խորհրդարանական կոալիցիա, որը կներառի առնվազն 226 պատգամավորի, այսինքն՝ խորհրդարանի ցուցակային կազմի կեսը՝ գումարած մեկ պատգամավոր։ «Ժողովրդի ծառան» Գերագույն ռադայում կունենա 254 պատգամավորական մանդատ, ինչը նշանակում է, որ նախագահի կուսակցությունն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի։ Սակայն չի բացառվում, որ «Ժողովրդի ծառան» կգնա կոալիցիոն կառավարության «Ձայն» և/կամ «Բատկիվշչինա» կուսակցությունների հետ։ Ընտրություններից առաջ հաղթող ուժը չի բացառել նման հնարավորությունը, իսկ ընտրությունների օրը Վլադիմիր Զելենսկին Սվյատոսլավ Վակարչուկին հրավիրել է կոալիցիայի շուրջ քննարկումների։ Կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին բազմիցս հայտարարել են թե՛ «Ձայնը», թե՛ «Բատկիվշչինան»։ Ռադայում կոալիցիա կազմելը իշխանության համար կարևոր է հատկապես այն քվեարկությունների դեպքում, որոնք պահանջում են սահմանադրական մեծամասնության (300 ձայն) համաձայնությունը։ Մյուս կողմից, խորհրդարանական կոալիցիան Զելենսկիի թիմին հնարավորություն կտա տարբեր իրավիճակներում ինչ-որ չափով կիսել քաղաքական պատասխանատվությունը այլ ուժերի հետ՝ հաշվի առնելով, որ նոր խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորների մեծ մասը քաղաքական փորձառություն գրեթե չունի։

Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա պետք է նշել, որ Ուկրաինայի նոր վարչապետի թեկնածուներից առավել հաճախ շրջանառվում է Ազգային բանկի ղեկավարի նախկին տեղակալ, Արժույթի միջազգային հիմնադրամում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Ռաշկովանի անունը։ Չի բացառվում, որ խորհրդարանում կոալիցիա կազմելու դեպքում քննարկվի նաև Սվյատոսլավ Վակարչուկի տարբերակը։ Վարչապետի պաշտոնին, ըստ երևույթի, հավակնում է նաև Յուլյա Տիմոշենկոն, ով դեռ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից սկսած՝ ակտիվորեն աջակցություն էր հայտնում Զելենսկիին, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնը Տիմոշենկոն չի ստանա։ Ի դեպ, լինելով խորհրդարանական-նախագահական երկիր՝ Ուկրաինայում կառավարության ձևավորման գործում նախագահը սերտորեն համագործակցում է խորհրդարանի հետ։ Օրենսդրության համաձայն՝ նախագահը Ռադային է ներկայացնում վարչապետի թեկնածուին, վերջինս հաստատում է։ Իսկ նախարարների նշանակման դեպքում Ռադան պետք է հաստատի վարչապետի առաջարկած թեկնածուներին։ Դա չի վերաբերում միայն արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, ում առաջադրում է երկրի նախագահը։

Այսպիսով, ունենալով մեծամասնություն Գերագույն ռադայում և ձևավորելով սեփական կառավարությունը՝ նախագահ Զելենսկին ունի ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները՝ գործելու ավելի ազատ, ազդեցություն ունենալու օրենսդրական և այլ բարեփոխումների վրա: Փաստացի երկրում ողջ իշխանությունը կենտրոնացած է նախագահի և «Ժողովրդի ծառա» կուսակցության ձեռքում։ Այժմ իրավական առումով իշխող ուժն ունի բոլոր լծակներն իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հաշվի առնելով ժողովրդի չափազանցված ակնկալիքները նոր իշխանություններից՝ «Ժողովրդի ծառայի» համար բավական բարդ է լինելու դրանց բավարարումը։ Ուստի առաջիկա ամիսներին՝ հետընտրական շրջանում, հնարավոր է «Ժողովրդի ծառա» կուսակցության վարկանիշի որոշակի անկում։ Այդ իսկ պատճառով կուսակցության հեղինակությունը բարձր պահելու համար խոստացված բարեփոխումները պետք է լինեն իշխող ուժի օրակարգում։ Ամենայն հավանականությամբ, Զելենսկին առաջին հերթին կանդրադառնա նախընտրական ծրագրի մեջ տեղ գտած այն հարցերին, որոնք առավել առաջնահերթ են հասարակության համար։ Դրանցից կարելի է առանձնացնել շարունակվող լարվածությունը երկրի արևելքում, իշխանական համակարգի խնդիրները, պայքարը կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ։ Հանրության շրջանում վարկանիշը պահպանելու համար կարևոր է, որ «Ժողովրդի ծառան» կարողանա վերականգնել հեղինակազրկված խորհրդարանի իմիջը։

Այսպիսով, կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրություններում Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակով ավարտվեց նոր «հեղափոխական» իշխանության ձևավորումը։ Ուկրաինան, ըստ էության, մտնում է նոր փուլ, որում պետք է կյանքի կոչվեն դեռ 2013-2014թթ․ հեղափոխության ժամանակ խոստացված, բայց հիմնականում ձախողված բարեփոխումները։


[1] Rating` «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբ,

SOCIS՝ Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն,

UCI, SM` «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոն,

Rating՝ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբ,

Rating for IRI՝ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբ, Միջազգային հանրապետական ինստիտուտ