Անկարա-Դոհա գործընկերությունը․ քաղաքականությունից՝ անվտանգություն և տնտեսություն

23 ր.   |  2026-09-15

Թուրքիա-Կատար արձագանքն Իրանի դեմ պատերազմին

2026թ․ փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայել-Իրան մարտական գործողությունների մեկնարկից հետո մարտի 18-ին Իրանը, ի պատասխան «Հարավային Պարս» բնական գազի հանքավայրին Իսրայելից հասցված հարվածին, հրթիռակոծեց Կատարի հեղուկացված գազի օբյեկտները։ Մարտի 19-ին անմիջապես Դոհա մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը Կատարի վարչապետ, արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ընթացքում, պատերազմի բուն պատճառ հայտարարելով Իսրայելին, «անընդունելի» բնորոշեց Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ՝ դրանք համարելով նույնքան սխալ, որքան Իրանի դեմ իրականացվողներն են, և շեշտեց, որ Թուրքիան միշտ «եղբայրական Կատարի» կողքին է։  

«Թուրքիան և Կատարը բարդ փորձություններն անքակտ համերաշխությամբ հաղթահարող․․․ երկու եղբայրական երկրներ են։ Մինչ այժմ յուրաքանչյուր փորձության մեջ ցուցաբերված ուս-ուսի դիրքորոշումն առաջիկայում ևս միևնույն վճռականությամբ շարունակելու ենք»,- հայտարարեց Ֆիդանը, որը տարածաշրջանում շարունակվող բախումների, այդ թվում՝ Կատարի տարածքում իրականացված ռազմական գործողությունների ֆոնին այս տարվա մայիս-հուլիսին դարձյալ «համերաշխության այցերով» եղավ այնտեղ։ Հուլիսյան այցին Katar TV-ի հետ զրույցում Ֆիդանը կարևորելով Դոհայի դիվանագիտական, միջնորդական ջանքերը տարածաշրջանի ճգնաժամի կարգավորման համար՝ նշեց, որ «թե՛ Կատարի անվտանգությունն ու խաղաղությունը, թե՛ տարածաշրջանինը հարցեր են, որոնք բխում են Թուրքիայի շահերից»։ Ապրիլին պաշտոնական այցով Կատարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, որը տեղի թուրքական ռազմաբազայում ելույթով դիմեց զինծառայողներին․ «Դու՛ք, ձեր ներկայությամբ, վստահություն եք հաղորդում մեր բարեկամներին և ամրապնդում եք երկու երկրների միջև համերաշխության և ընդհանուր անվտանգության ըմբռնումը»։ Նախարարների մակարդակով կյանքի կոչված նման «ճգնաժամային դիվանագիտությանը» զուգահեռ հուլիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան առիթով ցավակցական այց կատարեց Դոհա։ Ցավակցական ուղերձում Էրդողանը նախկին էմիրին բնորոշում էր «շատ թանկագին բարեկամս» խոսքերով։

Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը ցավակցական այցի շրջանակում հանդիպում է Թամիմ բին Համադ Ալ Թանիին․ Դոհա, 2026թ․

Նման զարգացումներով տարածաշրջանային լարվածության հերթական շրջափուլում առանձնացան Թուրքիա-Կատար հարաբերությունները, որ, ընդհանուր առմամբ, բավականին տարբերվող են ու բազմաշերտ։ Այդ մասին են վկայում քաղաքական գնահատականները՝ «բարեկամական», «եղբայրական», «ռազմավարական գործընկերային»։ Երկկողմ գործընկերությունը խորանում է, ինչի մասին վկայում են ոչ միայն այս զարգացումները, այլև միջպետական հարաբերությունների բարձրագույն ինստիտուցիոնալ շրջանակը հանդիսացող Բարձրագույն ռազմավարական կոմիտեի մինչ այժմ գումարված 11 նիստերի արդյունքում արդեն իսկ ստորագրված թվով 115 պայմանագրերը։ Դրանց թիվը նախատեսվում է ավելացնել 12-րդ նիստի արդյունքներով, որը կանցկացվի այս տարի աշնանը Թուրքիայում։ Այդուհանդերձ ո՞ր ոլորտներում համագործակցությունն է Անկարա-Դոհա հարաբերությունները դարձնում ռազմավարական և ինչպե՞ս է հարաբերությունների այդ մակարդակը դրսևորվում ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի զարգացումների համատեքստում։


Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին նախագահում են Ռազմավարական կոմիտեի 8-րդ նիստը․ Ստամբուլ, 2022թ․

Ռազմավարական գործընկերության ձևավորումն ու տրամաբանությունը 

2026 թ․-ի գարնանն ի հայտ եկած անվտանգային սպառնալիքներին թուրքական դիվանագիտական ապարատի արագ, հավասարակշռված արձագանքը լուծեց մի քանի խնդիր․ բարձր մակարդակի այցերով Անկարան ցույց տվեց իր ներկայությունը Պարսից ծոցում և ոչ կտրուկ, սակայն դիրքորոշում արտահայտող հայտարարություններով ձևավորեց Դոհայի համար քաղաքական «թիկունք» ապահովելու պատկեր։ Բայց միաժամանակ, թույլ չտվեց, որ այնտեղ իր ռազմական ներկայությունն ու Դոհային համերաշխությունը որևէ կերպ ընկալվի հակաիրանական գործոն և դիրքորոշում։ Դա, բնականաբար, բխում էր իր շահերից․ Թուրքիան չնայած մարտ ամսին չորս անգամ հայտարարեց, որ իր օդային տարածքում ՆԱՏՕ-ի համակարգերն Իրանից արձակված հրթիռներ են վնասազերծել, այդպիսով շարունակում էր հավասարակշիռ գործելաոճը՝ ոչ միայն պատերազմի մաս չդառնալու, այլև դրա մասշտաբայնացումը թույլ չտալու ձգտմամբ, քանի որ այդ սցենարն իր համար բարդություններով էր հղի։ Դա նաև համահունչ էր հենց Դոհայի քաղաքականությանը, որը, տուժելով տարիների ջերմ գործընկեր Թեհրանի հարձակումներից, իհարկե ստիպված էր փոքր-ինչ ավելի ընդգծված Ծոցի համագործակցության խորհրդի (ԾՀԽ) հակաիրանական ճակատի մաս կազմել, բայց չէր ձգտում նոր առճակատման։ Աջակցություն հայտնելով Կատարի միջնորդական ջանքերին՝ Անկարան նաև փորձեց թույլ չտալ, որպեսզի ռազմական էսկալացիան առ ոչինչ դարձնի իր ռազմավարական գործընկերոջ դիվանագիտական կշիռը, ավելին՝ ինքը ևս որպես աջակից դիրքավորվեց Պակիստանի, Կատարի միջնորդական նախաձեռնություններում։
Թուրքիա-Կատար «ներդաշնակ» գործելաոճը, որը դրսևորվում էր Անկարայի բավականին ակտիվ տարածաշրջանային դիվանագիտության համատեքստում, երկկողմ հարաբերությունների մակարդակի ցուցիչն էր։ Կարևոր է, որ Անկարան այդպիսով կարճաժամկետ խնդիրներ լուծելուց զատ, ստեղծում էր երկարաժամկետ քաղաքական կապիտալ՝ պատրաստվելով պատերազմից հետո ձևավորվելիք տարածաշրջանային փոխհարաբերությունների նոր կարգին, որտեղ Կատարի հետ խորացող գործընկերությունը միայն կամրապնդի նրա դիրքերը։

«Արաբական գարունը» և ռազմավարական մերձեցումը (2010–2014թթ.)

Մինչև 2010-2011թթ․-ն Թուրքիա-Կատար հարաբերությունները ջերմ էին, բայց հիմնականում սահմանափակվում էին տնտեսական փոխգործակցությամբ: Ընդ որում, տնտեսական կապերը ավելի լայն՝ Անկարա-ԾՀԽ հարաբերությունների մաս էին, որոնք զարգանում էին 2008թ․-ին Ջիդդայում փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հիմնված Թուրքիա-ԾՀԽ բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության մեխանիզմի շրջանակում։ Սուննիական Թուրքիան Պարսից ծոցի տարածաշրջանից դուրս ԾՀԽ-ի ռազմավարական երկխոսության առաջին գործընկերն էր, որին կարգավիճակը տրվել էր ինչ-որ առումով նաև տարածաշրջանում շիայական Իրանի դերը հավասարակշռելու նպատակով։

Անկարա-Դոհա հարաբերությունների զարգացման համար, սակայն, կարևոր է եղել նախաձեռնող արտաքին քաղաքականության, տարածաշրջանի խնդիրները լուծելու հարցում նմանօրինակ մոտեցումների որդեգրմամբ պայմանավորված և նաև կրոնագաղափարական ընդհանրությունները։ Ընդունված է համարել, որ կողմերի արտաքին քաղաքականությունում համադրվող շերտեր ի հայտ են եկել վաղ 2000-ական թթ․։ Մի կողմից՝ 1995 թ․-ին Կատարում իշխանության եկած էմիր շեյխ Համադ բին Խալիֆան որդեգրել էր պրոակտիվ արտաքին քաղաքական գիծ՝ ձգտելով թոթափել անվտանգային կախվածությունը Սաուդյան Արաբիայից և «փափուկ ուժի» ու տարածաշրջանային հակամարտություններում միջնորդի (հաքամ) դերակատարման միջոցով բարձրացնել Դոհայի դիվանագիտական կշիռը: Մյուս կողմից՝ 2002թ.-ին Էրդողանի առաջնորդությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո երկրի արտաքին քաղաքականության ճարտարապետի դերում Ահմեդ Դավութօղլուն զարգացնում էր «ռազմավարական խորության», հարևանների հետ «զրո խնդրի» և նեոօսմանիզմի հայեցակարգերը՝ նպատակ ունենալով գործոն դարձնել Անկարայի ներկայությունը Մերձավոր Արևելքում:

2008թ․-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նախագահ Աբդուլա Գյուլի այցերը Դոհա նշանակալի էին թուրք-կատարական փոխշփումների ակտիվացման համար։ Իսկ արդեն 2010թ․-ից տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և կողմերի որդեգրած արտաքին քաղաքականությունը հիմք են դառնում, որ պարզ տնտեսական կապերը վերածվեն ռազմավարական հարաբերությունների։ 2010թ․-ի վերջին Թունիսում, ապա՝ Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, Սիրիայում և Իրաքում հեղափոխական շարժումների մեկնարկից կարճ ժամանակ անց Թուրքիան և Կատարն իրենց տեղը գրավեցին այդ շարժումների (հատկապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցությունը վայելողների) կողքին՝ գործող իշխանությունների դեմ։ Երկուստեք վստահություն կար, որ այդ հեղափոխական շարժումները վտանգավոր չեն իրենց համար, և տարածաշրջանում փոփոխությունների ալիքի առաջ մղման միջոցով հնարավոր է լինելու ձևավորել նոր իրադրություն, որտեղ իրենք կարող են առաջնային դեր խաղալ։ Արդյունքում Թուրքիան և Կատարը հայտնվեցին նաև Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի նման ռեգիոնալ խաղացողների դեմ, որոնք տարածաշրջանային քաղաքական աշխարհագրության պահպանման կողմնակից էին։ 2013թ․-ին Եգիպտոսը ևս համալրեց այդ երկրների շարքը, երբ իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսիի դեմ հաջողվեց հեղաշրջումը։

 Կատարի դեմ ճնշումներն աճեցին՝ չնայած, որ 2013թ․-ին Կատարի էմիր Համադ բին Խալիֆան իշխանությունը խաղաղ փոխանցեց որդուն՝ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, որը կարող էր վերանայել հոր քաղաքականությունը։

2013թ․-ին Ս․ Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը հետ կանչեցին դեսպաններին Կատարից, քանի որ իրենց երկրներում ևս գործող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը Դոհայի աջակցությունը համարում էին «միջամտություն իրենց ներքին գործերին»։ Երբ ճգնաժամը 2014թ․-ի նոյեմբերին լիցքաթափվեց Ռիադի արտահերթ գագաթնաժողովում, դեկտեմբերին Անկարայում թուրք-կատարական պատմական համաձայնագիր ստորագրվեց, որով երկրների միջև ձևավորվեց Բարձր մակարդակի ռազմավարական կոմիտե, որի նպատակը մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնումն ու զարգացումն էր։ Միաժամանակ որոշվեց Կատարում հիմնել թուրքական ռազմական բազա։ Գործարքը փոխշահավետ էր․ մինչ այդ ԱՄՆ-ի հովանավորչության («Ալ-Ուդեյդ» ռազմաբազա) և ԾՀԽ-ի հավաքական համակարգի վրա իր ամբողջ անվտանգությունը կառուցած Դոհան ստանում էր «անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքներ», երբ Վաշինգտոնն արդեն հակված չէր միջամտելու արաբական միապետությունների ներքին վեճերին, իսկ ինքնուրույն արտաքին քաղաքականության ձգտելով՝ ինքը հայտնվել էր սպառնալիքների տակ։ Մյուս կողմից, արդեն թուրքական կողմն Օսմանյան կայսրության անկումից հետո առաջին անգամ ներկայություն էր ստանում Պարսից ծոցի ռազմավարական ավազանում՝ «մասնակից» և «խաղացող» դառնալով տարածաշրջանային անվտանգությանը, Անկարայի առջև էին բացվում Կատարի հսկայական ֆինանսատնտեսական ռեսուրսների դռները։

Պարսից ծոցի երկրորդ դիվանագիտական ճգնաժամը (2017–2021թթ.)․ Գործընկերության փորձությունը

Թուրքիա-Կատար ռազմավարական գործընկերության «մկրտությունը» եղավ 2017թ․-ին, երբ Ս․ Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը ոչ միայն խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, այլև փակեցին ցամաքային, ծովային և օդային սահմանները՝ տնտեսական և քաղաքական մեկուսացում պարտադրելով: Գլխավոր մեղադրանքներն էին իրենց երկրներում ներքին իրադրությունն «ապակայունացնող քարոզչությունը», «ահաբեկչության ֆինանսավորումը», «Իրանի հետ սերտ հարաբերությունները» և այլն։ Արդեն հուլիս ամսին «Արաբական քառյակը» վերջնագիր ներկայացրեց Կատարին՝ պահանջելով փակել կառուցվող թուրքական ռազմաբազան և դադարեցնել ռազմական համագործակցությունը (պահանջը թուրքական կողմը բնորոշեց երկկողմ հարաբերություններին միջամտություն), նվազեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, փակել «Ալ-Ջազիրա» հեռուստացանցը, խզել կապերը «ահաբեկչական, աղանդավորական, գաղափարական» կազմակերպությունների հետ, ինչպիսիք քառյակը համարում էր «Մուսուլման եղբայրներին», «Իսլամական պետությանը», «Ալ-Քաիդային», «Փաթեհ ալ-Շամին» (նախկինում՝ «Ան-Նուսրայի ճակատ»), լիբանանյան «Հիզբոլլահին» և այլն։ Դոհան մերժեց պահանջները՝ համարելով իր ինքնիշխանության ոտնահարում։ 

Անկարայի արձագանքը սկզբում չեզոք էր, իսկ մի քանի օր անց՝ հօգուտ Կատարի․ շրջափակումից երկու օր անց՝ հունիսի 7-ին, Թուրքիայի խորհրդարանը, հաջորդ օրն էլ նախագահը շտապ կարգով վավերացրին Կատարում թուրքական ուժերի տեղակայման մասին օրենքը: Մի քանի օրում թուրքական մեծաքանակ զինուժի տեղափոխումը Կատար իր դերը խաղաց «արաբական քառյակի» հնարավոր ինտերվենցիայի հավանականությունը զրոյացնելու համար։ Թուրքիան ամեն օր Իրանի օդային տարածքով և ծովային ճանապարհով սկսեց Կատար տեղափոխել սննդամթերք և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Հունիս-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայից Կատար արտահանումը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով 216 մլն դոլարի (2016թ․-ին կազմել էր 114 մլն դոլար)։


Թուրքիան բեռնատար ինքնաթիռներով Կատար է ուղարկել սննդամթերքի և ջրի պաշարներ․ Դոհա, 2017թ․

Շրջափակումը, որ տևեց ավելի քան 3.5 տարի, ի վերջո ձախողվեց՝ այդ թվում նաև Թուրքիայի աջակցությամբ, քանի որ Դոհան չկատարեց իրեն ներկայացված 13 պահանջներից և ոչ մեկը։ 2021թ․-ի հունվարի 5-ին Ս․ Արաբիայի Ալ-Ուլա քաղաքում ԾՀԽ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց հաշտություն Կատարի հետ և վերացվեց շրջափակումը, վերականգնվեցին դիվանագիտական ու տնտեսական կապերը, բացվեցին սահմանները։ 

Հարկ է նշել, որ մինչև շրջափակման դեպքերը 2016թ․-ին, Կատարն առաջին երկրներից էր, որը դատապարտեց Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և համերաշխություն հայտնեց Էրդողանին։ Բացի այդ, Թուրքիայի համար տնտեսական բարդ շրջափուլերում, ինչպիսիք էին 2018թ․-ին Էնդրյու Բրանսոնի ձերբակալումից հետո ԱՄՆ պատժամիջոցներն Անկարայի դեմ, 2019թ․-ի կորոնավիրուսի համավարակը, 2023թ․-ի երկրաշարժը, Կատարի կողմից Թուրքիային տրված ֆինանսական, տնտեսական աջակցությունը նույնպես նպաստել է երկու կողմերի դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը։

Հարաբերությունների ինստիտուցիոնալացումը

Ալ-Ուլայի համաձայնագրի ստորագրումից հետո մինչև 2026թ․ թուրք-կատարական հարաբերություններն աչքի ընկան խորացմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերով։ Չնայած առկա կանխատեսումներին, որ քառյակի հետ կարգավորումը կթուլացնի Անկարա-Դոհա կապերը՝ տարիները ցույց տվեցին, որ դրանք կայացած են և դուրս են եկել սոսկ «ճգնաժամային աջակցության» շրջանակից։ Դոհայի հետ հաշտեցումը, իր հերթին, ոչ թե խանգարեց, այլ նպաստեց քառյակի երկրների (ԱՄԷ, Ս․ Արաբիա, Եգիպտոս) և Անկարայի միջև կարգավորման գործընթացների մեկնարկին։ Երկկողմ քաղաքական օրակարգերն այս ընթացքում զարգացան Ռազմավարական կոմիտեի ամենամյա հանդիպումների միջոցով, որ գումարվում են երկրների առաջնորդների մակարդակով։

Կողմերը համագործակցություն ծավալեցին նաև երրորդ երկրներում․ Աֆղանստանում 2021թ․-ին Թալիբանի իշխանության գալուց հետո Անկարան և Դոհան իրականացրին համատեղ առաքելություն՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի ֆունցիոնալությունն ապահովելու և արևմտյան երկրների և Թալիբանի երկխոսությունը միջնորդելու ուղղությամբ, իսկ Գազայի ճգնաժամում պահպանում են միասնական մոտեցում՝ հանդես գալով ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի հետ բանակցող և հրադադարի նախաձեռնություններով հանդես եկող միջնորդներ։

Հակասությունները

Այս տարիներին երկու երկրների միջև որոշ հարցերում եղել են շահերի բախումներ։ Այդպիսիք են եղել, օրինակ, 2016թ․-ին Կատարի պետական նավթագազային ընկերության մասնակցությունը ExxonMobi-ի հետ Արևելյան Միջերկրականում՝ Կիպրոսի վիճելի 10-րդ բլոկում, հորատման արտոնագիր ստանալու գործարքին, որն Անկարայի մոտ դժգոհություն էր առաջացրել կամ 2019թ․-ին Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողության քրդամետ լուսաբանումն Al Jazeera-ի կողմից, որը թուրքական մերձիշխանական Sabah-ը բնորոշել էր որպես «հարված թիկունքից» և այլն։ Բոլոր այս դեպքերը, սակայն, հիմնականում արագ լուծումներ են ստացել։ 

Անվտանգային և պաշտպանական համագործակցությունը

Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո որդեգրված հավակնոտ տարածաշրջանային քաղաքականության մեջ հընթացս մեծ կարևորություն սկսեց ձեռք բերել ռազմական ուժը, որն այդ քաղաքականության կյանքի կոչման բաղադրիչն էր։ Պաշտպանական ոլորտի զարգացման մեջ ներդրված ջանքերի արդյունքում փոխվեց Թուրքիայի անվտանգային ինքնությունը և այն սկսեց հանդես գալ ոչ միայն որպես անվտանգություն «սպառող», այլև անվտանգություն «մատակարարող» պետություն։ Այդ անցումն իրականանում էր նաև արտերկրում ռազմական ներկայության հաստատմամբ, որը ռազմակայանի տեսքով առաջինը դրսևորվեց Կատարում։ 

Թուրքիայի և Կատարի միջև 2000-ական թթ․ սկզբին անվտանգային և իրավապահ (ահաբեկչություն, մաքսանենգություն, կազմակերպված հանցավորություն) ոլորտներում համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո բուն ռազմական ոլորտում առաջին կարևոր քայլը կատարվեց 2007թ․ մայիսի 23-ին ռազմական ոլորտում կրթական, տեխնիկական և գիտական համագործակցության շուրջ պայմանագրի ստորագրմամբ։ 2012թ․-ի ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնություններն արդեն որակական նոր մակարդակ էին ենթադրում։

2014թ․ դեկտեմբերի 19-ին ստորագրվեց ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության և Կատարում թուրքական զինուժի տեղակայման համագործակցության մասին պայմանագիրը, որը Թուրքիայում վավերացվեց 2015թ․-ի գարնանը։ Թուրքիայի հետ համատեղ «Նասր» զորավարժությունը Կատարում անցկացվեց 2015թ. հոկտեմբերի 17-29-ին: Այդ նպատակով Կատարում գտնվող 100 թուրք զինվորականները զորավարժությունների ավարտից հետո չվերադարձան, և այդպիսով Դոհայում սկսեցին գործել թուրքական առաջին ռազմական տարրերը: Դրանով իսկ թուրք զինվորականներն ուղիղ մեկ դար անց վերադարձան Կատար, ինչը խորհրդանշական էր: Հարկ է նշել, որ օսմանյան զորքերը Կատարից հեռացել էին 1915 թ․-ին։ 2016թ․ ապրիլի 28-ին՝ Կատարում թուրքական զինուժի տեղակայման մասին գործադրման պայմանագրի ստորագրման օրը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական ռազմակայանն այդպիսով արդեն սկսում է գործել։ Կայանը տեղակայվում էր տասը տարի ժամկետով՝ կողմերի չառարկելու դեպքում երկարաձգվելու հնարավորությամբ, ինչի գործնական դրսևորումը տեսանելի է արդեն տասը տարի անց։
2015-2017թթ․ թուրքական ռազմական ներկայությունը Դոհայում սահմանափակվում էր «Տարիկ բին Զիյադ» բազայում տեղակայված սահմանափակ թվով զինծառայողներով և կրթական-խորհրդատվական գործառույթներով։ 2017թ.-ի ճգնաժամի օրերին, սակայն, առկա ուժերը թուրքական կողմը համալրեց մեծ արագությամբ: 2019թ.-ի նոյեմբերին պաշտոնապես բացվեց թուրք-կատարական Համատեղ ուժերի հրամանատարության (Türkiye-Katar Birleşik Müşterek Kuvvet Komutanlığı) նոր, ընդարձակ ռազմական համալիրը ևս (հայտնի նաև որպես «Խալեդ բին Ալ-Վալիդ» զորանոց)։ Ռազմակայանում կարող է տեղակայվել մինչև 5000 զինվոր։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2025թ․-ի The Military Balance զեկույցի համաձայն, սակայն, Թուրքիան Դոհայում ունի 300 զինծառայող։ Նույն զեկույցում արտերկրում տեղակայված թուրքական զինուժի և անձնակազմի թիվը 42,000-42,500 է՝ ներառյալ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում գտնվողը (մոտ 33,800)։ Իսկ ըստ թուրքական YetkinReport-ում լրագրող Մուրադ Յեթքինի հեղինակությամբ 2026թ․ հրապարակված հոդվածում իրենց պաշտպանական գերատեսչության աղբյուրներին հղումով ներկայացված տեղեկության՝ արտերկրում թուրքական զինուժի թիվն անգամ 70,000 է։ Նշենք նաև, որ մինչև ռազմաբազայի տեղակայումը՝ 2014թ․-ի The Military Balance-ի տվյալներով` Կատարի ակտիվ զինված ուժերի թիվը 11,800 էր, իսկ 2025-ին՝ 16,500։

Անվտանգության և պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից է ռազմարդյունաբերությունը, որի զարգացման համար հիմք են հանդիսացել 2007թ․-ի, 2012թ․-ի և 2014թ․-ի նշված պայմանագրերը։ Համագործակցության շրջանակը հիմնականում ձևավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրում կատարական ներդրումները և թուրքական սպառազինության արտահանումը Կատար։

2014թ․-ից Կատարի զինված ուժերի ներդրումային հիմնադրամին (QAFIC) 300 մլն դոլարով փոխանցվեց թուրքական ավտոմոբիլային տեխնիկա արտադրող ընկերություններից BMC-ի (BMC Otomotiv Sanayi ve Ticaret) 49% բաժնեմասը, իսկ 2018թ․-ին այդ ընկերությունը հաղթեց թուրքական ազգային Altay մարտական տանկի զանգվածային արտադրման տենդերը։ 2019թ․-ին Թուրքիայի նախագահի որոշմամբ՝ Սաքարիայում ՑՈւ-ին պատկանող տանկանորոգման գործարանը 50 մլն դոլար ներդրումային վաճառքով 25 տարի ժամկետով փոխանցվեց BMC-ին։ 2019-ին հայտարարվեց, որ Դոհան 100 միավոր տանկի պատվեր է արել։ Արդեն 2025թ․ հոկտեմբերի 28-ին Թուրքիայի զինուժին առաջին Altay տանկի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաև Կատարի պաշտպանության նախարարը։

2018թ․-ին DIMDEX 2018 ռազմածովային ցուցահանդես-խորհրդաժողովին Կատարի զինուժի և թուրքական ռազմարդյունաբերական Baykar ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ 2019-ին Կատարին փոխանցվեցին գնված 6 միավոր Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները։ 2014թ․-ի պայմանավորվածության հիման վրա՝ 2018թ․-ին Կատարի ռազմածովային ուժերը թուրքական Ares նավաշինական ընկերությունից ստացան 17 միավոր արագընթաց պարեկային նավ, իսկ 2018թ․-ի ցուցահանդեսի պայմանագրով թուրքական Anadolu նավաշինական ընկերությունն արտադրեց և Կատարի ՌԾՈւ-ին հանձնեց երկու ռազմաուսումնական նավ (AL DOHA և AL SHAMAL), մեկ այլ կամ լրացուցիչ գործարքով էլ՝ 4 միավոր դեսանտային նավ։ Կատարական Barzan հոլդինգի և թուրքական Nurol Makine ընկերության միջև 2017 թ․-ին և դրանից հետո պայմանագրեր կնքվեցին Կատարի բանակին շուրջ 500 միավոր (Yörük 4×4 և Ejder Yalçın) զրահամեքենայի փոխանցման համար։ DIMDEX 2018-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ Aselsan-ը (48% բաժնեմաս) Barzan հոլդինգի (51% բաժնեմաս) հետ միասին BARQ անվամբ ընկերություն հիմնեցին Դոհայում, որը ենթադրում էր նաև ռազմարդյունաբերական որոշակի արտադրանքների տեխնոլոգիաների փոխանակում։ Այս տարի արդեն DIMDEX 2026-ի շրջանակում, ի թիվս այլ պայմանագրերի, թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret A.Ş.) տեխնոլոգիական ընկերությունը և Barzan հոլդինգը անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հուշագիր ստորագրեցին։

Այս ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան մատնանշելուն զուգահեռ կարևոր են թվական ցուցանիշները և դրանց դիտարկումն ընդհանուր պատկերում։ Այսպես, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կողմից 2026թ․-ին հրապարակված տվյալներով՝ 2000-2025թթ․ Կատարը 5․88% մասնաբաժնով Թուրքիայից զենքի արտահանման հինգերորդ հիմնական ուղղությունն է ԱՄԷ-ից (20․52%), Ս․ Արաբիայից (12․12%), Բանգլադեշից (8․99%) և Ռումինիայից (7․83%) հետո։ Իսկ Թուրքիան Կատարին սպառազինություն մատակարարողների շարքում 4․99%-ով չորրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից (64․89%), Ֆրանսիայից (13․79%) և Միացյալ Թագավորությունից (5․55%) հետո։

Երկու երկրների զինված ուժերի միջև 2015թ․-ից ի վեր նաև հաճախ իրականացվում են զորավարժություններ, որոնցից են «Ալ-Ադիդ» և «Նասր» զորավարժությունների շարքը և այլն։

Տնտեսական համագործակցությունը

Թուրքիա-Կատար ռազմավարական գործընկերությունը, սակայն, միայն չի սահմանափակվում քաղաքական և անվտանգային-պաշտպանական համագործակցությամբ և դրա հենասյունն է նաև տնտեսական փոխկապվածությունը։ 

Երկկողմ տնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը դրվեցին Թուրքիայում Թուրգութ Օզալի վարչապետության տարիներին, որ նշանավորվեցին տնտեսական ռեֆորմներով: Համանուն պայմանագրի հիման վրա ձևավորված տնտեսական և տեխնիկական համագործակցության ընդհանուր հանձնաժողովը սկսեց գործել 1985թ․-ին։ 2000-ական թթ․ կատարական կողմն առաջարկել էր երկկողմ գործարար խորհուրդ հիմնել, որին ի պատասխան թուրքական կողմը հայտնել էր, որ բավարար քանակով (25) գործարար հետաքրքրություն չի ցուցաբերել, ուստի այդ խորհրդի ձևավորումը կայացավ միայն 2006թ․-ին` ԱԶԿ-ի կառավարման շրջանում։ 2008թ․-ին արդեն Թուրքիայի նախագահ Գյուլի մասնակցությամբ Դոհայում կայացավ թուրք-կատարական գործարար ֆորում և նույն տարում համագործակցության հուշագիր կնքվեց Կատարի ներդրումային հիմնադրամի հետ։ Երկու երկրները կապվում են նաև 2001թ․-ին ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրով և ներդրումների պաշտպանության և խրախուսման պայմանագրով։ Իսկ արդեն 2018թ․-ին ստորագրված և 2025թ․-ի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած «Առևտրատնտեսական գործընկերության համաձայնագիրը» (TEOA), որը, ըստ էության, ազատ առևտրի մասին է, ենթադրում է մաքսատուրքերի աստիճանական վերացում, առևտրաշրջանառության աճ և ներդրումների խրախուսում։ Հարկ է նշել, որ Թուրքիան ազատ առևտրի պայմանագրեր ԵՄ-ի հետ Մաքսային միությունից բացի ունի 23 երկրների հետ՝ այդ թվում Եգիպտոսի, Վրաստանի, ԱՄԷ-ի։ 6 երկրների հետ ունի արտոնյալ առևտրի պայմանագիր, այդ թվում՝ Իրանի, Ադրբեջանի, Պակիստանի։ Այդ փաստաթղթով նախատեսվում էր 2024թ․-ին Կատարի հետ տարեկան 1․1 մլրդ դոլար կազմած առևտրաշրջանառությունը միջնաժամկետ հեռանկարում բարձրացնել 5 մլրդ դոլարի։ 

Հարկ է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության վերջին ավելի քան տասը տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն աճում է, սակայն ոչ գծային։ Օրինակ, 2016թ․-ին, ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK), 773 մլն դոլար կազմած երկկողմ առևտրաշրջանառությունը կտրուկ աճ է գրանցել Կատարի շրջափակման օրերին՝ 2017թ․-ին հասնելով 1.08 մլրդ, իսկ 2018թ․-ին՝ 1.63 մլրդ դոլարի։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022թ․-ին՝ 2.196 մլրդ դոլար։ Այդուհանդերձ այս թվերը փոքր մաս են կազմում Թուրքիայի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ։ 2021-2025թթ․ դրանում Կատարի բաժինը տատանվել է 0.18-0.36 տոկոսի միջակայքում՝ 2022թ․-ին հասնելով առավելագույն 0.36 տոկոսի։ 2025թ․-ին Կատարի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը (1.26 մլրդ) կազմել է Թուրքիայի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության (638.640 մլրդ դոլար) շուրջ 0.20 տոկոսը։ Կատարի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները մի քանի անգամ զիջում են նաև Ս․ Արաբիայի (2025թ․-ին՝ 7.22 մլրդ) և ԱՄԷ-ի (2025թ․-ին՝ 18.95 մլրդ) հետ Թուրքիայի առևտրի ցուցանիշներին։ Ըստ այդմ՝ կարելի է պնդել, որ Թուրքիա-Կատար տնտեսական կապերի առանձնահատկությունն առևտրի բացառիկ մեծ ծավալը չէ, այլ դրանց բազմաշերտությունն ու սերտ կապը քաղաքական և ռազմավարական հարաբերությունների հետ։

Թուրքիա-Կատար տնտեսական հարաբերությունները զարգանում են մի շարք կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, ներդրումները, ենթակառուցվածքները, լոգիստիկան, մեդիան, շինարարությունը և այլն։ Ընդ որում` հատկապես վերջին տարիներին տնտեսական համագործակցությունն ավելին է, քան միայն Կատարից Թուրքիա ֆինանսական հոսքերի ապահովումը։

Կատարական պետական և մասնավոր կապիտալի ներթափանցումը Թուրքիա նշանավորվեց 2013թ․-ին Alternatif Bank-ի (Abank) բաժնեմասի, իսկ 2016թ․-ին ամբողջական գնմամբ։ 2016թ․-ին Կատարի Ազգային բանկը (QNB) գնեց Finansbank-ը, որն այդ ժամանակ ակտիվների, ավանդների և վարկերի ծավալով Թուրքիայի հինգերորդ խոշորագույն մասնավոր բանկն էր։ 2015-2019թթ․ կատարական Mayhoola for Investments հիմնադրամը ձեռք բերեց Թուրքիայում հագուստի և շքեղ ապրանքների մանրածախ առևտրի առաջատար Boyner Retail-ի ամենաթանկարժեք և շահութաբեր ակտիվները՝ Beymen Mağazacılık-ը (թուրքական շքեղ հագուստի և միջազգային բրենդների թիվ մեկ ցանցը) և AY Marka Mağazacılık-ը (որի մեջ մտնում էին Network, Divarese, Que բրենդները)։ Գործարքը գնահատվում էր որպես Թուրքիայի շքեղության և նորաձևության մանրածախ ոլորտում մինչ այդ իրականացված ամենախոշոր օտարերկրյա ներդրում։ 2015թ․-ի հուլիսին կատարական beIN Media Group-ը, որ ստեղծվել էր Al Jazeera Sport-ի վերակազմավորման արդյունքում, ձեռք բերեց Թուրքիայի խոշորագույն վճարովի թվային հեռուստահարթակ և արբանյակային հեռարձակող Digiturk-ը՝ ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան 1 մլրդ դոլարով։ Գործարքն ամբողջացվեց 2016թ․-ին։ Հարթակն ուներ մոտ 3.3 մլն բաժանորդ և դրա կարևոր ակտիվն էր Թուրքիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակման իրավունքը։ 2020թ․-ի հոկտեմբերին կատարական QTerminals նավահանգստային օպերատորը 140 մլն դոլարով թուրքական Global Ports Holding-ից ձեռք բերեց Անթալիայի նավահանգստի (Port Akdeniz) մինչև 2028թ․-ն շահագործելու իրավունքը։ Գործարքը Կատարի կապիտալի ներկայությունն ընդլայնեց Թուրքիայի միջերկրածովյան լոգիստիկ ենթակառուցվածքներում։ Ներդրումներ արվեցին ռազմարդյունաբերության (BMC), զբոսաշրջային և այլ ոլորտներում։ Հատկանշական է, որ 2018թ․-ի օգոստոսին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության արդյունքում թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում երկու երկրների կենտրոնական բանկերի միջև 3 մլրդ դոլարին համարժեք թուրքական լիրայով և կատարական ռիալով սվոփ համաձայնագիր ստորագրվեց, ինչի շնորհիվ Թուրքիան կարողացավ կայունացնել ազգային արժույթը։ 2019թ․-ի նոյեմբերի 25-ին սվոփի ծավալը թարմացվելով հասցվեց 5 մլրդ դոլարի, իսկ 2020թ․-ի մայիսի 20-ին՝ 15 մլրդի։ Կատարական կողմի հումանիտար-ֆինանսական և քաղաքական աջակցությունը տեսանելի եղավ 2023թ․-ի Թուրքիայի երկրաշարժի օրերին և նույն տարում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ։ Նշված և այլ գործարքների համադրությունն արդեն Թուրքիայում Կատարի տնտեսական ներկայության դիվերսիֆիկացված բնույթի մասին է։

Ըստ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության կողմից Կենտրոնական Բանկին հղումով ներկայացված տվյալների՝ Կատարի ուղղակի ներդրումները Թուրքիայում իրենց առավելագույնին են հասել 2019թ․-ին՝ կազմելով 570 մլն դոլար։ 2002-2026թթ․ Կատարի ուղղակի ներդրումները Թուրքիայում կազմում են 3,479 մլն դոլար, ինչը Թուրքիայում ուղղակի ներդրումների 1․7 տոկոսն է։ Կատարն այդ շարքում զիջում է մի շարք եվրոպական երկրների և Ադրբեջանին, ԱՄԷ-ին, Ռուսաստանին, Ճապոնիային։

Պետք է նշել, որ 2023թ․-ին Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարեց Թուրքիայում գործող 220 կատարական ձեռնարկության և 20 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների մասին՝ հավանաբար այդ հաշվարկում ներառելով ոչ միայն ուղղակի, այլև պորտֆելային և այլ ներդրումների ցուցանիշները։ Բոլաթն իր այդ ելույթում, խոսելով նաև Կատարում Թուրքիայի ներդրումներից, նշեց Կատարում 727 թուրքական ընկերությունների գործունեության մասին։ 2026թ․-ի օգոստոսին Բոլաթը հայտարարեց, որ ընկերությունների թիվը 1116 է՝ որպես գործունեության հիմնական ոլորտներ թվարկելով շինարարությունը, ծառայությունները, արտադրական ոլորտը։ 

Պետք է նշել, որ թուրքական կապալառու ընկերությունների մուտքը կատարական շուկա սկսվել է դեռ 2000-ական թթ․ սկզբին, սակայն 2010թ․-ից հետո, երբ Կատարն ստացել էր 2022թ․-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը և 2008թ․-ին ընդունել մինչև 2030թ․-ի ազգային զարգացման տեսլականը (Qatar National Vision 2030), որը ենթադրում էր երկրում լուրջ ենթակառուցվածքային վերափոխումներ, մեծ թափ ստացավ։ Բոլաթը վերը նշված ելույթում հայտարարեց, որ թուրքական ընկերությունները Կատարում կապալային ծառայությունների ոլորտում ավարտել են մոտ 206 նախագիծ՝ 21 մլրդ դոլար արժողությամբ։ Թուրքիայի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական անվտանգության բարձրացման նշանակություն ունեցավ թուրքական «BOTAŞ» ընկերության և կատարական «Qatar Energy» ընկերության միջև համագործակցությունը հեղուկացված բնական գազի (LNG) ներկրման ոլորտում, ինչը թույլ տվեց Անկարային դիվերսիֆիկացնել իր գազի ներկրման ուղղությունները։ Չնայած 2023թ․-ից այլևս Կատարից պայմանագրային գործարքով հեղուկ գազ չի գնվում (այժմ ներկրվում է ԱՄՆ-ից, Ալժիրից և այլն), այդուհանդերձ 2015-2023թթ․ այդ նպատակով ստեղված ենթակառուցվածքները՝ օրինակ տերմինալները, կարևոր եղան թուրքական կողմի հետագա հաջողությունների համար։

Այսպիսով, կարող ենք նշել, որ Թուրքիա-Կատար տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունը դրանց ասիմետրիկ բնույթն է․ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը համեմատաբար սահմանափակ է ոչ միայն Թուրքիայի ընդհանուր արտաքին առևտրի, այլ նաև Պարսից ծոցի արաբական գործընկեր երկրների հետ առևտրի համեմատությամբ։ Մինչդեռ Կատարի տնտեսական ներկայությունը Թուրքիայում և Կատարում թուրքական ընկերությունների գործունեությունը կենտրոնացած են կարևոր նշանակության ոլորտներում։

Կրոնական և գաղափարական ընդհանրությունները

Թուրքիա-Կատար հարաբերություններին տրվող քաղաքական գնահատականներում հաճախ նշվում է, որ երկու երկրների ժողովուրդներին միավորում են «պատմության խորքից եկող մշակութային, սոցիալական և կրոնական կապերը»։ Երկու երկրներում էլ մեծամասնություն են կազմում իսլամի սուննիական ուղղության հետևորդները․ Թուրքիայում գերիշխում են հանաֆիական, Կատարում՝ հանբալիական կրոնաիրավական դպրոցին (մազհաբ) հարող վահաբականության հոսանքի հետևորդները։ Կարևոր է նշել, որ վահաբականությունը սաուդական պետության հիմնաստեղծ կրոնական հոսանքն է։ Սակայն կատարական «ծովային վահաբականությունը» տարբերվում է սաուդական «անապատային վահաբականությունից»՝ ենթադրելով հանդուրժողականություն, ավելի մեղմ մոտեցում իսլամի այլ ուղղությունների հետևորդների՝ այդ թվում շիաների նկատմամբ։ Այս հանգամանքով է բացատրվում Կատարի բաց քաղաքականությունը Եգիպտոսում իսլամական քաղաքական գործիչ Հասան ալ-Բաննայի հիմնադրած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և դրա անդամների՝ իխվանների (եղբայր) նկատմամբ, որոնք սկսեցին աքսորվելուց հետո ապաստանել Դոհայում դեռևս նախորդ դարի 50-60-ական թթ․։ Բացի այդ, իխվանների առաջնորդների և Կատարում իշխող էլիտայի միջև ձևավորվեցին նաև անձնական կապեր․ այսպես, եգիպտացի աստվածաբան, եղբայրության առաջնորդներից Յուսուֆ Ալ Կարդավին սերտ հարաբերություններ ուներ Ալ Թանի ընտանիքի հետ։ Կարդավիի՝ Կատարում ունեցած ազդեցությունը տարածվում էր կրթական և մեդիա ոլորտների վրա, այդ թվում՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով հեռարձակվող կրոնական հաղորդումների միջոցով։ «Մուսուլման եղբայրների» հետ ջերմ հարաբերություններ ունի նաև Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը թուրքական իսլամական քաղաքական շարժումներից «Ազգային տեսակետի» (Milli Görüş) հերթական կուսակցության բաժանման հետևանքով էր քաղաքական թատերաբեմ մուտք գործել։ «Ազգային տեսակետի» հիմնադիր առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի և իխվանների միջև կապերի զարգացումը ևս նախորդ դարի 50-ական թթ․-ից էր սկսել։ Ի թիվս քաղաքական պրագմատիկ հաշվարկների և շահերի՝ այս կրոնագաղափարական հենքով են բացատրվում թե՛ Թուրքիայի և թե՛ Կատարի դիրքորոշումներն «արաբական գարնան» գործընթացներում։ Կարևոր է, սակայն, նշել նաև, որ հատկապես Ալ-Ուլայի հռչակագրից հետո Եգիպտոսի, Ս․ Արաբիայի, ԱՄԷ-ի հետ սկսված կարգավորման գործընթացները Թուրքիային և Կատարին մղեցին առավել զգուշավորության «Մուսուլման եղբայրներին» աջակցությանը վերաբերող հարցերում։

Երկու երկրների գաղափարական ընդհանրությունների նշանակությունը, այդուհանդերձ, ավելի լայն է։ Այսպես, թուրք երիտասարդ հետազոտող Նեսիբե Հիջրեթ Բաթթալօղլուն, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ազգային դերի ընկալումը հիմնականում վերլուծելով կանադացի քաղաքագետ Կալևի Հոլստիի աշխատանքներում զարգացված «դերերի տեսության» հիման վրա, Անկարայի պաշտոնական դիսկուրսում Կատարի հետ հարաբերությունների համար առանձնացնում է հինգ ազգային դերեր․

  • «տարածաշրջանային առաջնորդ» (regional leader), 
  • «տարածաշրջանային պաշտպան» (regional protector), 
  • «իսլամի պաշտպան» (defender of Islam), 
  • «հավատարիմ դաշնակից» (faithful ally),
  • «դիմադրող-մերժող-վերակազմավորող դերակատար»(resisting-rejecting-reconstituting actor)

Այս դերերը, ըստ էության, ցույց են տալիս՝ ինչպես են գաղափարական պատկերացումները գործնականում վերածվում արտաքին քաղաքական վարքագծի, ընդհանրությունները՝ գործոնների։ Անկարան, հայտարարելով, որ Կատարի անվտանգությունն ու կայունությունը չի դիտարկում սեփական անվտանգությունից առանձին, ցույց է տալիս տարածաշրջանային գործընթացներում պատասխանատվություն ստանձնելու մեծ ձգտումը։ 2017թ․-ի ճգնաժամի օրերին ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար աջակցությունը Կատարին որպես «տարածաշրջանային պաշտպանի» կամ հաճախ նաև «ճնշվածների պաշտպանի», իսկ պաշտոնական խոսույթում ընդգծումները, որ մուսուլման երկրի շրջափակումը հատկապես սուրբ Ռամադան ամսվա ընթացքում խնդրահարույց է և հակասում է իսլամի արժեքներին՝ «իսլամի պաշտպանի» դերում Անկարայի քաղաքականության դրսևորումներից էին։ 2017թ․-ի ճգնաժամի օրերին արագ արձագանքով Թուրքիան իր «հավատարմությունն» էր ցուցաբերում Կատարին, որը 2016թ․-ին ռազմական հեղաշրջման փորձի «դժվարին օրերին» առաջիններից մեկը դատապարտեց այն։ Իսկ «դիմադրող-մերժող-վերակազմավորողի դերը», որը Բաթթալօղլուն ինքն է ձևակերպում, վերաբերում է Անկարայի կողմից գերտերությունների հանդեպ ինքնավարության ձգտմանը (դիմադրություն), միջազգային հարաբերություններում առկա ուժային կառուցվածքի քննադատությանը (մերժում) և նոր տարածաշրջանային/գլոբալ կարգի ձևավորմանն աջակցությանը (վերակառուցում)։ Դրա ցայտուն արտահայտությունն Էրդողանի «աշխարհը հինգից մեծ է» կարգախոսն է։ Այս կետում երկու երկրների միջև առկա է գաղափարական լուրջ համընկնում, քանի որ Դոհան ևս հաճախ քննադատում է միջազգային համակարգի թուլությունը և արդարության բացակայությունը։ Երկու երկրներին միավորում է այն համոզմունքը, որ ժողովուրդներն իրավունք ունեն դիմադրելու բռնատիրությանը, հեղաշրջումներին ու անարդարությանը։

Եզրակացություն

Թուրքիա-Կատար հարաբերությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց ռազմավարական բնույթը ձևավորվել է չորս հենասյուների վրա։ Առաջինը՝ քաղաքականն է․ 2010-ական թթ․ տարածաշրջանային վերափոխումները, հատկապես «արաբական գարունը» և 2017թ․ Կատարի շրջափակումը, Անկարային և Դոհային մոտեցրել են միմյանց՝ ձևավորելով քաղաքական փոխաջակցության, արտաքին և ներքին ճնշումների դեպքում համերաշխության պրակտիկա։ Երկրորդը՝ անվտանգային-պաշտպանականն է, որը գործընկերության առավել ինստիտուցիոնալացված բաղադրիչն է․ Կատարում թուրքական ռազմական ներկայությունը, պարբերաբական համատեղ զորավարժությունները, սպառազինության մատակարարումները և ռազմարդյունաբերական համագործակցությունը ստեղծել են առնվազն միջնաժամկետ փոխկապվածություն։ Երրորդը՝ տնտեսականն է, որի առանձնահատկությունը ոչ թե երկկողմ առևտրի մեծ ծավալն է, այլ կատարական ներդրումների և թուրքական ընկերությունների գործունեության կենտրոնացումը կարևոր ոլորտներում՝ ֆինանսներ, ենթակառուցվածքներ, լոգիստիկա, շինարարություն, մեդիա և պաշտպանական արդյունաբերություն։ Չորրորդը՝ կրոնական-գաղափարականն է․ մեծամասնությամբ սուննի մուսուլման բնակչությամբ, ինչպես նաև պատմական ընդհանուր անցյալով երկու երկրները կառուցել են հարաբերություններ, որոնց սերտացումը պայմանավորվել է ինչպես տարածաշրջանային գործընթացների, այնպես էլ միջազգային համակարգի նկատմամբ ընդհանուր մոտեցումներով։ Հընթացս կրոնական և գաղափարական ընդհանրությունները լրացվել են նաև պրագմատիկ շահերով։ 

Ընդհանուր առմամբ, Թուրքիա-Կատար հարաբերությունների առանձնահատկությունը կարելի է ձևակերպել որպես բազմոլորտ փոխկախվածություն՝ հիմնված փոխադարձ շահերի վրա․ Կատարի համար Թուրքիան անվտանգության և քաղաքական աջակցության լրացուցիչ հենարան է, իսկ Թուրքիայի համար Կատարը՝ Պարսից ծոցում ռազմական, քաղաքական և տնտեսական ներկայությունն ամրապնդելու կարևոր գործընկեր։ 2017թ․-ի ճգնաժամից մինչև 2026թ․-ի տարածաշրջանային նոր լարվածությունը ցույց է տալիս, որ այս փոխկապվածությունը տարիների ընթացքում աստիճանաբար դուրս է եկել իրավիճակային համերաշխությունից և ունի երկարաժամկետ և ինստիտուցիոնալացված բնույթ։