Արմեն Պետրոսյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպի «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին»
2 ր. | 2025-07-30ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդական, պ.գ.թ. Արմեն Պետրոսյանը մասնակցել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի կազմակերպած «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին»(IVLP), որի շրջանակներում ճանաչողական և աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում է ունեցել ԱՄՆ պետական կառույցներում, տասնյակ ուղեղային կենտրոններում, համալսարաններում։

Մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպումներ են կայացել Պետական դեպարտամենտում, Կոնգրեսում, Ատլանտիկ, Ստիմսոն, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների և այլ վերլուծական կենտրոններում։ Դասախոսություններ, քննարկումներ և փորձի փոխանակման միջոցառումներ են տեղի ունեցել Վիրջինիայի, Կալիֆորնիայի, Վաշինգտոնի, Նյու Հեմփշիրի նահանգների աշխարհահռչակ համալսարաններում, պետական կառավարման, քաղաքական առաջնորդության, հանրային դիվանագիտության, հայկական հետազոտություններում մասնագիտացած հանրահայտ վերլուծական կենտրոններում։

Քննարկումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Պետրոսյանը գործընկերներին մանրամասներ և պարզաբանումներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացների ներկա շրջափուլերի, գործընթացների փակուղային հանգրվանի պատճառների, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատկությունների, տարածաշրջանային արդիական խնդիրների և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր հնարավորությունների և հատկապես Հայաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների խորացման նոր հեռանկարների թեմաներին, որի ամենաթարմ դրսևորումներից է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ամերիկյան ներգրավման հավանականությունը։

Ամերիկացի ոլորտային մասնագետներին ծանոթացրել է ՀԿՏԿ գործառույթներին, միջոցառումներին, ներկայացրել ապատեղեկատվության դեմ պայքարում, հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումներին դիմագրավելու հայաստանյան փորձի որոշ հաջողված օրինակներ, ռազմավարական հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Ծրագրի ավարտից հետո Արմեն Պետրոսյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում։

