Նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ Շարժառիթներն ու հնարավոր հետևանքները

10 ր.   |  2019-08-26



Պարսից ծոցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող «հակամարտության» ֆոնին Վաշինգտոնն Իրանի հոգևոր առաջնոր Ալի Խամենեիի և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ պատժամիջոց սահմանեց:

Թեև Իրանի հոգևոր առաջնորդի և ԱԳ նախարարի նկատմամբ առաջին անգամ էր պատժամիջոց սահմանվում, սակայն այս երևույթն աննախադեպ չէր, քանի որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը պատժամիջոց է սահմանել դեռ 2009 թվականին:

Պարզապես այդ ժամանակ պատժամիջոց սահմանելու շարժառիթներն ու հետապնդած նպատակները համահունչ էին այդ շրջանի Իրան-Արևմուտք քաղաքական օրակարգին, իսկ այսօր ԱՄՆ կողմից իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվող պատժամիջոցները համահունչ են Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ որդեգրած քաղաքականությանը:

Եթե 2009թ. ԵՄ սահմանած պատժամիջոցներն առնչվում էին Իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին և այդ ժամանակ իրանցի պաշտոնյաները մեղադրվում էին մարդու իրավունքները խախտելու մեջ, ապա այժմ ամերիկյան պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակելու Իրանի գործողությունները Մերձավոր Արևելքում և ընտրությունների նախաշեմին ազդել Իրանի ներքաղաքական զարգացումների վրա: