Ռուսաստան-Արևմուտք լարվածություն․ կենտրոնում Ուկրաինան է
7 ր. | 2022-02-242 022թ․-ի առաջին իսկ օրերից միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև «փոխհրաձգությանը», որի առիթն այս անգամ ևս Ուկրաինան է։ Նոր լարվածության պայմանական մեկնարկը կարելի է համարել 2021թ․ նոյեմբերի 21-ին ամերիկյան «Military Times» թերթում «Ռուսաստանը պատրաստվում է հունվարի վերջին հարձակվել Ուկրաինայի վրա» հոդվածի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե Ռուսաստանը նախատեսում է 2022թ․ հունվար-փետրվար ամիսներին ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ։ Նյութի համաձայն՝ Մոսկվան շարունակ ավելացնում է զորքերն ու սպառազինությունն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում։ Միաժամանակ, վստահություն է հայտնվում, որ «ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային զսպելու ռուսական ցանկացած ներխուժում լրացուցիչ ռազմական օգնության և դիվանագիտական ու տնտեսական ճնշման ուժեղացման միջոցով, ներառյալ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը և ռուսական բանկային հաշիվների արգելափակումը»:
«Military Times»-ում հոդվածի հրապարակմանը զուգահեռ՝ Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու վերաբերյալ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին սկսեցին հնչել Կիևից, Վաշինգտոնից, Բրյուսելից, իսկ մեղադրանքները հերքող հայտարարություններ՝ Մոսկվայից։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող լարվածության պայմաններում դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը ամերիկյան կողմին փոխանցեց «ՌԴ և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» և «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծերը:
Փաստաթղթերի առանցքում ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարումն էր․ Մոսկվան առաջարկում էր իրավականորեն ամրագրել հետևյալ հիմնական դրույթները․
- Կողմերը չեն ձեռնարկում գործողություններ, որոնք կարող են խաթարել միմյանց անվտանգությունը, չեն մասնակցում և չեն աջակցում նման գործողությունների։
- Կողմերը չեն օգտագործում այլ պետությունների տարածքը մյուս կողմի դեմ զինված հարձակում նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով։
- ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները բացառում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը արևելյան ուղղությամբ, ինչպես նաև նախկին հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին (առանձին ընդգծվում է Ուկրաինան)։
- ԱՄՆ-ը ռազմական բազաներ չի ստեղծելու նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն)։
- Կողմերը չեն ամրապնդում իրենց անվտանգությունը մյուս կողմի անվտանգության հաշվին։
- Մասնակիցները բացառում են միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը այն շրջաններում, որոնցից կարող են թիրախներ խոցել մյուս մասնակիցների տարածքում:
- ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հրաժարվում են Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց:
Հանդես գալով վերոնշյալ առաջարկներով՝ Մոսկվան փաստացի մատնանշեց իր «կարմիր գծերը»`միևնույն ժամանակ գիտակցելով, որ Արևմուտքը չի համաձայնի նման դրույթներ ամրագրելուն։ Սակայն Ռուսաստանի պահանջները չէին կարող անարձագանք մնալ։
2022թ․ հունվարի 9-10-ը Ժնևում տեղի ունեցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, հունվարի 12-ին Բրյուսելում անցկացվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ երկրների մշտական ներկայացուցիչների բանակցությունները։ Բոլոր հանդիպումների առանցքում Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքների պահանջն էր։ Ինտենսիվ բանակցությունները, սակայն արդյունք չտվեցին։ ԱՄՆ-ի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնեց, որ Ժնևի բանակցություններում ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում առաջընթաց չի գրանցվել: Դա Ռուսաստանի համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որով պայմանավորված են մնացած հարցերը: Իր հերթին ամերիկյան պատվիրակության ղեկավար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն էլ ասաց, թե ԱՄՆ-ը թույլ չի տա փակել ՆԱՏՕ-ի դռները որևէ երկրի առջև, և Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի մի շարք առանցքային առաջարկներ անընդունելի են։ Նման դիրքորոշումն հայտնեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ա յսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի քննարկումներն անհաջող էին. սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերի տարաձայնությունները, կարծես, անհաղթահարելի էին։ Ռուսաստան-Արևմուտք բանակցությունների այս շարքից հետո Միացյալ Նահանգներն ակնկալում էր նոր հանդիպում անցկացնել՝ շարունակելու առկախված հարցերի համակողմանի քննարկումները, սակայն դրանց շարունակման համար Ռուսաստանն ԱՄՆ-ից գրավոր պատասխաններ պահանջեց իր առաջարկներին։
Իսպանական «EL PAIS» թերթը փետրվարի 2-ին հրապարակեց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի ստորագրման առաջարկին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները։ Դրանցով, մասնավորապես, ամրագրվում էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն գնա փոխզիջման այն սկզբունքների հարցում, «որոնց վրա հիմնվում են Դաշինքը և անվտանգությունը Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում»։ Ռուսաստանին առաջարկվում էր երկխոսություն սկսել սպառազինությունների կրճատման և վերահսկողության շուրջ՝ «Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Աբխազիայից ռուսական զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց»։
Ակնհայտ է, որ նման պատասխանը չէր կարող գոհացնել Մոսկվային, քանի որ ռուսական կողմի սկզբունքային մտահոգություններն անտեսվել էին։ «Մոսկվան համարժեք պատասխան չի ստացել երեք առանցքային պահանջների վերաբերյալ. թույլ չտալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, հրաժարվել ռուսական սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից և վերադարձնել Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքները՝ 1997 թ. համապատասխան»,- հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսական առաջարկներին Արևմուտքի պատասխանից հետո Ուկրաինայի շուրջ իրավիճակն ավելի լարվեց։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները, Իսրայելը, Քուվեյթը, կոչ արեցին Ուկրաինայում իրենց քաղաքացիներին լքել երկիրը: Մի շարք պետություններ անգամ հայտարարեցին Կիևից իրենց դիվանագետների տարհանման մասին։ Միաժամանակ կողմերի փոխադարձ մեղադրանքներն ու Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին խոսակցություններն ավելի ինտենսիվ դարձան, նշվեցին նաև հստակ ամսաթվեր։ Արդյունքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված եղավ խնդրել՝ երկրում խուճապ չտարածել, քանի որ դա միայն վնասում է Կիևի շահերին։ Հարկ է նշել, որ դիվանագիտական առճակատումը զուգորդվում էր «մկանների ցուցադրմամբ»։ Բացի սահմաններին զինված ուժերի կուտակումից՝ Ռուսաստանն ու Ուկրաինան զորավարժություններ անցկացրեցին։
Լարվածությունն ավելի սրվեց փետրվարի 17-18-ից։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բարթ Գորմանին արտաքսվեց Ռուսաստանից, իսկ դեսպան Ջոն Սալիվանին փոխանցվեց ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ռուսական նախագծին ամերիկյան պատասխանի վերաբերյալ արձագանքը։ Փաստաթղթում արձանագրվում է, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի առաջարկներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու, նախկին խորհրդային երկրների տարածքում ռազմաբազաներ չտեղակայելու մասով: Ըստ ՌԴ ԱԳՆ հրապարակած փաստաթղթի՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինա զենքի մատակարարումը, հետ կանչել այնտեղից արևմտյան բոլոր խորհրդականներին և հրահանգիչներին, հրաժարվել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժություններից և այլն:
Միևնույն ժամանակ կողմերը սկսեցին հայտարարել Դոնբասի շփման գծում ռազմական իրավիճակի սրման մասին։ Դոնեցկն և Լուգանսկը հայտնեցին Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։ Փոխադարձ մեղադրանքներին հաջորդեց Դոնեցկում և Լուգանսկում բնակիչների զանգվածային տարհանումը Ռուսաստան, հայտարարվեց համընդհանուր զորահավաք։
Աճող լարվածության պայմաններում փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել են, որ ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը ճանաչում է այն սահմաններում, որտեղ իշխանություններն իրականացնում են լիազորությունները: Մոսկվան ակնարկել է, որ չի բացառում, որ ապագայում դրանք կարող են ճանաչվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի շրջանակներում, ինչը շատ ավելի մեծ տարածք է ընդգրկում, քան ԴԺՀ և ԼԺՀ վերահսկողության տակ գտնվող տարածքն է։ Փետրվարի 22-ին Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը վավերացրել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը։ Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք:
Արևմուտքն արդեն արձագանքել է Մոսկվայի գործողություններին՝ քննադատելով ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը և հայտարարելով նոր պատժամիջոցների մասին, որոնց մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարվանից։ Ուկրաինան, ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը Ռուսաստանի գործողությունները համարում են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում և հրաժարում Մինսկի համաձայնություններից։
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը սկսվել էր դեռևս ուկրաինական «մայդանների» ընթացքում, երբ նախկին ԽՍՀՄ անդամ երկիրը փոխեց արտաքին քաղաքական վեկտորը և հայտարարեց Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին։ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չհաղթահարվեց, այլև ավելի խորացավ՝ ընդգրկելքվ քաղաքական-դիվանագիտական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, անգամ սոցիալական ոլորտները։ Ներկայիս պայմաններում Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի ռազմական համագործակցության հետագա սերտացումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչը գիտակցում են նաև Արևմուտքում։ Թեև ՆԱՏՕ-ն, մերժելով Ռուսաստանի պայմանը, չի հրաժարվում «բաց դռների քաղաքականությունից», այնուամենայնիվ, Դաշինքը վստահեցնում է, որ առաջիկայում Ուկրաինայի անդամակցության հարց ՆԱՏՕ-ի օրակարգում չկա։ Սա այն «կարմիր գիծն» է, որ կողմերը չեն ցանկանա հատել։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նման լարվածության պայմաններում չի բացառվում, որ Դոնբասի շուրջ կարող են ծավալվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Միևնույն ժամանակ Արևմուտքը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը, որոնք թեև նոր բարդություններ կստեղծեն Մոսկվայի համար, սակայն կանդրադառնան նաև Արևմուտքի վրա: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքն արդեն ուղիներ են փնտրում հնարավոր պատժամիջոցների դեպքում տնտեսական հետևանքների նվազեցման համար: