Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
6 ր. | 2021-11-22Արդյունքները և ակնկալիքները
Օ րերս Երևանում տեղի ունեցան Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը, որոնց մասնակցում էին ԵԱՏՄ երկրների բարձրագույն ղեկավար կազմը։ Նիստի օրակարգում հիմնականում ներառված էին Ռազմավարություն 2025-ի շրջանակներում եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Միության երկրների փոխադարձ առևտրին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցերին։ Այդ համատեքստում քննարկվել է նաև ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ:
Փոխադարձ համագործակցության խորացում
Ա նդրադառնալով ինտեգրացիոն գործընթացի շրջանակներում փոխադարձ համագործակցության խորացմանը՝ հարկ է անդրադառնալ փոխադարձ առևտրի ցուցանիշներին. ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալը 2021թ.-ի առաջին 9 ամսում կազմել է շուրջ 52 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32.5%-ով կամ 12.7 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ 2019թ.-ի մինչհամավարակային ցուցանիշի համեմատ՝ 16.5%-ով կամ 7.4 մլրդ ԱՄՆ դոլարով:
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ.-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8%-ով, իսկ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 27.8%-ով։ Ընդ որում, աճ է արձանագրվել ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ղազախստան արտահանումն աճել է 89.5%-ով, դեպի Ղրղզստան՝ 48%-ով, դեպի Ռուսաստան՝ 27.4%-ով, իսկ դեպի Բելառուս՝ 19.2%-ով:
Վերոհիշյալ վիճակագրական տվյալները փաստում են, որ համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում հնարավոր է զարգացնել համագործակցային նախադրյալները, որի մակարդակը սակայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար է ներկա փուլում։
Ներքին շուկայում խոչընդոտների վերացում
Ի նչպես իր խոսքում նշեց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, ԵԱՏՄ անդամ երկրները հինգ տարվա ընթացքում վերացրել են Միության խոչընդոտների 80%-ը։ Այդ ուղղությամբ աշխատանքների հետագա խթանման համար Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի շրջանակներում կողմերը հաստատել են բացառությունների և սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման մինչև 2023թ.-ի հունվարի 1-ը: Ձեռնարկված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի վրա, սակայն այն ավելացնելու նպատակով նախատեսվում է նաև ընդլայնել ԵԱՏՄ-ում պարտադիր մակնշման ենթակա ապրանքների ցանկը, ինչպես նաև Ղազախստանի այն ապրանքների ցանկը, որոնց համար հնարավոր է օգտագործել սերիական ապրանքների ծագման հավաստագրերի համակարգը: Ըստ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ապօրինի ապրանքների դեմ պայքարի գործուն մեխանիզմներից մեկը հենց ապրանքների մակնշումն է։
Covid-19 ճգնաժամի «հնարավորությունները» դեղագործության ոլորտում
Գ րեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրները, պայքարում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերների դեմ։ Նիստի ընթացքում, անդրադառնալով վերջին շրջանում համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքներին, կարևորվեց դեղագործության ոլորտում խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված ծրագրի իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ինքնաբավության մակարդակը: Նախատեսվում է մինչև 2024թ.-ը ԵԱՏՄ երկրներին բժշկական օգտագործման ռազմավարական նշանակության դեղամիջոցներով և դեղագործական նյութերով ապահովման գործողությունների ծրագրի իրականացում, որով նախատեսվում է դրանց արտադրությունը կազմակերպել Միության անդամ երկրներում, ինչն էլ ավելի կնպաստի ԵԱՏՄ երկրներում դեղագործական արդյունաբերության զարգացմանը: Հատկանշական է, որ 2021թ․-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեղագործական ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրներում աճել է 21․7%-ով։
Հիշեցնենք, որ 2017թ․-ի մայիսի 6-ից պաշտոնապես գործարկվել է ԵԱՏՄ միասնական դեղագործական շուկան, որի զարգացման տրամաբանության շրջանակներում դեղամիջոցների որակի գնահատման նկատմամբ միասնական մոտեցման նպատակով 2020թ.-ին հաստատվեց ԵԱՏՄ-ի դեղագիրքը, ինչպես նաև ձևավորվում է Եվրասիական բժշկական գործակալություն, որը կկարողանա օգնել լուծելու առաջատար դեղերի՝ շուկա դուրս գալու ժամանակ առաջացող խնդիրները, թեթևացնելով բիզնեսի վարչական բեռը: Այս կառույցները կհամախմբեն երկրների փորձագիտական ռեսուրսները, կնվազեցնեն փորձաքննության ծախսերը՝ բացառելով կրկնակի փորձաքննությունները, ինչպես նաև՝ կապահովեն դեղերի գործարանային պատշաճ որակը։
Տնտեսության թվայնացման օրակարգի ամրապնդում
Հ աշվի առնելով, որ թվային օրակարգը ԵԱՏՄ զարգացման գերակայությունների շրջանակում է, նիստի ընթացքում ներկայացվել է նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհային քարտեզը, որի իրագործմամբ կներդրվի փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ, ինչը կնպաստի Միության երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ ՀՀ վարչապետը նշել է, որ անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր երկրի առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին hամաձայնագրի նախագիծը, որի կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացների վրա ծախսվող ժամանակը և ֆինանսական ծախսերը, ինչպես նաև օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը: Հատկանշական է, որ 2021թ․-ի 9 ամիսների արդյունքներով տրանսպորտի ոլորտում վերականգնում է նկատվել․ Միությունում բեռնաշրջանառության ծավալներն աճել են ավելի քան 5%-ով։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին համաձայնագրի կարևորությունը, որի ստորագրումը հետագայում պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տարածքում։
Նիստերի օրակարգային հաջորդ կարևոր հարցերը վերաբերում էին ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին, ինչպես նաև ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագծին։
Ամփոփելով, պետք է նշել, որ բոլոր պայմանավորվածությունների իրականացման արդյունքում Միության անդամ երկրներում տնտեսական կապերն էլ ավելի կամրապնդվեն, որն իր հերթին կնպաստի անդամ երկրներում հասարակության կենսամակարդակի և կյանքի որակի բարելավմանը, ինչպես նաև ներքին և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացմանն ու Covid-19 համավարակի բացասական հետևանքների արդյունավետ հաղթահարմանը: Մասնավորապես՝ նշված պայմանավորվածությունների իրագործման արդյունքում կանխատեսվում է, որ 2022թ.-ին 2019թ.-ի համեմատությամբ, ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրանքի ծավալներն աճելու են 2%-ով: Ընդ որում, ամենաարագ աճն արձանագրվելու է հացահատկի, բուսական յուղերի, կաթի, խոզի, տավարի մսի, բանջարեղենի և մրգերի արտադրության ոլորտներում։ Հավելենք, որ ըստ ԵՏՀ գնահատականների՝ 2022թ․-ին փոխադարձ առևտուրը կաճի 16%-ով, արտահանումը ԵԱՏՄ երրորդ երկրներ՝ 9.5%-ով, մինչդեռ ներմուծումը կնվազի 3%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 5.8-ից կնվազի՝ կազմելով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, իսկ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2022թ․-ի փետրվարի սկզբին Ղազախստանի Հանրապետության՝ Ալմաթիում։