Վրացական բանակն ինստիտուտներից ամենավստահելին է
8 ր. | 2021-08-27IRI-ի հետազոտությունը
Օ գոստոսի 2-ին հրապարակվել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հերթական հետազոտությունը Վրաստանի տնտեսական, քաղաքական, անվտանգության, ինչպես նաև քաղաքական բևեռացման հարցերի շուրջ։ Սոցհարցումներն[1] իրականացվել են հունիսի 15-30-ը՝ 2021թ. հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Հետազոտության արդյունքներով վրացական բանակը շարունակում է գլխավորել վրացական ամենահեղինակավոր ինստիտուտների ցուցակը, իսկ «Վրացական երազանքի» օգտին դարձյալ կքվեարկի հարցվածների մեծամասնությունը։ Թեև հարցված վրացիների մեծամասնությունը երկրի համար ամենամեծ սպառնալիք նշել է Ռուսաստանին, սակայն այդ մեծամասնությունը զարմանալիորեն աջակցում է Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Գնալով աճում է նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությանն աջակցողների թիվը։
Վրացական բանակի վերաբերյալ
Հ արցման արդյունքներով վրացական ինստիտուտների ցուցակը գլխավորել է վրացական բանակը։ Վերջին տարիներին հետաքրքիր միտում է նկատվում. բանակի նկատմամբ վերաբերմունքը եկեղեցուց և պատրիարքարանից ավելի բարեհաճ է դարձել։ Ինստիտուտների ցուցակում հաջորդիվ պատրիարքարանն է, այնուհետև՝ արդարադատության նախարարությունը։ Հարցվածների 85%-ի վերաբերմունքը բարեհաճ է բանակի նկատմամբ, 11%-ինը՝ ոչ, իսկ 4 տոկոսը՝ չի կողմնորոշվում։ 2021թ. փետրվարի հետազոտության արդյունքներով էլ բանակի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ուներ հարցվածների 82%-ը։ Հատկանշական է, որ բանակն ամենաբարձր վարկանիշը՝ 93% բարեհաճ վերաբերմունք, ունեցել է 2014-2015թթ-ին։
Ամեն տարի սոցիոլոգիական հետազոտություններ է ներկայացնում նաև ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI)։ Վերջին հետազոտությունը, որում ներառված են եղել նաև հարցեր բանակի, անվտանգության, պաշտպանության նախարարության վերաբերյալ անցկացվել է 2019թ.։ (Հրապարակվել է 2020թ. հունվարի 16-ին)։ Այդ հարցման արդյունքներով վրացական ինստիտուտների ցուցակը գլխավորել էր վրացական բանակը։ Հաջորդիվ եկեղեցին էր, այնուհետև՝ ոստիկանությունը։
Հարցվածների 44%-ը բանակը գնահատել էր լավ, 8%՝ շատ լավ, 31%-ը՝ միջին, 9%-ը վատ, իսկ 2%-ը՝ շատ վատ։ Հարկ է նշել, որ NDI-ի մյուս տարիների հետազոտությունների արդյունքներով բանակի վերաբերյալ ցուցանիշները ցածր չեն եղել, սակայն զիջել են այլ ինստիտուտների։
NDI-ի հետազոտությունների մեջ վրացական բանակին վերաբերող հարցեր ներառվել են 2012 թվականից (NDI-ի պաշտոնական կայքում հասանելի են 2010թ-ից արված հարցումներ)։ 2012-2019թթ. ժամանակահատվածում վրացական բանակն ամենաբարձր ցուցանիշն ունեցել է 2013թ. նոյեմբերին։ Այդ ժամանակ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ կիսում էր ամենահավանած գործիչների 3-րդ հորիզոնականը։ Հարցվածների 72%-ը նշել էր, որ հավանում է Ալասանիային, իսկ 10%-ը՝ ոչ։
Նշենք, որ NDI-ի հետազոտություններում էլ առաջին հորիզոնականում ավանդաբար հայտնվում էր Վրաց ուղղափառ եկեղեցին, որի վերաբերյալ հարցեր ներառվել են հետազոտության մեջ 2015թ-ից[2]։ Հենց այդ տարում էլ եկեղեցու գործունեությունը բարձր էր գնահատել հարցվածների 75%-ը։ 2017-2018թթ. ցուցանիշը նվազել էր, հետո մի փոքր բարձրացել, իսկ 2019թ. վերջին հետազոտությամբ եկեղեցու աշխատանքը դրական էր գնահատել հարցվածների 50%-ը։ Այսինքն՝ 2015թ. 75%-ից ներկայում եկեղեցու նկատմամբ վստահությունը դարձել է 50%՝ 4 տարվա ընթացքում գրանցելով 25% նվազում։
ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ
Հ յուսիսատլանտյան Դաշինքի անդամ դառնալուն լիովին աջակցել է հարցվածների 61%-ը, 16%-ն ինչ-որ չափով աջակցել է, խիստ դեմ է արտահայտվել 11%-ը, 6%-ն էլ դեմ է եղել ինչ-որ չափով։ Փետրվարին հրապարակված զեկույցի համեմատ ՆԱՏՕ-ին աջակցողների տոկոսը մեծացել է։ Իսկ այն հարցին, թե անդամակցելու պարագայում որոնք կլինեն Վրաստանի օգուտները, հարցվածների 17%-ը նշել է անվտանգությունը, 14%-ը՝ պաշտպանությունը, 11%-ն էլ ՆԱՏՕ-ին անդամակցության օգուտներից է համարել «կորուսյալ տարածքների վերադարձը»։ Պատասխանների թվում եղել են նաև տնտեսության բարելավումը, կայունությունը, բանակի ուժեղացումը և այլն։ Իսկ այն հարցին, թե երբ Վրաստանը կարող է Դաշինքի անդամ դառնալ, հարցվածների 51%-ը պատասխանել է՝ «չգիտեմ», 22%-ը մտածում է, որ 2025թ.վ-ից հետո, 14%-ն ընդհանրապես չի հավատում, որ երկիրը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, իսկ հարցվածների 2-5 %-ն էլ կարծում է, որ Վրաստանը կանդամակցի 2022, 2023, 2024թթ-ին։ Այն հարցրին, թե որ գործոններն են խոչընդոտում անդամակցությանը, հարցվածների 33%-ը նշել է Ռուսաստանի դիմադրությունը, 31%-ը՝ օկուպացված տարածքների կարգավիճակը, 15%-նը՝ Վրաստանի ներքին դիմադրությունը, իսկ 7%-ը՝ ՆԱՏՕ անդամ երկրների դիմադրությունը։
Հարկ է նշել, որ անդամակցության վերաբերյալ հարցերն անկարևոր չեն։ Ինտեգրման համար ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն հաշվի են առնում ասպիրանտ երկրի հասարակության կարծիքը. հասարակությունը պետք է մեծապես աջակցի երկրի ընտրությանը։ Այդ իսկ պատճառով անցկացվող հարցումներում անդամակցության հարցը մշտապես ներառվում է։
Ինչ վերաբերում է Եվրոպական Միությանն ինտեգրվելուն, ապա հարցվածների 68%-ը լիովին սատարում է, 15%-ն ինչ-որ չափով է սատարում, 7%-ը դեմ է, ևս 4%-ն ինչ-որ չափով է դեմ։ ԵՄ-ին անդամակցության օգուտներից ամենատարածված պատասխանը եղել է տնտեսության ուժեղացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։
Բարեհաճ վերաբերմունքը հանրային և քաղաքական գործիչների նկատմամբ
Վրաստանում անցկացվող բոլոր հետազոտություններում ամենաբարեհաճ վերաբերմունք ունենում է Վրաց պատրիարք Իլյա 2-րդը։ 2021թ. հունիսի տվյալներով՝ Իլյա 2-րդի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունի հարցվածների 88%-ը, ոչ բարեհաճ՝ 7%-ը, պատասխան չի ունեցել 5%-ը։ Հաջորդիվ ցանկում առաջատար դիրքեր ունեն քաղաքական գործիչները։ Ցուցակը 58% բարեհաճ վերաբերմունքով գլխավորում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Հաջորդիվ նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր Գիրոգի Գախարիան է 56%-ով։ Հարցվածների 37%-ի համար բարեհաճ չէ Կալաձեն, իսկ 39%-ի համար՝ Գախարիան։
Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությանը, ապա այն հարցին, եթե 2021թ. Հոկտեմբերի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի որ կուսակցությանը կքվեարկեին, հարցվածների 26%-ը պատասխանել է՝ «Վրացական երազանք», 14%-ը՝ «Միացյալ ազգային շարժում», իսկ 9%-ը՝ Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցության օգտին։ Հետաքրքրական է, որ առաջին ընտրությամբ կողմնորոշված չի եղել հարցվածների 20%-ը, երկրորդ ընտրությամբ՝ 47%-ը։ Այսինքն՝ քաղաքական կուսակցությունները մինչև հոկտեմբերի 2-ի ընտրությունները պիտի կարողանան աշխատել մեծ տոկոս կազմող չկողմնորոշված ընտրազանգվածի հետ։
Միջազգային հարաբերություններ
Ի նչ վերաբերում է միջազգային գործընկերներին և նրանց հետ հարաբերություններին, ապա, ըստ հարցման, Վրաստանի համար ամենակարևոր քաղաքական գործընկերներն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են։ Հաջորդիվ Ուկրաինան է։ Ցուցակում տեղ են գտել նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Չինաստանը, Իրանը։ Հետաքրքրական է, որ եթե հարցվածների 11 տոկոսի համար Ռուսաստանը կարևոր գործընկեր է, ապա 79%-ի մոտ Ռուսաստանը քաղաքական առաջին սպառնալիքն է։ Հաջորդիվ Թուրքիան է, այնուհետ՝ Ադրբեջանը, Իրանը, ԱՄՆ-ն, Հայաստանը, Չինաստանը, ԵՄ-ն, Ուկրաինան։
Թեև Ռուսաստանին մշտապես սպառնալիք համարողների տոկոսը բարձր է, սակայն 2021թ. հունիսի տվյալներով՝ հարցվածների 56%-ն աջակցել է Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Նույն թվականի փետրվարին աջակցում էր հարցվածների 36%-ը։ Հարկ է նշել, որ 2011-2014թթ. երկխոսության աջակիցների թիվն ավելի բարձր է եղել։ Հունիսի հարցման տվյալներով էլ՝ 42%-ը նշել է, որ Վրաստանի կառավարության վարած աշխատանքը Ռուսաստանի հետ շատ բացասական է, 28%-ի համար ինչ-որ չափով է բացասական եղել, ինչ-որ չափով դրական է եղել 21%-ի համար, և ընդամենը 2%-ն այն գնահատել է որպես շատ դրական։ Փետրվարի տվյալներով շատ բացասական գնահատական էր տվել 22%-ը, ինչ-որ չափով բացասական՝ 31%-ը, դրական էր գնահատել 29%-ը, իսկ շատ դրական՝ 6-ը։ Հատկանշական է, որ Ռուսաստանի հետ երկխոսության աջակցողների տոկոսի վերաբերյալ քննարկումներ էին ծավալվել վրացական սոցիալական ցանցերում՝ հասկանալու համար, թե որն է եղել փետրվար-հունիս տվյալների կտրուկ տարբերության պատճառը։ IRI-ի հետազոտության հրապարակման հետ համընկավ նաև «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնությամբ մի շարք քաղաքական գործիչների բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համագործակցության վերականգնման խնդրանքով։ Վրաստանում նամակը նույնպես խիստ քննադատությունների է արժանացել հանրության շրջանում։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հարցվածների մեծամասնությունը, այն հարցրին, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանի արտաքին քաղաքականությունը, պատասխանել է, որ այն պետք է լինի արևմտամետ, բայց պահպանելով Ռուսաստանի հետ կապերը։
Հայաստանի վարկանիշի փոփոխությունը վրաց հասարակության շրջանում
I RI-ի վերջին 5 տարվա հետազոտությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերջին տարիներին որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք Հայաստանի ցուցանիշը վատացել է։ Եթե 2016թ. Հայաստանին սպառնալիք (տարանջատված չէին քաղաքական և տնտեսական սպառնալիքները) էր համարում հարցվածների 2%-ը, ապա 2021-ին՝ 4%-ը։ 2018-2019թթ. որպես տնտեսական սպառնալիք Հայաստանին նշել է հարցվածների միայն 1%-ը, իսկ 2021-ին՝ 3%-ը։
Թեև 2021թ. հունիսի հետազոտությունը չի ներառել Վրաստանի և ընտրված երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ հարց, սակայն այն ներառված է եղել 2021թ. փետրվարի հետազոտությունում։ Այսպիսով՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունները լավ է գնահատել հարցվածների 64%-ը, ավելի շատ լավ, քան՝ վատ 22%-ը։ Վատ է համարել հարաբերություններն ընդամենը 9%-ը։ Վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր գնահատականը եղել է 2016 թվականին՝ 79% արդյունքով։
Վերջին 5 տարվա ընթացքում փոխվել է նաև Վրաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր հարցին Հայաստանի վերաբերյալ պատկերը։ Այսպիսով՝ 2016-ին Հայաստանին Վրաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր համարել է հարցվածների 13%-ը, 2017-ին՝ 12%-ը, 2018-ին՝ 8%-ը, 2019-ին՝ 7%-ը, 2020-ին՝ 4%-ը, 2021թ. փետրվարին՝ 11%-ը, իսկ նույն թվականի հունիսին՝ 5%-ը։
Վրաստանում IRI-ի և NDI-ի հետազոտությունների վերաբերյալ հակասական կարծիքներ կան։ Քաղաքական գործիչները հաճախ դրանք ոչ արժանահավատ են համարում։ Օրինակ՝ 2019թ. նոյեմբերի 27-ին «Իմեդի» հեռուստաընկերության «SWOT անալիզ» հաղորդման շրջանակներում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ NDI-ի և IRI-ի հետազոտություններն այլևս վստահություն չեն առաջացնում Վրաստանում։ NDI-ի և IRI-ի «հեղինակազրկման» համար Իվանիշվիլին մեղադրել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը՝ նշելով, որ նշված ինստիտուտների դաշտային հետազոտություններն անցկացնում են «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամները, ու այլևս ոչ մի մեթոդաբանություն այդտեղ չի աշխատում։
Նշենք, որ NDI-ի հետազոտությունները, անկախ տարատեսակ քաղաքական քննարկումներից, համարվում են արժանահավատ։
[1] Հարցումն իրականացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Մասնակցել է 18-ից բարձր Վրաստանի 1500 քաղաքացի։ Հետազոտությունը ֆինանսավորել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը։
[2] IRI-ի հետազոտություններում եկեղեցու մասին հարցեր կան 2003 թ.-ից։ Ամենաբարձր վարկանիշն ունեցել է 2008թ-ին՝ 96%։