Սև լիճը վիճելի տարածք չէ

6 ր.   |  2021-05-19

Ա րդեն մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանական բանակի մի խումբ զինվորականներ, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, որոշ դիրքեր են զբաղեցրել Սյունիքի մարզի հյուսիսային սահմանագծում՝ Սև լճի շրջակայքում։ Խորհրդային շրջանի ինչպես ռազմական, այնպես էլ վարչական քարտեզներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճով, որի մեծագույն մասը Հայաստանի տարածքում է։ Ադրբեջանական կողմն իր ոտնձգությունները փորձում է հիմնավորել իր տրամադրության տակ եղած քարտեզով, որտեղ լիճը և դեպի արևելք ձգվող բարձունքներն «իրենց տարածքում» են։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբը խնդրի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ տվեց ՝ ցուցադրելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանային բաժանումը հավաստող քարտեզներ։ 1929թ., 1969թ. և 1970թ. հրատարակված քարտեզները վավերացրել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահությունների քարտուղարները։ Քարտեզները կնքված են, ստորագրված, ունեն անհրաժեշտ բոլոր նշումները, ինչը բացակայում է ադրբեջանական կողմի ներկայացրած տարբերակում։


Սև լճի և հարակից տարածքները ԽՍՀՄ Գլխավոր շտաբի՝ 1942 թ.-ի կոորդինատային համակարգով կազմված քարտեզում (J-38-21, Գորիս)։ Ինչպես տեսնում եք, Լճի հիմնական մասը, ինչպես նաև լճից հարավ և հարավ-արևելք ընկած բլուրները, որոնք զավթել է Ադրբեջանը՝ Խորհրդային Հայաստանի սահմաններում են։

Չնայած բանակցություններին և միջազգային կառույցների ու տարբեր երկրների արձագանքներին՝ ադրբեջանական զինվորները դեռևս Հայաստանի տարածքում են։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի տարածաշրջանային հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը մի քանի օր Սյունիքի մարզում էր, և ներկայացրեց իրադրությունը Սև լճի շրջանում։

— Ադրբեջանական զինվորները լճի արևելյան և հարավ-արևելյան կողմով են առաջացել, իսկ արևմտյան ուղղությամբ առաջխաղացում չունեն։ Աշխարհագրական դիրքն ու ռելիեֆը դժվարություններ են ստեղծում. դեպի արևմուտք Մեծ և Փոքր Իշխանասար լեռնազանգվածն է, և լճի արևմտյան մասում հայկական բանակի ստորաբաժանումներն են։ Այսինքն՝ լճի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածը հայկական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական զինվորականներն, ամենայն հավանականությամբ, օգտվել են տեղանքից և եղանակային պայմաններից և արևելքից առաջանալուց հետո շարժվել դեպի արևմուտք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մի քանի բարձունք զբաղեցնելով. մասնավորապես՝ Ձագեձորի գլուխը, որը Մեծ և Փոքր Իշխանասարերից հետո այդ տարածքում բարձրությամբ երրորդն է։


Բաց աղբյուրներում հրապարակված տեսանյութերի, ինչպես նաև մեր փորձագետների՝ Սև լիճ այցելության արդյունքներով ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսանտների հիմնական տեղակայման վայրերի տեղորոշումը:


Այս նկարում պատկերված են ՀՀ Սյունիքի մարզի Ձագեձորի գլուխ (3232մ, 39°34'44.73"N 46°14'2.81"E) և հարակից 2924 մ նշումով (39°34'26.89"N 46°15'26.48"E) բարձունքները, որոնք զավթվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից: Բարձունքները տեղակայված են Սճ լճից հարավ-արևմուտք, հարավ:

Ադրբեջանական զինվորականներն արևելյան ուղղությամբ մոտ 3.5 կմ առաջանալով՝ տարածվել են դեպի Խոզնավար ու Վերիշեն գյուղերի ճանապարհը։ Այդտեղից էլ մի քանի խումբ շարժվել է հարավ-արևմուտք՝ Ձագեձորի գլուխ, որի հարակից բարձունքները հայկական զինուժի հսկողության տակ են։

«Զանգեզուր ՀԸ» հրապարակած տեսանյութի հիման վրա տեղորոշվել է Սև Լճից հարավ-արևելք ընկած հատվածում՝ նույնպես ՀՀ տարածքում, Ադրբեջանի ԶՈւ զավթած ևս մեկ բլուր (39°35'50.81"N  46°17'17.29"E), որը տեղադրվել է ընդհանուր քարտեզի վրա: Կարող եք տեսնել, որ ճանապարհները և հանդիպակաց բլուրները ամբողջությամբ համընկնում են:


Այստեղ արդեն նույն բլուրի վրա երևում են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները և դիմացը՝ ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

«Ադրբեջանցիները ներկայացրել են ինչ-որ քարտեզ, որտեղ Սև լիճը իբր «Ադրբեջանի տարածքում» է։ Սակայն բաց աղբյուրներում հրապարակված նախկին ԽՍՀՄ Գլխավոր շտաբի և այլ քարտեզների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հատվածը Խորհրդային Ադրբեջանի կազմում երբեք չի եղել»,— ասաց փորձագետը։ «Մենք նաև գիտենք, որ 1920-40-ական թվականներին սահմանները զգալիորեն փոխվել են՝ ի վնաս Խորհրդային Հայաստանի։ Օրինակ՝ Ալ լճերի հատվածում՝ Վարդենիսում, Գորիսում, Կապանում, և այլն և զգալի տարածքներ տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Սկզբնական շրջանում դա արվում էր քրդական գավառի անասնապահությունը զարգացնելու պատճառաբանությամբ, սակայն հետագայում Կարմիր Քրդստանը լուծարելուց հետո, այդ շրջաններն անցան Խորհրդային Ադրբեջանին և այնտեղ ադրբեջանցիներ հաստատվեցին»,— հավելեց Տարոն Հովհաննիսյանը։


Վերը նշված բլուրի տեղորոշումը տեսանյութի հիման վրա կատարվել է երկու կողմից դիտարկելու միջոցով: Այստեղ պատկերված է բլուրի արևելյան ստորոտով անցնող ճանապարհը: Հետևաբար նկարահանումն իրականացվել է տվյալ վայրից՝  39°35'49.31"N  46°17'27.77"E:

— Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

— Երկրորդ հոդվածի հիմքով դիմում են, եթե անդամ-պետությունն ունի անվտանգության սպառնալիք, չորրորդի դեպքում՝ երբ կա անմիջական ռազմական հարձակում,— ասաց Հովհաննիսյանը։ — Սակայն պետք է նաև նշել, որ մի շարք պատճառներով ՀԱՊԿ-ն բավարար արդյունավետություն չունի։ Նախ՝ կառույցի անդամ երկրներից մի քանիսը տնտեսական և ռազմական ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան՝ Հայաստանի հետ։ Օրինակ՝ Բելառուսը, Ղազախստանը... Այս օրերին Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է Ղազախստանի նախագահի հետ, իսկ մայիսի 18-ին Ադրբեջան է ժամանել Բելառուսի պաշտպանության նախարարը, այն դեպքում, երբ իրենց կառույցի անդամ-պետության հանդեպ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի է դիմել։

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով ՀԱՊԿ-ն պետք է առավել հստակ արտահայտի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում՝ կարող է հաստատվել առկա տպավորությունը, թե այն արդյունավետ չէ։ Հայաստանը, բացի ՀԱՊԿ-ից, դիմել է նաև Ռուսաստանի Դաշնությանը։


Այս քարտեզը հանվել է 1928 թ. ԽՍՀՄ Կենտգործկոմի հաստատմամբ հրատարակված ԽՍՀՄ ատլասից: Այստեղ հստակ երևում է, որ թե՛ Ալ լճերի հատվածը, թե՛ Սճ լճի տարածքը, թե՛ հարավում և հյուսիս-արևելքում այլ տարածքներ ներառված են եղել ՀԽՍՀ տարածքում: Атлас Союза Советских Социалистических Республик / [сост. и награв. в картоизд-ве НКВД РСФСР ; авт. предисл. А. Енукидзе]. - [М-бы разные]. - Москва : Изд. ЦИК СССР, 1928 (напеч. Упр. гос. знаков "ГОЗНАК": ) ., стр. 93

— Վերջին օրերին սահմանային խախտումների շուրջ տեղի ունեցող զարգացումներին արձագանքել են նաև մի շարք արևմտյան երկրներ։ Ի՞նչ կարելի է սպասել նրանց արձագանքներից։

— Արցախի դեմ 2020թ. աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դուրս են մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացից։ Նրանց Ադրբեջանն է մերժում, իսկ Հայաստանը պնդում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պետք է վերականգնել, ինչին կողմ է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ֆրանսիան քննադատում է Ադրբեջանին՝ դրությունն ապակայունացնելու համար։ ԱՄՆ-ն նույնպես քննադատում է, սակայն նրա կոչերն ուղղված են երկու կողմերին, թեև Ադրբեջանն է խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս հատվածներում վիճելի տարածքներ չկան, քանի որ դրանք երբեք ներառված չեն եղել Ադրբեջանի կազմում, ուստի սխալ է «վիճելի տարածք» ձևակերպումը։ «Վիճելի տարածք» հասկացությունը կիրառելի է Ալ լճերի դեպքում, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր իրավունքները ներկայացնել։ Այդ լճերը 1920-30-ական թվականներին օրենքի խախտումով փոխանցվել են Խորհրդային Ադրբեջանին։ Վիճելի տարածք կարող են համարվել Կապանից արևելք ընկած որոշ շրջաններ, ինչպես նաև Շուռնուխից արևելք՝ դեպի Քաշաթաղի (նախկին Խորհրդային Ադրբեջանի Կուբաթլուի) շրջան ընկած որոշ հատվածները, որոնք Ադրբեջանին են տրվել Խորհրդային կենտրոնական իշխանությունների որոշումով՝ առանց հաշվի առնելու Խորհրդային Հայաստանի բազմաթիվ բողոքներն ու առարկությունները»,— պարզաբանեց Տարոն Հովհաննիսյանը։

Նշենք նաև, որ ադրբեջանական զորքերի խմբեր Հայաստանի Հանրապետության տարածք են մտել նաև Գեղարքունիքի մի քանի հատվածներում, որոնք նույնպես երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել։