Իրանը նախագահի ընտրության նախաշեմին
4 ր. | 2021-05-11Հունիսի 18-ին հարևան Իրանում նոր նախագահ են ընտրելու։ Մայիսի 11-ից մեկնարկել է նախագահի ընտրության թեկնածուների պաշտոնական գրանցումը, որը տևելու է մինչև մայիսի 15-ը: Թեկնածուների գրանցումից հետո երկրի Սահմանադրության պահապանների խորհուրդը «զտում է իրականացնելու»՝ մերժելով կամ հաստատելով առաջադրվածների մասնակցությունը։ Հաստատված թեկնածուների ցուցակը հայտնի կդառնա մայիսի 26-27-ին։
Մինչ այս, սովարաբար, նախագահի ընտրությանը մասնակցելու հայտ էր ներկայացնում հազարից ավելի թեկնածու, սակայն խորհրդի հաստատումը ստանում էին շատ քչերը։
Բարեփոխականների հիմնական թեկնածուները
Ի րանի քաղաքական ուժերի երկու հիմնական հոսանք կա՝ պահպանողականներ և բարեփոխականներ, որոնք տարբերվում են քաղաքական գաղափարախոսությամբ։ Այս երկու հոսանքների առաջատար թեկնածուների միջև է ընթանում հիմնական պայքարը։
Իրանական մամուլում ամենաշատը քննարկվում է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնարավոր թեկնածությունը։ Չնայած ինքը՝ Զարիֆը, բազմիցս հայտարարել է, որ մասնակցելու ցանկություն չունի, սակայն բարեփոխական ճամբարը հենց նրան է տեսնում իր միասնական թեկնածուի դերում։
Մայիսի 2-ին բարեփոխականների միասնական ճակատը ներկայացրել է, իր առաջարկած թեկնածուների 14 հոգանոց ցուցակը, որը գլխավորում է Մոհամմադ Ջավադ Զարիֆը (37 առաջարկություն), երկրորդ տեղում է գործող նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին (35 առաջարկություն)։ 3-րդ հորիզոնականում նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի խորհրդական Մոսթաֆա Թաջզադեն է (32 առաջարկություն): Ցուցակում ընդգրկված է նաև երկու կին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող կրկին առաջադրվել, քանի որ անընդմեջ պաշտոնավարել է երկու ժամկետ։
Հատականշական է, որ նախքան Զարիֆի առաջադրումը, համացանցում տարածվեց կառավարության արխիվի համար նախատեսված նրա հարցազրույցը, որտեղ դիվանագետը, ի թիվս այլ հարցերի, խոսել էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և ԱԳՆ փոխհարաբերություննների մասին։
Հնչեցին գնահատականներ, թե Զարիֆը սրանով մեղադրանքներ էր ներկայացնում ամենապահպանողական կառույցին՝ իր շուրջը համախմբելով պահպանողականների դեմ տրամադրվածների քվեները։ Սակայն Զարիֆի հարցազրույցի ձայնագրությունը մեծ դժգոհություն առաջացրեց Իրանի հոգևոր առաջնորդի մոտ, և արտգործնախարարը ստիպված էր ներողություն խնդրել արտահայտած մտքերի համար։
Տեղի ունեցածից հետո ընտրությանը Զարիֆի մասնակցության հավանականությունը նվազում է: Ինչպես հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներից մեկը, մայիսի 9-ին հանձնաժողովում անցկացված հանդիպմանը Զարիֆը ասել է, որ թեկնածություն չի դնելու: Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ բարեփոխականներին կոչ է արել «իրենից ձեռք քաշել»:
Պահպանողականների առանցքային թեկնածուները
Ի նչ վերաբերում է պահպանողականներին, ապա ապրիլի վերջին նրանց միասնական խորհուրդը հայտարարել էր, թե որ թեկնածուներին են իրենք աջակցում։ Ներկայացվել էր 10 անուն, որոնց թվում են․
- Դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին,
- Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը,
- Հոգևոր առաջնորդի խորհրդական, 2013-2017թթ. ՊՆ նախարար Հոսեյն Դեհղանը,
- 2018-2021թթ․ ԻՀՊԿ «Խաթամ ալ-Անբիա» ինժեներական ընկերության ղեկավար Սաիդ Մոհամմադ։
Դատելով մամուլի հրապարակումներից՝ պահպանողականների համար ամենացանկալի թեկնածուն հենց Էբրահիմ Ռաիսին է, որը Ռոհանիի հիմնական մրցակիցն էր նախորդ ընտրության ընթացքում։ Նրա շուրջ, ըստ պահպանողակնների, ավելի հեշտ կլինի համախմբվել։ Ռաիսին առայժմ չի հայտնել մասնակցելու մտադրության մասին, սակայն, ըստ Tasnim լրատվական գործակալության, շատ մեծ հավանականությամբ նա առաջադրելու է իր թեկնածությունը:
Պահպանողակնների թեկնածուներից Ղալիբաֆը ևս չի հայտնել մասնակցելու մտադրության մասին: 2005-2017թթ. նա եղել է Թեհրանի քաղաքապետը։ 2013-ի նախագահական ընտրություններին Ղալիբաֆը եղել է Ռոհանիի հիմնական մրցակիցը, սակայն պարտվել է ձայների զգալի տարբերությամբ: 2017-ին, հօգուտ Ռաիսիի, հրաժարվել է ընտրապայքարից։ Այս անգամ ևս հավանական է, որ Ռաիսիի մասնակցության դեպքում նա նույնկերպ վարվի։
Մամուլում շատ քննարկվող անձերից է նաև ԻՀՊԿ «Խաթամ ալ-Անբիա» ինժեներական ընկերության ղեկավար Սաիդ Մոհամմադը, որն առաջիններից էր, որ հայտնել էր մասնակցելու մտադրության մասին։
Ընտրապայքարի ֆոնը
Գ ործող բարեփոխական նախագահ Ռոհանիից հիմնական սպասելիքները տնտեսական ոլորտից էին․ նա պահպանողականներին հաղթել էր խոստումներով, որ կկարողանա համաձայնության գալ Արևմուտքի հետ ու շնչառություն հաղորդել միջազգային պատժամիջոցների հետևանքով ծանր վիճակում հայտնված տնտեսությանը։ Սակայն 2017թ.-ից Սպիտակ տանը հաստատված Դոնալդ Թրամփի վարչակազմի հակաիրանական ռազմավարությունն ու ԱՄՆ-Իրան նոր առճակատումը խափանեցին բարեփոխականների պլանները։
Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Իրանում տնտեսական դրության վերաբերյալ բավականին լուրջ դժգոհություններ կան Հասան Ռոհանիի՝ բարեփոխական համարվող կառավորությունից։ Շարունակվող գնաճը, ազգային արժույթի փոխարժեքի տատանումները, գործազրկությունը և այլ խնդիրները մի քանի խոշոր ցույցերի պատճառ են դարձել հարևան երկրում: Ընթացիկ տարում, օրինակ, հատկապես հաճախակի են դարձել թոշակառուների բողոքի ակցիաները։ Դգոհություն կա նաև COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, պատվաստաման գործընթացների առնչությամբ:
Հասարակական այս դժգոհությունն էլ օգտագործելով՝ պահպանողականները բարեփոխականների թեկնածուներին «Ռոհանիի շարունակություն» պիտակն են կպցրել՝ առաջ տանելով այն թեզը, որ պետք է հրաժարվել ռոհանիական քաղաքականությունից։ Կառավարությունից առկա դժգոհությունն էլ իրապես նպաստում է ոչ բարեփոխական ճամբարի հնարավոր հաղթանակին։
Մյուս կողմից՝ 2020թ. խորհրդարանական ընտրություններում պահպանողականների գրանցած բացարձակ առավելությունը ևս փաստում է բարեփոխականների դիրքերի թուլացման մասին: Պահպանողականների հաղթանակին նպաստել էր նաև այն իրողությունը, որ Պահապանների խորհուրդը մերժել էր բարեփոխականներից շատերի թեկնածությունը։ Այդ սցենարը կարող է կրկնվել նաև նախագահի ընտրություննների պարագայում։ Եվ դա իրատեսական է նաև այն պատճառով, որ այժմ Պահապանների խորհուրդ-կառավարություն վեճ է հասունանում՝ թեկնածուների գրանցման չափանիշների վերաբերյալ խորհրդի նոր որոշմամբ պայմանավորված։