Կոսովոյի խնդիրը. ռուսական մոտեցումը
8 ր. | 2021-03-15Կ ոսովոյի հարցը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում։ Հենց այդ հարցն էր, որ ժամանակին դարձավ Արևմուտքի հետ հարաբերությունների որակական փոփոխության սահմանագիծը։ 1999թ. մարտին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման սկիզբը պատճառ դարձավ, որ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Եվգենի Պրիմակովը դադարեցնի իր այցը ԱՄՆ և Ատլանտյան օվկիանոսի վրա շրջելով իր ինքնաթիռը՝ վերադառնա հայրենիք։ Այս փաստը Ռուսաստանի համար Կոսովոյի հիմնախնդրի նշանակության խոսուն վկայություն է։ Եթե մինչ այդ Ռուսաստանն իրեն համարում էր հավաքական Արևմուտքի (ՆԱՏՕ, ԵՄ, առանձին երկրներ) բարեկամն ու դաշնակիցը, ապա դրանից հետո հարաբերություններում սկսեց աստիճանաբար գերակշել փոխադարձ քննադատությունն ու մրցակցային ոգին։ Նույնիսկ չեչենական խնդրի առկայությունը (նախքան 1999թ. երկրորդ պատերազմը), որը սպառնում էր Կովկասի անջատմամբ, հավաքական Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պատճառ չէր, ինչպիսին եղավ Բալկանյան ճգնաժամը։
Խնդրով Ռուսաստանի շահագրգռությունը պայմանավորված էր մի քանի գործոնով.
- Սերբերը ավանդաբար եղել են Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը։ Հետևաբար, նրանց հանդեպ նման կոշտ ոտնձգությունը հարված էր Ռուսաստանի շահերին Բալկաններում և թուլացնում էր նրա ազդեցությունը։
- Դա առաջին դեպքն էր, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը դիմում էր ռազմական գործողությունների, այն էլ իր սահմաններից դուրս գտնվող տարածքում։ Այսինքն՝ ռազմական գործողությունները թելադրված չէին նրա անդամ որևէ երկրի դեմ ռազմական հարձակմամբ։ ՆԱՏՕ-ի այս աննախադեպ քայլը սեփական անվտանգության ահազանգ էր Ռուսաստանին։
- Ռուսաստանն այն ժամանակ ուներ իր «Կոսովոն»՝ չեչենական անջատականությունը, որը նույնպես խրախուսվում էր Արևմուտքի կողմից։ Դա լրացուցիչ մեծացնում էր Ռուսաստանի անվտանգային տագնապները։
Ռուսաստանն այժմ էլ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Հետևաբար, չի ընդունում նաև այնտեղ ստեղծված պետական հաստատություններն ու դրանց ձևավորման նպատակով անցկացվող ընտրությունների օրինականությունը (լեգիտիմությունը), թեև խնդրի վերջնական կարգավորման նպատակով դեմ չէ երկրամասի փաստացի իշխանությունների հետ երկխոսությանը։
Ներկա իրավիճակը առավել համարժեք ընկալելու համար արժե մի փոքր անդրադառնալ Կոսովոյի հակամարտության պատմությանը։
Միջնադարում սերբական պետության միջուկը ձևավորվել է հենց Կոսովոյում։ 1389թ. այստեղ է տեղի ունեցել նշանավոր ճակատամարտը սերբ-բոսնիական միացյալ բանակի՝ սերբ իշխան Լազարի հրամատարությամբ, և օսմանյան սուլթան Մուրադ Առաջինի զորքերի միջև, որի ընթացքում սերբ զինվորականների ցուցաբերած արիությունը հետագայում արտացոլվել է սերբական էպոսում[1]։ 14-րդ դարից մինչև 1767թ. այստեղ է գտնվել սերբական պատրիարքության աթոռանիստը։
Չնայած ալբանացիները հարյուրամյակներ շարունակ բնակվել են Կոսովոյում, սակայն մինչև 20-րդ դարի սկիզբը չեն կազմել երկրամասի բնակչության նշանակալի մասը։ Կոսովոյի էթնիկ կազմը սկսեց էականորեն փոխվել Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Իոսիպ Բրոզ Տիտոն թույլ տվեց պատերազմի ընթացքում Հարավսլավիայի տարածքում հայտնված ալբանացիներին մնալ այդ երկրամասում։
Առաջին անգամ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության շրջանակներում Սերբիայի կազմում Կոսովոյի տարածքին ինքնավար մարզի կարգավիճակ շնորհվեց 1945թ.։ Հարավսլավիայի 1974թ. սահմանադրությունը Սերբիայի կազմում գտնվող երկրամասերին շնորհում էր հանրապետության կարգավիճակ՝ բացառությամբ անջատման իրավունքի։ Կոսովոն որպես ինքնավար սոցիալիստական երկրամաս ուներ իր սամանադրությունը, օրենսդրությունը, իշխանության բարձրագույն մարմինները, ինչպես նաև իր ներկայացուցիչները միութենական բոլոր հիմնական մարմիններում։
Սակայն 1980-ականների վերջին բռնության և տնտեսական մեծ դժվարությունների պատճառ դարձած ներքաղաքական ճգնաժամը հանգեցրեց Կոսովոյի ինքնավար կարգավիճակի վերացմանը։ 1990թ. սեպտեմբերի 28-ին ուժի մեջ մտավ Սերբիայի նոր սահմանադրությունը, որը վերականգնում էր հանրապետական օրենքների գերակայությունը երկրամասայինների նկատմամբ երկրի ողջ տարածքում։ Կոսովոն ստանում էր միայն տարածքային և մշակութային ինքնավարություն։
Երկրամասի ալբանացիները չընդունեցին նոր սահմանադրությունը, սկսեցին ստեղծել զուգահեռ իշխանության հաստատություններ։ 1991թ. անցկացվեց անկախության հանրաքվե՝ դրական արդյունքով։ Հռչակվեց Կոսովոյի Հանրապետությունը, որի նախագահ ընտրվեց Իբրահիմ Ռուգովը։ Իսկ 1996թ. ստեղծվեց Կոսովոյի ազատագրության բանակը (ԿԱԲ)՝ զինված պայքարի համար։
1998թ. միջէթնիկ հակամարտությունը վերաճեց արյունահեղ պատերազմի։ Սեպտեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հաստատեց Կոսովոյի հակամարտությանը ռազմական միջամտության ծրագիրը։ 1999թ. մարտի 24-ին ՆԱՏՕ-ն առանց ՄԱԿ-ի հավանության սկսեց «Դաշնակցային ուժ» անվանումով ռազմական գործողությունը։ Հարավսլավական քաղաքներն ու ռազմական ենթակառուցվածքները ենթարկվեցին զանգվածային ռմբակոծությունների։
Սերբական իշխանությունները ստիպված համաձայնեցին, որ երկրամասն անցնի ՄԱԿ-ի կառավարման ներքո, իսկ այնտեղ մուտք գործի ՆԱՏՕ-ի ռազմական քանակակազմը (կոնտինգենտ)։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1999թ. հունիսի 10-ի թիվ 1244 բանաձևով խաղաղ գործընթացում առանցքային դերը վերապահվում էր ՄԱԿ-ին և նրա Անվտանգության խորհրդին։ Երկրամասում տեղակայվեց Կոսովոյի ժամանակավոր կառավարման գործերով ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելությունը և 16.5 հազ. զինծառայողից բաղկացած ռազմուժ։
2005թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կանաչ լույս վառեց» Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման գործընթացի առաջ։ 2005թ. նոյեմբերի 2-ին Վաշինգթոնում տեղի ունեցավ երկրամասի հարցով Հաղորդակցության խմբի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա) նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, որտեղ հաստատվեցին Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման «ղեկավար սկզբունքները»՝
- Բանակցային գործընթացի միջոցով հարցի կարգավորման առաջնայնություն
- Դրա բոլոր փուլերում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ղեկավար դեր
- Հարցի լուծման բոլոր տարբերակների քննարկում՝ բացառությամբ ա) Կոսովոյի մասնատման, բ) մինչև 1999թ. երկրամասում տիրող իրավիճակին վերադարձի և գ) այլ տարածքների հետ միավորման։
Այնուամենայնիվ, հակամարտող կողմերի՝ սերբական և ալբանական, մոտեցումները խնդրի հանգուցալուծման հարցում սկզբունքորեն հակադիր են։ 2006թ. հոկտեմբերի 28-29-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ընդունված Սերբիայի սահմանադրության ներածականում դրույթ կա Կոսովոյի՝ Սերբիայի անբաժանելի մասը լինելու մասին։ 2008թ. փետրվարի 17-ին էլ Կոսովոյի խորհրդարանը ընդունեց երկրամասի անկախության հռչակագիրը, իսկ ապրիլի 9-ին սահմանադրությունը, որը ուժի մեջ մտավ հունիսի 15-ին։
Եթե ոչ հակադիր, ապա տարբեր են նաև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, մասնավորապես, Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի (ՆԱՏՕ, ԵՄ, ԱՄՆ) դիրքորոշումները երկրամասի կարգավիճակի հարցում։ Եթե Արևմուտքը գտնում է, որ Կոսովայի անկախությունն այլընտրանք չունի, ապա պաշտոնական Մոսկվան, կողմնակից լինելով խնդրի խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը, առաջնորդվում է հարցի լուծման տարբերակների բազմազանության կանխավարկածով՝ մերժելով որևէ մեկ տարբերակի (տվյալ դեպքում՝ Կոսովոյի անկախության) անայլընտրանքայնության թեզը։ Ըստ Մոսկվայի՝ բանակցային գործընթացի արդյունքում պետք է վեր հանել կողմերի համար ընդունելի փոխզիջումանին լուծման տարբերակ։ Այստեղից էլ, ըստ ռուսական մոտեցման՝ Կոսովոյի ալբանացիների կողմից երկրամասի անկախության միակողմանի հռչակումը անօրինական է և կոպտորեն ոտնարահում է միջազգային իրավունքը։
Ներկայում Կոսովոյի խնդրի կարգավորմամբ զբաղվելու առաքելությունը պատկանում է հիմնականում ԵՄ-ին։ Ինչ վերաբերում է երկրամասի էթնիկ պատկերին, ապա 1999թ.-ից ի վեր այն լքել է ավելի քան 200 հազ. սերբ։ Դրա հետևանքով ներկայում Կոսովոյի՝ մոտ 2 միլիոնանոց բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան 90%-ը, ալբանացիներ են։ Սերբերը բնակչության շուրջ 6%-ն են՝ մոտ 100 հազար։
Պաշտոնական Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Կոսովոյի խնդրի երկարաժամկետ և փոխշահավետ լուծումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի վրա, համապատասխանի միջազգային իրավունքին, ինչպես նաև ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը։ Ռուսաստանը սատարում է խնդրի կարգավորման նպատակով ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությանը, սակայն կառուցողական չի համարում այդ գործընթացի արագացման, դրա համար արհեստական ժամկետներ սահմանելու փորձերը։ Գլխավորը, ըստ Մոսկվայի, խնդրի լուծման կայուն, կենսունակ տարբերակի վերհանումն է, որն ընդունելի կլինի նաև հասարակությունների համար։
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում ԵՄ-ի միջնորդությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, առաջին հերթին՝ Կոսովոյի սերբական համայնքների (մունիցիպալիտետների) միության ձևավորումը, որը Պրիշտինան նենգադուլի (սաբոտաժի) է ենթարկում 2013թ.-ից։ Առանց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման երկխոսությունը դատապարտված է տեղապտույտի։ Հետևաբար, Մոսկվան հուսով է, որ ԵՄ-ին, ի վերջո, կհաջողվի առաջընթաց գրանցել այս հարցում։
Ռուսաստանը միաժամանակ անհանգստացած է Կոսովոյի ալբանացիների հռետորաբանության արմատականացմամբ։ 2021թ. փետրվարին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո «Ինքնորոշում շարժում» կուսակցությունը բացահայտ հայտարարում է, որ Բելգրադի հետ բանակցային գործընթացը ստորին տեղերում է իր առաջնահերթությունների ցանկում, իսկ օրակարգում Ալբանիայի հետ Կոսովոյի միավորման հեռանկարներն են։
Պաշտոնական Մոսկվան Կոսովոյի խնդրի խաղաղ կարգավորման մեջ է տեսնում անվտանգությունն ու կայունությունը ողջ Բալկանյան թերակղզում։ Այսինքն՝ խնդիրը Ռուսաստանի համար զուտ էթնիկ՝ ալբանասերբական հակամարտություն չէ, այլ տարածաշրջանային խնդիր։ Հետևաբար, սերբերի հետ բանակցություններից խուսափելու և Ալբանիայի հետ միավորվելու Կոսովոյի փաստացի իշխանությունների քաղաքականությունը և դրա նկատմամբ արևմտյան երկրների հստակ արձագանքի բացակայությունը սպառնում են խաթարել տարածաշրջանային փխրուն կայունությունը Բալկաններում։
Փ որձագիտական շրջանակները հաճախ են Կոսովոյի հիմնախնդիրը համեմատում Արցախյան խնդրի հետ՝ փորձելով անցկացնել որոշակի զուգահեռներ։ Նշվում է, թե Կոսովոն նախադեպ է Արցախի անկախության միջազգային ճանաչման համար՝ ինքնորոշում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։
Արտաքնապես որոշակի նմանություն առկա է, ինչը կարող է օգտագործվել քարոզչական նկատառումներով։ Քաղաքական տեսանկյունից, սակայն, Կոսովոյի անկախության վրա շեշտադրումներ կատարելը այնքան էլ նպատակահարմար չէ՝ հետևյալ նկատառումներով.
- Կոսովոյի անկախության ճանաչման հարցում չկա միջազգային համաձայնություն (կոնսենսուս)։ Թեև այն ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այնուամենայնիվ, այնպիսի ուժային կենտրոններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը ձեռնպահ են մնում նման քայլից։ Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում նաև Ինդոնեզիան, Բրազիլիան, Արգենտինան, Իրանը, Լիբիան, Եգիպտոսը, Վատիկանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլ երկրներ։
- Կոսովոյի անկախացումը, այն է՝ Եվրոպայում մուսուլմանական նոր պետության կայացումը ուժեղացնում է թուրքական ազդեցությունը Եվրոպայում։ Օգտագործելով կրոնական գործոնը՝ Թուրքիան չի վարանի իր ազդեցությունը տարածել նաև այդ երկրի վրա՝ ուժեղացնելով իր ներկայությունը Եվրոպայում։
- Սերբիայի մասնատումը հարվածում է Հայաստանի բարեկամ սերբերի և դաշնակից Ռուսաստանի շահերին՝ թուլացնելով նրանց ազդեցությունը Բալկաններում։
- Ինչ վերաբերում է Արցախի համար նախադեպին, ապա գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն առաջնորդվում են երկակի չափանիշներով։ Հետևաբար, արևմտյան իսկ գործիչների հավաստմամբ՝ Կոսովոյի առնչությամբ կիրառված մոտեցումը չի կարող ինքնաբերաբար տարածվել այլ հակամարտությունների վրա։
- Եթե խոսք է գնում նախադեպի մասին, ապա ավելի շուտ Արցախը պետք է նախադեպ լիներ Կոսովոյի համար, այլ ոչ թե հակառակը, քանի որ Արցախյան զինված հակամարտությունը՝ իր ողջ ողբերգականությամբ, ժամանակագրորեն ավելի հին է, քան Կոսովոյինը։ Այսինքն՝ Արցախի անկախությունը ավելի շուտ պետք է ճանաչվեր։
- Ինչ վերաբերում է նախադեպի քարոզչությանը, ապա կան նաև այլ օրինակներ, ինչպիսիք են Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը և այլն։
- Վերջապես, Հայաստանը նույնպես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։
[1] Տե՛ս Կոսովոյի ճակատամարտ, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 5, Եր., 1979, էջ 611։