Իրանը ԵԱՏՄ-ի շեմին

5 ր.   |  2021-02-26

Տ արեսկզբին Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով մի քանի հանդիպումներից հետո Իրանը պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին, ինչի մասին փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը: Նա շեշտել է, որ երկիրը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ, որի համար արդեն սկսվել են բանակցային գործընթացները և ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթում դրանք կավարտվեն:

Պաշտոնական Ռուսաստանը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն մամուլում ակտիվ քննարկվում է սպասվելիք իրադարձությունը, որը խոստանում է դառնալ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Սա ևս մեկ լուրջ քայլ է ռուս-իրանական հարաբերություններում, որոնք վերջին շրջանում բավականին կառուցողական են: Սրա վրա ազդեց հատկապես Իրանի դեմ զենքի էմբարգոյի դադարեցումը, որից անմիջապես հետո Ռուսաստանը և Իրանը զենքի գնման պայմանավորվածություն ձեռք բերեցին: Մեկ այլ տեսանկյունից, սա մեծացնում է Իրանում ռուսական ազդեցության, սակայն ներկայում Իրանի համար «վտանգ» չէ:  Երկու երկրներին միավորում են արտաքին միևնույն վտանգներն ու սահմանափակումները` ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի պատժամիջոցների տեսքով։  Ուստի նրանց համագործակցությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցությունն ունի որոշակի քաղաքական երանգավորում, որի միջոցով Իրանը հնարավորություն կստանա նաև շարունակել երկրի ապադոլարիզացիան:

Իրանի անդամակցումը մեծ առաջխաղացում կարող է լինել դաշինքի համար, որն իր ստեղծման պահից ձգտում է ակտիվացնել ինտեգրացիոն փոխգործակցությունը արտաքին գործընկերների հետ, որպեսզի համաշխարհային շուկայում  մեծացնի  Եվրասիական միության քաղաքական և տնտեսական ազդեցությունը: Այս համատեքստում միշտ էլ առաջինը հաշվի է առնվել ռազմավարական կարևոր առևտրային ուղիների խաչմերուկում գտնվող Իրանը՝ որպես առևտրատնտեսական կապեր հաստատելու կարևորագույն թեկնածու, ինչը հնարավորություն կտա դաշինքին դուրս գալու հետխորհրդային երկրների սահմաններից: Բացի այդ, համագործակցությունը հնարավորություն կտա ԵԱՏՄ-ին դուրս գալ Հարավարևելյան Ասիայի շուկաներ, ներառյալ Հնդկաստան՝ նպաստելով Եվրասիական միության ընդլայնմանը: Հնդկաստանը, որը երկար տարիներ աշխատում է նոր «Մետաքսի ճանապարհ» ստեղծելու ուղղությամբ, հնարավորություն կստանա ծովային ճանապարհով հասնել Իրան, այնուհետ Հայաստանով և Վրաստանով՝ Ռուսաստան։ Հետաքրքրական է, որ վերջերս կրկին ակտիվացել է աբխազական երկաթգծի գործարկման թեման, որը կարող է նաև կապված լինել վերոնշյալի հետ:

Իրանի ԵԱՏՄ-ին անդամակցությունը հաջորդում է ազատ առևտրային գոտի ստեղծելուն, որի  մասին բանակցությունները սկսվել են դեռևս 2016թ.-ին: Արդեն 2018թ.-ին կողմերը կնքել են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր:

Ը ստ այս փաստաթղթի, որը  ուժի մեջ մտավ 2019թ.-ի հոկտեմբերի 27-ին, ենթադրվում է ազատ առևտրի գոտու ստեղծման երկու փուլ: Սկզբնական փուլում պետք է իրականացվեր միջանկյալ համաձայնագիրը, որի ընթացքում կողմերը նախատեսում էին համաձայնության գալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ լիարժեք ձևաչափով համաձայնագրի պայմանների շուրջ:

Միջանկյալ համաձայնագիրը հեշտացնում էր Իրանի մուտքը ԵԱՏՄ անդամ հինգ երկրների շուկա: Մի կողմից՝ Իրանը արտոնություններ է ստանում մսի և որոշ այլ գյուղատնտեսական ապրանքների, մետաղների, էլեկտրական և այլ ապրանքների համար: Իրանի կողմից ԵԱՏՄ-ից ապրանքների ներմուծման համար կիրառվող ներմուծման միջին սակագինը արդյունաբերական ապրանքների համար նվազել է 22.4%-ից 15.4%, գյուղատնտեսական ապրանքների համար` 32.2%-ից 13.2%: Ընդհանուր առմամբ, արտոնություն է ստացել  360 ապրանք: Մյուս կողմից՝ Իրանը ստանում է մրգերի և բանջարեղենի, մետաղական ապրանքների, շինանյութի և այլ ապրանքների արտահանման արտոնություն. գյուղատնտեսական ապրանքների համար 9.6%-ից նվազում է 4.6%-ի, իսկ արդյունաբերական ապրանքների համար` 8%-ից 4.7%: Ընդհանուր առմամբ, արտոնություններ են տրվում 502 ապրանքի համար:

Իրանի մաքսային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագրին  միանալու պահից` 2019թ.-ի հոկտեմբերի 27-ից մինչև 2020թ.-ի հուլիսի 20-ը, Իրանի և ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 6,86 միլիոն տոննա ապրանք՝ 2,4 միլիարդ դոլար արժողությամբ: ԵԱՏՄ-ից դեպի Իրան արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 1,65 միլիոն տոննա ՝ 681 մլն դոլար արժողությամբ, իսկ Միության երկրներից ներմուծումը՝ 5,2 միլիոն տոննա՝ 1,73 մլրդ դոլար արժողությամբ: Այս ժամանակահատվածում Իրանի արտահանումը Ռուսաստան կազմել է 367 մլն դոլար (Իրանից դեպի ԵԱՏՄ արտահանման ընդհանուր ծավալի 54%-ը), որի արդյունքում Իրանը համարվում է «Եվրասիական հնգյակ»-ում Ռուսաստանի հիմնական գործընկերը: Ռուսաստանին հաջորդում են Հայաստանը՝ 164 միլիոն դոլար (24%), Ղազախստանը՝ 104 միլիոն դոլար (15%), Ղրղըզստանը ՝ 38 միլիոն դոլար (5,6%) և Բելառուսը՝ 9 միլիոն դոլար (1,3%):

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուրը Թեհրանին հնարավորություն ընձեռեց մուտք գործել ավելի քան 180 միլիոն բնակչությամբ հսկայական շուկա: Նախքան համաձայնագիրը՝ 2016թ.-ին, Իրանի և ԵԱՏՄ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը համեմատաբար ցածր էր՝ մոտ 2 մլրդ դոլար,  2017թ.-ին այն հասել է մոտ 2,5 մլրդ դոլարի: Համեմատության համար նշենք, որ նույն  ժամանակահատվածում Իրանի առևտուրը Չինաստանի հետ կազմել է մոտ 40 մլրդ դոլար, իսկ ԵՄ երկրների հետ՝ 13  մլրդ դոլար:

Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը ԵԱՏՄ-ի համար փորձնական դաշտ էր` Եվրասիական տնտեսական տարածքի հետագա ընդլայնումը դիտարկելու համատեքստում: Ներկայում, կարծես թե, Իրանը անցել է այդ փուլը ու կանգնած է ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհին: Ակնհայտ է, որ անդամակցությունը հատկապես նպաստավոր է Հայաստանի համար, որն էլ հենց նախաձեռնել էր Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ գոտու ստեղծման պայմանագիրը: Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որն ունի ցամաքային կապ Իսլամական հանրապետության հետ, որի արդյունքում նա հնարավորություն կստանա դառնալ տարանցիկ երկիր Իրանի և ԵԱՏՄ մյուս երկրների միջև: Ուստի, հնարավոր է, որ Հայաստանը կարողանա  արտաքին ներդրումներ ստանալ Հյուսիս-հարավի շինարարության համար, որի արդյունքում կսկսվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու տնտեսական շահագործումը, ինչը կմեծացնի Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը Իրանի և Ռուսաստանի համար: Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանին թույլ կտա նաև զգալիորեն կրճատելու հարկային ծախսերը և ազատվելու լրացուցիչ բյուրոկրատական դժվարություններից: