Վաշինգտոն․ Անկարա-Թեհրան երկխոսությունը
4 ր. | 2021-02-08Ի նչպես նկատում են փորձագետները, Թրամփի նախագահության տարիներին Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարությունը գլխավորապես հիմնվում էր Վաշինգտոնի երկու հիմնական ու վստահելի դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի վրա։
Սա ըստ էության նոր վերադասավորում էր Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականությունում։ Նախկինում Վաշինգտոնը, ի թիվս վերը հիշատակված մերձավորարևելյան պետությունների, տարածաշրջանային գործընթացներում մեծապես կարևորում էր իր մյուս՝ ոչ պակաս վստահելի գործընկերոջ ու դաշնակցի՝ Անկարայի դերակատարությունը։
Որոշ փորձագետներ, սակայն, է՛լ ավելի առաջ են անցնում՝ նշելով, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սկսեցին վատթարանալ ոչ թե Թրամփի նախագահության շրջանում, այլ 2000-ականների վերջին։ Երկկողմ հարաբերությունների խորացող լարվածությունը պայմանավորվում էր գլխավորապես Արևելյան Միջերկրածովում և մասնավորապես Իսրայելի ու Կիպրոսի առափնյա, Բացառիկ տնտեսական գոտիներում բնական գազի հսկայական պաշարների հայտնաբերման հանգամանքով։ Սա զգալիորեն ձևափոխեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը՝ կարևորելով Մերձավոր Արևելքում նոր էներգետիկ միջանցքների ստեղծումը։ Արդյունքում, զգալիորեն ընդգծվեց Իսրայելի, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի նշանակությունը Վաշինգտոնի համար՝ ի հաշիվ Անկարայի ազդեցության։
Ստեղծված իրավիճակում Թուրքիայի իշխանություններին այլ բան չէր մնում, քան փորձել խաղարկել արևելյան կամ ասիական քաղաքականությունը՝ փորձելով լրացնել Վաշինգտոնի և Բրյուսելի հետ օրեցօր սառող հարաբերությունների հետևանքով ստեղծված վակուումը։ Ասել է թե՝ Անկարան ստիպված էր փորձել իր արտաքին քաղաքականությունը կառուցել տարածաշրջանային առաջատար պետությունների՝ և առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի հետ գործընկերության զարգացման ու խորացման ուղղությամբ՝ ի հաշիվ արևմտյան ճակատի, ինչը փոխշահավետ էր թե՛ Անկարայի, թե՛ Թեհրանի ու Մոսկվայի համար, որոնք փորձում են լուծել արևմուտքի ու Վաշինգտոնի հետ իրենց դիմակայությունը։
Ուստի, հիմնավորված են փորձագիտական գնահատականները, թե Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցման գործընթացն էական դերակատարություն ունեցավ Անկարա-Մոսկվա, Անկարա-Թեհրան տարածաշրջանային նոր դաշնակցային առանցքների ձևավորման համար։ Եվ հետևապես, վերջին տարիներին Թուրքիայի մերձավորարևելյան ու հարակից այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ վարած արտաքին քաղաքականության ռազմավարությունը բխում էր Վաշինգտոնի հետ հակադրության, ԵՄ-ի հետ հարաբերությունների անորոշ լարվածության, ինչպես և Ռուսաստանի ու Իրանի հետ գործակցության խորացման պրագմատիկ անհրաժեշտության տրամաբանությունից։
Սպիտակ Տունը հույսեր ուներ, որ Վաշինգտոնին կհաջողվի Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության իրողությունը խաղարկելով՝ մեծացնել վերջինիս ռազմաքաղաքական, անվտանգային կախվածությունը ԱՄՆ-ից։ Սակայն կարելի է ենթադրել, որ Սպիտակ Տանը հիմնականում թերագնահատել են Անկարայի արտաքին, ինչպես նաև տնտեսական քաղաքականության ռազմավարության ռեսուրսներն ու մանևրելու հնարավորությունը։ Այլ փորձագիտական գնահատականների համաձայն, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սառեցման գործում մեծ է եղել իսրայելական կողմի հետախուզության տրամադրած տվյալները, որոնց վրա զգալիորեն հիմնվում էր Թրամփի վարչակազմը։ Իսկ վերջին տարիներին Իսրայելի ռազմական ու արտաքին հետախուզության գնահատականով, Թել Ավիվի համար Իրանից ոչ պակաս հակառակորդ էր ընկալվում նաև Թուրքիան։ Ինչպես նկատում են փորձագետները, Վաշինգտոնի հետ հարաբերությունների սառեցման այդ ողջ գործընթացում Թուրքիան դարձավ շատ ավելի անկախ, անկաշկանդ իր տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունում։
Թեհրանն իր հերթին մեծապես կարևորում է գործընկերային համագործակցությունը հարևան պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Իրանում այդ համագործակցության զարգացումը դիտարկում են գլխավորապես որպես հակազդման գործիք կամ լծակ Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերություններում։ Այն առանձնակի սկզբունքային նշանակությունի ունի հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող հակադիր դիրքորոշումների ու գործընթացների համատեքստում։ Այդ դաշնակցային հարաբերությունները հիմնվում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու անվտանգային գործոնների վրա։ Անկարա-Թեհրան գործակցության խորացմանը նպաստեց նաև վերջիններիս սառը հարաբերությունները Իսրայելի հետ։
Ս պիտակ Տան ղեկավարի փոփոխությունը կարևոր ազդակ է տարածաշրջանի տարբեր խաղացողների համար նորովի դիրքավորվելու տարածաշրջանային գործընթացներում՝ փորձելով հնարավորինս համարժեք գնահատել սեփական հնարավորություններ։ Թերևս դրան էր ուղղված 2021-ի հունվարի վերջին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցելությունը Թուրքիա։ Պատահական չէր, որ Ստամբուլի երկկողմ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը վերաբերում է Վաշինգտոնի դիրքորոշմանը տարածաշրջանային գործընթացներին։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպմանը Զարիֆը մասնավորապես քննադատեց Միացյալ Նահանգների վարած տարածաշրջանային քաղաքականությունը Իրանի ու Թուրքիայի նկատմամբ՝ կոչ անելով վերացնել վերջիններիս նկատմամբ պատժամիջոցները[1]։ Այցելությունն ինքնին խորհրդանշանական դեր ուներ ու ուղերձ էր Սպիտակ Տան նոր առաջնորդին, որով Թեհրանն արտահայտում էր իր պատրաստակամությունը շարունակելու խորացված բազմակողմ գործընկերային համագործակցությունը Վաշինգտոնի հետ դիմակայության մեջ գտնվող տարածաշրջանի երկրների հետ։
[1] Iran's foreign minister condemns US sanctions on Turkey | Middle East Eye