Հակամարտության լուծման Թեհրանի պլանը

7 ր.   |  2020-11-02

Հ ոկտեմբերի սկզբին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց Թեհրանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր պլան-առաջարկի մասին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը[1], շուտով Թեհրանի առաջարկը վերահաստատեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել[2]:  

Հոկտեմբերի վերջին Թեհրանը հայտարարությունից անցավ գործնական քայլերի՝ նախաձեռնելով տարածաշրջանային այցելություններ, որտեղ ներկայացնելու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր տեսլականը։ Թեհրանի տարածաշրջանային այցելությունները նախատեսվում էին իրականացնել Բաքու, մոսկվա, Երևան և Անկարա[3]։

Բաքու։ Թեհրանի տարածաշրջանային այցելությունների շարքը մեկնարկեց Բաքվում․ հոկտեմբերի 28-ին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնեց Բաքու՝ Ադրբեջանի իշխանությունների հետ Թեհրանի առաջարկը ներկայացնելու ու քննարկելու նպատակով։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ,  «Բաքվում Արաղչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում ունեցավ, այդ թվում՝ նախագահ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։ Իրանի բանագնացը նախ հանդիպեց Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ։ ԻԻՀ փոխարտգործնախարարին ընդունեցին նաև Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուսթաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը[4]։

Աբբաս Արաղչին թվիթերյան իր էջում գրառում կատարեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ․ «Երկարատև դրական ու կառուցողական հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահին ներկայացրեցի Իրանի տարածաշրջանային նախաձեռնությունը, որը կօգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»[5]։

Բաքվում Իրանի բանագնացը որոշ մեկնաբանություններ տվեց Թեհրանի նախաձեռնության վերաբերյալ․ «Այցելության հիմնական նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած նախաձեռնության ներկայացումն է, որը կլուծի այս հակամարտությունը և երկարատև խաղաղություն կբերի Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ դա իր հերթին խաղաղություն կհաստատի տարածաշրջանում»[6]։

Արաղչիի մեկնաբանությամբ, «Թեհրանի նախաձեռնության կարևոր բաղադրիչներից մեկը «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դադարեցումն է, նախաձեռնության մյուս անկյունաքարը՝ փոքրամասնությունների ու մարդասիրական իրավունքների պաշտպանությունը» [7]։

Մոսկվա։ Թեև Թեհրանի առաջարկն ըստ էության, շարունակում է մնալ փակ, այցելությունների ընթացքում Իրանի բանագնացն, այդուհանդերձ, բացեց որոշ փակագծեր։ Հարցի առնչությամբ Մոսկվայում Աբբաս Արաղչին մեկնաբանեց․ «Նախ՝ մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը դիտարկել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը։ Մինսկի խումբը գործունեության 30 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծում գտնել»[8]։

Մոսկվայում Թեհրանի բանագնացը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի երկու փոխարտգործնախարարների՝ Սերգեյ Ռյաբկովի և Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Հոկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ԻԻՀ փոխարտգործնախարարին ընդունեց ՌԴ փոխարտգործնախարար Ս․Ա․ Ռյաբկովը։ Հաղորդագրության համաձայն, «հիմնական ուշադրությունը դարձվել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացմանը, Ռուսաստանի ու Իրանի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի այլ մասնակիցների միջև փոխգործակցության հարցերին՝ ի շահ պայմանագրի պահպանման և լիակատար իրականացման։ Քննարկվեցին նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»[9]։

Նույն օրը կայացավ Ռուդենկո-Արաղչի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրության համաձայն, երկկողմ խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր, ներառյալ Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում համագործակցությունը։ Քննարկվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը»[10]։

Իրանի բանագնացը մոսկովյան այցի վերաբերյալ գրառում կատարեց թվիթերյան իր էջում․ «Իրանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կիսում են նույն մոտեցումները»[11]։

Երևան։ Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանն ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

Հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն մամլո հաղորդագրություն տարածեց․ «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն արտահայտվեց դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրեց իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրեց հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին[12],[13]:

 
Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2020/10/29/fm_iran/10609
Մնացականյան-Արաղչի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանեց Իրանի տարածաշրջանային նախաձեռնությունը․ «Իրանը շատ կարևոր պետություն է մեր տարածաշրջանում և ի տարբերություն Թուրքիայի՝ պատասխանատու և կառուցողական դիրքորոշում ունի, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը»[14],[15]։ Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և ԻԻՀ ԱԳ նախարարությունների միջև: Աբբաս Արաղչիին հյուրընկալեց Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ: Կողմերը կարևորեցին երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը[16]:

Աբբաս Արաղչիին ընդունեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպման առիթով մեկնաբանություն թողեց թվիթերյան իր էջում․ «Այսօր ես մանրամասն քննարկում ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ Իրանի տարածաշրջանային նախաձեռնության շուրջ, որը կօգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Հանդիպումն արգասաբեր էր ու կառուցողական»[17]։


Աղբյուրը՝ https://www.primeminister.am/files/pics/2020/10/30/23456_b.jpg
Փաշինյան-Արաղչի հանդիպումը

Անկարա։ Թեհրանի բանագնացի այցելությունների շարքն ամփոփվեց Անկարայում․ Թուրքիայում Իրանի բանագնացին ընդունեց այդ երկրի արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ, կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված ճգնաժամային իրավիճակը[18]։

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին թվիթերյան իր էջում գրառում կատարեց այդ հանդիպման վերաբերյալ․ «Անկարայում փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ տեղի ունեցավ անկեղծ և արդյունավետ քննարկում։ Իրանն ու Թուրքիան գլխավոր խաղացողներից են, որոնք ունեն անժխտելի դերակատարություն տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովման գործում»[19]։

Լ եռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Թեհրանի տեսալականը տեղավորվում է այդ երկրի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության ռազմավարությունում, որը կենտրոնանում է տարածաշրջանային գործընթացներից արևմուտքի, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների ազդեցության ու դիրքերի թուլացման ու դուրս մղման տրամաբանության շուրջ։ Մեծ հաշվով, Թեհրանի տարածարշրջանային նախաձեռնությունը բխում է հենց այդ քաղաքականությունից։ Իրանն այս ծրագիր-առաջարկով ձգտում է վերաձևավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռակողմ համանախագահության ձևաչափը, որտեղ չեն ընդգրկվի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Թեհրանի առաջարկած նոր բանակցային-քաղաքական ձևաչափում ներկայացված կլինեն տարածաշրջանային հիմնական դերակատարները՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Իրանի պատկերացմամբ, տարածաշրջանային խնդիրները պետք է և կարող են լուծել տարածաշրջանային պետությունները։

Պետք է նկատել, որ Թեհրանի ծրագիրը հարցի իրավիճակային լուծման տեսանկյունից, ունի դրական կողմեր։ Նախ՝ այս առաջարկով, ի թիվս այլ դերակատարների ու նրանց մոտեցումների, ստեղծվում է նաև այլընտրանքային տարբերակ-գործոն, որն ինչ-որ առումով պահպանում է հավասարակշռությունը ներգրավված արտաքին շահերի միջև։ Ունենում ենք մի իրադրություն, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել քաղաքական խորհրդակցություններ՝ ունենալով մանևրելու բավական լայն հնարավորություն․ և մեկ այլ իրադրություն է, երբ առաջ է քաշվում երրորդ՝ Թեհրանի տարբերակը․ արդյունքում ինչ-որ առումով նեղանում է այդ մանևրելու սահմանը։

Թեհրանի ծրագիրը միանշանակ ընկալում չունի նաև Թուրքիայում․ մի կողմից դա նպաստում է Անկարայի ջանքերին՝ տապալելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, նպաստելու ամերիկյան դիրքերի թուլացմանը տարածաշրջանում, մյուս կողմից, ավելացնում է ազդեցության գոտու բաշխման հարցում պոտենցիալ հավակնորդների թիվը։ Մոսկվան իր հերթին Թեհրանի այս նախաձեռնությունը դիտարկում է որպես Թուրքիայի ազդեցությունը հավասարակշռելու հնարավորություն, նաև՝ Վաշինգտոնի դիրքերը թուլացնելու ևս մեկ առիթ․ բայց միաժամանակ դա մասնակիորեն հարվածում է Մինսկի խմբի եռակողմ ձևաչափում Մոսկվայի դիրքերին։

Հարցի լայն առումով, Իրանի ծրագիրը տեղավորվում է այդ թվում Վաշինգտոնի հետ ուղիղ հակասությունների տրամաբանությունում․ Թեհրանի առաջարկին զուգահեռաբար, Սպիտակ Տունը հանդես եկավ իր տարբերակով՝ առաջ քաշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներից կազմված առաքելության տեղակայման հարցը։


[1]https://www.azatutyun.am/a/30875710.html?fbclid

[2] https://www.azatutyun.am/a/30915972.html

[3] https://iranpress.com/content/29099

[4] https://iranpress.com/content/29142

[5] https://twitter.com/araghchi/status/13215099226

[6] https://iranpress.com/content/29150

[7] https://iranpress.com/content/29150

[8] https://www.azatutyun.am/a/30919136.html

[9] https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset

[10] https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset

[11] https://twitter.com/araghchi/status/13218058657

[12] https://www.mfa.am/hy/press-releases/2020/10

[13] https://www.youtube.com/watch?v=BIwf1lY_ezU

[14] https://financialtribune.com/articles/national/105

[15] https://regnum.ru/news/polit/3104010.html

[16] https://www.mfa.am/hy/press-releases/2020/10

[17] https://twitter.com/araghchi/status/1322276679

[18] https://iranpress.com/content/29222

[19] https://twitter.com/araghchi/status/1322410282