Արցախյան գոյամարտ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ջանքերը

4 ր.   |  2020-10-28

Մ եծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Արցախյան պատերազմի վերսկսումից (սեպտեմբերի 27) ի վեր իր ուշադրության և գործունեության կիզակետում է պահում հայության նորօրյա գոյամարտը։ Այն իր առաքելությունն իրականացնում է երկու հարթության մեջ. ա) որպես Սփյուռքի համազգային կառույց զորաշարժի է ենթարկում հայությանը՝ ի նպաստ Արցախյան դատի և բ) որպես տարածաշրջանային (մերձավորարևելյան) և անգամ՝ համաշխարհային կառույց ձգտում է իր արտաքին հարաբերությունների միջոցով նպաստել արցախահայության դատին։ Արամ Ա Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, այլ եկեղեցիների հոգևոր պետերի, միջեկեղեցական հաստատությունների հետ ունեցած իր շփումներում կարևորում է Արցախի ճանաչման հարցը։

Հոկտեմբերի 25-ին Անթիլիասի մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից Վեհափառ Հայրապետը համազգային զորակոչի դիմում[1] հղեց հայ ժողովրդին։ Դրանում արտահայտված մտքերը կարելի է ներկայացնել հետևյալ թեզերի տեսքով.

  • Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շղթայազերծված պատերազմը Արցախի դեմ պատերազմ է համայն հայության դեմ։
  • Հետևաբար, հայոց բանակը, որ հերոսաբար պաշտպանում է Արցախի Հանրապետությունը, դրանով իսկ հերոսաբար պաշտպանում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայության գոյությունը։ Արցախյան պատերազմը հայության գոյության պատերազմ է։
  • Արցախի դեմ պատերազմ սանձազերծողը Թուրքիան է, և սա վաղուց այլևս գաղտնիք չէ։ Թուրքիան ինքն է բացահայտորեն խոսում այդ մասին՝ թելադրելով նաև հրադադարի իր պայմանները։
  • Թուրքիայի գործողությունները բխում են համաթյուրքականության ռազմավարությունից և ունեն հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ՝ ներկայություն հաստատել Մերձավոր Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա։ Իսկ Արցախը Թուրքիայի նկրտումների դեմ պայքարի առաջնագիծն է։
  • Միջազգային համայնքի արձագանքը կրավորական է։ Մեծ տերությունները կամ առաջնորդվում են իրենց շահերով, կամ զբաղված են իրենց խնդիրներով և պատշաճ ուշադրություն չեն դարձնում Արցախյան պատերազմին։
  • Հայ ժողովրդին մնում է ապավինել իր ուժերին։
  • Հայոց պատմության ընթացքում շատ են եղել ճակատագրական պահեր, երբ խորապես վտանգված է եղել ազգի և հայրենիքի գոյությունը, սակայն հայ ժողովուրդն իր միասնականության, անխախտ հավատի և հզոր կամքի շնորհիվ հաղթահարել է այդ ճգնաժամերը։
  • Ներկա գոյութենական սպառնալիքի հաղթահարման համար էլ անհրաժեշտ է համազգային միասնություն՝ անմահանուն Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հավերժախոս պատգամի տրամաբանությամբ։
  • Համազգային զորակոչի շրջանակներում Սփյուռքը պետք է իր տեղեկատվական, մարդկային, նյութական ներուժը ի սպաս դնի Արցախյան գոյամարտին, ձգտի մթնոլորտ ստեղծել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար։
  • Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները խորհրդակցության նպատակով իրենց շուրջը համախմբեն Հայաստանի և Սփյուռքի պետական, քաղաքական, կուսակցական, կրոնական ներկա և նախկին պատասխանատուներին, փորձագետներին ու մասնագետներին։
  • Արցախի ժողովուրդը գործնականում իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ ի դեմս անկախ պետության, որից որևէ նահանջ անթույլատրելի է։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն օրերս նաև շրջաբերական նամակ է հղել կաթողիկոսության թեմերին, որում ուշադրություն է հրավիրում երկու հիմնախնդրի վրա։ Առաջինն Արցախի միջազգային ճանաչումն է։ Այս համատեքստում Արամ Ա-ն կոչ է անում առաջնորդ սրբազաններին, ազգային իշխանություններին և հարակից մարմիններին որպես առաջնային խնդիր հետևողական աշխատանք տանել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ «Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչել է։ Հատկապես Սփյուռքը իր քարոզչական և հաղորդակցային լայն կարելիություններով կոչված է Արցախի ճանաչման դրոշը բարձր պահելու։ Արդարև, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով առնված որևէ քայլ իր կարևոր նպաստը կարող է ունենալ միջազգային համայնքի կողմից Արցախի անկախության ճանաչման գործում»[2]։

Երկրորդ խնդիրը հայոց բանակին անվերապահ աջակցության շարունակությունն է։ «Գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական և անվերապահ աջակցությունը հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքը, բոլոր ճակատների վրա մեր հերոս տղաները պայքարում են գիշեր ու ցերեկ և պատրաստ են իրենց արյունը թափելու Արցախի անկախության ի խնդիր»,- շեշտել է Վեհափառ Հայրապետը[3]։

Արցախյան գոյամարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արձագանքում վառ արտահայտված է մի կարևորագույն երևույթ՝ պետականակենտրոն մտածողությունը, երբ հայոց պետականությունը և նրա հաստատությունները, մասնավորապես, հայոց բանակը դիտվում են համայն հայ ժողովրդի գոյության երաշխիք։


[1] Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. կաթողիկոսին համազգային զօրակոչը ի պաշտպանութիւն Արցախի անկախութեան, Հայաստանի հզօրութեան ու հայութեան արժանապատուութեան

[2] «Սփիւռքը կարեւոր դեր ունի Արցախի միջազգային ճանաչման մէջ». Արամ Ա կաթողիկոս, Պայքար, 25.10.2020:

[3] Նույն տեղում: