Իրանում ՀՕՊ զորավարժություններ են

4 ր.   |  2020-10-22

Թ եհրանը չափազանց զգայուն է Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման հարցում, քանի որ տարիներ շարունակ պրոքսի-հիբրիդային պատերազմի մեջ է Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ Մերձավոր Արևելքի տարբեր գոտիներում։ Հետևաբար, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների ծավալումն իր անմիջական սահմանների մոտ կարող է միջնորդավորված հակամարտության նոր թատերաբեմ դառնալ։

Առիթներ եղել են նշելու, որ այս օրերի ռազմական գործողությունների բերումով  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն դուրս է եկել հայ-ադրբեջանական դիմակայությունից, այլև արդեն անգամ չի տեղավորվում Թուրքիա-Ռուսաստան առճակատման տրամաբանության սահմանում․ ռազմական գործողություններին և դրա շուրջ ծավալվող ռազմաքաղաքական գործընթացներին ուղղակի, թե անուղղակի ներգրավված են Թել Ավիվը, այլ արտաքին խաղացողներ։

Ռազմական գործողությունների վերջին օրերին հաճախակիացան իսրայելական արտադրության ԱԹՍ-երի՝ Իրանի օդային տարածք ներթափանցման փորձերը, որոնք խոցվեցին Իրանի ՀՕՊ ուժերի կողմից։ Ուշագրավ է, որ դրանց մի մասը խոցվեց ոչ թե Արցախի հարավային շրջաններում, այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում։

Քանիցս նշվել է, որ Արցախի դեմ կիրառվող իսրայելական արտադրության ԱԹՍ-երը կառավարում են իսրայելցի փորձառու օպերատորները․ հետևաբար, դժվար չէ կռահել, որ դրանք հայտնվել են Իրանի օդային տարածքում ոչ թե օպերատորների սխալ հաշվարկի արդյունքում, այլ, ավելի շուտ, մենք գործ ունենք սադրանքների հետ․ ըստ ամենայնի, փորձ է արվում Իրանին նույնպես ներքաշել ռազմական գործողություններում։ Ավելին, Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված սիրիական ահաբեկչական խմբերն այսօր հայտնվել են արցախա-իրանական սահմանին, որոնց դեմ Թեհրանը և Մոսկվան տարիներ շարունակ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Սիրիայում։

Ս կզբնական փուլում Թեհրանում բավարարվեցին կոշտ հայտարարություններով, որոնց հետևեցին արդեն գործնական քայլերը․ հոկտեմբերի 21-ին Իրանում մեկնարկեցին ՀՕՊ խոշոր զորավարժություններ, որոնք ընդգրկում են երկրի տարածքի շուրջ կեսը։

«Երկնքի պահապաններ-99» (Guardians of Velayat Sky-99) անունը կրող զորավարժություններին մասնակցում են ինչպես երկրի բանակի, այնպես էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները[1]։ Նախատեսվում է զորավարժանքների ընթացքում կիրառել տեղական արտադրության փոքր, միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-եր ու կործանիչներ, հրթիռային համակարգերի տարբեր տեսակներ, ռադիոէլեկտրոնային համալիրներ ու կապի միջոցներ[2]։ Զորավարժանքների նպատակը իրական պատերազմի պայմաններում երկրի զինված ուժերի մարտական պատրաստության բարձրացումն ու ՀՕՊ կարողությունների, գործողությունների ներդաշնակ համակարգումն է։

Նշենք, որ Իրանում ՀՕՊ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ հիմնականում աշնանը[3]։ Սակայն փորձագետների մի մասը գտնում է, որ այս օրերին զորավարժանքների անցկացումը կարող է ուղղակի պայմանավորված լինել Իրանի սահմանի շուրջ ընթացող ռազմական գործողություններով[4]։ Նկատենք նաև, որ զորավարժություններն անցկացվում են Իրանի հետ սպառազինության առևտրի նկատմամբ միջազգային արգելքի ժամկետի լրանալուց ընդամենը մի քանի օր անց։ Փորձագիտական որոշ գնահատականներով, հոկտեմբերի 18-ին արգելքի ժամկետի լրանալուց հետո խոշոր զորավարժանքների անցկացումով Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ խթանելու սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը։

Այդ առիթով Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը գրառում կատարեց թվիթերյան իր էջում․ «Այսօր աշխարհի հետ Իրանի պաշտպանության համագործակցության հարցի կարգավորումը հաղթանակ է՝ հանուն մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության»[5]։

Աղբյուրը՝ https://twitter.com/JZarif/status/131756378545

Հոկտեմբերի 21-ին իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»[6]։

Ն․ Փաշինյանն անդրադարձավ օտար ուժերի ներքաշման հարցին․ «Միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին»:

Հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության ԱԹՍ-երի կիրառման մասին․ «Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում»[7]:


[1] https://www.tasnimnews.com/en/news/2020/10

[2] https://www.youtube.com/watch?v=1qZQi91yw

[3] https://razm.info/146791

[4] https://www.jpost.com/middle-east/iran-news/iran

[5] https://twitter.com/JZarif/status/1317563785457

[6] https://www.primeminister.am/hy/interviews-and

[7] https://www.primeminister.am/hy/interviews-and