Հունաստանի ուղերձը

3 ր.   |  2020-10-19

Հ ոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան այցելեց Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկից սա թերևս բարձր մակարդակով առաջին այցելությունն էր Հայաստան։ Այցելության նշանակությունն էլ ավելի է ընդգծվում, քանի որ այն իրականացվում է Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների օրերին։

Այդ մասին երկկողմ հանդիպման ընթացքում նշեց նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը․ «Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»[1]։  


Աղբյուրը՝ https://www.azatutyun.am/a/30896763.html
Մնացականյան-Դենդիաս հանդիպումը

Անհրաժեշտ է նշել, որ ռազմական գործողությունների համատեքստում արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցելությունն ունի ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային կարևոր նշանակություն։ Այսօր Հունաստանը, ինչպես և Կիպրոսը տարբեր տարածաշրջաններում ու միջազգային հարաբերություններում Թուրքիայի և անձամբ Էրդողանի ապակառուցողական քաղաքականության ու հավակնությունների զսպման, հակազդման առանցքային բևեռներից է, միգուցե՝ ամենաառանցքայինը, եթե հաշվի առնենք, որ հակաթուրքական հե՛նց այդ բևեռն է կարողանում կիրառական արդյունավետ զսպման մեխանիզմներ օգտագործել Թուրքիայի դեմ։

Արևելյան Միջերկրածովն այն տարածաշրջաններից է, որտեղ համախմբված է արևմտյան ճակատը՝ ի դեմս Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի: Այստեղ է, որ Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների հարցում Վաշինգտոնն ու Բրյուսելը շատ ավելի զգայուն են, իսկ արձագանքները՝ անհամեմատ կոշտ ու պրագմատիկ։  

Այդ համատեքստում վերջին շրջանում շոշափելի է դառնում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ազդեցությունը։ Ըստ արտգործնախարար Մնացականյանի, «մեր երկրների միջև սերտ համագործակցությունն ընթանում է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որի նպատակն է խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով»[2]։

Դենդիաս-Մնացականյան համատեղ ասուլիսին Հունաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծեց, որ Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտությունում շատ մտահոգիչ է: Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ դիմել է ԵՄ-ին՝ այդ խնդրին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով[3]։

Հ իշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելեց Հունաստան։ Այդ օրը Սալոնիկում տեղի ունեցավ Պոմպեո-Դենդիաս հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-Հունաստան հարաբերությունների ներուժին, Արևմտյան Բալկաններին ու Արևելյան Միջերկրածովում իրավիճակի լարվածության թուլացմանը վերաբերող հարցեր[4]։

Ուշագրավ է, որ Հունաստանի  ԱԳ նախարար Դենդիասի՝ Հայաստան այցելության մտադրության մասին տեղեկությունը հայտնի դարձավ Պոմպեո-Դենդիաս հանդիպումից օրեր անց։ Հունաստանի ԱԳ նախարար Դենդիասի այցելությունից մեկ օր անց The Hill պարբերականը տեղեկություն տարածեց առաջիկայում Վաշինգտոն ՀՀ արտգործնախարար Մնացականյանի այցելության մասին։

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, աշխատանքներ են տարվում Վաշինգտոն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցի նախապատրաստման և Մնացականյան-Պոմպեո հանդիպման կազմակերպման ուղղությամբ[5]։ Կարծում ենք, որ ռազմական գործողությունների համատեքստում Հունաստանի արտգործնախարարի միջնորդությամբ և հայկական կողմի դիվանագիտական կորպուսի ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել ձևավորել Պոմպեո-Դենդիաս-Մնացականյան եռակողմ քաղաքական խորհրդակցական ներքին խողովակը։


[1] https://www.mfa.am/hy/press-releases/2020/10

[2] https://www.mfa.am/hy/press-conference/2020/

[3] https://www.azatutyun.am/a/30896763.html

[4] https://orbeli.am/hy/post/590/2020-10-01/%D4%

[5] https://thehill.com/policy/defense/521521-armenian