Վաշինգտոնի արձագանքը Ադրբեջանի ագրեսիայի
4 ր. | 2020-10-16Ն ախևառաջ պարզապես արձանագրենք, որ ամերիկյան պաշտոնական հայտարարությունները, որպես կանոն, հնչում են մեկ գերատեսչությունից՝ ԱՄՆ պետքարտուղարությունից, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով․ հայտարարություններով հանդես է գալիս պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Սա թերևս խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն է հատկացնում Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններին ու դրանց շուրջ զարգացումներին։ Մյուս կողմից անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր առմամբ, որպես գերտերություն անհամեմատ մեծ են ակնկալիքները Վաշինգտոնից, քան միայն հայտարարությունները, թեև դրանք բավական հասցեական են, թիրախավորված։
Միաժամանակ, չպետք է ունենալ չափից ավելի սպասումներ միջազգային հանրությունից, կամ այս կամ այն դերակատարից․ տվյալ դեպքում կարևոր է, որպեսզի նախ չգերագնահատենք պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունը, ոչ էլ հակառակը՝ թերագնահատենք։
Ինչ-որ առումով հասկանալի է նաև Սպիտակ Տան լռությունը․ երկիրը նախագահական ընտրությունների շեմին է․ Թրամփի վարչակազմը ակտիվորեն ներգրավված է նախընտրական պայքարում։ Մյուս կողմից, սակայն, չենք կարող չասել, որ Սպիտակ Տունը շարունակում է բավական ակտիվ լինել այն տարածաշրջաններում, որտեղ Վաշինգտոնն ունի շատ ավելի ընդգծված և ուղղակի շահեր, քան հարավկովկասյան ուղղությամբ։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ ֆորս-մաժորային իրավիճակի զարգացման հնաավորության դեպքում, լինեն նաև ավելի կոշտ ուղերձներ, ինչու չէ՝ նաև կիրառական քայլեր։
Ա նդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության գնահատականներին՝ նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձավ ռազմական գործողություններին․ «կոչ ենք անում դադարեցնել կրակը․․․։ Արտաքին ուժերը պետք է մի կողմ քաշվեն»։
Կարծում ենք, որ Պոմպեոյի հնչեցրած «արտաքին ուժեր» ձևակերպման հասցեատերը Թուրքիան է․ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետություն չէ, հետևաբար չի կարող ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող քաղաքական-բանակցային գործընթացներին, առավելևս՝ ռազմական գործողութուններին[1]։
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարը հարցազրույցներից մեկում նշեց․ «Տեղյակ եմ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ հրապարակումներին։ Մենք տեսել ենք՝ ինչպես են սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա․ դա ստեղծում է անկայունություն, թեժացնում հակամարտությունը․․․: Կարծում եմ՝ նույնը կպատահի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ուստի, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»[2],[3]
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 14-ին պետքարտուղար Պոմպեոն հայտարարեց․ «Այդ մասին զրուցել եմ նախագահ Թրամփի հետ․․։ Տեսնում ենք, որ կան քաղաքացիական զոհեր։ Տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին․ մենք կոչ ենք արել բոլոր միջազգային խաղացողներին չներքաշվել տարածաշրջան, չշարունակել խորացնել խնդիրը»[4],[5]։
Հոկտեմբերի 15-ի հարցազրույցում Պոմպեոն կրկին անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին․ «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում ու Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը ներքաշվել են և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, մեծացնելով կրակը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում․ այն փոքր տարածք է, 150 հազար բնակչությամբ։ Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների և խաղաղության շուրջ երկխոսության ճանապարհով, և ոչ թե զինված հակամարտությամբ, և հաստատապես՝ առանց երրորդ երկրների, որոնք իրենց կրակային ուժը տրամադրում են մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, և հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետև կնստեն բանակցային սեղանի շուրջ ու կփորձեն լուծել այդ իսկապես պատմական ու բարդ խնդիրները»[6],[7]։
Հետևելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններին՝ կարող ենք արձանագրել մի քանի իրողություն․
ա/ առաջին իսկ արձագանքներից կոչ է արվում արտաքին ուժերին չմիջամտել հակամարտությանը․ կարծում ենք, որ այս ուղերձի հասցեատերը Անկարան է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, հետևաբար համարվում է արտաքին ուժ։ Հայտարարությունում «արտաքին ուժեր» ձևակերպման ներքո, իհարկե, կարելի է հասկանալ նաև Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը։
բ/ պետքարտուղար Պոմպեոյի հետագա հայտարարություններում, սակայն, արդեն բացահայտ ընդգծվում է «արտաքին ուժեր» ձևակերպման հասցեատերը։ Հոկտեմբերի 14-ին տված հարցազրույցում Պոմպեոն հասցեական նշեց, թե որ կողմն է ներքաշվել տարածաշրջան ու խորացնում խնդիրը, որ կողմն է ուժեղացնում Ադրբեջանին։
գ/ ռազմական գործողություններին Թուրքիայի ներքաշման փաստը վերահաստատվեց Պոմպեոի՝ հոկտեմբերի 15-ին արված հայտարարությունում՝ բաց տեքստով ընդգծելով, որ «Թուրքիան ռեսուրսներ է տրամադրում» Բաքվին։
դ/ հետաքրքիր ուղերձ ու ենթատեքստ կար պետքարտուղարի վերջին հայտարարությունում․ «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները»։ Ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարն ընդունում է, որ ռազմական գործողությունները նախաձեռնել է Ադրբեջանը, Ադրբեջանն է հարձակվող կողմը, արցախյան կողմը պաշտպանվում է։
[1] https://www.foxnews.com/politics/mike-pompeo
[2] https://www.state.gov/secretary-michael-r-pomp
[3] https://orbeli.am/hy/post/599/2020-10-05/%D4%
[4] https://www.youtube.com/watch?v=J8CkOdmLkNI
[5] https://en.armradio.am/2020/10/14/we-have
[6] https://www.state.gov/secretary-michael-r-pompeo
[7] https://mediamax.am/am/news/karabakh/40257